Գլխավոր » Interview, Politics, TOP, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կարևորագույն ծրագրերի իրականացումը՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը պետք է մնան նոր կառավարության օրակարգում

Մայիս 18, 2018թ. 12:33
Վարդան Ոսկանյան

Հարցազրույց իրանագետ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԻ  հետ

այիսի 17-ին ստորագրվեց  ԵԱՏՄ Իրան ազատ առևտրի  գոտու ժամանակավոր համաձայնագիրը. ի՞նչ փաստաթղթի հետ գործ ունենք:

-Դա մի փաստաթուղթ է, համաձայն որի, այսուհետ, մենք գործ ունենք միասնական առևտրային տարածքի հետ, որն ընդգրկում է, մի կողմից՝ ԵԱՏՄ շուկան, մյուս կողմից Իրանի 80 միլիոնանոց հսկայական շուկան: Սա լայն հնարավորություն է բացում ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների առաջ՝ առանձին-առանձին, և ԵԱՏՄ-ի առաջ որպես տնտեսական կարևոր միության: Այս համատեքստում Հայաստանը ստանում է Իրանի հետ համագործակցության լրացուցիչ շանս ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլև ԵԱՏՄ-ի շրջանակներում՝ որպես միության այն միակ երկիրը, որն Իրանի հետ ունի ցամաքային սահման:

Փաստորեն, Հայաստան-Իրան միջպետական սահմանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական իմաստով  դառնում է սահման ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև: Իսկ սա լուրջ հնարավորություններ է բացում մեր պետության առաջ. երկկողմ գործակցությանը զուգահեռ մենք ստանձնում ենք որոշակի միջնորդական առաքելություն ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև տնտեսական հարթության մեջ: Սա իրոք մեծ հնարավորությունների դուռ է, որը բացվել է ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև երկարատև բանակցային փուլից հետո : Նշեմ, որ այս գործում Հայաստանն ունեցել է կարևորագույն դերակատարություն, թեև այդ մասին շատ հաճախ չի բարձրաձայնվում: Բնականաբար, նման հնարավորությունները  չօգտագործելը կլինի կոպտագույն սխալ և մեծ բացթողում:

 -Ասացիք, թե համաձայնագիրը ստորագրվել է  երկարատև, բարդ բանակցություններից  հետո, որտեղ Հայաստանն ունեցել է կարևորագույն դերակատարություն: Նկատենք, որ այդ բանակցային ողջ փուլն իրականացվել է նախորդ իշխանության կողմից,  հետևաբար,  որքան էլ այսօր քննադատվում են նախորդները,  սական անարդար է չարձանագրել, որ հենց ՀՀԿ իշխանության  ջանքերով են կյանքի կոչվել բազմաթիվ, այդ թվում և այս կարևոր փաստաթուղթը:

-Ակնհայտ է, որ մենք պետք է դրականորեն գնահատենք նախկինում կատարվածը, նաև դրական գնահատենք ներկայիս այն մոտեցումը, համաձայն որի, չի մերժվում նախկինում սկսված  գործընթացների շարունակականությունը: Եվ դա կարող է դրական ազդակ լինել Հայաստանում համերաշխության մթնոլորտի հաստատման համար:  Չի կարելի երբևէ մոռանալ նախորդ կառավարությունների կատարած աշխատանքը և՛ այս համաձայնագրի ստորագրման հարցում, և՛ առհասարակ նրանց կատարած դրական  քայլերը: Բազմաթիվ բացթողումներ են եղել, սակայն բազմաթիվ ձեռքբերումներ էլ կան, հետևաբար միայն շեշտել ու խոսել  բացթողումներից, ու չարձանագրել ձեռքբերումները, կլինի կոպտագույն սխալ:

-Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականությունը չի տարբերվում նախկին իշխանության՝ ՀՀԿ-ի քաղաքականությունից.  Իրանի հետ  հարաբերությունների  հարցում և՞ս նոր կառավարությունը շարունակում է նախորդների քաղաքական ուղենիշը,  թե՞ կլինեն  փոփոխություններ:

-Դեռ վաղ է վերջնական գնահատական տալը: Սակայն դատելով առկա տեղեկատվությունից, ՀՀ նոր վարչապետի հարցազրույցներից, նրա հանրային ելույթներից, Իրանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցից, ըստ էության, կարող ենք ասել, որ Իրանի  հետ հարաբերություններում շարունակվում է նույն քաղաքականությունը: Եվ դրա համատեքստում չպետք է մոռացության տրվեն ՀՀ համար կարևոր, կենսական նշանակություն ունեցող ծրագրեր, դրանք պետք է լինեն ներկայիս իշխանության  օրակարգում,  դրանցից հրաժարվելը կոպտագույն սխալ կլինի: Խոսքս, հատկապես, վերաբերվում է Հայաստան-Իրան երկաթգծի շահագործմանը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ծրագրի իրականացմանը, ինչո՞ւ չէ, նաև Հայաստանը գազային առումով տարանցիկ երկիր դարձնելու հնարավորություններին: Մենք պետք է անընդհատ շեշտադրենք այս ծրագերի  կարևորության մասին ու Իրանի հետ աշխատենք օրն ի բուն: Չպետք է մոռանալ, որ Իրանի հետ համագործակցության դաշտն անսահման մեծ է ու պահանջում է եռանդուն աշխատանք:

Ի դեպ, նշածս բոլոր ծրագրերը ոչ միայն տնտեսական առումով են մեզ համար  կարևոր, այլ աշխահաքաղաքական տեսանկյունից: Մեր երկրի հանդեպ թշնամական դիրքորոշում որդեգրած տերությունները, խոսքս ադրբեջանա-թուրքական դաշինքի մասին է, ամենևին չեն ցանկանում, որ այդ ծրագրերից որևէ մեկը կյանքի կոչվի, ու  խստորեն անհանգստացած են դրանցով: Հետևաբար, մենք կյանքի կոչելով այդ ծրագրերը կլուծենք ոչ միայն ՀՀ տնտեսության զարգացման հարցերը, այլև ավելի լայն խնդիր՝ տարածաշրջանում հզոր երկիր լինելու հիմնախնդիրը:

Ի վերջո, նման հզոր ծրագերի իրականացումը շատ կարևոր է նաև հոգեբանական առումով, այն մեծ լավատեսութուն կներշնչի մեր ժողովրդին:

Իրանի նկատմամբ ԱՄՆ  նոր պատժամիջոցների սահմանումը կարո՞ղ  է բացասաբար անդրադառանալ հայ-իրանական հարաբեություների վրա, և արդյոք չկա՞ մտավախություն,  որ ամերիկյան կողմը կարողէ պարտադրել ՀՀ կառավարությանը հրաժարվել իրանական կողմի հետ մի շարք կարևոր ծրագրերի իրականացումից: 

– Չի բացառվում,  որ ամերիկյան կողմից կարող են լինեն ճնշումներ կամ ճնշման  սպառնալիքներ, սակայն հարկավոր է ԱՄՆ-ին հստակ բացատրել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները նախևառաջ ապահովում են Հայաստանի կենսական շահերը: Ցանկացած կողմ պետք է հասկանա, որ չի կարելի  Հայաստանին պարտադրել հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից,  դա կնշանակի կոչ անել Հայաստանին հրաժարվել սեփական շահերից: Հայաստանի համար կենսական այս հարցում պարտադրանք կամ ճնշում կիրառելը կլինի բացարձակ անմիտ քաղաքականություն: Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Հայաստան-Իրան հարաբերություններով ապահովվում է մեր պետության անվտանգության որոշակի հատվածը: Հետևաբար,  Հայաստանը պետք է հստակ հասկացնի, որ Իրանի հետ հարաբերությունները որևէ երրորդ կողմի ճնշմամաբ ենթակա չեն փոփոխության:

 -Չե՞ք կարծում, որ կարևոր կոմունիկացիաների բացակայությունը, ինչպիսիք են Հայաստան-Իրան երկաթգիծը, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, կարող է վտանգել Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-Իրան համաձայնագրին: Մանավանդ որ ունենք լուրջ մրցակից՝ հանձին Ադրբեջանի:

-Այստեղ մենք, իրոք, ունենք խնդիր: Աշխարհագրական դիրքով պայմանավորված՝ մեր տրանզիտային հնարավորությունները բավականին լավն են, մինչդեռ ռելիեֆի բարդությունը բարդացնում է նաև վիճակը: Մյուս կողմից էլ լավ վիճակում չեն մեր եղած ճանապարհները:  Դրա  համար Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության արագ ու որակյալ ավարտը, որպես առաջին քայլ, մեզ համար այսօր չափազանց կարևոր է: Կարծում եմ,  Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին պետք է հռչակվի համազգային, ռազմավարական նշանակության ծրագիր և բոլոր հնարավորությունները պետք է  մոբիլիզացնենք այս ծրագրի իրականացման համար:

Հաջորդը, մենք պետք է հնարավորինս արագ փորձենք գտնել Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության  ֆինանսավորման աղբյուրները: Դա կլինի հայկական ֆինանսական ռեսուրսների հաշվին, թե կկարողանանք ներգրավել ոչ հայկական ռեսուրսներ՝ բոլորովին կարևոր չէ: Այս ծրագրի իրականցումն ունի կենսական կարևորություն մեր պետության համար: Այո, մի քանի ուղղություններով մենք ունենք լուրջ մրցակիցներ: Հրաժարվել մրցակցությունից, դա կլինի պարտվողական քաղաքականություն վարել:

Ա ՍԻՄՈՄՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Interview, Politics, TOP, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն