Գլխավոր » TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոպային` իր իսկ ստանձնած հանձնառության մասին հիշեցումն անհրաժեշտություն էր

Փետրվար 21, 2018թ. 21:55
Մհեր Շահգելդյան

Հարցազրույց քաղաքագետ, ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ

-Ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում՝ Սերժ Սարգսյանը  եվրոպացիներին հիշեցրեց Հելսինկյան գործընթացը՝  որպես ժողովուրդների համերաշխության, արժանապատիվ և իրավահավասար համակեցության խոստում: Ապա, այս ֆոնին նրանց տեղեկացրեց Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին Ալիևի հայտնի զառանցանքը և զգուշացրեց՝ ՙԵվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանք՚: Արևմուտքում ընկալո՞ւմ են մեր երկրից ուղղվող այս կարևոր մեսիջները:

 – ՀՀ-ն այսօր իր բոլոր ռեսուրսներն իմի բերելով՝ փորձում է դիմագրավել տարածաշրջանային մարտահրավերներին, քանի որ մեզ համար շատ կարևոր է տարածաշրջանի առավել կանխատեսելի ու կառավարելի լինելը: Միջազգային կազմակերպությունները պետք է լավ պատկերացնեք Հայաստանի վիճակը և ավելի արագ անձագանքեն մեզանում կատարվող գործընթացներին: Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ ՀՀ նախագահը միջազգային տարբեր հարթակներից , այդ թվում Մյունխենից, ներկայացրեց  Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերները, մտահոգություններն ու մեր տեսլականը: Եվ իհարկե, կարևոր է եվրոպացիներին հիշեցնել իրենց ստանձնած հանձնառությունները, պատմությունը, գուցե նաև բրիտանացիների հայտնի խոսքը, թե՝ բրիտանական նավերը չեն կարող  բարձրանալ կոնվկասյան լեռները, ինչը ձեռքերը լվանալու քաղաքականություն էր:

Միանշանակ է, որ Ադրբեջանն այսօր, մեղմ ասած, ուշադրություն չի դարձնում եվրոպական երկրների կողմից  հնչող նախազգուշացումների վրա  ու շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը: Ալիևի հայտարարությունը Երևանը, Զանգեզուրը գրավելու մասին, իհարկե, ուղղված էր ներքին լսարանին,  բայց այն միայն անհեթեթություն պետք չէ որակել, այլ հարկավոր է լուրջ վերաբերվել ու պատրաստ լինել նաև ռազմական և դիվանագիտական տեսանկյունից: Այդ խոսքերը տեղավորվում են մինչ այդ Ալիևի հնչեցրած ռազմաքաղաքական հռետորաբանության  շրջանակներում, նաև ապրիլյան ագրեսիայի, Ադրբեջանի ռազմական սպառազինությունների, ԱՄՆ գլխավոր հետախուզության կողմից ներկայացված զեկույցի տրամաբանության շրջանակներում,  որտեղ կանխատեսվում է պատերազմի հավանականության մասին:

Ադրբեջանի հայտարարությունները գնալով ավելի ագրեսիվ են դառնում, և միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանն իր կուտակած նավթային դոլարաները փորձում է տրանսֆորամացնել ռազմական ներուժի, նրա ագրեսիվությունն արդեն չափազանց շատ է, այդ թվում նաև պաշտոնական հայտարարություններում: Եվրոպայի քաղաքական  գործիչներն այդ ամենի լրջությունը պետք է գիտակցեն: Հաշվի չառնեն անթույլատրելի է և շատ վտանգավոր:

Պետք է նաև նկատի ունենանք, որ Եվրոպայի ներսում այսօր ամեն ինչ հարթ չէ, հնչում են կոչեր, մասնավորապես, Յոշկա Ֆիշերի կողմից, որ Եվրոպան ավելի հասուն պետք է լինի, մասնավորաբար,  Գերմանիան ու Ֆրանսիան որպես Եվրամիության  ձևավորման հիմքում կանգնած երկրներ, պետք է ավելի հասուն քաղաքականություն վարեն: Եվ այս իրավիճակում ՀՀ նախագահի հիշեցումը եվրոպացիրներին, իրենց իսկ ստանձնած պատասխանատվությունների մասին՝ միանշանակորեն անհրաժեշտություն էր:

Թե որքանո՞վ է եվրոպական քաղաքական էլիտան սուր ընկալում այն ՙՙնյարդը՚՚, այն մտահոգությունները, որ մենք ենք նրանց փոխանցում՝ դժվարանում եմ ասել, որովհետև այնտեղ շատ են ներքին խնդիրները՝ Մերձավոր Արևելք, Թուրքիայի հետ հարաբերությունների սրում, միգրացիոն  հարցերը: Բայց մենք պետք է շարունակաբար այդ տեղեկատվությունը փոխանցենք նրանց: Միաժամանակ ԵՄ երկրները առավել չափով գործում են փափուկ քաղաքական տեխնոլոգիաների և ոչ  աշխարհառազմավարական տեսանկյունից:

-Վերջին շրջանում միջազգային տարբեր ամբիոններից հնչող իր ելույթներումնախագահն առիթը բաց չի թողնում ներկայացնելու արցախյան խնդրի նաև իրավական,  պատմական հիմքերը: Արդյոք սա հատուկ չի՞ արվում, նկատի ունենալով այն, որ Եվրոպայում եկել է քաղաքագետների նոր սերունդ, որոնց հարկ է իրականությունը սպիտակ էջից ներկայացնել, դրանով նաև սրբագրել ադրեբանական կեղծիքը :

-Շատ կարևոր է ԼՂ պատմության, ու պատմական հիշողության ներկայացումը բոլոր հարթակներում: Միջազգային հանրությունը մեր խնդիրներով չի ապրում: Իսկ արցախյան խնդրի պատմության հիշեցումը մեր գործն է, մեր անելիքն է: Այո, պետք է հիշեցնել ողջ իրականությունը, թե ինչպես ղարաբաղցիները քաղաքակիրթ ձևով անցկացրին հանրաքվե, դիմեցին ԽՍՀՄ Գերագույն խորհրդին, որպեսզի ԼՂ ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից տեղափոխվի Հայաստանի կազմ: Մինչդեռ Ադրբեջանը փորձեց զենքով խեղդել նրանց պահանջն ու ցանկությունը:

Միաժամանակ կարծում եմ, պատմական իրողության ներկայացումը պետք է փոխկապակցված լինի նաև այսօրվա ու վաղվա մեր քաղաքականության պլանավորման հետ: Ի վերջո, քաղաքական իրականությունը փոփոխության է ենթարկվում,փոխվում է միջազգային իրավունքը ու այդ տեսանկյունից ևս պատմական անցքերը պետք է ներկայացվեն, փոխկապակցվեն ներկայիս իրավիճակի և հնարավորությունների հետ և մենք պետք է նախաձեռնող լինենք: Մինսկի խմբի ուժը ո՞րն է, նաև այն, որ վերջինս զբաղվելով հիմնախնդրի լուծմամբ իր մոտ կուտակել է պատմական դեպքերի մասին ողջ տեղեկատվությունը, նաև իրավական, քաղաքական  տեղեկատվությունը, հենց ՄԽ-ն է տիրապետում այդ գիտելիքների պաշարին: Դրա համար ենք մենք շեշտում, որ այս խմբի շրջանակներում պետք է  ընթանա բանակցային գործընթացը:

-Արևմուտք-Թուրքիա ներկայիս  ոչ լավ հարաբերությունների  ֆոնին կարևոր էր նաև հետևյալ տեղեկատվության փոխանցումը. ՙՙՄեր խնդիրը միայն Ադրբեջանը չէ` մեր խնդիրը Թուրքիայի աներկբա սատարումն է Ադրբեջանին՚՚: Սերժ Սարգսյանը նաև խոսեց թղթի վրա մնացած հայ-թուրքական արձանագրությունների ու նորի մասին, ասելով. ՙՙՆոր պայմաններում պետք է բանակցվի նոր փաստաթուղթ՚՚: Ինչպե՞ս հասկանալ այս ակնարկը:

-Ադրբեջանի քաղաքականությունը մեծապես կրում է Թուրքիայի ազդեցությունը, ավելին, Թուրքիան, Ադրբեջանին դիտարկում է այս տարածաշրջանում իր  ծրագրերի իրականացման գործիք: Սրա գիտակցումը շատ կարևոր է աշխարհի համար: Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարել Թուրքիայում,  դրանով Ադրեբեջանն ազդում է թուրքական քաղաքականության վրա, բայց այդ նույն ներդրումներով ինքը ընկել է մեծ կախվածության մեջ Թուրքիայից, որովհետև փող է դրել ու շահույթներ ստանալու համար նաև պետք է իրականացնի այն քաղաքականությունը ինչն իրենից պահանջում է Թուրքիան:

Այսօր Էրդողանի քաղաքականությունն ունի երկու ուղղվածություն. մեկը նեոօսմանիզմն է, մյուսը, ինչը վերջին շրջանի նորույթն է քեմալականությունը: Իր վերջին ելույթներուն Էրդողանն, ըստ էության,  վարում է մի քաղաքականություն, որն հիմնված է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից որդեգրված և 1920 թ. Թուրքիայի Ազգայի ժողովի կողմից ընդունված Միսակ-ի Միլլի՝ ՙՙԱզգային ուխտի՚՚ դրույթների վրա: Սա Օսմանյան կայսրության կորցրած մի շարք տարածքների վերադարձման  քաղաքականությունն է, որը ընկած է Թուրքիայի ներկայիս ագրեսիվ արտաքին քաղաքականության հիմքում: Իսկ դրանք այն տարածքներ են, որոնք Լոզանի պայմանագրով այսօր պատկանում են այլ երկրների. խոսքը Բաթումիի,  Արևմտյան Թրակիայի, հունական բազմաթիվ կղզիների, Սիրիայի որոշ տարածքների մասին է: Ի դեպ,  Աֆրինի դեմ ուղղված գործողությունները ևս  այս ծրագրի մաս են կազմում, ու թող չթվա, թե այն միայն քրդերի դեմ ուղղված պայքար է:

Թուրքական այս քաղաքականության իրականացման ՙՙգործիքներից՚՚ մեկն էլ  ադրբեջան-թուրքական, ոչ միայն եղբայրական, այլև աշխարհաքաղաքական դաշիքն է: Սա պետք է հասկանանք և՛ մենք, և՛ Վրաստանը, Հունաստանը, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը: Քանի որ թուրքական այս քաղաքականությունը մեծ վտանգ է մեր տարածաշրջանի համար: Ռուսաստանը կարծում եմ սա լավ է հասկանում , և Մերձավոր Արևելքում օգտագործում է թուրքական մոտեցումները:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ներսում չլինելով չեմ կարող ասել, թե ի՞նչ նկատի ուներ նախագահը նոր փաստաթղթի մասին  խոսելով, բայց կարող եմ հետևյալ դիտարկումն անել: Եթե կարողանանք դրանք նորովի օգտագործել մեր ազգային շահերի համար, ապա ինչո՞ւ ոչ: Էրդողանի քաղաքականությունը ծայրահեղությունից ծայրահեղություն է, մեկ հայտարարեց զրո խնդիրներ հարևենների հետ,  բայց հետո այն իրականում վերածվեց մեծ խնդիրների բոլոր հարևանների հետ, ստորագրվեցին հայ- թուրքական արձանագրությունները, բայց հետո Թուրքիան առաջ քաշեց նախապայամաններ: Թուրքիան իր խաղն է խաղում, որ 100 տարի  խաղացել է:

Բայց թուրքական  ծայրահեղականությունը, քայլերի կտրուկ փոփոխությունը նաև մեզ հուշում է այն մասին, որ այդ երկիրը  կարող  է հանկարծ փոխվել և, օրինակ, որոշել ՙՙձեռք մեկնել՚՚, նոր փաստաթուղթ ստորագրելու առաջարկ անել Հայաստանին: Մենք սրան պետք է լինեք պատրաստ և իմանանք, թե նման իրավիճակում ինչպե՞ս ենք այդ երկրի հետ աշխատելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Թուրքիա, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն