Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հակառուսականությունը չի բխում «և…և»-ի տրամաբանությունից

Նոյեմբեր 29, 2017թ. 15:00
Աշոտ Ենգոյան

Հարցազրույց քաղաքագետ ԱՇՈՏ ԵՆԳՈՅԱՆԻ հետ
Քաղաքակրթությունների ներդաշնակեցում ու մերձեցում, ոչ թե հակազդեցություն և հակադրում. Հայաստանը մշտապես եղել է այս քաղաքականության կրողը: Եվ ԵՄ հետ համաձայնագրի ստորագրմամբ՝ ԵԱՏՄ անդամ Հայաստանը վերահաստատեց իր այդ դիրոքորոշումը: Եվ հիմա հարց է առաջանում. մեր երկրի անկեղծ քաղաքականությունը նույնքան անկեղծորեն ընդունվե՞ց Արևմուտքի ու Ռուսաստանի կողմից:
-Իհարկե, ԵՄ-ն ու Ռուսաստանը երկուստեք հարգանքով են վերաբերվում մեր քաղաքականությանը: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, երկու հարևանների կողմից շրջափակված լինելը, նրանք ըմբնումով մոտեցան ու անկեղծորեն ողջունեցին Հայաստանի քայլը: Ես վստահ եմ, որ Ռուսաստանն իր անկեղծ համաձայնությունը տվեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:

Իսկ ՙՙև…և՚՚-ի քաղաքականությունը շրջանառության մեջ դրվեց հենց հայկական դիվանագիտության կողմից, այն պետք է համարել մեր դիվանագիտության կարևոր հաղթանակը: Այս քաղաքականությունն,ի դեպ, գալիս է դեռ 6-րդ դարից, հատկապես, 506 թ. սկսած՝ Դվինի հայտնի որոշումներից: Եվ դա նշանակում է, որ դարեր առաջ ևս հայ ժողովուրդը կարողացել է քաղաքական ճիշտ կեցվածքով բոլոր կողմերին գոհացնել: Սա ինձ թույլ է տալիս կատարել այսպիսի եզրահանգում. հայ ժողովրդի կոչումն առաջին հերթին դիվանագիտությունն ու ստեղծագործությունն են:
Դառնալով ինտեգրացիոն երկու ուղղություններին, ասեմ, որ մենք, նախ, շատ կապերով ենք կապված Ռուսաստանի հետ. գտնվում ենք ԵԱՏՄ դաշտում, անդամակցում ենք ՀԱՊԿ-ին, ու լավ գիտենք, թե ի՞նչ ուժեր են պաշտպանում մեր արևմտյան սահմանը, Հայաստանում է 102 ռազմաբազան: Հետայսու ևս մեր քայլերը պետք է միտված լինեն հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Միանշանակորեն ողջունելի են Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Դեպի առաջ նայող բոլոր նորմալ պետությունները, անկախ նրանից, թե ո՞ր դաշինքի կամ միավորման մեջ են, պարտավոր են դեմքով շրջվել դեպի աշխարհը, այսինքն, ընթանալ համագործակցությունների ուղով: Հայաստանի նման կեցվածքը՝ համագործակցության ձգտող պետության նորմալ կեցվածք է:

Ի դեպ, ինչպես նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանը երբեք չի մերժել ԵՄ հետ համագործակցությունը, հակառակը, երեք տարի առաջ ԵՄ-ն չցանկացավ մեզ հետ ստորագրել փաստաթղթի քաղաքական մասը, բայց հետո ինքն իր քաղաքականության մեջ ճշգրտումներ մտցրեց, ինչն էլ հանգեցրեց ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման:
Մեկ դիտարկում ևս. Հայաստանի այս քաղաքականության արդյունքում փոփոխվում են նաև համաշխարհային խաղացողների ընկալումները Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Մենք Արևմուտքին ցույց ենք տալիս, որ ավելի մոտ ենք Եվրոպային, քան ավտորիտար, հետամնաց, ավատատիրական Ադրբեջանը: Եվ սա չի կարող չանդրադառնալ տարբեր հարցերի, առաջին հերթին արցախյան հակամարտության լուծման ընթացքի վրա: Այնպես որ, այս հարցում մենք ևս շահում ենք:
Եվրոպայում իրավիճակ է փոխվում՝ Ռուսաստանի հանդեպ քաղաքականության մեղմացման առումով, դրա մասին փաստեց ԱլԳ հռչակագրում հակառուսական ձևակերպումների բացակայությունը, նաև այն, որ չհնչեցին հակառուսական ելույթներ, բացի մեկից: Իսկ մեկ ամիս առաջ ՀՀ-ում ԵՄ դեսպանը խոսում էր ՌԴ հետ «ուժեղ հարաբերություններ կառուցելու» մասին, շեշտում, թե «ԵՄ-ն պատրաստ է տնտեսական համագործակցության ԵԱՏՄ-ի հետ»: Ու այս ֆոնին՝ տարօրինակ է, որ Հայաստանի որոշ քաղաքական, քաղհասարակության շրջանակներ դա չեն նկատում, և իներցիայով տարված շարունակում են իրենց հակառուսականությունը՝ Հայաստանը մղելով ՌԴ դեմ քաղաքական պայքարի դաշտ:
-Սա չափազանց վտանգավոր «խաղ» է: Դրանք ոչ միայն անհիմն հակառուսական տրամադրություններ են ստեղծում Հայաստանում, այլև նույնքան անհիմն հակահայկական տրամադրություններ են բորբոքում մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի մոտ: Դա անթույլատրելի է: Հակառուսական կողմոնորոշում ունեցողները զուրկ են իրականության զգացումից: Նրանք անգամ ռուսական կողմի դրական քայլերը նկատել չեն ուզում, օրինակ, Լավրովի վերջին՝ երևանյան հայտարությունները, Պուտինի արտահայտած մտքերը ԼՂ հակամարտության էության վերաբերյալ, դիտարկվեցին զուտ բացասական տեսանկյունից: Փաստորեն, որոշ գործիչներ զբաղված են Ռուսաստանի ինքնանապատակ քննադատությամբ, վստահ եմ, որ դրա տակ կա նյութական շահագրգռվածություն: Ամիսներ առաջ ՙԵլք՚ խմբակցությունը ԱԺ-ում շրջանառեց ԵԱՏՄ-ից դուրս գալ-չգալու հարցը և մենք տեսանք, թե այդ քննարկումներն ինչի հանգեցրին: Ռուս քաղաքագետներն իրար հետևից քննադատեցին ու հասավ նրան, որ Գարեգին Նժդեհի անվան շուրջ անընդունելի հայտարարություններ հնչեցվեցին: Դրա համար մենք պարտավոր ենք լինել զգոն, առավել ևս այսօր, երբ հայտարարել ենք, որ ՙև…և՚-ի քաղաքականության իրականացնողն ենք: Հայաստանի համար աշխարահաքաղական ու ներքաղաքական առումով ամենաբարենպաստ պայմաններն են ստեղծվում, ու մենք կարող ենք լուրջ առաջընթաց ունենալ ինչպես ԼՂ հակամարտության լուծման, այնպես էլ տարածաշրջանում Հայաստանի քաղաքական իմիջի բարձրացման, ինչու ոչ, նաև Մերձավոր Արևելյան տարածաշրջանում քաղաքական գործոն դառնալու հարցում, ու վերջապես, երկրի տնտեսության զարգացման հարցում: Հայաստանը ճիշտ քայլերի արդյունքում, իրոք, կարող է վերածվել Եվրոպան Ռուսաստանին կամրջող պետության:
Հայաստանում իներցիայով հակառուսներ են այն շրջանակները, որոնք տարիներով ֆինանսավորվել են Արևմուտքից ու հիմա նոր իրավիճակում շարունակում են կառչած մնալ իրենց հին գործելաոճին՝ արևմտյան գրանտներից չզրկվելու համար:
-Ես երկու մասի եմ բաժանում այդպիսիններին. մեկ հատվածը նյութապաշտերն են, որոնք փող են աշխատում արևմտահաճ կարգախոսերի ներքո ու նյութական շահերի համար մեր ազգին դնում հարվածի տակ: Աստված իրենց հետ, թող գնան ու շարունակեն փողեր վերցնել Արևմուտքից, բայց ազգի ճակատագրի հետ չխաղան: Մյուսներն իրականությունից կտրված ռոմանտիկ գաղափարներով առաջնորդվողներ են, որոնց մոտ բացակայում է պրագմատիզմը: Նրանք չեն վերլուծում, թե ի՞նչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը, կարծում են, միայնակ կարող ենք ՙսարեր շուռ տալ՚, այդպես չի կարող լինել, դա հնարավոր չէ: Մենք պետք է քայլ առ քայլ գնանք մեր նախանշած գաղափարների, նպատակների իրականացման ճանապարհով, ինչին նպաստում է ԵԱՏՄ անդամակցությունն ու ԵՄ հետ մեր սերտ համագործակցությունը: Չմոռանանք, որ այսօր շատ երկրներ, այդ թվում Իսրայելը, մեզ հետ համագործակցում է հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակից երկիրն է այս տարածաշրջանում:
Ի դեպ, այդ նույն շրջանակները մի կարևոր փոփոխություն ևս չեն նկատում. Եվրոպայում նեոլիբերալիզմը տեղի է տալիս, ու ԵՄ հետ համագործակցության մեջ, մանավանդ արժեհամակարգին առնչվող հարցերում, այս հանգամանքի վրա աչք փակելու իրավունք չունենք:
-Ես կասեի՝ պարտավոր ենք հաշվի առնել, քանի որ հենց Եվրոպան ինքն է կասկածանքով վերաբերվում իր շատ ու շատ նեոլիբերալական արժեքներին: Եվրոպացիները համոզվեցին, թե ի՞նչ վտանգների դրանք հանգեցրին: Ու այսօր իրենք են հայտարարում մուլտիկուլտուրալիզմի ձախողման մասին, ասում են, որ Եվրոպայում ահաբեկչական գործողությունները մուլտիկուլտուրալիզմի հետեւանք են, կոչ անում դադարեցնել միգրացիոն բաց դռների քաղաքականությունը և այլն: Նոր իրավիճակը եվրոպացիրներին դրդում է իրողությունները դիտարկել ազգ-պետություն գաղափարի ներքո, ինչը տարիներ շարունակ մղված է եղել վեցերոդ պլան, քանի որ լիբերալների տեսանկյունից ազգ-պետությունը պետք է վերանար: Իսկ հիմա մենք Եվրոպայում տեսնում ենք ազգային շարժումների ակտիվացում: Պատահական չեն Կատալոնիայի դեպքերը, ՙԲրեքզիթ՚-ի գործընթացը, հիշենք՝ Բրյուսելը կանգնած էր պառակտման եզրին: Եվրոպայում ավանդական, պահպանողական արժեքների վերածնման շրջան է:
Լինելով երկու քաղաքակրթությունների՝ Արևելքի ու Արևմուտքի խաչմերուկում մենք կարողացել ենք պահպանել մեր կարևոր արժեքները, ու փառք Աստծո, որ դարձել ենք լավագույնի կրողը՝ ավանդապաշտություն, ընտանիք, հավատ, եկեղեցի, բարոյականություն: Պահպանողականությունը նպաստել է, որ մենք որպես ազգ գոյատևենք, բայց չմոռանանք, որ հայ ժողովուրդն իր էությամբ ազատական է: Հայաստանի առանձնահատկությունը նաև սրանում է կայանում: Նաև սա է պատճառը, որ մենք ընկալելի ենք և՜ մեկի, և՜ մյուսի համար: Մեզ մնում է ճիշտ օգտվել ստեղծված շանսից: Եթե հավատարիմ մնանք մեր ավանդական, ազգային դասական արժեքներին, ապա մեր երկիրն ու մեր ժողովուրդը հրաշալի ապագա կունենա:
Այսպիսով, Հայաստանի համար սկսվում է մի նոր փուլ. ուժային կենտրոնների հետ համագործակցությունը մեծ դիվանագիտություն, հմտություն ու ճկունություն է պահանջելու, որպեսզի հանկարծ չհայտնվենք հակասությունների կիզակետում: Չե՞ք կարծում, որ դրա համար կա մեկ ճանապարհ՝ վարել պետական, ազգային շահի վրա խարսխված բաց ու հասկանալի քաղաքականություն:
-Լիովին համաձայն եմ: Մենք պետք է բաց քաղաքականություն իրականացնեք, միայն այդպես կլինենք ընկալելի: Հայաստանի բաց լինելը հանգեցրեց նրան, որ ԵՄ-ն ընբռնումով վերաբերվեց մեր քաղաքականությանը, դրա արդյունքում ՌԴ-ն համաձայնվեց ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Նույն կերպ պետք է շարունակենք առաջ շարժվել: Ուժեղ կողմը միշտ բաց է խաղում, սա քաղաքական աքսիոմա է: Իսկ մենք, վստահեցնում եմ ձեզ՝ ուժեղ երկիր ենք. ուժեղ ենք, որովհետև մեր ռազմավարական դաշնակից երկիրն այսօր թիվ մեկ խաղացողն է տարածաշրջանում, և դա մեզ ուժ է հաղորդում: Ուժեղ ենք մեր ժողովրդի բարոյական կեցվածքով, արժեհամակարգով, ուժեղ ենք մեր համախմբումով, ինչի մասին է վկայում այն, որ անցած տարիներին Հայաստանում չեղավ այն, ինչն ապրեց Ուկրաինան: Եվ վերջապես, մեր ուժը ՙԱզգ-բանակ՚ հոյակապ հայեցակարգն է: Այդ ամենը մեզ ուժ է հաղորդելու, որ կարողանանք գործընկեր երկրների, ուժային կենտրոններին համար վարել բաց, ընկալելի դիվանագիտություն: Սա կհանգեցնի Հայաստանի հզորացմանը, մինչդեռ հակառակը՝ ի վնաս մեզ է աշխատելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն