- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել, որում նշված է.

 «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցում հնարավոր չեղավ հանգել միասնական որոշման: Երկրում իրադրությունը շարունակում է մնալ լարված և մտահոգիչ:

Հորդորում ենք իշխանություններին և ընդդիմությանը գործել օրինականության շրջանակներում, հարցերի կարգավորումները գտնել համախոհության ու փոխհասկացողության մեջ՝ զերծ պահելով մեր ժողովրդին բախումնային իրավիճակներից:

Կոչ ենք ուղղում խորհրդարանական բոլոր խմբակցություններին` բանակցությունների միջոցով շարունակել ջանքեր գործադրել ստեղծված կացության հաղթահարման համար:

Մեր հորդորն ու խնդրանքն է Մեր ժողովրդի սիրելի զավակներին՝ պահպանել համերաշխությունը, զգոնությունը, չտրվել սադրանքների: Թույլ չտանք, որ մեզանում գլուխ բարձրացնի ատելությունն ու թշնամանքը, որպեսզի առկա իրադրությունը հանգուցալուծվի ողջամտությամբ, սիրո և փոխըմբռնման ոգով:

Աղոթում ենք մեր հայրենիքի խաղաղության, Մեր ժողովրդի ապահով ու անվտանգ կյանքի համար»: