Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր

Հայտարարություն Գյումրու մտահոգ քաղաքացիներից. չհրահրել ժողովրդական ընդվզումներ ու չփորձել սասանել Եկեղեցու, նրա սպասավորների հեղինակությունը

Մարտ 4, 2018թ. 20:23
Շիրակի թեմի առաջնորդ 1

Հարգելով զոհված հայորդի Գրիգոր Եղոյանի յոթնօրեքը.

Հայտարարություն

Մենք՝ Գյումրու մտահոգ քաղաքացիներս,

Հետևելով Ախուրյան համայնքում տեղի ունեցած իրադարձություններին և դրան հաջորդած քննարկումներին ու հրապարակումներին՝

Վերահաստատում ենք հետևյալը.

– Առաջին անգամ չէ, որ որևէ ապատեղեկատվություն՝ հատկապես «գայթակղիչ» վերնագիր ունեցող, անկախ նրա հեռահար նպատակից, անկախ նրանից կառուցված է հիմնավոր փաստերի, թե չճշգրտված տեղեկատվության վրա՝ խռովության ու անհարկի բողոքի ալիք է բարձրացնում,

– Սոցիալական գետնաքարշության, հասարակական որոշ շերտերի «պարապությունն» ու ինքնահաստատման մոլուցքն օգտագործելով՝ որոշ «շահագրգիռ» անձինք՝ ժողովրդի փաթաթանով իրենց նկրտումները քողարկած համայնքային և մարզային իշխանության պաշտոնյաներ, անփույթ մոտեցում ցուցաբերած ԶԼՄ-ներ, ընդդեմ եկեղեցական և ազգային արժեքների գործող ուժեր, հարցի միակողմանի և անհիմն շահարկումներով դրսևորեցին իրավիճակին ոչ հարիր վարքագիծ՝ կրոնական հողի վրա հրահրելով բացահայտ կամ քողարկված ատելություն:

– Արթնամտությունն ու զգաստությունը կորցրած ուժերը, այսքանով չբավարարվելով, ավելի առաջացան՝ փորձելով սասանել այն Եկեղեցու և նրա սպասավորների հեղինակությունը, որն իր վեղարի ներքո 1700 տարի հովվել է հավատավոր ժողովրդին:

– Վերջին օրերի խմորումների շուրջ բազմաթիվ մտավորականների, ՀԱԵ որոշ հոգևորականների և հավատացյալների կրավորական կեցվածքը լուրջ խորհրդածությունների առիթ է տալիս: Սպասվում էր, որ բնակչության մոլորությանը առաջինը հենց նրանք պիտի արձագանքեին:

Վերոնշյալը ենթադրել է տալիս, որ.

1.կրողն ենք դառնում այն ամենի, ինչ պարտադրվում է արհեստական կերպով հոգևոր-ազգային գիտակցում չունեցող անձանց և տարբեր ապազգային ուժերի կողմից շահախնդիր պատվերներով:

2. ցավալիորեն վստահում ենք կեղծ օգտատերերի միջոցով ՀԱԵ և նրա սպասավորների նկատմամբ հերյուրանքներին,

3. հաշտ և անտարբեր ենք անբասիր վարքով ու ժուժկալ կենցաղավարությամբ բացառիկ հոգևորականի հանդեպ ամենասոսկալի բնութագրումներին, նմանատիպ անբարո այլ դրսևորումներին

Մեր խորին ցավակցություններն ու վշտակցությունը հայտնելով անմահ հայորդու՝ Գրիգոր Եղոյանի ընտանիքին ու հարազատներին՝

– խստորեն դատապարտում ենք զինվորի մահվան հետ կապված ցանկացած թեմայի շահարկումը, անձնական վիրավորանքները, միջանձնային հարաբերությունների արդյունքում ծնված գնահատականների հանրայնացումը:

Հորդորում ենք.

– զերծ մնալ վերոնշյալ արատավոր դրսևորումներից, հանդես բերել քրիստոնեավայել և արժանապատիվ կեցվածք,

– չհրահրել ժողովրդական ընդվզումներ՝ անհարկի թիրախավորելով ժողովրդի կողմից բացառիկ սեր ու հարգանք վայելող, իր տեսակի մեջ եզակի մտավորական-հոգևորականին:

– խուսափել ազգային-հոգևոր բազմադարյա արժեքների իսկությունն ու կենսունակությունը կասկածի տակ դնող կարծիքներից ու վարքագծից՝ վնասելով ազգային արժեհամակարգը:

– կատարվածի շուրջ խղճի մտոք խորհել և գտնել կատարվածի հաղթահարման ուղիներ:

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ հայտարարությանը՝ տարածելով այն սոցիալական ցանցերում կամ այլ հնարավոր տարբերակներով:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն