- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Ինչ քայլ պետք է անի Հայաստանը՝ ի պատասխան Բաքվի քարոզչության

Չափազանց ուշագրավ է, որ հունիսի 7-ին Նախիջևանում մեկնարկող «Անխախտ եղբայրություն» անվանումով ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունների համար փորձ է կատարվում ապահովել նաև անհրաժեշտ քարոզչական օժանդակություն, ինչը պարունակում է որոշակի անհանգստացնող տարրեր։

Թուրքական աղբյուրի վրա հղմամաբ, Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի տխրահռչակ ռեսուրսներից մեկը խոսում է Հայաստանի իբր աջակցությամբ Իգդիրում և Նախիջևանում «Քրդստանի բանվորական կուսակցության» մարտիկների կողմից «սադրանքների» մասին։ Երևանին է մեղսագրվում մասնավորապես Թուրքիայի և Նախիջևանի միջև Դիլուջու սահմանային անցակետում այս տարվա մայիսի կեսերին գազ տեղափոխող ադրբեջանական բեռնատարի վրա անհայտ անձանց կողմից հրազենային կրակ բացելը, ինչն ակնհայտ ապատեղեկատվություն է և սուտ։

Հաշվի առնելով վերնոշյալը, կարծում եմ՝ այս օրերին գերակտիվ աշխատանք է պահանջվում, թե՛ Ադրբեջանին դիմակայող հայաստանյան քարոզչության համար պատասխանատու մարմիններից և թե՛ այլ պատկան կառույցներից։ Մասնավորապես, հաշվի առնելով Նախիջևանում առկա համատեղ շահերը, Հայաստանը կարող է դիվանագիտական որևէ մակարդակում խնդրի վերաբերյալ խորհրդակցություններ նախաձեռնել Ռուսաստանի և Իրանի հետ։