- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

ԱԺ–ն պետք է ընդունի փաստաթուղթ, որը Սումգայիթի ջարդերը ցեղասպանություն կորակի. Լարիսա Ալավերդյան

Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցին ընդառաջ «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակները կոչ են անում ՀՀ ԱԺ-ին ընդունել որևէ փաստաթուղթ, որը  կհաստատի Գերագույն խորհրդի որոշումները, որ 1988թ. փետրվարի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ոչ հեռու գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը  հայերի դեմ ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն:

 

Նշենք, որ 2018թ-ի  փետրվարի 26-28-ին լրանում է Սումգայիթի ջարդերի 30-ամյա տարելիցը: «Սումգայիթ – 30. Մարդկության դեմ չպատժված հանցագործություն» թեմայով հրավիրված ասուլիսին «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշեց, որ հարցը փաստարկված ներկայացնելու համար բավական աշխատանք է կատարվել՝  կայք [1] է ստեղծվել, որտեղ հսկայական արխիվ է ներկայացվել, մի քանի գիքր է լույս տեսել, ֆիլմ է նկարահանվել:

 

«Ամենակարևորը, որ արվել է նախագծի շրջանակներում`կարողացել ենք Սումգայիթի հանցագործության շատ մեծ արխիվ փրկել և ներկայացնել տեսանյութեր, որոնք ոչնչացման առաջ էին կանգնած: Նյութեր են վերականգնվել` դատական, քննչական, գտնվել են նոր նկարներ, որոնք ապացուցում են մեկ անհերքելի փաստ`Սումգայիթը Ադրբեջանի ղեկավարության, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մշակված, համակարգած և  իրականցված հանցագործություն է եղել հայերի դեմ»,-ասաց նա:

 

Մարինա Գրիգորյանը նշեց, որ դրա մասին խոսում է այն փաստը, որ այդ օրերին Սումգայիթում էին գտնվում Ադրբեջանի ղեկավարները և նրանց այցից երեք օր հետո սկսվել ու շարունակվել են ջարդերը:

 

«Սումգայիթն ունի մեծ ուսումնասիրության կարիք` և արխիվը, որ հավաքել ենք, նաև դատական նյութերը, պահանջում են լուրջ ուսումնասիրություն, ինչը կշարունակենք անել»,-ասաց նա և նշեց, որ տեսանյութերում վկաները, ովքեր խոսում են վայրագություններից,  հիմնականում ադրբեջանցիներ են: Բացի այդ, ըստ նրա` ֆիլմ են նկարում, որտեղ խոսում են Սումգայիթի երեխաները, որոնք տեսել են հարազատների և ոչ միայն նրանց տանջանքներն ու կտտանքները, թեև խոստովանեց, որ նրանց համար հոգեբանորեն շատ ծանր էր խոսել այդ ամենի մասին:

 

«Հայ երեխաների սպանելու ապացույցներ ունենք, կան դատական նյութեր, կրծքի երեխան խոշտանգված է»,-ասաց նա:

 

Ըստ Գրիգորյանի՝ ոճրագործությանը 1000 հոգի է մասնակցել, ովքեր կատարող դահիճներ են և ընդամենը 80-ն է որևէ պատասխնատվության ենթարկվել: «Բայց ունենք տեղեկություն, որ նրանք բառացիորեն երկու -երեք ամիս են կրել պատիժը: Միայն մեկն է դատապարտվել է մահվան, բայց ոչ ոք չգիտի` իրականացվել է մահվան վճիռը , թե ոչ։ Սումգայիթը մեր անցյալը չէ, մեր ներկան է, և պետք է իմանանք, որ այն կլինի այնքան, քանի Ադրբեջանը իրականացնում է իր հայատյաց քաղաքականությունը, որի մեթոդները դրվել են հենց Սումգայիթում»,-ասաց նա:

 

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ասաց, որ արխիվը հավաքագրվել է 2009 թ.-ից:

 

«Մենք խնդիր ունենք, որը ծագել է 1915 թ.-ի ցեղասպանության հետ` պետք է անցնեն տասնյակ տարիներ, որ նոր միայն միջազգային իրավունքի մասնագետները, քաղաքագետներն ու դիվանագետները զբաղվեն խնդրով: Համայն հայությունը գտնվում է վտանգի ներքո, քանի որ Ադրբեջանի բռնարարքները շարունակվում  են արտահայտվել ավելի դաժան ձևերով: 2016թ-ի ապրիլը բոլորիդ ցնցեց իր բարբարոսական ձևերով, պետք է իմանալ, որ ինչ կիրառվել էր ապրիլին, դրանք արդեն իսկ կիրառվել էին Սումգայիթում: Մասնագետներն ավելի ուշադիր ու հմուտ պետք է լինեն այս հարցերում, անպատժելիությունը ապահովում է հանցագործության շարունակականությունը: Չի լինում, որ մեկը չպատժվի և չշարունակի հետո այդ նույն քաղաքականությունը»,-ասաց նա և նշեց, թե համայն հայությունը պիտի ուժերը լարի և հասնի նրանց պատասխնատվության ենթարկելուն:

 

Ասուլիսին ներկա ամերիկահայ գրող ու հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան – Տերկոտիը Բաքվի փախստական է, ով գրել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության մասին պատմող «Գաղթ դեպի անհայտություն» («Изгнание в никуда») գիրքը: Աննան 11 տարեկան էր, երբ տեղի է ունեցել ողբերգությունը: «Եթե մոռանանք, կկրկնվի, պետք  է շատ խոսել այդ մասին և պատասխանտվություն պահանջել»,-ասաց նա: