- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ռեժիմի ազատականացման գործընթաց սկսելու համար նախապայման է՞ դրել որոշ վիճահարույց օրինագծերի ընդունումը

Հարցազրույց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԲԵՔԱՐՅԱՆԻ հետ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական  հանձնաժողովը որոշեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ դեկտեմբերի 1-ին անցկացնել խորհրդարանական լսումներ «ՀայաստանԵվրամիություն. համապարփակ եւ խորացված գործընկերություն» թեմայով: Ինչո՞ւ   նման նախաձեռնությամբ հանդես չեկաք ավելի վաղ, այլ որոշեցիք լսումներ կազմակերպել համաձայնագիրի ստորագրումից հետո, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբերի 24-ին՝  Արևելյան գործընկերության  գագաթաժողովում:

 -Հրավիրվող լսումների նպատակն  այն չէ, որպեսզի հավաքվենք ու քննարկենք՝  ստորագրե՞լ, թե՞ չստորագրել փաստաթուղթը: Նպատակը  կայանում է հետևյալում. ստորագրվող փաստաթուղթն անդրադառնում է մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներին՝ սկսած մարդու իրավունքներից մինչև դատական բարեփոխումներ, տնտեսական խնդիրներից մինչև կրթություն ու մշակույթ,  ամեն ինչ ներառված է նրանում: Եվ երբ արդեն մեր ձեռքում կլինի այդ համապարփակ փաստաթուղթը,  այլևս անհրաժեշտություն կառաջանա բացելը փակագծերը, թե յուրաքանչյուր ոլորտի հետ կապված ի՞նչ հնարավորություն է ստեղծվում մեզ համար ու աշխատանքներն ի՞նչ ուղղությամբ պետք է ընթանան:  Մենք այս համաձայնագրով ստանում ենք լայն հնարավորություններ: Իմ գործընկերներիցս մեկը մի լավ օրինակ է բերում՝ շեշտելով  հնարավորության ու կիրառման տարբերությունը, ասում է, եթե սեղանին կա խնձոր դա խնձոր ուտելու հնարավորություն է, բայց այդ խնձորը վայելելու համար դու պետք է քայլ կատարես՝ վերցնես և ուտես: Նույն իրավիճակն է մեզանում՝ ունենալ այս պայմանագիրը մենք ստանում ենք մեծ հնարավորությունների դաշտ, բայց սա դեռ հարցի մի կողմն է, քանի որ այլ բան է դա կյանքում կիրառելը: Հետևաբար, կազմակերպվելիք լսումներով կտրվի մեկնարկ՝ հնարավորությունների փակագծերը բացելու և խոսելու արդեն գործնական փուլ մտնելու մասին:

 – Առանց այս համաձայնագրի ստորագրման էլ Հայաստանը Եվրոպայի հետ համագործակցում է GPS-ի շրջանակներում, հետևաբար,  տնտեսական առումով,  ի՞նչ նոր հնարավորություններ է բացում մեր առաջ այս նոր փաստաթուղթը:

-Նախ ասեմ հետևյալը, համաձայնագիրն ունի տնտեսական հատված, սակայն այդ հատվածը կազմելիս ամբողջությամբ հաշվի  է առնվել այն հանգամանքը, որ  մենք ունենք պարտավորություններ մեկ այլ ինտեգրացիոն ուղղությունում՝ ԵԱՏՄ-ում: Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը համեմատենք մյուս երկրների՝  Մոլդովայի, Ուկրաինայի ու Վրաստանի հետ կնքված Ասոցացման փաստաթղթի հետ, ապա տարբերությունը կայանում է միայն նրանում, որ փաստաթղթից, փաստորեն,  հանված են այն  դրույթներ, որոնք կարող են հակասել ԵԱՏՄ-ում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին: Բայց դրանով հանդերձ ՀՀ հետ ստորագրված համաձայնագիրն իր մեջ ներառում է տնտեսական բոլոր բաղադիչները: Նրանում ֆինանսական օժանդակությունը մի առանձին բլոկով է ներկայացված: Նորից գործելու է  «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը, որը, հիշում եք, ընկած էր  ԵՄ Արևելյան գործընկերության  գաղափարախոսության հիմքում: Նպատակն այն է, որ որքան արդյունավետ կլինի բարեփոխումների ընթացքը, այնքան Եվրաﬕությունը գործընկեր երկրներին ավելի շատ աջակցություն կտրամադրի:Այժմ էլ այս սկզբունքը կունենա  շարունակություն ու առավել հստակ կգործի:

Դառնանք վիզաների ռեժիմի ազատականացման խնդրին. կիսո՞ւմ եք այն կարծիքը, թե սա այն «յուղոտ պատառն» է, որի հարցում ԵՄ-ն չի շտապում, կփորձի հնարավորինս հետաձգել, մինչ կհամոզվի, նախ,  Հայաստանը որքանո՞վ է կատարում  համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, և հետ այդ հարցում նախապայման է  դրված, իսկ դա «Ընտանեկան բռնության կանխարգելման»  ու «Խտրականության մասին»  վիճահարույց օրինագծերի ընդունումն է:

 -Ես հասկանում եմ, որ վիզաների ազատականացումը յուրաքանչյուրիս վերաբերող խնդիր է, բայց իրականում այս համաձայնագիրն ավելի արժեքավոր է, որովհետև անդրադառնում է մեր կյանքի բոլոր ոլորտներին, քան առանձին վերցրած վիզաների ռեժիմի ազատականացման հարցն է: Հետևաբար, եթե ԵՄ-ն Հայաստանին ստուգելու կամ  տեստ անցկացնելու խնդիր ունենար, ապա համաձայնագիրը  ստորագրման փուլին հասած չէր լինի: Այսինքն, պետք չէ խնդիրները խառնել իրար: Եթե կա այս մեծ համաձայնագիրը, նշանակում է մյուս բոլոր «շտրիխները»,  փոխադարձ ակնկալիքները հիմնականում լուծված են: Դրա համար ես վիզաների ազատականացման հարցն ուղղակիորեն չեմ կապում որևէ օրինագծի կամ օրինագծերի հետ: Ես այդ մոտեցմանը համաձայն չեմ:

Իսկ ի՞նչ ենք հասկանում ՀՀ պատավորություն ասելով, դրանք միայն Հայաստանինը չեն,  խոսքը փոխադարձ պարտավորությունների մասին է: Պարտավորությունների կատարումը հավասարաչափ վերաբերվում է համաձայնագիրը ստորագրած կողմերին՝ և՛ ԵՄ-ին, և՛ Հայաստանին: Ասեմ ավելին, համաձայնագրում կա կետ, որտեղ նշվում է, որ  Հայաստանի հետ պետք է սկսվի  երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ: Ու եթե խոսում ենք պարտավորությունների կատարման մասին, ապա վիզաների ռեժիմի ազատականացման  հարցը  պետք է համարել ԵՄ կողմից Հայաստանի հանդեպ ստանձնվող պարտավորություն:  Կարծում եմ, մոտ ապագայում կտրվի այս հարցի լուծման բանակցային մեկնարկը,  դրան բոլորս ենք սպասում: Հույսով եմ, երբ ԱԼԳ գագաթաժողովի ժամանակ ստորագրվի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, նաև ընդհանուր կոնսենսուս ձեռք կբերվի այս հարցում:

-ԵՄ-ն նպատակ ուներ, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ միաժամանակ ստորագրի նման համաձայնագիր, ինչն, այնուհանդերձ, տեղի չունեցավ:

-Տեղեկատվությունը ճիշտ չէ, որովհետև երկու երկներում տարբեր ժամանակներում  տրվեց բանակցությունների մեկնակն ու դրվեց ստորագրման հարցը: Իսկ ամենամեծ տարբերությունը խնդրի որակական կողմն է: Ադրբեջանի հետ ստորագրվելիք փաստաթուղթը որևէ կերպ չի կարող նմանվել Հայաստանի հետ ստորագրվածին: Կա բովանդակային հսկայական տարբերություն,  հնարավոր չէ անգամ զուգահեռներ անցկացնել:

Ադրբեջանի համար հիմնական խնդիրը՝ փաստաթղթի քաղաքական, իրավական հատվածն է, որն իր մեջ ներառում է մարդու իրավունքների ողջ բլոկը,  դա ինչպե՞ս կարող է նման լինել Հայաստանի համաձայնագրում տեղ գտած նույն հատվածներին: Հետևաբար, բոլոր տարբերություններն իրար կողքի դնելով, հասկանում ես, որ անհնարին է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ստորագրման հարցը բերել ու  մեկ զամբյուղում տեղավորել, դա ոչ մի կերպ չի լինի:

-Մտահոգություն հայտնվեց, թե ԵՄ հետ համաձայնագրին կից կա հայտարարություն, որի տեքստում ԼՂ հիմնահարցի լուծման հետ կապված տեղ են գտել  մեզ համար  ոչ շահեկան ձևակերպումներ, մասնավորաբար,  արձանագրված է տարածքային ամբողջականության մասին, ու բաց է թողնված ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորագույն սկզբունքը: Այդպե՞ս է:

-Տեղակատվությունը ոչ ճիշտ  մեկնաբանվեց ու տարածվեց: Բանն այն է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրին կից հայտարարության տեքստ չկա: Կա, մի կողմից, Արևելյան գործընկերության գագաթաժողովում սպասվող  համաձայնագրի ստորագրման գործընթաց, և մյուս կողմից, կան տարբեր, այլ փաստաթղթերի ստորագրման գործընթացներ, որոնք բոլորվին այլ հարցեր են: Նաև կա հետևյալ խնդիրը. ԱԼԳ բոլոր գագաթաժողովներից հետո հրապարակվում է եզրափակիչ փաստաթուղթ, որում, պարզապես,  արձանագրվում է, թե գագաթաժողովում ի՞նչ հարցեր քննարկվեցին: Թերևս խոսքն այս փաստաթղթի մասին է, սա դեռ գտնվում է քննարկումների փուլում, որին մասնակցում են ԵՄ անդամ բոլոր երկրները, ներառյալ Արևելյան գործընկերության  երկրները, որոնք հրավիրվելուն են գագաթաժողովին: Կրկնում եմ,  խոսքն այս եզրափակիչ հայտարարության մասին է, ինչը ոչ մի կապ չունի ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ:

-Վերջերս տեսակամուրջ էր կազմակերպվել Հայաստանի և Մոլդովայի միջև, որտեղ վերջինիս քաղաքական գործիչներն  ասում էին, թե ԵՄ հետ Ասոցացման  համաձայնագիրը ստորագրելով Մոլդովան կորցրեց իր  ինքնիշխանությունը, և այսօր առանց ԵՄ հետ համաձայնության անգամ երկրի նախագահը  քայլ  չի կարողանում  կատարել սեփական երկրում: Կոչ էին անում Հայաստանին լինել զգուշավոր՝ ԵՄ հետ այդ փաստաթղթի ստորագրման հարցում: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

 -Մոլդովայի փորձը մեր պարագայում կիրառելի չէ, մտահոգությունը չեմ կիսում: Երեք երկրների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ կնքված Ասոցացման համաձայնագիրը  ճիշտ չէ համեմատել Հայաստանի հետ կնքված պայմանագրի հետ, դրանք  բավականին տարբեր փաստաթղթեր են ու ամենևին մեկմեկու հայելային արտացոլանքը չեն: Հետևաբար, նրանց ներկայացվող մտահոգությունները մեզ հետ առնչություն չունեն: Մյուս կողմից, այսօր Մոլդովայի ներքաղաքական իրավիճակն ունի  բավականին սուր անկյուններ, որոնք ստեղծում են քաղաքական ջրբաժաններ: Մոլդովայի նախագահի մոտեցուները տարբերվում են վարչապետի մոտեցումներից,  խորհրդարանն էլ առավելապես թիկունք է կանգնել վարչապետին, կա լարվածություն: Ձեր հիշատակած տեսակամուրջի ժամանակ թերևս նման կարծիք հայտնել են այն գործիչները, որոնք առավելապես երկրի նախագահի մոտեցումներն են կիսում: Չեմ բացառում, եթե խոսեք Մոլդովայի վարչապետի կողմակիցների հետ, կարող եք լսել հակառակ կարծիքներ: Իսկ իրականությունը ծառայեցվում է ներքաղաքական շահերին: Բայց մենք մի կողմ թողնենք այս հանգամանքն ու մեկ այլ հարցի վրա կենտրոնանանք: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ու դրանով հանդերձ դրսևորեց մեծ կամք ու ցանկություն  բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու ԵՄ հետ: Իսկ ԵՄ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Մոլդովայում էլ կան հոսանքներ, որոնք այսօր ուզում են իրենց հարաբերությունները բարձր մակարդակի հասցնել ԵԱՏՄ-ի հետ: Այստեղ Հայաստանն ու Մոլդովան ունեն  հետաքրքիր, փոխադարձ աշխատանքի դաշտ, մեկմեկու փոխլրացնելու խնդիր կա: Թերևս խանգարողը Մոլդովայում առկա ներքաղաքական իրավիճակն է,  երկու թևերի մեջև   կոնսենսուսի բացակայությունը:

Հայաստանը մշտապես  շարժվել է «և…և»-ի ճանապարհով ու այդ առումով Մոլդովան մեզ մոտ երկիր է, քանի որ ունի նման ընթացքով գնալու նկրտումներ, տեսլական,  մի բան ինչը  չկա ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Վրաստանում: Հետևաբար, հանձին Մոլդովայի կարող ենք ասել, որ մենք ունենք  շատ հետաքրքիր գործընկեր: Դրա համար մենք ուշադրությամբ  հետևում ենք այդ երկրում տեղի ունեցող գործընթացներին:

-Այս ամենը վելուծելով հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի կողմից իրականացվող «և…և»-ի արտաքին քաղաքականությունն ամենից ճիշտն է ու գոնե այսօր այն  այլընտրանք չունի: 

-Միանշանակ այդպես է, և դա հստակ ընդունում են երկու կողմերի մեր գործընկեր պետությունները: Հետաքրքիր է նաև, որ  հիմա ԵՄ մեր շատ գործընկերներ հաճախ  անդրադառնում են այն հանգամանքին, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, կարող է խորը համագործակցային հարաբերություններ ունենալ ԵՄ հետ: Սա նրանք համարում են շատ լավ, դրական մոդել: Մնում է լիակատար ձևով ամբողջացնել մեր «և…և»-ի քաղաքականությունը, իսկ դրա համար պետք է ունենալ նաև Հայաստան-ԵՄ  համաձայնագիրը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ