- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

ՀՀ–ում խոշոր բիզնեսը պետք է երաշխավորված լինի վենդետայից. Գագիկ Մակարյան

Հայաստանում խոշոր բիզնեսը, որը միահյուսվել է իշխանության հետ, պետք է երաշխավորվի վենդետայից։ Այսպիսի կարծիք ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է տնտեսագետ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պետք է ամրագրի, որ նրա հնարավոր հաղթանակը վարչապետի ընտրություններում  սպառնալիք չի ներկայացնում Հանրապետական կուսակցության անդամների հետ կապված խոշոր բիզնեսներին։ Հակառակը, տնտեսագետի խոսքով, նրանք պետք է հասկանան, որ կաշխատեն ավելի բարենպաստ պայմաններում, օրինակ ստիպված չեն լինի ֆինանսավորել այս կամ այն քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավը։ «Լավ է թե վատ, բայց նրանք ձեռնարկություններ, աշխատատեղեր են ստեղծել, կարեւոր դեր են խաղում երկրի բյուջեի եւ ՀՆԱ–ի ձեւավորման գործում։ Հետեւաբար, նրանց վենդետայի ենթարկելը հղի է լուրջ տնտեսական հետեւանքներով»,–նշել է Մակարյանը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է բացառել խոշոր բիզնեսի ու քաղաքական ուժերի միաձուլումը, լինի դա ՀՀԿ–ն կամ այլ կուսակցություն, իսկ բիզնեսը, իր հերթին, պետք է հասկանա, որ այսուհետ խաղի կանոններն այլ են՝ չպիտի լինի մենաշնորհ, անհավասար պայմաններ։