Գլխավոր » Analitika, Լրահոս, Վերլուծական

Հունիս 28, 2018թ. 00:14
ԵԿՄ

  Երկրապահ կամավորականների միություն հասարակական-հայրենասիրական կազմակերպությունը ստեղծվեց 1993-ի հուլիսի 25-ին, երկրապահ կամավորականների 1-ին համագումարում։ ԵԿՄ առաջին նախագահ ընտրվեց Վազգեն Սարգսյանը, փոխնախագահներ Արկադի Տեր-Թադեոսյանը, Ալբերտ Բազեյանը, Ալիկ Պետրսյանը։ Միության ստեղծման նպատակն էր նպաստել բանակաշինությանը, նյութական, բարոյական աջակցություն ցուցաբերել արցախյան ազատամարտի մասնակից տղաներին, սատարել զոհված, հաշմված, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին:

Սակայն այս նպատակների իրականացմանը զուգընթաց՝ քայլ առ քայլ տեղի էր ունենում ապաքաղաքական կառույցի քաղաքականացման գործընթացը: ԵԿՄ-ն ակտիվորեն ներքաշվում էր ներքաղաքական զարգացումների մեջ ու հեռանում իր իսկ առաքելությունից:

Շատ ազատամարտիկներ դեմ էին ԵԿՄ-ի քաղաքականացմանն ու ամեն ինչ անում էին հասարակական կազմակերպությունը հեռու պահելու քաղաքական թոհուբոհից: Բայց դա նրանց չհաջողվեց, քանզի ԵԿՄ ” վերնախավն” այլ նպատակներ ուներ: Ինչն էլ հանգեցրեց նրան, որ ԵԿՄ-ն վերածվեց բոլոր ժամանակների իշխանություններին ու նախագահներին ծառայող և նրանց քաղաքական երկարակեցությունն ապահովող կառույցի:

1995-96 թթ. ընտրական գործընթացների ժամանակ ԵԿՄ-ն ՀՀՇ-ի կողքին էր՝ որպես գործիք. հիմնականում օգտագործվեց ընդդիմադիրներիր դեմ պայքարում՝ հետընտրական ցույցերը ցրելու նպատակով: Այդ օրին էր, որ ժողովուրդ շատ երկրապահների իրավամբ կնքեց «ասֆալտի ֆիդայիներ» անունով:

ԵԿՄ մուտքը քաղաքական գործընթացների մեջ առավել հստակ դրսևորվեց 1999-ին, այս ժամանակահատվածը կարելի է անգամ համարել ԵԿՄ-ի քաղաքական “մկրտության” շրջան: Քանի որ, եթե մինչ այդ ԵԿՄ-ն ընդամենն օգտագործվում էր որպես պատժիչ ջոկատ՝ ընդդիմադիրներին անկյուն քշելու համար, ապա 99-ից նա քաղաքական լուրջ հայտ ներկայացրեց ու ներառվելով ՀՀԿ-ի կազմում՝ ՀԺԿ-ի հետ դաշինք կազմած, մասնակցեց Աժ ընտրություններին: Մի քանի մեծամասնական ընտրատարածքներում հանդես եկավ սեփական թեկնածուներով և ստացավ պատգամավորական մանդատներ: Արդյունքում՝ Աժ-ում ձևավորվեց մեծամասնություն կազմող «Միասնություն»խմբակցությունը, իսկ ԵԿՄ վարչության նախագահ Վազգեն Սարգսյանը նշանակվեց վարչապետ։

Կառույցի քաղաքականացումը ԵԿՄ ղեկավարներն արդարացնում էին մեջբերելով իրենց առաջնորդի՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը, թե.«Երկրապահը պետք է շանթարգելի դերում լինի»: Վազգենի այս խոսքը պատգամ ընդունած Երկրապահ վերնախավն այն մեկնաբանում էր հետևյալ կերպ՝ շանթարգելի դերում լինել նշանակում է լինել ժամանակի քաղաքական թոհուբոհի մեջ:

1999-ի հոկտեմբերի 27-ը մեծ հարված էր ԵԿՄ-ի համար: Վազգենից հետո շատերը չէին էլ պատկերացնում, որ այն կարող է գոյություն ունենալ: Դժվարությամբ, սակայն հաջողվեց պահել կառույցը, բայց դա կատարվեց շնորհիվ ներքին քաղաքական համաձայնությունների: ԵԿՄ ղեկավարությունը՝ Մանվել Գրիգորյանի նախագահությամբ, օրվա իշխանությանը խոստացավ ծառայել անվերապահորեն, օժանդակել բոլոր ընտրություններում, դառնալ վերջինիս ուժային հենարանը:

ԵԿՄ բոլոր համագումարներում կառույցի ղեկավար Գրիգորյանը վերահաստատում էր իր հավատարմությունը օրվա իշխանությանն ու նախագահին: 2017-ին հրավիրված ԵԿՄ համագումարում Մանվել Գրիգորյանն այսպես է արդարացնում իր ղեկավարած կառույցի քաղաքականացումը.«ՀՀԿ առաջին նախագահ Աշոտ Նավասարդյանըերկրապահ կամավորական է եղել: Հաջորդ նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, ով նույնպես երկրապահ է եղել: Այսինքն` տարիներ առաջվանից այդ համագործակցությունը կա: Այնպես, որ մեր աջակցությունը պատահական չէ»:

Մի բան ակնհայտ է, որ ԵԿՄ-ի քաղաքականացումը խիստ բացասաբար անդրադարձավ վերջինիս վարկանիշի վրա: Շատ երկրապահներ՝ մերժելով այդ քաղաքականությունը՝ հեռացան:

Սկսվեց ԵԿՄ-ից անջատման գործընթացը: Մայր կառույցից հեռացածները ստեղծում էին առանձին խմբեր: Նրանք հրապարակավ արտահայտում էին իրենց դժգոհությունը, հայտարարում՝ կռված տղերքը հոգով-սրտով երկրապահ են ու նրանց քաղաքական նպատակներով օգտագործելն աններելի է, ինչպես աններելի է կռված տղաների էմոցիաները քաղաքական նեղ շահերին ծառայեցնելը:

Երկրապահի հանդեպ փոխվեց նաև ժողովրդի ընկալումը, կամավորականները դադարեցին ընկալվել որպես երկիր պահողներ, որպես հայրենիքի պաշտպաններ, նվազեց նախկին սերն ու հարգանքը, քանզի կամավորականը դիտվեց որպես օրվա իշխանության կամակատար: Վերջին տարիներին ԵԿՄ-ում առավել քան սրվել էին ներքին խնդիրները, ինչը նաև պայմանավորված էր Մանվել Գրիգորյանի միանձնյա ղեկավարմամբ: Այդ տարիներին առավել խորացավ ներքին ճգնաժամը, իսկ վերջին օրերին կատարվածը՝ ԵԿՄ նախագահի առանձնատնից ԱԱԾ-ի արած բացահայտումները լրջագույն հարված էին կառույցի հեղինակությանը:

Կատարվածից ցնցված են երկրապահները, անկեղծորեն խոստովանում են, որ դա նաև իրենց ողբերգությունն է:

Երեկ տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության վարչության նիստը, 4 ժամ տևած քննարկման ժամանակ կրքերը թեժացան, մեկմեկու հասցեին հնչեցին հայհոյանքներ, գործը հասավ անգամ քաշքշուկի: Ազատամարտիկները մեկը մյուսի հետևից հիշեցնում էին ԵԿՄ ղեկավարության մեղքերը, փաստում առկա անկառավարելի վիճակը: Քննարկումն ավարտվեց նրանով, որ վարչությունը կասեցրեց Մանվել Գրիգորյանի՝ ԵԿՄ նախագահի լիազորությունները:

Գրիգորյանի միանձնյա ղեկավարումն աչքի առաջ ունենալով՝ կամավորականները նախընտրում են, որ ԵԿՄ-ն այլևս չունենա նախագահ, նպատակ ունենալով այդ կերպ կառույցը զերծ պահել մեկ անձի քմահաճույքներից, որոշումներից: Փոխարենն առաջարկում են ղեկավարումն իրականացնել կոլեգիալ մարմնի միջոցով:

Չնայած կամավորականներից շատերը հայտարարում են կառույցի ինքնամաքրման, վերակազմակերպման մասին, փորձում տարբեր ուղիներ գտնել, սակայն նկատելի է, որՄանվել Գրիգորյանի «կադրերը» ԵԿՄ-ի փրկության միակ ճանապարհը՝ նախկին «իներցիայով», դեռ համարում են մանվելական հայտնի մեթոդի կիրառումը՝ հիմա էլ նոր իշխանության թևի տակ մտնել ու դառնալ վարչապետ Փաշինյանի ուժային հենարանն ու կամակատարը:

Սրան զուգահեռ շրջանառվում են խոսակցություններ կառույցը լուծարելու մասին: Ի դեպ, շատերին զարմացրել էր այն, որ ԵԿՄ-ի լուծարման միտքն առաջինը շրջանառեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Վերջինս արժանացավ կամավորականների կոշտ արձագանքին: ԵԿՄ-ն փակելու Միքայելյանի հայտարարությունը որակվեց «անհեռատեսություն», նկատի ունենալով, որ պատերազմը, ցավոք, ավարտված չէ:

Եվ իրոք, եթե Մանվել Գրիգորյանը շատ վատ է ղեկավարել կառույցը, եղել է իշխանություններին քծնող, կամակատար մարդ, եղել է Էջմիածինի թիվ մեկ ֆեոդալը, յուրացրել է բանակի համար ուղարկված զինտեխնիկան, զինվորի համար նախատեսված սնունդը, այդ ամենի համար Գրիգորյանը պետք է կրի արժանի պատիժ՝ օրենքի ողջ խստությամբ: Սակայն որքանո՞վ է ճիշտ Մանվելի սխալները դարձնել պատճառ ԵԿՄ-ն փակելու:

Ամփոփենք. ԵԿՄ-ն կարող է շարունակել իր գոյությունը միայն մեկ դեպքում, եթե հետայսու զերծ մնա քաղաքական նոր խաղերի ու ինտրիգների մեջ ներգարվվելուց, չդառնա իշխող քաղաքական ուժի կամքի արտահայտիչն ու նրա շահերի սպասարկուն, իրապես վերածվի ապաքաղականացված կառույցի, ինչպես ամրագրված է ԵԿՄ կանոնադրությամբ ու իրականացնի իր առաքելությունը՝ երկիր պաշտպանի և հոգա երկիր պաշտպանողի խնդիրները:

Հեղինակ՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Analitika, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն