- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Ի՞նչ կարող է տալ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն, կատալոնացիների անկախացման գործընթացը Արցախին

Լրատվական դաշտում հաճախ կարելի է այս օրերին հանդիպել հարցադրումների, թե ի՞նչ կարող է տալ Իրաքյան Քուրդիստանի անկախացման հանրաքվեն կամ կատալոնացիների անկախացման գործընթացը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:

Այս ուղղությամբ առաջիկա տարիներին լուրջ դրական տեղաշարժեր ակնկալելը թերևս այնքան էլ իրատեսական չէ: Հիմնական պատճառներից մեկը միջազգային հարաբերություններում գործող երկակի ստանդարտներն են: Կոսովոն կարող է անկախանալ, իսկ Կատալոնիան` չգիտես ինչու, ոչ:

Այսօր միանշանակ չէ` Կոսովոն կամ Աբխազիան ու Հարավային Օսիան, ի վերջո, միջազգային սուբյեկտ ե՞ն, թե՞ ոչ: Հարցն իսկապես օրակարգային և միևնույն ժամանակ զավեշտալի է, քանի որ միջազգային հանրությունում չկա համընդհանուր մոտեցում այդ հարցում:

   Եվրոպական արժեքները կիսող հայաստանյան հասարակական շրջանակաները ակնկալիքներ ունեին, որ Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորի խորացման պարագայում միայն հնարավոր կլինի մարդու իրավունքների եվրոպական չափորոշիչներով լուծել Արցախի ինքնորոշման հիմնահարցը: Այն դեպքում, երբ Իսպանիայի իշխանությունները կատալոնացիների ինքնորոշման հարցում իրենց գործողություններով չեն զիջում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ից այդ ուղղությամբ սպասելիքներ ունենալն առնվազն միամտություն է:

   Իհարկե, շատ ողջունելի է, երբ ԱՄՆ հերթական նահանգը ճանաչեց Արցախի Հանրապետությունը, սակայն դա խոշոր հաշվով ի՞նչ ազդեցություն կունենա Արցախի դե-յուրե և փաստացի միջազգային ճանաչման գործընթացում, այնքան էլ միանշանակ չէ:

 Հաշվի առնելով միջազգային հարաբերություններում խորացող հակասությունները, երկակի ստանդարտների մեխանիզմների կիրառության ակտուալությունը` Արցախի ինքնորոշման գործընթացի իրականացման հարցը առաջիկայում ևս կորոշվի հակամարտող կողմերի ուժերի հարաբերակցությունում:

Կարեն Վերանյան

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար