Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Բաքուն հրաժարվում է հայ պատվիրակներին տալ անվտանգության երաշխիքներ. չնայած դրան մերոնք նախընտրում են մեկնել Ադրբեջան

Հունիս 28, 2018թ. 00:04
gagikmeliqyan

Հայաստանյան լրատվամիջոցներում երեկ տարածվեց ապատեղեկատվություն, թե հայկական կողմը հրաժարվել է մասնակցել  Բաքվում կայանալիք  Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀԽՎ) գլխավոր քարտուղարի ընտրությանը:

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը բացեց փակագծերը՝ նշելով, որ իրականում հայկական կողմը նամակով դիմել է վեհաժողովի բյուրոյին և առաջարկել, որ ընտրությունները չանցկացնեն Բաքվում, այն հիմնավորմամբ, որ շուրջ 15 տարի հայկական պատվիրակության անդամները չեն մասնակցում Բաքվում անցկացվող վեհաժողովի  բազմաթիվ միջոցառումներին, և եթե գլխավոր քարտուղարի ընտրության վայրն ընտրվի Բաքուն, ապա դա կհանգեցնի նրան, որ 12 անդամ երկրներից մեկը՝ Հայաստանը,  չի կարողանա մասնակցել ընտրությանը:

 Պատգամավորը ընդգծեց, որ Բաքվում ՍԾՏՀԽՎ նիստերին մասնակցելու համար հայկական կողմը Ադրբեջանից  մշտապես պահանջել է անվտանգության երաշխիքներ, ինչը սակայն Ադրբեջանը երբեք չի տրամադրել:

  «Որպես գլխավոր քարտուղարի ընտրության վայր նախատեսված էին երեք քաղաքներ՝ Երևանը, Սոֆիան և Բաքուն: Մենք չափազանց կարևորում ենք, որ այդ ընտրությունը Բաքվում չլինի: Այստեղ երկու հանգամանք կա: Առաջին. այս պահին  գլխավորը քարտուղարն ադրբեջանցի է, և  նա, հավանաբար, երկրորդ ժամկետով կառաջադրվի նաև Բաքվում: Երկրորդ,  հայկական պատվիրակությունն արդեն 15 տարի է չի մասնակցում Ադրբեջանում կայացվող միջոցառումներին: Մենք միշտ ասել ենք՝ տվեք մեզ անվտանգության երաշխիքներ, բայց իրենք հրաժարվում են՝ ասելով, թե ի՞նչ առանձնահատուկ երաշխիքների մասին է խոսքը,  բոլոր երկրների ներկայացուցիչների համար կան  ստանդարտ երաշխիքներ, ինչո՞ւ պետք է Հայաստանի պատվիրակության համար  լրացուցիչ երաշխիքներ տրվեն:

Սրան մենք մշտապես հակադարձել ենք՝ շեշտելով, որ Ադրբեջանում առանձնահատուկ վերաբերմունք կա հայերի նկատմամբ՝ սկսած մանկապարտեզից այդ երկրում հայատյատություն է քարոզվում: Նույնիսկ Հայաստանի քաղաքացի չհամավող հայերին օդանավակայանում արգելում են մտնել Ադրբեջան: Եվ դա է պատճառը,  որ Ադրբեջան մեկնելու համար մեզ  հատուկ երախիքներ են անհրաժեշտ»,-մեկնաբանում է Գագիկ Մինասյանը:

 Պատգամավորի խոսքով, սա ևս մեկ փաստ է միջազգային հանրության համար՝ տեսնելու, թե ինչպիսի՞ երկիր է Ադրբեջանը, որ անվտանգության առումով երաշխիք պետք է տա անգամ այլ երկրի պատգամավորի:

Մինասյանի տեղեկացմամբ՝ Բաքվում անցկացվելիք  ընտրությանը մասնակցելու վերաբերյալ հայկական կողմը դեռևս հստակ դիրքորոշում չունի, չնայած՝ հակված է մասնակցել. «Թերևս կգնանք, քանի որ սա  կառույցի համար չափազանց կարևոր է: Դեռ մեկ տարի կա ընտրություններին, բայց, ամեն դեպքում, ես կարծում եմ՝ այո, պետք է գնանք»:

 Տեղեկացնենք, որ ՍԾՏՀԽՎ գլխավոր քարտուղար, Ադրբեջանի ներկայացուցիչ Ասաֆ Հաջիևը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տրված հարցազրույցում անդրադարձել է հայկական կողմի հայտարարությանը և հիշեցրել ՍԾՏՀԽ վեհաժողովի՝ Կիևում ընդունված հռչակագիրը, որում, իբրև թե, կոչ է արվում Հայաստանին ազատել Ադրբեջանի «օկուպացված» տարածքները: Փաստորեն, Ադրբեջանը ցանկացած առիթ օգտագործում է փաստերը կեղծելու և  շրջանառելու արցախյան խնդրի  վերաբերյալ սեփական մոտեցումները, ինչի համար անգամ չի խորշում օգտագործել ցանկացած հարթակ:

Ի պատասխան մեր այս դիտարկման՝ Գագիկ  Մինասյանն ասաց.

«Հաջիևի մեկնաբանության հետ կապված ներկայացնեմ հետևյալ նկատառումը: Ստացվում է, որ նա պարզապես ցանկացել է Ադրբեջանի ներքին լսարանին թյուրիմացության մեջ գցել՝ ցանկալին իրականության տեղ ներկայացնելով: Հաջիևն, իհարկե, գիտի, որ Կիևում ընդունված հռչակագիրը չի վերաբերվում Հայաստանին, Ադրբեջանին ու Արցախին, որովհետև  հռչակագրում հստակ գրված է՝ խոսքն այն տարածքների մասին է, որոնք բռնազավթված են համարվում ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի որոշումների համաձայն: Մինչդեռ հիշյալ կառույցները արցախյան հակամարտության վերաբերյալ նման որոշումներ չունեն: Միջազգային այդ կառույցները նման որոշումներ ունեն,  մասնավորաբար, Վրաստանի և Ուկրաինայի տարածքների վեաբերյալ»,-իր խոսքն ամփոփեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը:

Ակաթի Վահանյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն