Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունների արդյունքում միասեռականները կհայտնվեն արտոնյալ վիճակում

Նոյեմբեր 2, 2017թ. 19:34
հայկ այվազյան

Հարցազրույց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ

  -Հասարակական որոշակի շրջանակներում քննարկման առարկա է դարձել Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Մասնավորապես ձեր կազմակերպությունը նշում է, թե նախագծի 197-րդ հոդվածը խնդրահարույց է այնքանով, որ կանաչ լույս է վառելու Հայաստանում միասեռականների իրավունքների պաշտպանությանը՝ հետագայում նրանց շատ ավելի մեծ իրավունքներ ու հնարավորություններ ընձեռելով։ Ի՞նչն է նման հետեւություն անելու առիթ տվել:
-Դեռ չմարսած այսպես կոչված ընտանեկան բռնության իբրեւ կանխարգելման նպատակով շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, հիմա էլ հասարակությանը Քրեական օրենսգրքի այս փոփոխությունն է հրամցվում, որով նախատեսվում է քրեականացնել սեռական ոչ ավանդական կողմնորոշման հանդեպ ցուցաբերած խտրականությունը:
Նախագծի 197-րդ հոդվածով առաջարկվում է «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ բաժնում» ներառել «խտրականության մասին» հատվածը, որով նախատեսվում է քրեականացնել խտրականության դրսեւորումները եւ հատկապես սեռական կողմնորոշման հանդեպ:
Օրենսգրքում «սեռական կողմնորոշում» եզրույթը նույնպես նոր է ներմուծվել: Իսկ դրույթը սահմանում է, որ խտրականությունը՝ մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ մասնավորապես սեռական կողմնորոշումով պայմանավորված, պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Ընդ որում՝ պատիժ է նախատեսվում նաեւ պետական պաշտոնյաների համար՝ 197-րդ հոդվածի 2-րդ կետով, սակայն այլ տեսակի: Օրինակ, մի քանի տարի պաշտոնյան զրկվում է որոշակի պետական գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից: Իսկ դա նշանակում է, որ այս օրենքով պաշտոնյաներին արգելվելու է միասեռականության տարածման ու քարոզչության դեմ որոշակի օրենքների նախագծեր մշակել, առաջարկել կամ պետական լծակներն օգտագործելով՝ փորձել կանխել այն բոլոր վտանգները, որ կարող են մեզ սպառնալ համասեռամոլների իրավունքների լայնածավալ գերակայության դեպքում:
Մի օրինակ բերեմ: Հիշում եք երեւի՝ այս տարի Կարապի լճի շրջակայքում միասեռականության քարոզչությամբ եւ այդ հանրույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի հորդոր պարունակող պաստառներ էին տեղադրվել։ Ինչպես հետո պարզվեց՝ առանց քաղաքային իշխանությունների իմացության: Եվ հանրային բողոքներից հետո քաղաքապետարանը պարտադրեց հանել այդ պաստառները: Եթե Քրեական օրենսգրքի փոփոխված նախագիծն այն ժամանակ օրենքի ուժ ստացած լիներ, ապա քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաները դրա համար պատասխանատվության կենթարկվեին՝ օրենքի պահանջով:
Մարդու իրավունքներին, ազատություններին եւ օրինական շահերին հղում անելով՝ փաստորեն լայն իրավասություններ են տրվելու սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց՝ իրենց, այսպես կոչված, իրավունքները պատեհ կամ անպատեհ թափահարելու, իրենց ընդդիմացողների նկատմամբ հաշվեհադար տեսնելու, ազատորեն իրենց գործունեությունը՝ ընդհուպ մինչեւ քարոզչություն, իրականացնելու համար:
Այսօր մեր հասարակությունը համառորեն ընդդիմանում է միասեռականների քարոզչությանը: Բայց այս փոփոխությամբ փաստորեն համասեռամոլները կկարողանան նաեւ դրանով զբաղվել, իսկ ովքեր կփորձեն սանձել նրանց՝ արդեն օրենքի ուժով նրանց կկարողանան լռեցնել՝ պարտադրելով այդ մարդկանց դեմ քրեական գործեր հարուցել:
Ավելին՝ օրենքը հնարավորություն կտա նաեւ միասեռականին հայտնվել դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, զբաղվել նոր սերնդի կրթությամբ եւ դաստիարակությամբ, քանի որ այլեւս ոչ ոք իրավունք չի ունենա սեռական կողմնորոշումը հաշվի առնելով՝ նրանց նման հաստատություններում աշխատանքի չընդունել: Եթե անգամ նման բան լինի, ապա դպրոցի տնօրենը պատասխանատվության կենթարկվի, ծնողերը, որոնք չեն ցանկանա իրենց երեխաներին նման մեկը դասավանդի, նորից քրեական պատասխանատվության կենթարկվեն:
Այսինքն՝ օրենքում հստակեցված չէ՞, որ խտրականության քրեականացումը չի վերաբերում միասեռականության քարոզչության դեպքերին: Մարդը կարող է միասեռական լինել եւ օգտվել մնացած քաղաքացիների համար նախատեսված՝ աշխատելու, սովորելու, հանրային տրանսպորտից օգտվելու, բուժվելու եւ այլ իրավունքներից, բացառությամբ քարոզչության դեպքերի: 
-Սեռական կողմնորոշման խտրականության դեմ պայքարը նախատեսում է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք իրենց ապրելակերպն արտահայտելու հնարավորություն պետք է ստանան՝ լինի փողոցային ակցիաների, ֆիլմերի ցուցադրման, հոդվածների տպագրման, գեյ-շքերթների իրականացման եւ այլ միջոցներով, որոնք անուղղակի ձեւով կարող են քարոզչամիջոց դառնալ: Օրենսգիրքը չի հստակեցնում ու տարանաջատում այդ դեպքերը:
Եթե մինչ օրս միասեռականության քարոզչութունն արգելված չէ, սակայն արգելված չէ նաեւ նման դրսեւորումներին ընդդիմանալը, դրանք թույլ չտալը, ապա նախագիծն ընդունվելու դեպքում քարոզիչներին սաստողները պատասխանատվության են ենթարկվելու, բայց ոչ քարոզ իրականացնողները: Սա է ամենամեծ վտանգը:
-Ինչո՞վ է պայմանավորված Քրեական օրենսգիրքը նման փոփոխությունների ենթարկելու անհրաժեշտությունը:
-Ակնհայտ է, որ օրենքի նախագիծը պարտադրված է մեզ։ Նորություն չէ, որ Եվրամիությունը վերջին տարիներին փորձում է Հայաստանին պարտադրել այնպիսի օրենքների ընդունում եւ կիրառում, որոնք հակասում են մեր ազգային շահերին: Դրանցից մեկն էլ ընտանեկան բռնության կանխարգելմանը վերաբերող նախագիծն է:
Խնդրո առարկա նախագիծն էլ անկասկած միջազգային պարտավորություն է, որն, ի դեպ, նույնպես միտված է ավանդական ընտանիքները փլուզելուն: Այլեւս գաղտնիք չէ, որ Եվրամիությունը ակտիվորեն պայքարում է զարգացող, փոքր ու ազգային դիմագիծը պահպանած երկրներում ընտանիքի ինստիտուտը խարխլելու, դրանով իսկ տվյալ պետության հիմքերը թուլացնելու ուղղութամբ՝ իր աշխարհաքաղաքական նպատակներն իրագործելու նկատառումով, եւ բոլոր նման օրենքները այդ նպատակներին հասնելու միջոցներ են միայն: Խտրականությունը քրեականացնող հոդվածը կարող է հանգեցնել ընտանիքի մոդելի փոփոխության, երբ ընտանիք կհամարվի ոչ թե կնոջից ու տղամարդուց կազմված միությունը, այլ երկու կանանցից կամ տղամարդկանցից բաղկացած միությունը: Իսկ դա տվյալ ժողովուրդներին կործանելու ամենահեշտ միջոցներից է, երբ թիրախում է հայտնվում ժողովուրդների վերարտադրողականությունը:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

Հայոց Աշխարհ օրաթերթ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն