- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Վաղվա հանրահավաքը պետք է միավորի բոլոր նրանց, ում համար հայրենիքը բացարձակ արժեք է. Անի Կարապետյան

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ Անի Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով կոչ է անում քաղաքացիներին ` ներկայիս վտանգավոր քաղաքական իրողություններով մտագոհ, վաղը ներկա լինել Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքին :

Ստորև ներկայացնում ենք գրառումը.

<<Սիրելի հայրենակիցներ,
որպես ներկայիս վտանգավոր քաղաքական իրողություններով մտագոհ քաղաքացի, որպես քաղաքացի, ում անհանգստացնում են ազգային, կրոնական, բարոյական, դիվանագիտական, իրավական և մյուս բոլոր ոլորտներում առկա կործանարար իրավիճակը, համարում եմ, որ մայիսի 23-ին երեկոյան ժամը 19:00-ին յուրաքանչյուր ողջամիտ հայ պետք է գտնվի Ազատության հրապարակում:
Հանրահավաքը, որը նախաձեռնել է Հայ Յեղափոխական դաշնակցությունը, պետք է միավորի բոլոր նրանց, ում համար հայրենիքը բացարձակ արժեք է, իսկ պետության անվտանգությունը՝ բացարձակ անհրաժեշտություն: Սա միայն դաշնակցության խնդիրը չէ, այլ՝ բոլոր քաղաքական-հասարակական ուժերի, ում աչքի առաջ ոտնահարվում են ժողովրդավարական արժեքները, հալածվում՝ այլախոհությունը, իսկ <<ժողովրդի իշխանություն>> կոչվածը դառնում <<ոհմակի հոգեբանություն>>:


Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի վրա օրերս կատարված հարձակումը, այն էլ նրա անչափահաս թոռների ներկայությամբ, խոսում է այն մասին, որ <<հեղափոխական>> հռչակված ամբոխը կորցրել է չափ ու սահմանի զգացողությունը և անցել թույլատրելի կարմիր գիծը: Այստեղ տեղին է հիշել և ամնեզիայով տառապող որոշ վայ-գործիչներին էլ հիշեցնել հետևյալ հայտնի արտահայտությունը՝ <<իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է այլոց ազատությունը>>:
Վերադառնալով մայիսի 23-ին կայանալիք հանրահավաքին, նշեմ ու ընդգծեմ, որ այն կազմակերպվում է ոչ թե <<ընդդեմ>>, այլ <<հանուն>> կարգախոսով: Հանուն իրական ժողովրդավարության, հանուն օրենքի գերակայության, հանուն իրավական պետության, հանուն քաղաքակիրթ փոխհարաբերությունների, որոնց արդեն մեկ տարի կարոտ ենք մնացել:


Ժամանակն է արդեն, որպեսզի իրենց ծանրակշիռ խոսքն ասեն քաղաքական դաշտի հնաբնակները, դասական ու ավանդական ուժերը, որոնք մի կողմ քաշվելով՝ ասպարեզը թողել են խուլիգանական հակումներ ունեցող անգրագետ անձանց վրա: Անձինք, որոնց միակ արժանիքը, եթե դա կարելի է արժանիք համարել, եղել է փողոցում թավալվելը՝ <<Մերժիր Սերժին>> կարգախոսով: Սերժը մերժվել է, բայց ոմանք շարունակում են փողոցային թավալգլորը՝ մոռանալով, որ սա պետություն է և հայրենիք:
Եվ ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ, որտեղ պետք է սկսվի միանգամայն նոր քաղաքական գործընթաց: