- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հայ Առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները մտել են վճռորոշ փուլ, մեր միասնական ջանքերը պետք է համատեղվեն. հայտարարություն

Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ
Տարիներ շարունակ մեր ազգային երկու ինստիտուտներին՝ Հայ Առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և դրանց դեմ բացահայտ կամ թաքուն իրականացվող քարոզչական ու իրավական գործընթացները մտել են վճռորոշ փուլ` վերածվելով լրջագույն սպառնալիքների:
Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ճշմարիտ աշխարհճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները:
Նախորդ իշխանության օրոք Հայաստանի կողմից ստորագրված ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում միասեռական զույգերը՝ զուգընկերները, այլևս կհամարվեն ընտանիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Ավելին, օրակարգում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի թիվ 197 հոդվածով այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում սահմանված է պատիժ՝ առավելագունը երեք տարի ազատազրկմամբ:
Մի շարք պաշտոնատար անձանց կողմից բարձրաձայնվել է ՀՀ դպրոցների ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:
Իշխանությունների կողմից Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ քարոզչական և անձնական ոտնձգություններին չի տրվում համարժեք գնահատական և չեն իրականացվում իրավաչափ գործողություններ:
Համոզված ենք, որ վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման առավել արդյունավետ ճանապարհը տարբեր անհատների, խմբերի և կազմակերպությունների միասնական ջանքերի համատեղումն է` անկախ իրենց քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից։
Հաշվի առնելով առկա իրողությունները՝ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է հանդիպումների շարք՝ քննարկումների այդ հարթակից կառուցվածքային միավոր ստեղծելու նպատակով, որի ձևաչափը կորոշվի ապագայում:
Քննարկումներին մասնակցել ցանկացողները կարող են անձնական հաղորդագրություն ուղարկել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:
Նախաձեռնող խմբի համակարգող՝ Հայկ Նահապետյան
12.12.2018թ.