- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Ի՞նչ նկատի ուներ Լավրովը ասելով՝ ԼՂ խնդիրը մեկ փաստաթղթով հնարավոր չէ լուծել

Հարցազրույց ԱԺ ՀՀԿ պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ
Տարեկան ամփոփիչ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է ԼՂ հիմնախնդրին, ասելով.ՙՄեկ փաստաթղթով մեկընդմիշտ հնարավոր չէ այն լուծել: Անհրաժեշտ է փուլային մոտեցում՚: ժամանակին հայկական երկու կողմերը մերժեցին ԼՂ խնդրի փուլային լուծումը. այսօր ի՞նչ տարբերակի մասին է ակնարկում ռազմավարական գործընկեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը:
-Փորձեմ բացել փակագծերը, իհարկե, դրա հետ մեկտեղ աչքի առաջ պետք է ունենանք, որ Լավրովի խոսքում ևս մնացի որոշ փակագծեր, և լավ կլինի, որ ՌԴ ԱԳ նախարարը փոքր-ինչ հստակեցներ իր խոսքը:
Այնուհանդերձ, ի՞նչ ասել է հնարավոր չէ մեկ փաստաթղթով լուծել խնդիրը: Նախ տարբերակենք երկու բան. խնդրի կարգավորում փուլերո՞վ ,թե՞ փաստաթղթերի ստեղծում փուլերով: Լավրովի խոսքը բառացիորեն հուշում է այն մասին, որ ասվածը վերաբերում է փաստաթղթերին: Հիմա, եկեք անդրադառնանք բանակցային գործընթացի այն փուլերին, որոնք մեզ ծանոթ են, այսինքն՝ ժամանակին հանրայնացվել են:
Այսպես, համանախագահների առաջին խնդիրն է, որ կողմերը համաձայնության գան սկզբունքների շուրջ և ստորագրեն այդ փաստաթուղթ: Ապա անցնեն շրջանակային համաձայնագրի պատրաստմանը: Արդյոք, Լավրովը հենց սրա մասին չէ՞ր խոսում: Նրա խոսքը բառացիորեն վերլուծելով հանգում ենք նրան, որ ՌԴ ԱԳ նախարարը խոսեց հենց այդ երկու փաստաթղթերի մասին:
Հայտնի են Հելսինկյան ակտից բխող հիմնական երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացառում, սրան ավելացրած այն տարրերը, որոնք ընկած են Մադրիդյան սկզբունքերի հիմքում, որի մասին բազմիցս խոսել ենք: Այս սկզբունքների շուրջ համաձայնության գալու մասին համանախագահող երկրների նախագահների մակարդակով հնչել են տարբեր հայտարարություններ և Լակվիլայում, և Մոսկոկայում ու այլուր, դրանց զգալի մասը հանրայնացված է: Հիշենք Կազանը. համանախագահող երկրների ակնկալիքները մեծ էին, նաև մեր ակնկալիքն էր մեծ, քանի որ պայմանավորվածությունները տանում էին նրան, որ Կազանում վերջապես փաստաթուղթ է ստորագրվելու, և այն լինելու էր սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթ: Բայց համանախագահների մոտեցումը հետևյալն է. հնարավոր չէ ընդունել շրջանակային համաձայնագիրը, քանի դեռ չգիտենք, թե ի՞նչ սկզբունքների հիման վրա է այն պատրաստվելու: Հայաստան էլ տարբեր առիթներով այս հարցում արտահատել է իր համաձայնությունը: Այսինքն, սկզբից պետք է լինի սկզբունքներն արտացոլող փաստաթուղթը, որի տակ դրված կլինի հակամարտության կողմերի ստորագությունը, և սրանից հետո միայն կարելի է անցում կատարել շրջանակային համաձայնագրի պատրաստմանը:
Լավրովի ասածը, թե մեկ փաստաթղթով հարցը չի կարգավորվելու, ըստ իս, վերաբերվում է հենց սրան, նախ, ձեռքի տակ ունենալ սկզբունքներին վերաբերող փաստաթուղթը, ապա դրա հիման վրա բանակցել շրջանակային համաձայնագրի պատրաստման ու կիրառման շուրջ:
-Իսկ Լավրովի խոսքում ԼՂ կարգավիճակի հարցի որոշումն անորոշ ապագային թողնելու ակնարկ կա՞ր:
-Ոչ, ԼՂ կարգավիճակի հարցն, անշուշտ, սկզբունքներն ամրագրող փաստաթղթի մաս է կազմում: Իրականում Լավրովը, գուցեև մի փոքր փոխված բառակազմով, սակայն կրկնեց է այն մոտեցումը, որ վերջին տարիներին ասում են համանախագահները, այսինքն, Լավրովը նոր բան չասաց: Հայկական երու կողմերն էլ բազմիցս ասել են, որ խոսել շրջանակային համաձայնագրի մասին՝ չունենալով համաձայնեցված, ստորագրված սկզբունքների փաստաթուղթը, անտրամաբանական է: Պատկերացրեք, սկսում ենք բանակցել շրջանակային փաստաթղթի շուրջ՝ սեղանին չունենալով ոչ մի ուղենիշ՝ չունենալով ամրագրված սկզբունքերը, դա անհնարին է: Այդպես կարելի է 50 տարի բանակցել ու ընդամենը 4 տող առաջ գնալ: Այն պահին, երբ կողմերը կունենան սկզբունքները, շրջանակային համաձայնագրի կազմումը քաղաքականից կվերածվի տեխնիկական հարցի: Իսկ շրջանակային համաձայնագիրը մեծ փաստաթուղթ է լինելու, որտեղ բոլոր հարցերը, կարգավորման բոլոր դետալները մանրամասնորեն նշվելու են՝ սկսած ժամանակացույցից մինչև իրականացնող ծախսերը, որպեսզի որևէ կողմ հնարավորություն չունենա շեղվել փաստաթղթի կատարումից:
Դարձյալ մեջբերեմ Լավրովի խոսքը. ՙՀիմա կարևոր է հավելյալ քայլեր ձեռնարկել, որպեսզի շփման գծում ավելի հանգիստ լինի: Դա կօգնի անցում կատարել քաղաքական կարգավորման՚: Շփման գծում հանդարտ լինել նշանակում է, նախ Վիենայի, Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում, իսկ ադրբեջանական զլմ-ը փոխանցում են սեփական իշխանության հրճվանքը, թե իրենց հաջողվել է տապալել Հայաստանի՝ շփման գծում վերահսկող մեխանիզմների ներդման նախաձեռոնությունը: Մինդեռ Լավրովի հայտարարությունը հակառակի մասին փաստեց: Եվ ուրեմն, ի՞նչ քայլեր կարող ենք ակնկալել համանախագահներից:
-Այստեղ խոսքը, իրոք, Վիենայի, Սանկտ Պետերբուրգի ու Ժնևի համաձայնագրերի կտարման մասին է: Այսինքն, Լավրովը խոսում է առողջ տրամաբանության հաղթանակի մասին: Քանի որ հնարավոր չէ բանակցել, արդյունք ունենալ, երբ սահմանին անվերջ կրակում են: Սա այն է, ինչի մասին բազմիցս ասել է Հայաստանը: Լավրովի ուղերձում հստակ արձանագրվում է այն, որ հնարավոր չէ օրակարգից հանել Վիեննան, Սանկտ Պետերբուրգն ու Ժնևը, պարզ ասում է՝ առաջընթաց կարելի է ակնկալել, եթե շփման գծում վիճակը կայունա է:
Եվ հետո, Ադրբեջանին ամենևին չի հաջողվել այս հարցում ինչ-որ բան տապալել կամ ձախողել, ու իզուր է նրանց հրճվանքը: Վերջապես, շփման գծում մեխանիզմների տեղադրումը, հրադադարի հաստատումը միայն հայկական կողմի ցանկությունն ու երազանքը չեն, դա պարզ տրամաբանություն է: Ոչ քաղաքակիրթ բանակցություններով հնարավոր չէ ունենալ քաղաքակիրթ արդյունքներ, ինչպեսև չենք կարող ունենալ քաղաքակիրթ բանակցություններ, երբ մարդիկ սահմանին իրար սպանում են: Սահմանին պետք է լինի անդորր, որպեսզի հնարավոր լինի բանակցային գործընթացում ակնկալել առաջընթաց:
-Բայց այսօր հնարավոր է՞ ակնկալել այդ անդորրը՝ հաշվի առնելով ալիևյան իշխանության հստակ, ծրագրված հակահայական քաղաքականությունը:
-Մենք պետք է հասկանանք, թե ալիևյան իշխանությունն ի՞նչ է ուզում, իսկ նա ուզում է իր սեփական հանրությանն անընդհատ ցույց տալ, որ կա թշնամի, ուզում է շեղել իր ժողովրդի ուշադրությունը՝ արտաքին թշնամու ոռճացված կերպար ստեղծելով, ուզում է ասել, որ Ադրբեջանի պես հարուստ երկրի ողջ եկամուտը ծախսվում է տարածքային ամբողջականության վերականագման վրա և դրանով լռեցնել ժողովրդի նեքին պոռթկումը: Այսինքն, Ադրբեջանի իշխանությանը ձեռնտու է այսօրվա ստատուս քվոն, որից էլ նրանք ատամներով կառչած են, հակառակ դեպքում, իշխանության պահպանման խնդիր կառաջանա: Եվ որպեսզի այդ կառչվածությունն ինչ-որ ձևով լինի ընկալելի՝ սահմաններում չպետք է հանգիստ չլինի: Սա այն քաղաքականությունն է, որը տարիներ ի վեր իրականացնում է Ալիև կրտսերը: Սա նաև վաղուց պարզ է համանախագահներին:
Հայաստանը պետք է հնարավոր տարբակներով ներազդի Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացի վրա, և այս առումով, վերջերս հայ վերլուծաբաններն անդրադաձան 907 բանաձևի վեկենդանացման գաղափարին, շեշտելով, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի օգնությունը ագրեսոր Ադրբեջանին: Չնայած ԱՄՆ-ը ծանր զինատեսակներ, հարձակողական զենք չի մատակարարում Բաքվին, սակայն հիշենք, որ քառօրյա պատերազմի օրերին Թալիշ գյուղի խաղաղ բնակչներին խոշտանգողները ԱՄՆ-ում վերապատրաստված ադրբեջանցի սպաներն էին:
-Ես չեմ ուզում կենտրոնանալ միայն 907 բանաձևի վրա, բայց կասեմ հետևյալը: Ադրբեջանին զենք վաճառելու գործընթացի վրա ներազդելու աշխատանքների տրամաբանությունը պետք է լինի հետևյալը. առաջին, միջազգային հանրությանը, առաջին հերթին համանախահագներին ներկայացնել իրական պատկերը, ինչի արդյունքում բանակցություններում հնարավոր չի լինում առաջընթաց արձանագրել: Երկրորդ, երբեք թույլ չտալ,որ Ադրբեջանի մոտ առաջանա գայթակղություն կամ պատրանաք, թե ինքը կարող է ուժով լուծել հարցը: Սա արդեն մեր բանակի խնդիրն է, ոչ թե արտաքին աշխարհի, քանի որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է, ոչ թե որևէ բանաձև, այդ թվում 907-ը: Հայկական կողմերն այս երկու ուղղություններով անկախությունից ի վեր հնարավորությունների սահմաններում աշխատանք են կատարում: Թերևս հարկավոր է այդ աշխատանքներն առավել ակտիվացնել:
Եվս մի կարևոր հանգամանք. սա այն աշխատանքը չէ, որն ունի վերջ, սա շարունակական աշխատանք է, քանի դեռ Ադրբեջանի ընկալուները կշարունակեն մնալ նույնը: Մենք շատ ենք օգտագործում տեղեկատվական, հոգեբանական պատերազմ եզրույթները: Բայց իրականում կա նաև նյարդերի պատերազմ եզրույթը, երբ հակառակորդն աշխատում է նյարդերի կազմալուծման վրա:

Սա պետք է գիտակցենք ու մեր նյարդերը չպետք է տեղի տան: Պետք է հասկանանք, որ շատ հարցեր ժամանակի ընթացքում փոփոխվելու են, ինչպես նաև ժամանակը կփոխի դիմացինի ընկալումները: Բայց դրան հասնելու համար ամենօրյա աշխատանք է  հարկավոր: Հասկանալով, թե ի՞նչ է կատարվում, ո՞րն է մեր հակառակորդի նպատակը, իրավունք չունենք թևաթափ լինելու և մտածելու, թե վերջ, խնդրի կարգավորման հնարավորություն այլևս չկա: Չէ, այդպես չէ, պարզապես մենք պետք է երկու ուղղությամբ ակտիվ աշխատենք, մեր օրակարգի թիվ մեկ կետերը պետք է լինեն արտաքին քաղաքականությունը, այստեղ պետք է կոնկրետ աշխատել միջազգային, այդ թվում հանրային ընկալումների վրա, մյուսը, մեր բանակի հզորացումը, որպես Հայաստանի ու Արցախի Հանապետությունների անվտանգության երաշխավորի: Եվ դա այն է, ինչն արվում է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ