- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Այս ճգնաժամից հետո Հայաստանը շատ կթուլանա, Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի իրավիճակին և պատրաստ լինի. Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարով

Ադրբեջանական «Թուրան» գործակալության «Դժվար հարց» ծրագրին տված հարցազրույցում Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է հայաստանյան իրադարձությունները և դրանց հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:

Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված՝ նա կարծիք է հայտնել, թե հայաստանյան գործընթացները շատ լուրջ ազդեցություն կունենան Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացի վրա: «Եթե Ռուսաստանը լքի Հայաստանը, ապա հայերը հույսը կդնեն միայն իրենց հնարավորությունների վրա: Եթե դա տեղի ունենա, ապա իրական խաղաղությունը հնարավոր է, բայց ավելի հավանական է, որ իրական խաղաղությունը հաստատվի ռազմական ինչ-ինչ գործողություններից հետո»,- ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը:

Զուլֆուգարովի դիտարկմամբ, տարիներ շարունակ հայկական քարոզչությունը հանրային կարծիք է ձևավորել, թե հայկական բանակից ավելի ուժեղը չկա: «Ապրիլյան պատերազմը սթափեցրեց նրանց, իսկ այս ճգնաժամից հետո նրանք շատ կթուլանան, ինչն ազդեցություն կունենա ղարաբաղյան խնդրի վրա»,- կարծիք է հայտնել Ադրբեջանի նախկին արտգործնախարարը:

Հայաստանում տիրող ներկա վիճակն Ադրբեջանն ինչպե՞ս պետք է օգտագործի, այս հարցին Թոֆիկ Զուլֆուգարովը հետևյալ պատասխանն է տվել՝ Ադրբեջանը պետք է ուշադիր հետևի իրավիճակին և պատրաստ լինի ցանկացած շրջադարձի՝ և՛ խաղաղ բանակցությունների, և՛ ռազմական գործողությունների:

«Կարծում եմ, դա արդեն արվում է: Ամեն ինչն իր ժամանակն ունի: Ժամանակին արված քայլը արժեքավոր է լինում, հատկապես երբ այն վերաբերում է Ղարաբաղին: Ռազմական գործողությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ, և նման որոշում ընդունելը բարդ է: Բայց եթե հայերը մեզ այլ ելք չթողնեն, նշանակում է՝ մենք պետք է կատարենք այդ քայլը»,- ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարով