Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին` հրահրելով ապրիլյան պատերազմը

Ապրիլ 6, 2018թ. 22:09
Վաղարշակ հարությունյան-

Հարցազրույց ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  հետ

-Ապրիլյան պատերազմից երկու տարի անց ժամանակն է ավելի հստակ գնահատելու  իրավիճակը. ինչո՞ւ Ադրբեջանը գնաց նման ագրեսիայի, ո՞րն էր նրա նպատակը, ադրեբեջանական բանակին հաջողվե՞ց  հանկարծակի հարձակմամբ կատարել  իր առաջ դրված նպատակը:

-Նախ, ներկայացնեմ այն ռազամաքաղաքական իրավիճակը, որ 2016-ին կար  տարածաշրջանում: ԼՂ բանակցային գործընթացը ծավալվում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, տեղի ունեցող  հանդիպումներում հիմնականում քննարկվում էր  հետևյալ մոտեցումը.  հայկական կողմը պետք է վերադարձնի որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը կորոշվի հանրաքվեով, որը պետք է ունենա իրավական ուժ: Սրան դեմ էր Ադրբեջանը, ինչն էլ դարձավ այն առաջին գործոնը,  որն Ադրբեջանին մղեց ապրիլյան գործողությունների: Ինչո՞ւ, որովհետև մադրիդյան սկզբունքներում առաջին անգամ արձանագրվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մի բան, ինչին Ադրբեջանը չէր կարող համաձայնվել:

Երկրորդ գործոնն այն է, որ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, Ռուսաստանը մտցրեց պատժամիջոցներ, ինչին ի պատասխան Թուրքիան հրահրեց Ադրբեջանին՝ գնալ նման գործողությունների Արցախի դեմ: Հիշենք, որ դեպքերից երկու շաբաթ առաջ Դավութօղլուն, Չավուշօղլուն Բաքվում հայտարարեցին, թե Արցախի հարցը պետք է լուծվի հիմա ու Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին: Փաստորեն, Թուրքիան արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին, հրահրեց գնալ նման քայլի, որպեսզի կարողանա լուծել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները:

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Ադրբեջանը: Ակնհայտ էր, որ նա խնդիր չէր դրել հետ վերցնել Արցախը, այլ նպատակ ուներ հասնել լոկալ հաղթանակի, ինչը կձևակերպեմ այսպես՝ փոփոխել  շփման գիծը և այդ ռազմական հաղթանակը վերածել քաղաքական դիվիդենտների: Այսինքն՝ միջնորդ երկրներին ցույց տալով, որ ինքն ի վիճակի է ռազմական ճանապարհով լուծել արցախյան  հարցը: Ադրբեջանի հաջողությունների դեպքում, բնականաբար, արցախյան հարցում փոփոխություն կմտներ միջնորդ պետությունների քաղաքականության մեջ, և կարվեին լրջագույն եզրահանգումներ: Հետևաբար, Ադրբեջանն իր նպատակին հասնելու համար մշակեց համարժեք մարտավարություն. գիշերով անցավ հարձակման՝ խախտելով զինադադարի պայմանագիրը:

Ադրբեջանական կողմից հարձակվող զինվորների թվաքանակը 10-ը մեկի հարաբերակցությամբ   գերազանցում էր  հենակետերում գտնվող հայ զինվորների քանակը: Դա, իհարկե, սկզբնական փուլում: Առաջին հարվածն իրականացրեցին ադրբեջանական հատուկ նշանակության զորաբաժանումները, հետո գործի մեջ մտավ հրետանին, ապա շփման գծին մոտեցրին տանկեր ու ծանր տեխնիկա: Ադրբեջանը իրականացրել մի  մարտավարություն, որը թույլ չտվեց մեր  հետախուզությանը նախապես բացահայտել նրա շարժը՝ զորքերի, ծանր տեխնիկայի կուտակումները, ինչի արդյունքում մեր հետախուզության պետն ազատվեց իր զբաղեցրած պաշտոնից:

Սակայն հակառակորդի հաջողությունը եղավ միայն առաջին օրը՝ գիշերային հանկարծակի հարձակման արդյունքում, երբ մեր հենակետերում զգոն չէին ու ժամանակին չէին բացահայտել հակառակորդի գործողությունները, դրա համար  նրանց հաջողվեց վերցնել մեր մի քանի  հենակետեր: Սակայն այն պահից, երբ  ԼՂՀ բանակը սկսեց իրականացնել պաշտպանական  ծրագիր, հակառակորդը նահանջեց՝ թողնելով մեր հենակետերը, իսկ երբ մեր բանակը ձևավորեց հակահավածային խմբավորում ու պատրաստվեց հակահարվածի՝ Ադրբեջանը խնդրեց զինադադար:

-Հաճախ է տրվում հետևյալ հարցը, ի վերջո,  հօգուտ ո՞ւմ ավարտվեցին այդ ռազմական գործողությունները, ո՞ր կողմը հաղթեց, ո՞րը պարտվեց:

-Ռազմական առումով, մենք ունեցանք տարածքային կորուստ, ինչը միայն մեկ հարցում է Ադրբեջանի համար դրական. այդ հատվածում կա ադրբեջանական մեկ գյուղ՝ Մարջանլուն, որը մինչ այդ բնակեցված չէր, քանի որ գտնվում էր հայկական կողմի կրակի տակ, հիմա իրենք քարոզում են, որ բնակչությունը կարող է գնալ ու հանգիստ ապրել այդ գյուղում: Սա է միայն Ադրբեջանի, այսպես ասած, հաջողությունը: Մինչդեռ հայկական կողմին հաջողվեց Ադրբեջանի նպատակը ձախողել, հակառակորդի բանակը չկարողացավ լուծել իր առաջ դրված խնդիրը, չնայած օգտագործեց մեծաքանակ զենք ու կրեց կորուստներ. արտասահմանյան տարբեր փորաձագետներ խոսում են 500 զոհի մասին: Նաև կորցրել են մեծաքանակ տեխնիկա, չկարողացան օգտագործել իրենց ռազմաօդային ուժերի առավելությունը, այն 5-6 անգամ գերազանցում է մեր ունեցածին, բայց չկարողացան օգտագործել, քանի որ գիտակցեցին, հայկական բանակի  հակաօդային պաշտպանությունը շատ ուժեղ է ու կոչնչացնի իրենց ինքնաթիռները: Փորձեցին օգտագործել ուղղաթիռներ, որոնք խոցվեցին մեր բանակի կողմից: Իսկ հայկական կողմը հիմնական կարուստներ կրեց  ՙՙՍպայկ՚՚ հակատանկային, հրթիռային համակարգի հարվածներից, մեր տանկերը հիմականում խոցվեցին այդ համակարգով, նաև արդյունավետ գործեցին ադրբեջանական անօդաչու սարքերը: Սա է պատկերը:

-Հայտնի է, որ Ադրբեջանը Արցախի դեմ ռազմական գործողություններ ծավալելու հարցում հիմնականում սպասում է միջազգային հանրության,  գերտերությունների  ՙՙդաբրոյին՚՚: Այս առումով, ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը  ստացել է՞ր Ռուսաստանի համաձայնությունը:  

-Սա կարևոր հարց է, ցավոք, մեր հասարակությանը կարողացել են ոչ լիարժեք տեղեկատվությամբ ապակողմորոշել: Բայց, դե, միամիտ մարդիկ չկան, մենք հասկանում ենք, թե ի՞նչ է կատարվում:

Մեր ռազմավարական դոկտրինում գրված է, որ Հայաստանի անվտանգության համար սպառնալիք են հանդիսանում այնպիսի գործողությունները,  որոնք ուղղված են մեր ռազմաքաղաքական դաշինքի թուլացմանը: Եվ եթե ամեն կերպ այսօր վարկաբեկվում է  հայ-ռուսական ռազմավարական դաշինքը, պարզ է, որ այդ խնդիրն է լուծվում:

Ի՞նչ դերակատարում ունեցավ այդ օրերին Ռուսաստանը: Ապրիլի 2-ին առաջինը Պուտինն էր, որ կոչ արեց դադարեցնել կրակը:  ՀԱՊԿ քարտուղար Բորդյուժան հանդես եկավ շատ կոշտ հայտարարությամբ՝ մեղադրելով Ադրբեջանին: Հետո Շայգուն զանգահարեց Գասանովին, ասելով, որ նման գործողությունները լուրջ հետևանքներ կունենան: Ապրիլի 3-ին Դաղստանի հարավում լայնածավալ զորավարժություններ սկսվեցին, ինչը ամենևին պատահականություն չէր, այլ զսպող, զգաստացնող քայլ:

Այն, որ Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ բորբոքվի պատերազմ, համոզվելու համար կարդացեք այդ երկրի ազգային ռազմավարական դոկտրինը, ուր գրված է, որ հակամարտությունների  ծավալումն իր սահմանների մոտ սպառնալիք է հենց ՌԴ համար:

Եվ վերջապես, ինչո՞ւ ՙՙդաբրոՙՙ տալ Ադրբեջանին, ինչո՞ւ թույլ տալ, որ նա վերցնի Արցախը և պարտության մատնի Հայաստանին, որը ՀԱՊԿ անդամ է ու իր ռազմավարական գործընկերը:

-Գուցե դա գինն էր Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցությա՞ն:

-Դա շատ թուլիկ հիմնավորում է: Ադրբեջանը 1993-ին դարձավ ՀԱՊԿ անդամ, բայց 1995-ին դուրս եկավ, որովհետև տեսավ, որ այդ հարթակը չի կարող ծառայեցնել իր շահերին՝  ԼՂ հարցի ադրբեջանամետ լուծմանը: Այդ նիստին ես մասնակցել եմ, երբ Հեյդար Ալիևը հարց ուղղեց Ելցինին, թե իրենք մտել են  ՀԱՊԿ, որպեսզի լուծեն ԼՂ հարցը: Ելցինը պատասխանեց՝ ՀԱՊԿ-ը գործում է միայն արտաքին ագրեսիայի դեպքում ու ԼՂ հակամարտության հարցում ոչ մի գործառույթ չունի: Այս խոսքերից հետո Ադրբեջանը դուրս եկավ ՀԱՊԿ-ից:

Իսկ ԵԱՏՄ կմտնի Ադրբեջանը միակ մեկ դեպքում, եթե  Ռուսաստանը ՝ իր համար նպաստավոր տարբերակով, լուծի ԼՂ հարցը: Բայց դա ինչպե՞ս պետք է լինի, ենթադրենք, ՌԴ-ն մեզ ասում է՝ հանձնեք Արցախը, մենք հանձնելու ե՞նք, իհարկե՝ ոչ:  Չկա քաղաքական նախապայման ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության ու դա չի լինելու: Նաև Ռուսաստանը հասկանում է, եթե Ադրբեջանը վերցրեց Արցախը, այլևս երբեք իր հետ ոչ մի առնչություն չի ունենա: Այսպիսով, Ռուսաստանը չէր կարող 2016-ի ապրիլին ՙՙդաբրո՚՚ տալ Ադրբեջանին, քանի որ այդ քայլը չէր բխում իր իսկ շահերից:

-Նոր պատերազմի հավանականություն կա՞:

-Նման հավանականությունը շատ քիչ եմ համարում,  քանի որ այսօր մեզ հաջողվում է ապահովել ռազմաքաղաքական բալանսը: Իսկ դա մեր  բանակի մարտունակությունն է, զենքի քանակը, որակը, մեր սպայական կազմի, զինվորների պատրաստվածությունը, հակապատերազմական գործողությունների պլանավորումը, վերջապես, մեր արտաքին քաղաքականությունը:

Ասեմ ավելին, մենք  պատրաստ ենք պատերազմի, իսկ Ադրբեջանը՝ ոչ,  որովհետև մեր բանակի խնդիրն է թույլ չտալ ագրեսորին գնալ գործողությունների, իսկ ագրեսիայի դեպքում  ոչնչացնել նրան: Մինչդեռ Ադրբեջանի առաջ շատ ավելի բարդ խնդիր է դրված, նա  ուզում է վերցնել, իսկ դրա համար նա ունի դիրքային խնդիր, քանի որ մենք գտնվում եք բարձունքների վրա, որոնք  վերցնելու համար մեծ ռեսուրս է պետք: Մեր առավելությունը նաև այն է, որ  պատերազմում հաղթանակած կողմ ենք ու մեր ռազամաքաղաքական խնդիրը լուծել ենք, Բաքու գնալու խնդիր չունենք, ուրեմն,  լայնածավալ պատերազմի անհրաժետություն չունենք:

Բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք, պետք է գիտակցենք, որ մենք Ադրբեջանի դեմ չենք կռվում, այլ գործ ունենք ադրբեջանա-թուրքական դաշինքի հետ, բոլոր որոշումներն ընդունվում են Ստամբուլում, ադրբեջանական բանակի  հրամանատարները սովորում են Թուրքիայում: Ադրբեջանցի բանակի կողքին, վաշտից մինչև ՊՆ նախարար, կանգնած են թուրք խորհրդականները, նրանց բանակի կառուցվածքը թուրքական է, ամեն ինչ, սկսած համազգեստից, թուրքական է: Ապրիլյան գործողությունների ժամանակ զոհվեց հատուկ նշանակության ստորաբաժանման մի մայոր, կարդացեք նրա կենսագրությունը, նա սովորել ու զորավարժությունների էր մասնակցել Թուրքիայում, մարտական փորձն էլ ձեռք էր բերել քրդերիմ դեմ պայքարում:

Հետևաբար, պետք է հասկանանք, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ պայքարում մեր ներուժը բավարար չէ, մեր ռեսուսը փոքր է: Սակայն մենք դա ապահովում ենք շնորհիվ ՀԱՊԿ անդամության: 1993-ից մինչ հիմա 4000 հայ սպա ենք պատրաստել ՌԴ-ում, ընդ որում, անվճար. 1997 թվական գներով հաշված, այդ  գումարը կազմում է կես միլիարդ դոլար, չհաշված մեր ստացած զենք, զինամթերքը: ՙՙԻսկանդերի՚՚ ձեռք բերման մասին էլ չեմ խոսում, Ռուսաստանն այն չի վաճառում ոչ մի երկրի, իսկ Հայաստանին տվեց: Դա ռազմավարական մի զենք է, որը թիրախավորում է Բաքուն ու Ադրբեջանի կարևորագույն ենթակառուցվածքները: Սա է այն գործոնը, որը  զսպում է Ադրբեջանին գնալու լայնածավալ գործողության:

 -Ապրիլյան պատերազմից հետո շատ խոսվեց առաջնագծում մեր բացթողումների մասին, և որ Հայաստանի համար հետևանքները կարող էին շատ ավելի ծանր լինել, եթե չլիներ մեր  սպաների,  զինվորների խիզախությունըկամավորներիհասարակության աջակցությունը:  Ի՞նչ է արվել բացերը շտկելու համար:

-Որպեսզի գնահատենք, թե ի՞նչ է արվել, մեկ փաստ բերեմ: Մինչ ապրիլյան գործողությունները ադրբեջանական դիվերսիոն խմբերն ամիսը մեկ մտնում էին մեր տարածքներ ու մեր հիմնական կորուստներն այդ ներխուժումների հետևանք էր: Հիմա նման  դեպքեր չկան: Ոչ թե Ադրբեջանն է հետ քաշվել, այլ հասկացել է, որ իր բոլոր փորձերը կանխվում են,  հայկական կողմում չկա մեկ թույլ տեղ կամ խրամատ: Հակառակորդը մեկ փորձ արեց ու նրանց ամբողջ դիվերսիոն խումբը ոչնչացվեց: Սա փաստում է այն մասին, որ սահմանին մենք լուրջ  աշխատանք ենք արել, տեղադրվել են հետախուզական վերահսկողական համակարգեր, փոփոխություն է մտցվել մարտական ծառայություն իրականացնելու կարգի մեջ:

– Ի՞նչ կասեք ռուս-թուրքական հարաբերությունների աննախադեպ սերտացման մասին, Պուտինը  նախօրեին հայտարարեց՝ Ռուսաստանը նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները: Փաստորեն, Ռուսաստանն ուժեղացնում է մի երկրի, որը ՌԴ  ռազմավարական դոկտրիանի համաձայն համարվում է թշնամի պետություն: Փոխվե՞լ են Ռուսաստանի  մոտեցումները:

 -Վտանգներ, իհարկե, կան: Ու մենք հիշում ենք անցած դարի 20-ական թվականները, թե ինչպես Աթաթուրքը ստեղծեց կոմունիստական կուսակցություն, առաջինը  ճանաչեց ԽՍՀՄ-ը ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելով՝ օգտվեց այդ վիճակից: Այսօր ևս Թուրաքիան նույն կերպ է վարվում: Էրդողանը ՌԴ հետ հարաբերությունները լավացնելով լուծում է իր իշխանության խնդիրը:

Ինչ վերաբերում է ՌԴ-ին, իհարկե,  մոտեցումները չեն փոխվել, ինչպես և չի փոխվել ՌԴ ռազմավարական դոկտրինում ամրագրվածը: Քանի դեռ  Թուքիան կմնա ՆԱՏՕ-ի անդամ երկիր,  նա ՌԴ համար թշնամի պետություն է: Սակայն այսպր Ռուսաստանի նպատակն է Թուրքիային պոկել ՆԱՏՕ-ից: Եվ դա անում է զենք տալով, դրանով թուրքական բանակը հեռացնում է ՆԱՏՕ-ի ստանդարտներից, դա նշանակում է, որ չի գործի ՆԱՏՕ-Թուրքիա միասնական հակաօդային պաշտպանությունը:

Այն, որ համատեղ ատոմակայան կառուցելով ու  էներգետիկ համագործակցությամբ ՌԴ-ն հզորացնում է Թուրաքիային, այդտեղ, իհարկե, վտանգ կա այն իմաստով, որ Թուրքիան կարող է օգտվել վիճակից հզորանալ, հետո փոխել իր քաաքականությունը: Իզուր չէ, որ Բաղդասարովը ելույթ ունենալով ՌԴ Պետդումայում ասաց, Թուրքիան մեր թշնամին է, ո՞նց ենք այնտեղ ատոմակայան կառուցում: Բայց ես կարծում եմ, որ ՌԴ-ն ևս միամիտ չէ, ու հաշվարկել է թե՛ դրական, թե՛ բացասական հետևանքները:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն