Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է սպասարկեն հայապահպանությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը

Ապրիլ 23, 2017թ. 21:09
Ազատ արշակյան

Հարցազրույց նախկին ԳՄ պատգամավոր, ՕՐՕ դաշինքի համակիր ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ
-Հայաստանում այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք պարտվում են ընտրություններում ու չեն հայտնվում խորհրդարանում, այլևս դադարում են լինել քաղաքական ուժ՝ կազմալուծվում են, փոշիանում: Ինչո՞ւ մեզանում խորհրդարանից դուրս քաղաքական կյանք գոյություն չունի:

-Հարցը երկու մասին բաժանեմ. նախ, այն քաղաքական ուժը, որը չի մասնակցում ընտրություններին, ինքնին ինքնալուծարվում է: Արդարադատության նախարարությունը պետք է նրանից հետ վերցնի նրա լիցենզիան, իրավունքը: Ու եթե այդ ուժն ուզում է վերադառնալ քաղաքականություն, ուրեմն, պետք է նոր ղեկավարությամբ, նոր ծրագրով վերագրանցման նոր հայտ ներկայացնի:
Երկրորդ, այն քաղաքական ուժը, որը մասնակցել է ընտրություններին, բայց չի հավաքել համապատասխան քանակությամբ ձայներ և չի անցել խորհրդարան, նրանում պետք է մեկ այլ գործընթաց տեղի ունենա: Այդ ուժի ղեկավարությունը պետք է տա հրաժարական, որովհետև նա սխալ տակտիկա, սխալ ստրատեգիա է ընտրել, թիրախները սխալ են եղել, ռեսուրսները սխալ են ծախսվել, սխալ հաշվարկներ է արվել: Սա նշանակում է ներքին քննություն, որի արդյունքում իր նպատակին չհասած քաղաքական ուժի ղեկավարությունը պետք է հեռանա: Նրանց գնալուց հետո պետք է գան նոր մարդիկ՝ նոր ռեսուրսներով, նոր ծրագրերով, նոր գաղափարներով ու նոր թիմով:

Շատ կարևոր միտք ասացիք, բայց մեզ մոտ հակառակն է լինում, անհաջողակ ղեկավարը հեռանալու փոխարեն մնում ու ամբողջությամբ փոշիացնում է տվյալ քաղաքական ուժը:

-Սա նշանակում է, որ տվյալ միավորումը կամ համախմբումը հենց սկզբից քաղաքական չի եղել: Կնշանակի նաև ճիշտ է եղել ժողովրդի գնահատականը, որ նա դուրս է մնացել խորհրդարանից: Իսկ եթե քաղաքական ուժ է, որն ունի գաղափար, նպատակներ, ի՞նչ անենք, որ ղեկավարության սխալի պատճառով պարտվել է, սխալ անողը կհեռանա, իսկ քաղաքական ուժը կվերադասավորի իր ուժերը ու կպատրաստվի մասնակցել հաջորդ ընտրություններին: Սա է ճիշտ ընթացքը: Բայց եթե այդպես չի արվում, կնշանակի այդ կազմակերպությունը քաղաքական չէր, այլ ինչ-որ մի խումբ էր, մի ակումբ, կամ աղանդ:
Մեզ մոտ այո, ցավոք, չկա արտախորհրդարանական քաղաքական կյանք, քաղաքական ուժերն էլ չեն կայանում, որովհետև Հայաստանում չկան նպաստավոր պայմաններ: Իսկ սրա պատճառներից մեկն այն է, որ մենք հետխորհրդային տարածքում ենք, մեծ իմպերիայի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի մի մասն ենք, իսկ այդտեղ քաղաքական ուժերն ու կուսակցությունները չեն կայանում, որովհետև այնտեղ չկա ժողովրդավարություն:
Ստացվում է մինչ ԵԱՏՄ-ին անդամակցելը փայլուն քաղաքական դաշտ ենք ունեցել ու ակտիվ արտախորհրդարանական քաղաքական կյա՞նք:

-Չենք ունեցել, չկա ու չի լինի, քանի դեռ այն չկա Ռուսաստանում, քանի դեռ մենք կախվածության մեջ ենք գտնվում այդ մետրոպոլիայից մեզ մոտ քաղաքական դաշտը չի կարող կայանալ: Տեսեք, մեր բախտակից հետխորհրդային երկրներից և ոչ մեկում՝ Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղըզստանում,  Տաջիկստանում նախագահները չեն փոխվում, չկա քաղաքական կյանք: Հայաստանում ևս չկա քաղաքական կյանք, այն, ինչ կա՝ քաղաքական չէ, դա քրեաօլիգարխիկ համակարգ է: Եթե լիներ քաղաքական, ապա կլիներ ժողովրդավարություն, կլիներ արդարություն ու իշխանափոխություն, չէր լինի աղքատություն, կոռուպցիա ու քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգ: Մենք հայտնվել ենք հետխորհրդային երկրների այդ օղակում,  առանձին վերցրած որևէ երկրում չի կարող լինել ավելի լավ, քան մյուսներում: Այդ օղակում գտնվելը ես համարում եմ մեր քաղաքական դաշտի, իշխանության  լճացման պատճառը, դրա համար քաղաքական ուժերը պարտվում են, խեղճանում և դուրս մղվում քաղաքականությունից: Եթե Հայաստանը հատուկ ջանքեր գործադրի, ապա հնարավոր է, որ դուրս գա այս իրավիճակից, քանի որ մենք հայերս ունենք այդ ներուժը ու կարող ենք  քաղաքականացնել մեր քաղաքական դաշտը: Մենք պետք է դուրս գանք հետխորհրդային  միության տարածքից, որպեսզի լինենք ժողովրդավարական երկիր: Միայն այդ դեպքում մեր երկրում կլինի լիարաժեք ժողովրդավարություն, չի լինի կոռուպցիա,  չի լինի աղքատություն և,  վերջապես, չի լինի արտագաղթ: Խորհրդային միության քանդվելուց հետո մենք դարձանք նախկին խորհրդային երկիր, իսկ դա նշանակում է, որ  Հայաստանն անկախ չէ, մենք  ԵԱՏՄ-ի անդամ ենք, ու այդ անդամությունը նշանակում է՝ Հայաստանում չի կարող լինել այլ բան, քան այնտեղ է:

90-ականների գլխավոր  դեմոկրատ Բորիս  Ելցինն ասաց՝ <куда вы денитесь?>: Փաստորեն, մենք գնալու տեղ չունենք: Իսկ այսօր մեզ մոտ կեղծ  դեմոկրատիա է, կեղծ արդարություն: Դրա համար էլ չունենք քաղաքական կյանք, ու չկան մեզանում քաղաքական ուժեր: Դրանք չկան օրենքով, եթե լինեն՝ նրանց կգնդակահարեն, բանդ  կուղարկեն: Տեսեք, թե հիմա որտեղ է Նավալնինը. իմպերիայում միշտ այդպես է, Հայաստանն էլ  շարժվում է իմպերիայի կանոններով:  Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Տաջիկստանում, Կիրգիզիայում  այդպես է, մենք չենք կարողանում դուրս գալ այդ օղակից, այդ լծից: Ու սա է մեր քաղաքական դաշտի լճացման պատճառը:

 – Քաղաքական  ի՞նչ ճակատագիր է սպասվում ՕՐՕ դաշինքիննրա փլուզման մասին լուրերը չափազանցված ե՞ն:

-Իհարկե: Դաշինքը դեռևս արձակուրդում է: Մեր վերքերն ենք բուժում, այդ  վերքերը գնալով սպիանում են: Այս փուլում կատարվում է վերախմբավորում, վերադասավորում, նոր գաղափարների մշակում, և շատ կարևոր է, որ տեղի է ունենում  հետընտրական մարտավարության, ռազմավարության մշակում:  

ՕՐՕն կարող է՞ դաշինքից վերաճել մեկ  կուսակցության:

-Այդ հարցը քննարկվում է: Դաշինքի բաղադրիչ կուսակցությունները դեռ պետք է համագումարներ անցկացնեն, սեփական ռազմավարությունն ու ծրագրերը ճշտեն: Այսինքն, առջևում կա բավականին լուրջ կազմակերպչական աշխատանք, այդ բոլոր ճանապարհներով դեռ պետք է անցնել, որից հետո կայացնել հստակ որոշում:

Ինչպե՞ս հասկանալ՝  ընտրություններում անհաջողություն գրանցելուն պես դաշինքի երկու սփյուռքահայ առաջնորդները՝ Օսկանյանն ու Հովհաննիսյանը շտապեցին հեռանալ Հայաստանից. նրանք այժմ ԱՄՆ-ում են:

-Վիրավորվել, հեռացել են: Նրանց, որպես հայրենադարձի՝ մերժեցին: ՕՐՕ դաշինքի պարտության պատճառերից մեկն էլ այն էր, որ առաջնորդներից երկուսը ամերիկացի էին, այսինքն երկու ազատ մարդ՝ ամերիկյան սովորույթներով, արևմտյան ժողովրդավարական ավանդույթներով չէին կարող լինել այստեղ ազդեցիկ ուժ:

Բայց այդ ազատ մարդիկ այս նույն համակարգում հաճույքով պաշտոնավարել են, ընդ որում, կարևոր պաշտոն են զբաղեցրել:

-Այո, արտաքին գործերի նախարար են եղել՝ գերկախվածության մեջ լինելով  Հայաստանի նախագահականից, բայց ոչ ավելի: Այս ընտրություններում նրանց ասացին՝ սահմանն անցել եք, դե, նրանք էլ վիրավորվեցին ու հեռացան:

Րաֆֆի Հովհաննիսյանի մի ոտքը միշտ դրսում է եղել՝ իր ծննդավայր ԱՄՆում, ինչի արդյունքում <<Ժառանգությունը>> շատ հաճախ հայտնվել է անգլուխ ու անորոշ վիճակում: Այս քարոզարշավին էլ Հովհաննիսյանը միայն կեսից ձեզ միացավ, քանի որ դարձյալ ԱՄՆում էր: Այդ ժամանակ էլ էին իրեն  նեղացրե՞լ:

-Նրան միշտ էլ նեղացրել են. Րաֆֆի Հովհաննսիսյանի պարագայում մշտապես, բոլոր ընտրությունների ժամանակ հաշվի է առնվել այն, որ նա նախկին խորհրդային միությունից չէ, ռուսական ճորտատիրությունից չէ, ռուսական չէ, ու վերջ: Մարդն էլ նորից նեղացել ու հեռացել է:

Մինչ ՕՐՕ դաշինքին միանալը պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանի  հետ միասին ստեղծեցիք <<Միացյալ Հայաստան>> շարժումը, ծրագրել էիք  հետաքրքիր գաղափարի իրականացում՝ Վերին պալատի ստեղծում, որը պետք է համախմբեր Հայաստանի, Արցախի, Սփյուռքի ներուժը ի շահ համահայկական խնդիրների լուծման: Ծրագիրն էլ անվանեցիք՝ <<Համահայկական համերաշխության ու սիրո>>: Ի՞նչ ընթացքում է այն, կշարունակվի՞:

-Մենք մեր ծրագրի տերն ենք ու շարունակում ենք մեր գործը: <<Միացյալ Հայաստանը>> երբեք չի կարող ընկրկել: Իսկ մեր նպատակը հստակ է՝ Հայաստանը, Սփյուռքն ու Արցախը չպետք է լինեն առանձին-առանձին, իրարից տարբեր ծրագրեր, նպատակներ ունեցող քաղաքական միավորներ: Պետք է լինի մեկ միասնական համահայկական ծրագիր, Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը պետք է սպասարկեն  հայապահպանությանը ու հայ ժողովրդի անվտանգությանը: Մեր նպատակը սա է: Սակայն այսօր դեռ դժվար է մեր գործը. Արցախում պատերազմ է, Հայաստանում սոցիալական թշվառություն, արտագաղթ, անվտանգ չէ նաև հայ մարդու  կյանքը սփյուռքում, որպես հայ  նա այնտեղ կանգնած ուծացման շեմին: Չնայած այս դժվարություններին մենք պայքարում ենք մեր ծրագրի իրականացման համար: Մենք ՕՐՕ դաշինքի մեջ մտանք այս նպատակի իրականցման համար: Իսկ ՕՐՕ-ն ընտրաշավի մասնակից այն բացառիկ ուժն էր, որ խոսում էր անկախության մասին, միայն մենք ենք խոսել անվտանգության համակարգի, տնտեսության, արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայից: Դրա համար մեզ պատժեցին ու տվեցին երկու տոկոս քվե: Այսինքն՝ կասեցրին մեր առաջընթացը, կասեցրին 1991 թվականի հայ ժողովրդի քվեարկության կրկնությունը:

-Երբ  ՕՐՕ-ն դեռ ձևավորված չէր, ասում էիք՝ ձեր գերնպատակը  խորհրդարանում լինելը չէ, այլ խորհրդարանական որևէ ուժի միջոցով Վերին պալատի ստեղծումը: Այս գաղափարը և՞ս մնաց անկատար:  

-Այն ուժերը, որոնք աջակցում էին մեր՝ միասնության համերաշխության,  անվտանգության գաղափարին նրանց ճանապարհը փակեցին քրեաօլիգարխիկ ուժերը:  Այսօրվա Ազգային Ժողովում չկա այնպիսի ուժ, որի միջոցով մենք կարողանանք կյանքի կոչել մեր նպատակը, այդ բոլոր ուժերը մնացին խորհրդարանից դուրս:

-Գուցէ փորձեք բանակցե՞լ խորհրդարան ներկայացած ուժերի հետ:

-Էդ ճորտերի՞, դարծոների հետ բանակցե՞նք: Նրանք  հատուկ ընտրված են, այդ ցանկը հատուկ զտվել է, անցել են այն ուժերը, որոնք կողմնակից են ԵԱՏՄ ճորտության:  Նրանց հետ մենք ո՞նց կարող ենք բանակցել:

 -Եվ ուրեմն, ի՞նչ եք անելու, ընկրկեցի՞ք,  այն դեպքում, երբ հայության առաջ լուրջ մարտահրավերներ կան ծառացած:

-<<Միացյալ հայերը>> երբեք չեն կարող ընկրկել: Մենք կողմնակիցներ շատ ունենք, այդ թվում և իշխանական կազմակերպություններում: Մարդիկ, ուղղակի, ծպտվել են, որովհետև այլ  ձևով իշխանությունում հայտնվել չի կարելի,  ճիշտ այնպես, ինչպես ԽՍՀՄ-ում էր, եթե դու պարտիական չէիր՝ մասնագիտական առաջընթաց,   կարիերա չէիր կարող ունենալ: Հիմա էլ նույն իրավիճակն է,  եթե դու սկյութ չես, Մաքսային միությանը դեմ ես, ՀԱՊԿ-ական չես,  դու չես կարող ազդեցիկ քաղաքացի լինել:Դրա համար մարդիկ ծպտվել են ու մեզ էլ ասում են՝ մենք նույնպես հայրենասեր ենք, բայց տեսեք ինչպիսի պայմաններում ենք: Ասում են՝ մենք ներսից մեր գործը կանենք, ինչպես դա արեցին Մյասնիկյանը, Քոչինյանը, Զառուբյանը, Խանջյանը: Ասում են՝ ներսից այդ չարագործների հետ աշխատելով մենք ինչ-որ բան կանենք մեր հայրենիքի համար:  Այնպես որ մենք ունենք կողմնակիցներ նաև այդ չարագործների խմբի մեջ:

Կյանքն առաջ է գնում, ու կյանքին համընթաց մենք նոր թափ կհավաքենք: Հենց հարմար առիթ եղավ՝ մենք կզբաղացնենք մեր տեղը, դրա համար պայքարում ենք ու ձեռքներս ծալած չենք նստել: Մեր նպատակները պետք  է իրականանան, հակառակ դեպքում, հայ ժողովրդի անվտանգությունը, գոյությունն է վտանգված և՛ Սփյուռքում, և՛ Արցախում, և՛  Հայաստանում:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն