Գլխավոր » Interview, TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Միգուցե, Ջին Շարպն ու Սորոսը, ներխուժելով Հայաստան, բախվում են Հայոց լեռներին՝ թափը կոտրվո՞ւմ է. Կարինե Նալչաջյան

Հունիս 24, 2018թ. 00:00
Կարինե Նալչաջյան

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԻ 

ՀԱՅ ՁԱՅՆ-ի զրուցակիցն է հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԸ

Տիկին Նալչաջյան, Հայաստանը հետհեղափոխական գործընթացների մեջ է. ստեղծված իրավիճակը մի կողմից գնահատվում է որպես ինքնամաքրում, մյուս կողմից՝ արտահայտվում է  մտավախություն, թե  ներքին լարումներից կարող է օգտվել թշնամին: Դուք ինչպե՞ս եք գնահատում նորօրյա իրողությունները:

-Ես այն համոզման եմ, որ միայն ներսից առողջ օրգանիզմը կարող է պայքարել արտաքին վտանգների դեմ. Աչքի առաջ Հայաստանն ապաքրեականանում է։ Միայն երազել կարելի էր։ Սա տասնամյակների ընթացքում կարծրացած, կաղապարված, անլուծելիության դրոշմն իր վրա կրող հարց էր։  Բարդ ու վտանգներով լի գործընթաց է և  ավելի քան հուսադրող է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը աներկբայորեն կանգնած է վարչապետի թիկունքին։ Այս մեծ լվացքի կարիքը Հայաստանը վաղուց ուներ։ Սա, իր հերթին, լավ ազգակ կլինի, առհասարակ, հասարակության մեջ արդարության գիտակցության բարձրացման համար։  «Թուրքերը կուրախանան»-ը փաստարկ չէ, ինքնամաքրումը միշտ լավ է։

Սովորաբար հեղափոխությունների ավարտով նաև ավարտվում են դրանց բնորոշ էֆորիկ տրամադրությունները,  մինչդեռ մեզանում հասարակական մի ստվար հատված դեռևս էֆորիայի մեջ է: Սա հանգեցնում է հաճախ ոչ սթափ, ոչ իրատեսական գնահատականների, և դա կարող է վտանգավոր լինել  հենց իշխանության համար:    

-Կարծում եմ, արդեն չենք կարող խոսել բուն հեղափոխական էյֆորիայի մասին․էյֆորիաները մարում են, այո,  երբ ավարտվում է   հեղափոխությունների հրապարակային փուլը։

   Բայց հայաստանյան հեղափոխությունը յուրահատուկ է նաև նրանով, որ հետհրապարակային գործընթացներին մարդիկ հետևում և մասնակցում են առցանց․ և սա հեղափոխական գործընթացներին մարդկանց մասնակցության յուրահատուկ ձև է իր յուրահատուկ հոգեբանական հետևանքներով։

   Կա բարձր հուզականություն, բայց ոչ՝ էյֆորիա։ Այժմ արդեն դիրքորոշումների հստակեցման, նաև՝ դրանց կարծրացման և բախման փուլում ենք։

-Ի՞նչ կասեք վարչապետ Փաշինյանի կողմից իրականացվող կադրային քաղաքականության մասին. այն միանշանակորեն չի ընկալվում, կա՛մ խստորեն քննադատվում է՝ փորձ չունեցող կադրերով համակարգը լցնելու համար, կա՛մ գովերգվում՝ հաշվի առնելով երիտասարդների մուտքը:

-Նոր պաշտոնյաները մեծ մասամբ երիտասարդ են և ակնհայտ նմանություններ ունեն առ այսօր իրենց անցած ուղիների տեսակետից։ Սակայն, հետևելով իրադարձությունների ընթացքին, սկսում եմ մտածել, որ միգուցե, երբ Ջին Շարպն ու Սորոսը բախվում են Հայոց լեռներին՝ իրենց թափը կոտրվում է։

   Սպասենք, տեսնենք, հուսանք և հաշվի առնենք, որ միշտ չէ, որ հին համակարգից տեղափոխված «փորձառուն»-ն ավելի վստահելի է։ Այսպես թե այնպես, որքան էլ որ ազնիվ լինեն մղումները և երիտասարդական ավյունը, պետական կառավարումը յուրաքանչյուր առանձին ոլորտում ենթադրում է բազմակողմանի իմացություն, բազմագործոն վերլուծությունների վրա հիմնված որոշումների կայացում։ Եվ, քանի որ որևէ մեկը, առավել ևս՝ ոլորտին անտեղյակ կամ թեթևակիորեն տեղյակ երիտասարդը չի կարող տիրապետել այդ ամենին, ապա մեր երիտասարդ պետական պաշտոնյաները պետք է իրենց շրջապատեն լուրջ փորձագիտական խորհուրդներով /բացառելով քավոր-սանիկական ու խնամիական նախապատվությունները/․ գիտական միտքը պետք է դրվի խնդիրների առաջ քաշման, լուծման և որոշումների կայացման հիմքում։ Համոզմունքս է․միայն ԷԹՆՈԿԵՆՏՐՈՆՈՒԹՅԱՆ և ԻՆՏԵԼԵԿՏԻ բարձր մակարդակ ունեցող վերնախավն է ունակ Հայաստանը դեպի զարգացում տանել և ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը։

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, TOP, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն