Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանում գունավոր հեղափոխություն չկա

Ապրիլ 18, 2018թ. 12:32
արմեն բադալյան

Հարցազրույց քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ

-Այն պահին, երբ խորհրդարանը սկսեց քննարկել վարչապետի թեկնածության հարցը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանում սկսվում է ժողովրդական թավշյա հեղափոխություն: Ի՞նչ կատարվեց, տրանասֆորմացվե՞ց ՙՙբաց ձեռքերի՚՚ ակցիայի բնույթը:

-Ոչ, մենք գործ ունենք նույն երևույթի հետ, որը կար առաջին իսկ օրից, ուղղակի կատարվեց անվան փոփոխություն և  ոչ ավելի: Իսկ այժմ տեղի է ունենում  ժողովրդական շատ փոքրիկ զանգվածի անհնազանդություն, որն ընդամենը ստացավ նարնջագույն հեղափոխություն անվանումը: Սակայն անվան փոփոխմամբ չի որոշվում գործողությունների էությունը: Իսկ ՔՊ կողմակիցներն ու համակիրները կատարում են որոշակի գործողություններ՝ ելնելով  իրենց ծրագրից:

-Գուցե Փաշինյանը նախընտրեց հստակեցնե՞լ իր վերջնական նպատակը,  ինչպես ասում են, իրերն իրենց անունով կոչել, այն է գունավոր հեղափոխություն:

– Քաղաքագիտության մեջ այնպես չէ, որ գործողությունները կոչվեն հեղափոխություն ու այն, իրոք, դառնա հեղափոխություն: Իրականում այն, ինչ կատարվում է, չունի գունավոր հեղափոխության բովանդակություն: Իսկ թե Փաշինյանն իր գործողություններն ի՞նչ է անվանում, դա  իր իրավունքն է: Կարող է հեղափոխություն անվանել, բայց դրանից այդ քաղաքական գործընթացը չի դառանա ՙգունավոր՚, քանի որ  բովանդակությամբ այն այդպիսին չէ: Իսկ, հատկապես, գունավոր հեղափոխությունն ունի իր պարտադիր կանոններն ու զարգացման տրամաբանությունը, ու եթե չկա  թե մեկը, թե մյուսը, ուրեմն, չես կարող այն հենց այնպես վերցնել և գունավոր հեղափոխություն անվանել:

-Ի՞նչ կանոններ նկատի ունեք,  որոնք բացակայում են այս դեպքում, և  կարելի՞ է վստահաբար ասել, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն  տեղի չի ունենում:  

-Մենք գունավոր  հեղափոխություններ տեսել ենք  Վրաաստանում՝ ՙՎարդերի հեղափոխությունը՚, Ուկրաինայում՝ ՙՆարնջագույն հեղափոխությունըՙ, Մոլդովայում՝ ՙԿակաչների հեղափոխությունը, և այլն, դրանք բոլորն ունեցել են իրենց  ներքին կանոնները: Դրա համար կա երկու կարևոր պայման. առաջին, պետք է լինեն մեծաքանակ զանգվածներ: Ինչն այսօր մեզ մոտ չկա: Մասնակիցների ծավալը մեզ մոտ մշտապես չի անցնում  5000-10 000-ը: Կարող ենք ասել, որ Հայաստանում այդքան մարդ կարող է ակտիվ գործողություն իրականացնել, թեկուզ կազմալուծել Երևանի կենտրոնական փողոցների երթևեկությունը, բայց այդ մարդիկ խաղաղ պայքարի կողմնակիցներ են: Այս զանգվածը շատ քիչ է գունավոր հեղափոխություն իրականացնելու համար: Դրա համար նրանց թիվը պետք  է հասնի մի քանի տասնյակի: Երկրորդ պարտադիր կանոնը արտաքին քաղաքական կողմնորոշման խնդիրն է, քանի որ հիմնականում բոլոր նարնջագույն հեղափոխություններն ունեցել են որոշակի արտաքին կողմնորոշում, ու ըստ այդմ, ստացել են դրսից աջակցություն: Հիմնական  աջակցությունը եղել է Արևմուտքից, ընդ որում, եղել է բացահայտ աջակցություն: գունավոր հեղափոխության համար քաղաքական, ֆինանսական, լրատվական աջակցությունը  պետք է լիներ ի սկզբանե, ինչն այս դեպքում չկա:

Հայաստանում մենք չենք տեսնում գունավոր հեղափոխության այս կանոնները: Բացի այդ, գունավոր հեղափոխություններն ունենում են հստակ ուղղվածություն, ինչը չկա Փաշինյանի հեղափոխության դեպքում, երբ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը նրա պայքարը դարձավ անտրամաբանական: Հիմա ի՞նչ են պահանջում, որ ընտրվելուց հետո Սարգսյանը տա հրաժարակա՞ն: Սա անհասկանալի է, դրա համար էլ  մարդիկ չեն կողմնորոշվում ու չեն միանում Փաշինյանի գործընթացին: Փաստորեն, ինչ-որ գործողություններ են արվում առանց հետագա նպատակի մասին նշելու:

-Իսկ եթե  որևէ երկիր ցանկություն ունենա Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել, կարող է՞ օգտվել այս  իրավիճակից, որպես պարարատ հողը կարո՞ղ է այն օգտագործվել:

– Չեմ բացառում, որ նման բան  տեղի ունենա: Այդ գործընթացը կատարեց սոցիոլոգիական հարցման դեր, ու ցույց տվեց, որ Հայաստանում կա գունավոր հեղափոխություն իրականացնելու համար անհրաժեշտ նյութ, <մատերիալ>, իսկ դա իշխանության հանդեպ դժգոհությունն է ու  պայքարելու ցանկություն ունեցող երիտասարդության առկայությունը: Սրանք, թվարկածս կանոնների առկայության դեպքում, կարող են հետագայում զարգացվել, անհրաժեշտության պահին՝ օգտագործվել: Շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է երիտասարդների թիվը  7000-ից հասցնել 50 000-ի: Հետևաբար, բողոքի ակցիայի կազմակերպիչները, թերևս անկախ իրենց  կամքից,  ցանկացան, թե չցանկացան, ցույց տվեցին, որ Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար կա <մատերիալ>, ինչը ցանկության դեպում կարող է օգտագործվել:

Փաշինյանի գործողությունները չազդեցին  Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու գործընթացի վրա, պետք է նաև հասկանանք, որ այս ամենն իրականում դրա համար չարվեց, չնայած հայտարարվում է, որ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրությանն է ուղղված:

Բայց այս ամենից կարող են  եզրակացնել մի կարևոր բան. այս ցույցերով ապագա վարչապետին ինչ-որ ուժեր ցույց տվեցին, որ ցանկացած ժամանակ կարող են վտանգ լինել նրա համար ու  տապալել նրան: Ենթադրում եմ, որ այս մեսիջը  Սերժ Սարգսյանը  հասկացավ:

Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն