- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հակամարտության հիմնական կողմերն են Արցախն ու Ադրբեջանը, Իսկ Հայաստանը՝ ներքաշված կողմ է

Հարցազրույց  ՀՀ ԱԳ փոխնախարար ՇԱՎԱՐՇ ՔՈՉԱՐՅԱՆԻ  հետ

-Ադրբեջանական կողմից հնչում են հայտարարություններ, թե Հայաստանում ու Ադրբեջանում ավարտվել են  ընտրությունները, հետևաբար, պետք է վերսկսվեն արցախյան բանակցությունները: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման հայտարարությունները:

– Հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունը որևէ կապ չի ունեցել ընտրությունների հետ,  այն  կապ է ունեցել Ադրբեջանի դեստրուկտիվ դիրքորոշման հետ, ինչն արձանագրվել է և՛ Վինայում, և՛ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն, Ադրբեջանը մի ձեռքով ուզում է կրակել, մյուսով՝ բանակցել:

Ակնհայտ է, որ անկախ ընտրական գործընթացներից՝ դրանց ավարտված լինել-չլինելուց,  Ադրբեջանն անելիք ունի իր պարտավորությունները կատարելու առումով: Ընդ որում, այդ  պարտավորությունները ոչ միայն պայմանավորվածություններ են, որ ձեռք են բերվել ու հաստատվել  Վինայում, Սանկտ Պետերբուրգում, այլև դրանք Ադրբեջանի  միջազգային պարտավորություններն են: 1995 թվականին կնքված եռակողմ համաձայնագրում կա հետաքննության մեխնիզմի ստեղծման  մասին դրույթ: Այդ պայմանագիրն անժամկետ է ու հանդիսանում է Ադրբեջանի միջազգային պարտավորությունը, ինչը նա առ այսօր չի  կատարում:

– Ըստ ձեզ, ինչո՞ւ է Ադրբեջանն այսօր առավել քան շեշտադրում ինտենսիվ բանակցությունների վերսկսման  հարցը:

-Իմ գնահատմամբ ադրբեջանական կողմն ուզում է վստահության միջոցների ստեղծումից շեղել միջնորդների ուշադրությունը : Քանի որ, եթե ուզում ենք, որպեսզի բանակցություններում լինի առաջընթաց, ուրեմն կողմերի միջև պետք է լինի վստահություն: Իսկ եթե չկա վստահություն, կնշանակի կլինեն բանակցություններ՝ հանուն բանակցությունների:

-Այդուհանդերձ, նման  իրավիճակում առաջիկայում կարող ե՞ն բանակցությունները վերսկսվել:

-Դժվարանում եմ ասել: Այս պահին միայն մեկ բան է հայտնի, որ համանախագահները պետք է մյուս ամիս ժամանեն Հայաստան: Հասկանալի է, չէ՞, երկրում իշխանություն է փոխվել,  ԱԳ նախարար է փոխվել: Ու առնվազն նրանց հետ ծանոթանալու համար Մինսկի խմբի համանախագահները կգան Հայաստան:

Վերջերս ականատես եղանք հեռահար բանավեճի. ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսանը քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունը, համաձայն, որի Հայաստանը հակամարտության կողմ է: Միաժամանակ Փաշինյանին  հիշեցնելով, որ Հայաստանը բանակցային կողմ է: Այս հարցում մեզանում կա  երկու տարբեր մոտեցո՞ւմ:  

-Իմ մոտեցումն այն է, որ այս դիրսկուրսը  խիստ վտանգավոր է: Եվ չեմ ուզում ինքս ներքաշվել,  ու դրանով իսկ  նպաստել նմանատիպ  խոսակցությունների շրջանառմանը:

Մենք հակամարտության մեջ ներքաշված կողմ ենք 1994-ի, երբ  ստորագրել ենք ռազմական գործողությունների դադրեցման մասին  համաձայնագիրը: Այս փաստաթուղթը մշակել են երկու կողմերը՝ Արցախն ու Ադրբեջանը: Իսկ  Հայաստանն ավելի ուշ է միացել հիշյալ փաստաթղթին: Այս տեսակետից, կարող ենք ասել, որ  Հայաստանը ներքաշված կողմ է:

Չմոռանանք, որ ժամանակին Ադրբեջանի նախագահ Էլչիբեյը մեծ հավակնություններ ուներ հայկական տարածքների՝  Սևանի,  Զանգեզուրի նկատմամբ:  Եվ այն, ինչ հայտարարվում է  այսօր Ադրբեջանի ներկայիս նախագահ Ալիևը, նորություն չէ: Հայկական տարածքների նկատամամբ նրանց հավակնությունները գալիս են դեռ ավելի վաղ ժամանակներից: Ի դեպ, իրենք ոչ միայն հավակնություններ էի արտահայտում, այլև  գործողությունների դիմում:  Այդ տեսակետից, Հայաստանը ներքաշված կողմ է համարվում:

Իսկ  հակամարտության հիմնական կողմերն ակնհայտորեն  Արցախն ու  Ադրբեջանն են:

-Կնշանակի ճիշտ էր Վիգեն Սարգսյանը, որը կոպիտ սխալ ու բանակցությունների համար վտանգավոր որակեց Նիկոլ  Փաշինյանի հայտարարւթյունը:

-Եկեք մեկ բան ճիշտ հասկանանք.  ներքաշված կողմ լինելը դա մի հասկացություն է, հակամարտող կողմ լինելը՝ այլ հասկացություն: Եվ խոսքն ընդամենն այս մասին է:

-Ադրբեջանցի տարբեր քաղաքական գործիչներ՝ հին ու նոր պաշտոնյաներ, վերջին շրջանում հաճախ են հայտարարում, թե Հայաստանը հեղափոխությունից  դուրս կգա թուլացած և իրենք կկարողանան Արցախի հարցում Հայաստանին պարտադրել ադրբեջանանպաստ զիջումներ:

-Ադրբեջանցի գործիչները թող մտածեն, թե ինչպե՞ս է օրեցօր թուլանում իրենց երկիրը, քանի որ  հակադրվում են սեփական հասարակությանը, իսկ երկրում բազմաթիվ քաղբանտարկյալներ ունեն: Երկրի ներսում օրեցօր մեծացող աղմուկը ճնշելով՝ իրենք  դրանով ամենևին չեն ուժեղանում: Ուրեմն, ի՞նչ պարտադրանքի մասին է խոսքը:

Ա. ԱՌԱՔԵԼՅԱՆ