- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Եվ դարձյալ նետերն ուղղել են մեր բանակի ու եկեղեցու դեմ

 

Հարցազրույց ՊՆ նախարարի խորհրդական, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ

-Պաշտպանության նախարարությունը մի քանի տարի է, որ ակտիվորեն համագործակցում է տարբեր գերատեսչությունների, ինչպես նաև, Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցու հետ, համատեղ իրականացվում են ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված տարբեր ծրագրեր: Օրերս շրջանառության մեջ դրվեց ևս մեկը՝ ՙՙԴպրոցներում  ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության՚՚ նոր նախագիծը: Ինչո՞ւ ի հայտ եկավ նման փաստաթղթի անհրաժեշտությունը, գուցե նոր մարտահրավերներո՞վ է  պայմանավորված:

-Ռազմահայրենասիրական դաստիրակությունը, հայ պատանու մեջ դեռևս դպրոցական տարիներից հայրենասիրական ոգու սերմանումը մի գործընթաց է, որը մշտապես եղել է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում, ու կարելի է ասել, իրականցվել մեր բանակի կազմավորման ողջ ընթացքում:

Հայրենիքի հանդեպ մեծ սիրուց ծնվում է նաև հայրենիքն ամեն գնով պաշտպանելու  գիտակցումը: Իսկ դա մարդու մեջ ներարկվում է նաև դաստիարակությամբ: Հայտնի խոսք կա, ինչպես չես կարող ընտրել մորդ, այդպես էլ հայրենիքը չի տրվում ընտրությամբ, այն  տրվում է ի վերուստ: Կարող ես ապրել այլ երկրներում,  բայց ինչպե՞ս կարող ես մոռանալ քո ազգային պատկանելությունը, քո արժեքները: Իսկ մեր ազգային, հոգևոր արժեքներին առավել ամուր կառչած մնալու, դրանք պաշտպանելու ու եկող սերուդներին ժառանգելու համար մեզ հայրենասիրական դաստիրակություն է հարկավոր:

Արցախյան ազատամարտի սկսվելուն պես ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնց շարքերում ընդգրկված տղաներն իսկակայն հայրենասերներ էին: Հայրենիքի հանդեպ սրբազան պարտքի գիտակցմամբ մեր տղաները գնացին պաշտպանելու Արցախը: Այսօր ևս, առավել քան, այդ գիտակցումը հարկավոր է մեզ, քանի որ մեզ գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, ազգային արժեքները գնահատող  ու պաշտպան սերունդ է հարկավոր:

Դրա համար մեր բանակում  կարևոր տեղ ունի ռազմահայրենասիրական դաստիարակությունը:  Այդ գործընթացը բանակում, այո, նոր չի սկսվել, վաղուց է իրականցվում, բայց անընդհատ կատարելագործվում է: Եվ  արդյունքները տեսանելի են: ՊՆ-ն բազմաթիվ համատեղ ծրագրեր է մշակել ու իրականացրել Կրթության և գիտության, մշակույթի, սփյուռքի նախարարությունների հետ, նաև ոստիկանության հետ: Լուրջ աշխատանքներ ենք կատարում  դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակն էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ: Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից, ուզում ենք հենց դպրոցում պատրաստել  հայրենասեր, գրագետ զինվոր, իսկ բանակում՝ նրանց կատարելագործել:

Այնպես որ, բանակ-դպրոց կապը միշտ եղել է ՊՆ ուշադրության կենտրոնում:
Ինչո՞ւ այսօր ևս առաջացավ նման փաստաթղթի ստեղծման անհրաժեշտություն:  Դա ես համարում եմ ժամանակի ծնունդ: Դուք ձեր հարցում ճիշտ նշեցիք, որ այս նախագիծը պայմանավորված է Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով: Կա  նոր մոտեցման, նոր ընթացակարգերի, նոր  գործիքակազմերի ներդրման անհրաժեշտություն: Մենք պարտավոր ենք ձևավորել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող՝ հայրենիքի պաշտպանությանը ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացի: Ու այդ աշխատանքը պետք է կատարենք պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությամբ:
-Պարոն գեներալ, իսկ որո՞նք են այն ներքին ու արտաքին մարտահրավերները, որոնք նշվում են հիշյալ փաստաթղթում:

– Որպես արտաքին մարտահրավեր՝ նշվում են պատերազմները, շրջափակումը, աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչությունները, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները և այլն։  Իսկ ներքին մարտահրավեր ենք համարում  հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումը, անկարագապահությունը,  դպրոցահասակ երեխաների մոտ փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը: Ներքին մարտահրավեր է արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը, նաև թմրամոլությունը,  սեռական այլասերվածությունը։ Այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է, որ  դպրոցներում, բուհ-ում առավել խորությամբ ու նոր մեթոդներով իրականացվի ռազմահայրենասիրական դաստիարակություն:

Ադրբեջանում դեռ մանկապարտեզից քարոզում են հակահայկականություն՝ Հայաստանն ու հայ ժողովրդին ներկայացնելով թշնամի: Մինչդեռ մեզ մոտ ադրբեջանցուն թշնամի ասելը ռասիզմ է համարվում: Ավելին, կան հասարակական կառույցներ, որոնք առաջարկում են  դպրոցական ծրագրերից հեռացնել մեր գրողների հայրենասիրությամբ տոգորված գործերը՝ դրանք որակելով ՙՙռասիստական քարոզ՚՚: Այս  մթնոլորտը չի՞ նպաստում հայ երիտասարդների զգոնության թուլացմանը, տպավորությունն այնպիսին է, թե մեզանում, կարծես, չկա այն գիտակցումը, որ երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ:  

-Իհարկե, խիստ վտանգավոր եմ համարում որոշ հասարակական կառույցների կողմից իրականացվող  նման քարոզչությունը: Բայց  ես վստահ եմ, որ նրանց քարոզներն իրականում չեն անդրադառնում մեր երիտասադների մտածողության  վրա:  Համոզված եմ, որ ունենք զգոն, հայրենասեր, երկրին նվիրված երիտասարդներ: Ու դա երևաց 2016-ի ապրիլյան քառօրյայի օրերին: Ապրիլյան գործողությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ անկախության սերունդն, իրոք, արժանի է իր քաջազուն հայրերին ու ավագ եղբայրներին:  Իսկ մինչ այդ մեզանում կար  թյուր կարծիքը, թե մեր երիտասարդները զգոն չեն, անտարբեր են հայրենիքի հանդեպ: Անգամ նախկին ազատամարտիկներս  էին  ՙՙթեթև աչքով՚՚  նայում մեր երիտասարդներին, մտածում էինք, ի՞նչ կարող են անել նրանք, թերագնահատում էինք: Այդ մտավախությունը պայմանավորված էր որոշակի բացասական  երևույթներով, այդ թվում անտարբերությամբ: Բայց ապրիլյան դեպքերի ժամանակ համոզվեցինք, որ երբ հայրենիքը վտանգի տակ է, հայ երիտասարդը պատրաստ է հանուն իր երկրի, իր ծնողների ու ընտանիքի կանգնել ոտքի: Նախկին ազատամարտիկներն էլ  համոզվեցինք, որ մեր երիտասարդ սերունդն իր մարտական պատրաստակամությամբ ավելին է,  քան իրենք են եղել, որովհետև մեր երիտասարդներն այսօր հրաշալիորեն տիրապետում են նորագույն տեխնիկային:

Ապրիլյան գործողությունների ժամանակ ապշել էինք մեր ժամկետային զինվորների  գրագետ գործողություններից,  նրանք 10-15 հոգով կարողացան մարտնչել  հարյուրից ավելի թշնամու դեմ, մինչև վերջին փամփուշտը կրակեցին  չհանձնվեցին: Սա առհավատչյան է այն բանի, որ ունենք հայրենասեր երիտասարդություն:

Կարծում եմ, մեզանում միտումնավոր են շրջանառվում խոսակցությունները, թե մեր երիտասարդները  հայրենասեր չեն, դա չար լեզուների՝ գրանատակեր կառույցների կողմից տարածվող կեղծ լուրեր են, ինչն  արվում է  հատուկ նպատակով՝ հուսահատություն սերմանելու, մեր զգոնությունը թուլացնելու համար:

Ադրբեջանը մինչ ապրիլյան գործողությունները  վերլուծություն էր կատարել,  ուր ասվում էր, թե  Հայաստանը աղքատ է, հայ ժողովուրդը սովահար է, սոցիալական սարսափելի ծանր վիճակում է գտնվում, և անկարող է իր հայրենիքը  պաշտպանել, ուրեմն, ժամանակն է օգտվել առիթից և հարձակվել: Բայց մեր պաշտպանությունից, մեր երիտասարդ զինվորների պատրաստվածությունից, գրագետ հայրենասեր գործողություններից ադրբեջանցիներն անակնկալի եկան, հասկացան, որ չարաչար սխալվել էին իրենց հաշվարկներում:

 -Ափսոս, որ  շատ քիչ ենք խոսում մեր բանակի, երկրի  հաջողություններից, հաղթանակներից, փոխարենը, առատորեն քարոզվում է ապազգայինը: Այդ վտանգավոր քարոզներից մեկն էլ Պաշտպանության նախարարության ռազմահայրենասիրական դաստիրակության  նախագծի դեմ սկսված քննադատական արշավն է. ծաղրում են փաստաթուղթը, նույնիսկ համարում  Ստալինյան ժամանակերները  հիշեցնոց մի բան: փորձում են այլասերե՞լ մեր հասարակությունը, հեռացնե՞լ մեր արժեքներից. ի՞նչ կասեք այս մտահոգիչ երևույթի մասին:

-Այո ճիշտ նկատեցիք, նպատակը մեր հասարակությանն այալասերելն է: Այսօր մենք ինչպիսի հայրենանվեր փաստաթուղթ էլ մշակենք, միևնույն է, գտնվելու են  քննադատողներ: Մենք դրանում համոզվել ենք տարիների փորձով. բոլոր հիմնարար փաստաթղթերը, որոնք վերաբերել են մեր արժեհամակարգին,  մշտապես քննադատվել են, անգամ փորձ է արվել ծաղել դրանք:

Հիշեք, թե ինչ մեծ աղմուկ բարձրացրին ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգի ընդունումից հետո: Ցավոք, մեզ մեջ կա այդ վատ երևույթը: Ինքս կողմ եմ առողջ քննադատության, որովհետև այն օգնում է, որ գրվեն արդյունավետ օրենքներ: Բայց այստեղ ակնհայտ է անառողջ քննադատության միտումը:  Բոլոր  հկ-ների մասին, իհարկե, չեմ կարող ասել, սակայն կան ապակառուցողական գործունեություն իրականացնող կառույցներ: Իրենք դրա համար սնվում են դրսից ու իրականացնում իրենց տրված պատվերը: Անշուշտ, դրանք վտանգավոր են իրենց  գործունեությամբ: Կան կառույցներ,  որոնք զոր ու գիշեր զբաղված են զինված ուժերի քննադատությամբ: Նույնիսկ փնտրում են, որ գտնեն հույժ գաղտնի տեղեկատվություն,  որի հրապարակումն անթույլատրելի է ու խիստ վտանգավոր, բայց իրենք փորձում են գտնել ու հասցնել  հակառակորդի ականջին: Դրանով իրենք ուզում են դրսին ցույց տալ, տեսեք, ի՜նչ մեծ գործ ենք անում, ձեր  պատվերը լավ ենք կատարում, ուրեմն ավելի շատ պետք է մեզ վարձատրեք:

Նման իրավիճակում միակ գործիքը մեր ազգային գաղափարախոսության ուժեղացումն է, որի շուրջ համախմբված է մեր  պետական և հոգևոր համակարգը: Դրա համար որքան էլ նման հկ-ները կամ անձինք փորձեն իրենց ապակառուցողական գործունեությունը ծավալել՝ հաջողության չեն հասնելու:

-Ի միջայլոց, այս ծրագիրը ՊՆ-ն պատրաստվում է իրականացնել մեր եկեղեցու հետ համատեղ: Որքանո՞վ եք կարևորում եկեղեցու դերն այս գործում, ծրագրի իրականցման նախաշեմին եկեղեցին թիրախավորելը, քննադատելը  միտումնավոր չի՞ արվում: 

Անշուշտ,  միտումնավոր  քայլեր են, դա համարում եմ  ոտնձգություն մեր հոգևոր արժեքների դեմ: 301թվականից առ այսօր տարբեր աղանդներ, ուժեր փորձում են չարախոսել մեր եկեղեցու հասցեին, բայց անկարող են սասանել մեր հավատը: Նման գրոհների դեմ մեր պայքարը մեկն է՝ ավելի մոտենալ մեր եկեղեցուն ու ամրանալ մեր հավատի մեջ:

Բանակ-եկեղեցի  20-ամյա ամուր կապի  ձեռքբերումները շատ են: Զինուժում հոգևոր ծառայությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Ես վստահաբար կարող եմ ասել, որ շնորհիվ մեր հոգևոր  հայրերի կատարած մեծ աշխատանքի, ինքնասպանությունների թիվը բանակում պակասել է: Նրանց ներկայությունը նպաստում է միջանձնային հարաբերություններում ստեղծված  բարդ իրավիճակների, տարաձայնությունների  հարթեցմանը,  խաղաղեցնում է կողմերին:    Այս ծրագիրը ևս պետք է իրականացվի ՊՆ- եկեղեցի համագործակցությամբ ու նպատակը շատ հստակ է՝ ամուր պահենք մեր ազգային,  հոգևոր արժեքները, սիրենք մեր հայրենիքը, պատրաստ լինենք նրա պաշտպանությանը:  Նրանք, ովքեր դեմ են այս ծրագրին, նրանք մեր երկրի, մեղմ ասած, բարեկամները չեն:  Ծրագիրն իր դրական պտուղները տալում է, ու անգամ պատվիրված չարախոսները  կտեսնեն, որ  սխալվել են, գուցե այդ մասին չբարձարաձայնեն, բայց ներքուստ դրանում հաստատ կհամոզվեն:

Հարցազրույցը վարեց՝ ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ