Ինչքան անհավատ ու աղանդավոր կա իր գործը համարեց հայրենասիրության դասեր տալ Սրբազանին, որն իր ապրած կյանքով ապացուցել է իր նվիրվածությունն ու սերն առ հայրենիք և մեր եկեղեցին

Ժողովրդական ասացվածք կա. <<Հիմարը քարը գցեց փոսը, հազար խելոք չկարողացան հանել>>: Վերջին ժամանակներս հաճախ ենք նման իրավիճակների ականատես լինում: Գուցե նրանից է, որ հիմարները շատացել ու ակտիվացե՞լ են, իսկ խելոքները՝ տկարացե՞լ: Պատճառները շատ են: Բայց տարօրինակ է նաև, որ կան մարդիկ, կառույցներ, նաև լրատվամիջոցներ, որոնք չեն խորշում <<քար քցող>> հիմարի կարգավիճակում լինել, փաստորեն, ոմանց նույնիսկ ձեռնտու է հիմարի դեր ստանձնելը, նրանց համար դա հարմար վիճակ է կեղծիք տարածելու, դատարկախոսելու, աջ ու ձախ վարկաբեկելու համար: Ի դեպ, այս առումով <<պարատ>> տարածք է ֆեյսբուքը, որի թիրախում, շնորհիվ քար քցողների, հաճախ են հայտնվում մեր ազգային արժեքները, մշակույթն ու ինքնությունը, Հայ Առաքելական եկեղեցին, մեր բանակն ու այսպես շարունակ:
Եվ ուրեմն, այս տրամաբանությամբ, եթե «քար քցող հիմարի» դերում լրատվամիջոցն է, կնշնակի այստեղ հստակ նպատակադրում կա:
Երկու օր առաջ մի լրատվամիջոցի և ֆեյսբուքի թիրախում հայտնվեց հայ հոգորականն ու եկեղեցին: Խոսքս Շիրակի մարզի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի դեմ բորբոքված արհեստածին աղմուկի մասին է, որի համար կեղծ պատճառ ծառայեցվեց չմկրտված զինվորին եկեղեցական կարգով հուղարկավորելուն, իբրև թե, Սրբազանի դեմ լինելը:
Աղմուկ բարձրացնողները, որ հանդես եկան որպես զինվորի համար ցավողներ, իրականում զինվորի կորստի մեծ վիշտը մոռացած լծվել էին Սրբազանին ու դրանով իսկ Հայ Առաքելական եկեղեցին անխնա քննադատելու կեղտոտ գործին: Չարակամներն ամեն մի սրբություն ոտնատակ տված սկսեցին ջերմեռանդորեն քրքրել պատմության էջերն ու վատաբանող խոսքեր պեղել մեր հոգևորականների հասցեին: Անհավատներին հարիր մոլագարությամբ նրանք մոռացան ամեն ինչ՝ հայ եկեղեցու, հայ հոգևորականության մեծագույն վճռական դերը մեր ժողովրդի պատմության բախտորոշ շրջափուլերում՝ Ավարայրից մինչև Արցախյան ազատագրական պայքար։ Մոռացան ու հեթանոսների պես քարեր նետեցին…
<<Ով լսելու ականջ ունի՝ թող լսի>>
Ներկայացնենք դեպքերի իրական շղթան, քանզի շատերն աղմկեցին, զազրախոսեցին, սակայն քչերը ունակ եղան լսել և իմանալ ճշմարտությունը:
Հայ զինվորի՝ Գրիգոր Եղոյանի մահվան բոթը լսելուն պես Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հանձնարարում է տեր Կորյուն քահանային առաջարկել ծնողներին՝ զինվորի դին պարտադիր դնել գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցում ու մատուցել եկեղեցական արարողություն: Որոշ ժամանակ անց քահանան տեղեկացնում է, որ զոհված զինվորը մկրտված չի եղել, Սրբազանն առաջարկում է՝ «Կարելի է բավարարվել քաղաքացիական ծեսով». ու հանձնարարում հոգևորականներին լինել զինվորի ծնողների կողքին և մխիթարել նրանց: Նույն ընթացքում Սրբազանի բացատրությունը լսելու խնդրանքով՝ նրա հետ հանդիպում է Ախուրյան համայնքի բնակիչներից մեկը. «Ամեն ինչ բացատրեցի, նաև ասացի՝ թող լինի այնպես, ինչպես ուզում է մեր ժողովուրդը և հանձնարարեցի քահանային՝ չխոչընդոտել ու դին տեղափոխել եկեղեցի: Գյուղապետը բավարարված՝ խոնարհ, հանգիստ հեռացավ»,-պատմում է Շիրակի թեմի առաջնորդը:
Սակայն կարճ ժամանակ անց այդ <<խոնարհ>>-ը դառնում է Գյումրիի <<Գալլա>> հեռուստատեսության պրովակացիոն տեսանյութի հերոսը, այս անգամ արդեն հանդես գալով որպես Սրբազանից դժգոհող ու իր իրավունքները պահանջող բողոքավոր:
Ինչ վերաբերում է «Գալլա» հեռուստատեսությանը. լրատվամիջոցի պատրաստած նյութը` վերնագրից սկսած մինչև վերջ, ոչ պրոֆեսիոնալ աշխատանք է: Հապշտապ պատրաստված տեսանյութի հեղինակն այն կառուցել է հիմնվելով մեկ կողմի կարծիքների վրա՝ չբարեհաճելով անգամ լսել հակառակ կողմի՝ Սրբազան հոր կարծիքը, այս կերպ խախտելով լրագրողական էթիկան: Իսկ տեսանյութի վերնագրով՝ «Շիրակի թեմի առաջնորդը չի թույլատրել զոհված զինվորի դին տեղափոխել եկեղեցի. բնակիչները բեկանեցին այդ որոշումը» հեինակն ուղղակի պրովոկացիա հրահրեց:
Իրականության հետ ոչ մի աղերս չունեցող այդ տեսանյութը տարածվեց համացանցով մեկ, որտեղ դրան սպասում էր ֆեյսբուքի պարապ հանրույթը՝ երեսուն արծաթով հերհյուրանքներ տարածողները:
Զազրախոսության, կեղծիքի մի հսկայական ալիք բարձրացավ. երկու օր շարունակ հեթանոս ու աղանդավոր զբաղված էին մեր եկեղեցու, հոգևոր հայրերի դեմ ուղղված կեղտոտ զրպարտությամբ: Ամեն մեկը փորձեց իր ձեռքները տաքացնել այս <<կրակի>> վրա: Մեջտեղ եկած միջակություններն իրար հերթ չտալով՝ հոխորտում էին: Աթեիստներն ու անհավատները, բողոքականներն ու աղանդավորները, մարդիկ, որ երբեք ոտք չէին դրել Հայ Առաքելական եկեղեցի հանկարծ դարձան զինվորի աճյունը եկեղեցում դնելու ջատագովներ. ինչպիսի~ փարիսեցիություն: Ամեն մեկն իր առաքելությունը համարեց հայրենասիության դասեր տալ Սրբազան հորը, որն իր ապրած կյանքով ապացուցել է իր նվիրվածությունն ու սերն առ հայրենիք և մեր եկեղեցին:
Նույն պահին հայ հոգևորականների ֆեյսբուքյան գրառումներում միայն աղոթք էր հնչում՝ <<Աստված առավել սեր և միաբանություն պարգևի Հայոց ազգիս>>։
Իր թիկունքում նյութվող դավին Սրբազանն անտեղյակ էր. այդ ամենին տեղեկանում է միայն այն պահին, երբ բողոքականների թափորը, զոհված զինվորի դին ձեռքներին, մոտենում է եկեղեցուն:
«Իմ կողմից որևէ արգելք չի եղել զինվորի դին եկեղեցում դնելու հարմար, իսկ քաղաքացիական ծեսով հուղարկավորելն ընդամենը եղել է առաջարկ>>, – ավելի ուշ սրտի մեծ ցավով պարզաբանեց Սրբազանը, նկատելով. «Ցանկացած զոհված զինվոր ինձ համար սրբություն է, անկախ իր դավանաբանական պատկանելությունից. քրիստոնյա է, այլադավան է, առաքելական է, ավետարանչական է, աթեիստ է, հավատացյալ է: Հայրենիքի համար զոհված ցանկացած զինվոր սրբություն է, որովհետև հայրենիքը նույնքան սրբություն է ինձ համար» :
Պարզվում է, Շիրակի մարզում ու առավել ևս Ախուրյան համայնքում չի եղել հանգուցյալին եկեղեցում դնելու ավանդույթ և այն վերահաստատվել է Շիրակի թեմի առաջնորդի մեծ ջանքերով: Ավետիսյանների ընտանիքի ողբերգական դեպքից հետո, երբ ոմանք պնդել են նրանց դիերը թատրոնի շենքում դնելու մասին, Սրբազանն էր, որ պնդեց եկեղեցում դնելու և հավուր պատշաճի եկեղեցական ծես իրակացնելու մասին՝ չնայած փոքրիկ Հասմիկը մկրտված չէր: Եվ վերջապես. ՙԱպրիլյան պատերազմի բոլոր զոհերին ես եմ պնդել, որ բոլորը դրվեն եկեղեցում ու եկեղեցական կարգով թաղվեն: Չենք նայել, ո՞վ է մկրտված, ո՞վ ոչ, պատրազմի թոհուբոհի մեջ բարոյական չէր մկրտվածն ու չմկրտվածը զանազանելը»,- ասում է Սրբազանը:
Սակայն Ախուրյանի ժողովուրդը, որի կողքին ամենաբարդ պահերին եղել Սրբազան հայրը, անկարող եղավ գնահատել նրա 19 տարվա նվիրյալ աշխատանքը, չխնայեց նրան ու խայծը կուլ տվեց: Սա թերևս ամենամեծ ցավն է Սրբազանի համար: «Վիրավորական է, այս մարդիկ ինձ 19 տարի ճանաչում են, կարելի էր չէ՞ հարգել այդ այդ տարիների աշխատանքը: Եթե նույնիսկ մեղք էի գործել, կարելի էր, չէ՞, այս մի մեղքը ներել, այս մի զարկը բաշխել, ինչու չբաշխվեց, արժանի չէի՞: Ճշմարտությունը մնում է այդպիսին, որքան էլ այն աղավազես, սուտը՝ սուտ, որքան էլ քողարկես»:
Սրբազանի մեկնաբանություններից հետո, իհարկե, շատերը սթափվեցին, ու չնայած անուղղելի աթեիստներն ու հեթանոսները դեռ շարունակում են իրենց վայնսունը, բայց նրանց կողքին ֆեյսբուքը լցվեց Սրբազանից ներողություն հայցող բազմաթիվ գրառումներով. «Աստված զորավիգ և աջակից լինի բոլորի կողմից սիրված Սրբազան Հորը: Աստված օգնական Սրբազան Հայր»: «Ձեր սրբությունը մի՛ տվեք շներին և ձեր մարգարիտները մի՛ գցեք խոզերի առաջ, որպեսզի չկոխոտեն և ետ դառնալով, չպատառոտեն ձեզ»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
