Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն, Քաղաքականություն

Կառավարությունը ծանրամարտիկի վարքագիծ դրսևորեց, սահմանեց նվազագույն աճ՝ ժամանակի ընթացքում վերանայելու նպատակով

Նոյեմբեր 7, 2017թ. 22:34
Ատոմ Մարգարյան

Հարցազրույց տնտեսագետ, փորձագետ, ՀՊՏՀ դոցենտ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Կարեն Կարապետյանի հայտնի խոսքը, թե տնտեսության վիճակը ծանր, շատ ծանր է, կարծես չափման ցուցիչի յուրօրինակ դեր է կատարում, քանի որ ժամանակ առ ժամանակ հղում անելով ասվածին  փորձ  է արվում հստակեցնել՝ ծանր վիճակից կա՞, արդյոք, տեղաշարժ: Ու հիմա, այդ ծանր վիճակը, դարձյալ   վարչապետի գնահատմամբ, այլևս դարձել է կառավարելի, ավելին՝  2018-ի բյուջեի նախագիծը համարվեց՝կայունացնող և զարգացման  հիմքեր ստեղծող: Ձեր գնահատականը:

-Բյուջետային քաղաքականության առումով, այո, այս կառավարության հիմնական գերխնդիրը  եղել է կայունացումը, այսինքն հավասարակշռումն ու դեֆիցիտի կրճատումը: Անցած տարվա վերջին բյուջեի դեֆիցիտը մոտեցել էր 6 տոկոսի, այսինքն՝ կազմում էր ավելի քան 256 մլրդ դրամ, իսկ դա նշանակում է, որ կայունության խնդիր կար: Եթե կառավարությունը չմեծացներ բյուջետային եկամուտների հարկային մասը, չզսպեր ծախսերը, այս տարի արդեն հետևանքները կարող էին շատ ծանր լինել:

Այսօր ընդհանուր առմամբ, ունենք մի իրավիճակ, երբ բյուջեի ծախսային մասում կա որոշակի կայունություն:  2018 թ բյուջետային նախագծում մենք տեսնում ենք որոշակի դինամիկա, դիֆիցիտը որոշ չափով աճելու է, այնուհանդերձ, շարունակելու է  մնալ կայուն: Բյուջեի նախագիծը միտված է որակապես փոխելու  տնտեսական ինվեստիցիաների, պետական ներդրումների ուղղությունը՝  ընթացիք ծախսերից դեպի կապիտալ ծախսերի ավելացում:  Անցած տարի տնտեսական աճը գրեթե մոտ էր զրոյականի՝  0,2 տոկոս էր, այսինքն, տնտեսությունը գտնվում էր լճացած վիճակում: Կարեն Կարապետյանի կառավարությանը հաջողվեց տարվա ընթացքում բեկում մտցնել իրավիճակում. թեև կանխատեսվել էր 3,2 տնտեսական աճ, սակայն ամենայն հավանականությամբ աճը ավելի բարձր կլինի՝  4 տոկոս: Իսկ սա հիմք է տալիս հաջորդ տարվա համար առնվազն 4,5 տոկոս ՀՆԱ-ի աճ կանխատեսել:

Ինչպես միշտ այս անգամ էլ քիչ չեն բյուջեի նախագծի քննադատները, որոնք, մասնավորաբար, արձանագրում են, թե  նախագծում չկան  երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն  ուղղվող ծախսեր, որ բյուջետային ծախսերն ուղղվում են ընդամենը սպառմանը, ինչն արդյունք չի ստեղծվում:

-Քննադատներին պետք է հիշեցնել, որ Հռոմն էլ մեկ օրում չի կառուցվել: Խնդիրը հետևյալն է. այն բեռը, որ ժառանգել է այս կառավարությունը, հատկապես, արտաքին պարտքի մասով, պետք է սպասարկել: Ավելին, կան շարունակական  ծրագրեր,  հատկապես՝ ենթակառուցվածքային, որոնք իրականցվում են դոնորների՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ,  այդ ծրագրերը  կանգնեցնել  հնարավոր չէ, հետևաբար, նորից  անհրաժեշտ է արտաքին հավելյալ ռեսուրսներ  ներգրավել, իսկ դա նշանակում է նաև արտաքին պարտքի ավելացում:

Մյուս  խնդիրը. անցած տարվա ցավալի իրողությամբ՝ ապրիլյան պատերազմով պայմանավորված, 2018-ի բյուջեի նախագծում տեսվում  է երկիր պաշպանական ոլորտի,  ռազմական ծախսերի ավելացում՝ շուրջ 38 մլրդ դրամով: Ռազմական ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքի մեջ  բավականին տպավորիչ  մասնաբաժին է ունենալու՝ 4, 4 տոկոս: Մեր  երկրի համար, որը  գտնվում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում՝  սա նորմալ ցուցիչ է:

Մյուսն այն իրողությունն է, որը ենթադրում է արտաքին պարտքի սպասարկման ծախսերի բեռի ավելացում: Հիշեցնեմ, այս տարի արտաքին պարտքի ծախսերի  սպասարկումը՝ տոկոսներով հանդերձ, աճեց 12 մլրդ դրամ, իսկ հաջորդ տարի այն մոտավորապեց, 20 մլրդ-ով ավելանալու է, այսինքն՝ 140, 5 մլրդ դրամ ուղղվելու է  արտաքին պարտքի սպասարկմանը: Սրանք պարտադիր ծախսեր  են, որոնք պետությունը չի կարող չանել:

Մյուս ամենախոշորը, մոտ  406 մլրդ դրամ սոցիալական ոլորտի ծախսերն են՝ տրանսֆերտներ, աշխատավարձեր, նպաստեր: Պետությունը, բնականաբար, այդ ծախսերն առաջնային է համարում, բայց այստեց մենք ծախսերի շոշափելի աճ չենք տեսնում, հակառակը, մոտավորապես 6 մլրդ-ով կրճատվել է թե՛ սոցիալական, թե՛  գիտության, կրթության ու առողջապահության ոլորտի ծախսերը: Սա իհարկե, վիճարկելի է, ու պետք է այլընտրանք ներկայացնել: Կարծում եմ, գիտության, կրթության առողջապահության մասով ծախսերը ոչ միայն չպետք է կրճատվեն, այլ նույնիսկ պետք է ինդեքսավորվեն, ինֆլյացիայի կանխատեսվող տոկոսի շրջանակներում՝  4 տոկոս: Սա խնդիր է, ինչն այս կառավարությանը, փաստորեն, չի հաջողվել լուծել:

Մյուս մտահոգիչ հարցը վերաբերում է թոշակներին, աշխատավարձերին  նպաստներին՝  բարձրացում չի նախատեսվում և դա այն դեպքում, երբ գներն արագությամբ աճում են: Ճիշտ չէ՞  ընդդիմության  պնդումը, որ աղքատությունն ավելի է խորանալու։

-Սա նախ նշանակում է, որ մարդկանց իրական եկամուտների նվազում: Գնաճն իրենն անում է, ինչից  տուժելու է բնակչության ավելի խոցելի՝ աղքատ շերտերը, իսկ այն կազմում է մեր բնակչության ավելի քան 1/3-ը: Կնշանակի,  անհրաժեշտ է որոշակի ինդեքսավորման խնդիր լուծել: Միգուցե այս պահին, բյուջեի այս նախագծի ներկայացման ստարտային փուլում, կառավարությունը դրան պատրաստ չէ, բայց լուծման համար կան մեծ ռեզերվներ. դա ստվերն է,  կոռուպցիոն շրջանառություններն են և այլն, կարծում եմ,  տարվա ընթացքում հնարավոր կլինի այդ խնդիրները լուծել: Ասվածս բխում է այս տարվա փորձից. մենք տեսնում ենք, որ հարկերի հավաքագրման գործընթացն առաջանցիկ տեմպրով է  իրականցվում, ինը ամսվա տվյալներով ունենք ավելի քան 7 տոկոս հարկային մուտքերի աճ: Եթե  2018-ին ևս այս սցենարը շարունակվի, հնարավոր կլինի  ձեր ասած խնդիրը որոշակիորեն մեղմել, գոնե ինդեքսավորման  միջոցով, այսինքն, առնվազն 4 տոկոս բարձրացնելով:

Իմիջայլոց նման մոտեցում կիրառում են ԵԱՏՄ գործընկեր երկրները, մասնավորաբար Ռուսաստանը, որը տնտեսությոնը լավ վիճակում չէ, ունի պարտքեր, բայց  կենաթոշակների 3,7- 3,8 տոկոսի շրջանակներում բյուջեում ինդեքսավորում է նախատեսել: Սա, կարծում եմ, կարող է կիրառելի լինել  նաև մեզ համար:

5500 հաստիքներ կրճատվելու են. որքանո՞վ է ճիշտ այս՝ լուրջ դժգոհությունների տեղիք տված քաղաքականությունը, գուցե կառավարությունը պետք է օրակարգային դարձնի քաղծառայության համակարգի արդյունավետության բարձրացման հարցը, ոչ թե գնա անգամ դպրոցների պահակների հաստիքը կրճատելու ճանապարհով:  

-Այստեղ, իհարկե, դժգոհությունները կլինեն անխուսափելի:  Բայց մյուս կողմից, պետք է լինել իրատես. պետական կառավարման  համակարգն ուռճացված է: Մեր կարգի երկրների համար նորմալ կլինի այն, որ պետական ու մասնավոր հատվածի միջին, սահմանային աշխատավարձերը լինեն հավասար, և գործադիրը պետք է գնա դրան: Քանի որ քաղծառայության համակարգում և՛ աշխատանքի  արդյունավետությունը, և՛ կոռուպցիան կարող են հաղթահարվել, եթե բարձրացվեն պետական համակարգի աշխատողների աշխատավարձերը:  Ինչ վերաբերում է 5500 թվին դրանք հաստիքներ են, որոնց մի մասը, ինչպես ներկայացվեց, պարզապես թափուր են, մի մասը՝ այն հաստիքներն են, որոնք կառուցվածքային, լիազորությունների,  ստատուսի կարգավիճակի փոփոխությունների բերումով պետք է կրճատվեն: Բայց լավ կլինի, որ կառավարությունը կրճատումների այդ մեծ  թիվը հիմնավորված ներկայացին՝ ըստ ոլորտների: Ամեն դեպքում, օպտիմալացման գորընթացը նորմալ համարելով՝ կարծում եմ, որ զուգահեռաբար պետք է մասնավոր հատվածի համար  ռեալ  ծրագրեր մշակել, սուբսիդավորման, վարկային տոկոսների փոխհատուցման միջոցով խթանել փոքր ու միջին բիզնեսի  զարգացմանը, որպեսզի մարդիկ պետական համակարգի աշխատանքից ազատվելով՝ կարողանան իրենց նախաձեռնությամբ աշխատատեղեր ստեղծել կամ ներգրավվել փոքր, միջին բիզնեսում և ստանալ եկամուտներ:  Այսինքն՝ ասելով <<ա>> կառավարությունը նաև պետք է ասի <<բ>>, այսինքն,  թե ինչպե՞ս է պատրաստվում խթանել  փոքր ու միջին բիզնեսի զարգացումը, որպեսզի  պետական ծառայությունից ազատված աշխատողները կարողանան աշխատանք ունենալ մասնավոր հատվածում:

-Չնայած վարչապետը կասկած չունի, որ բիզնես-միջավայրը  մեր երկրում բարելավվել է, ու համոզված է, որ  ներդրումների հարցում մինչև տարեվերջ կունենանք 100 տոկոսի ցուցանիշ, այնուհանդերձ,  կասկածը մնում է  <<օդում>> կախված՝ կհաջողվի գործադիրին ներգրավել  խոստացված  830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները։  

-Այն, որ ներդրումային միջավայրը բարելավվել է ու այս կառավարությունը նպատակային ջանքեր է գործադրում, որոշակի  ինստիտուցիոնալ փոփոխություններ իրականացնում ՝ սկսած օրենսդրական  բարելավումից մինչև տարբեր մեխանիզմների, ընթացակարգերի ներդրումը, ակնհայտ է: Ինչպես նաև ակնհայտ է, որ ներդրումային  հոսքն այս տարի թե՛ մասնավոր, թե՛ պետական  համագործակցության շրջանակներում ավելացել է: Անցած տարվա արդյունքներով՝  130 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ են եղել, իսկ այս տարվա հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ 368 մլն դոլարի , այսինքն՝ առնվազն եռապատկվել է:

Ինչ վերաբերում է  830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների  խոստմանը,  մինչև տարեվերջ այդ թիվը հնարավոր կլինի ապահովել: Կառավարության մեկ նիստ չի լինում, որտեղ այս կամ այն ընկերությանը , օրինակ,  ներմուծվող սարքավորումների մասով ավելացված արժեքի կամ այլ հարկատեսակների արտոնություն չտրամադրվի:

Հիշեցնեմ, որ այդ խոստման մեջ  մտնում են նաև այն ծրագրերը, որոնք պետական աջակցությամբ են իրականցվում:

Ես կարող եմ թվարկել մեկ տասյակից ավելի  խոշոր ծրագրեր, որոնք իրենց  արդյունքը կտան, օրինակ, ծրագրեր էներգետիկ ոլորտում, ՀԷԿ- երի շինարարություն, ենթակառուցվածքային  ծրագրեր, նաև կապիտալ շինարարությանն ուղղվող հավելյալ միջոցների օգտագործում, Մեղրու ազատ տնտեսական գոտուն ուղղվելիք միջոցներ, Հյուսիս-Հարավ  ճանապարհային  միջանցքին ուղղվող նոր ֆինանսական հոսքեր և այլն: Բայց մյուս կողմից կառավարությունը պետք է ավելացնի  փոքր ու միջին բիզնեսի վարկավորման  աջակցությանն ուղղված իր  ջանքերը, այսինքն, ռեալ քայլեր իրականացնի նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ: Այստեղ ոչ միայն պետք է ռեսուրսներ ավելացվեն,  այլև օրենսդրական նոր լուծումների անհրաժեշտություն կլինի: Մասնավորաբար, հարկային օրենգրիրքը պետք է ավելի համարձակորեն վերանայել, բանակցել նաև դոնորների հետ ու փորձել ելքեր գտնել ստեղծված իրավիճակից:

-2018թ. համար  կանխատեսվող 4,5 տոկոս աճը չափից ավելի համեստ ցուցանիշ չէ՞,   գուցե  կառավարությունը պետք է  ավելի հավակնոտ  թիրախնե՞ր դներ իր առաջ, մանավանդ, երբ արտաքին տնտեսական միջավայրը  այսօր առավել  բարենպաստ է:

-Գիտեք,մի կողմից տարածաշրջանային մեր  հարևան ու գործընկեր երկրների տնտեսական աճն այնքան էլ տպավորիչ չէ, օրինակ, ՌԴ-ում երազանք է 2 տոկոս տնտեսական աճ գրանցելը, մյուս կողմից, Վրաստանում, Ադրեբեջանում, նաև  տարածարշրջանի այլ երկրներում, այո, կա տնտեսական աշխուժացում: Մեր տնտեսության զարգացման համար կարևոր շուկաներից կան դրական ազդակներ: Մասնավորապես, նավթամքերքների շուկայում գների աճը  լավատեսական է, նույնը վերաբերում է մետաղների համաշխարհայն գներին. պղնձի գները մեկ քառորդով աճել է ու դա կարող է շարունակվել:

Կարծում եմ,  նախանշած  4,5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է, կառավարությունը  բավական զգուշավոր է, ինչ- որ տեղ նվազագույն շեմ սահմանելով՝ պատրաստվում է հավելյալ  ծանրաձող բարձրացնել: Մեր գործադիրն այժմ կարծես  ծանրամարտիկի վարքագիծ է դրսևորում, այս  փուլում սահմանում է այն նվազագույն ու ռեալ <<քաշը>>, որը կարող  է ժամանակի ընթացքում որոշ չափով վերանայել՝ ելնելով իրավիճակից:

Հիշեցնեմ, որ կառավարությունն այդ գործելաոճը նաև այս տարի դրսևորեց. սահմանեց 3,2 տոկոս աճ, բայց ելնելով  տարվա կեսին ձևավորված իրողություններից՝ վերնայեց այն, արձանագրելով  4, 3 տոկոս աճ: Այնպես որ, 2018թ. բյուջեի նախագծով սահմանվել է  4,5 տոկոս նվազագույն շեմ, բայց չի բացառվում, որ տնտեսական աճը լինի շատ ավելին՝ հասնելով  5,- 5,6 մինչև 6 տոկոսի:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն