Գլխավոր » TOP, Լրահոս

Ո՞րն է «Ելք»-ի տրամաբանությունը

Սեպտեմբեր 28, 2017թ. 17:26
Արտակ Զեյնալյան

ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու շուրջ «Ելք» խմբակցության բարձրացրած փոթորիկ-շոուն երեկ ավարտվեց: Ներկաների համար ակնհայտ դարձավ, որ «Ելքն» ընդամենը մի խնդիր ուներ՝ կրքեր բորբոքել, խոսել, խոսել ու անդադար խոսել: Իսկ դրա համար նրանց օդ ու ջրի պես հարթակ էր հարկավոր, ինչը կարող էր ծառայել ժամանակավոր հանձնաժողովը: Սակայն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից 10-ը դրան դեմ քվեարկեց:

Ստորև ներկայացում ենք Ելք խմբակցության պատգամավոր ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՙՙԵլք՚՚ խմբակցության նպատակն ընդամենը ԵԱՏՄ-ից դուրս գալու շուրջ խոսակցություն ծավալե՞լն էր, ինչպես պատգամավորներից մեկը նկատեց՝ ՙՙԵլք՚՚-ը ուզում էր միայն խոսել ոչ թե բովանդակային քննարկում կազմակերպել:
-Մենք ընդամենը բարձրացրեցինք հարցեր, որոնք կարող են քննարկման առարկա դառնալ հանձնաժողովում: Սա բովանդակային քննակում չէր, մեր կողմից ընդամենը ներկայացվեցին հիմնահարցեր, ներկայացվեցին փաստարկներ, որոնք ենթակա են քննարկման, վերլուծության: Ժամանակավոր հանձնաժողովի հնարավոր ստեղծման պարագայում ժամանակ կլիներ, որպեսզի բարձրացվեցին այդ հարցերը, բերվեին հակափաստարկներ: Իսկ մենք փաստարկներ ենք ներկայացրել, որոնք դարձել են անառարկելի, այսինքն, այդ փաստարկներին առարկություն չի ներկայացվել նիստում, ընդամենն ասվել է՝ ոչ, ու հիմնավորում չի բերվել: Այսինքն՝ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը մերժվեց մեծամասնության ուժով:
Ինչո՞ւ հրավիրված նիստին չներկայացավ հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը, որը պետք է բովանդակային ելույթ ունենար. փաստորեն, դուք ձախողեցիք հարցի բովանդակային քննակումը: Ու Մարուքյանի բացակայության պատճառով այն հետաձգվեց երկու ամսով:
-Մեկ ճշտում՝ հետաձգվեց մինչև երկու ամիս: Մենք կօգտագործենք նաև այդ հնարավորությունը: ԵԱՏՄ պայմանագրի բովանդակային քննարկումները մենք կիրականացնենք ևս մեկ անգամ՝ շատ ավելի բովանդակալից, շատ ավելի արդյունավետ ձևով:
Այսինքն, հատուկ դրա համա՞ր Մարուքյանը չներկայացավ նիստին:
-Այո, մենք մարտավարական հնարք բանեցրեցինք, որպեսզի միայն այս նիստով չվերջանա թեման:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ԵԱՏՄ անդամակցությամբ փակվեց Իրանի հետ մեր հարաբերությունների խորացումը: Սակայն, ինչպե՞ս կբացատրեք այն, որ Իրանը կարևորում է հենց ԵԱՏՄ անդամ Հայաստանի հետ համագործակցությունը: Այդ մասին, ի դեպ, շեշտում է նաև Չինաստանը:
-Ես ձեզ հետ համաձայն չեմ, և ասվածը ելակետային տվյալ չեմ ընդունում: Այն պայմանագրերը, որոնք մենք ստորագրել ենք ԵԱՏՄ շրջանակներում, սահամանափակում են երկկողմ հարաբերությունները երրորդ երկրների հետ՝ առանց համաձայնեցնելու ԵԱՏՄ-ի հետ: Այսինքն, որպեսզի մենք կարողանանք երկկողմ հարաբերությունների մեջ մտնել, պետք է դա համաձայնեցնենք ԵԱՏՄ-ի հետ: Սրանք նախապայմաններ են: Սա իրողություն է: Իսկ թե ի՞նչ բովանդակությամբ, ինչպիսի՞ քաղաքական հայտարարություններ են արվում Իրանի կողմից՝ դա երկրորդային է:
Դժգոհում եք, որ ԵԱՏՄ պայմանագրի համաձայն անդամ երկրները իրենց համագործակցությունը երրորդ երկրների հետ  պետք է համաձայնեցեն ԵԱՏՄ-ի հետ, բայց չէ՞ որ նույն մեխանիզմն է գործում նաև Եվրամիությունում. ԵՄ անդամ երկրներն իրենց բոլոր քայլերը Բրյուսելի հետ են համաձայնեցնում:
– Ընդհանրապես այս կամ այն միության մեջ մտնելը ազատ կամքի դրսևորմամբ է իրականացվում, չէ՞: Իսկ ԵԱՏՄ-ի մեջ մտնելը Հայաստանն ազատ կամքով չի իրականացրել: Այսքանը:
-Դուք չպատասխանեցիք իմ հարցին:
– Ասածս ձեր հարցի պատասխանն է՝ իմ ընկալմամբ: Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է ոչ կամավոր ձևով, այլ հարկադրված: Նաև մեր քաղաքական ընդդիմախոսների կողմից ասվեց, եթե մենք փորձենք դուրս գալ, մեզ վրա բաց են թողնելու մեր թշնամի հարևաններին, մեզ ճնշելու են, սովի են մատնելու և այլն: Իսկ Եվրամիությունը արդեն մեկ պետություն է:
-50 տարվա պատմություն ունեցող կառույցի մասին եք խոսում, որը ևս անցել է կայացման դժվարին ճանապարհ ու չնայած դրան այսօր էլ ծանր վիճակում է, օրերս ԵՄ դեսպան Սվիտալսկին անկեղծորեն խոստովանեց, որ ԵՄ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, որոնցից մի քանիսը բավական լուրջ են: Այնպես չէ, որ ԵՄ-ում ամեն ինչ փայլուն է:
-Ես ձեզ փոխանցեցի մեր տեսակետը, դուք կարող եք լինել մեր ընդդիմախոսը: Այն ամենը, ինչ ես ասում եմ՝ ներկայացրած են ՙԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ՚ մեր նախագծի տակ: Դրանք մեր համոզմունքներն են, մենք այդպես ենք գտնում և ուզում ենք, որ դրանք հենց այդպես դրվեն քննարկման և մենք դա պաշտպանենք հրապարակայնորեն:
Ձեր քաղաքական ընդդիմախոսները նշում էին, որ կոռեկտ չէ միայն ներկայացնել ԵԱՏՄ անդամակցության բացասական կողմերը ու մոռանալ դրականի մասին: Իրենք էլ բերեցին հստակ օրինակներ, փաստեր, թե ինչպիսի ծանր տնտեսական վիճակում են այսօր գտնվում Մոլդովան, Ուկրաինան, երկրներ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն:
-Դա ձեզ համար է հստակ, իսկ ինձ համար հստակը հակառակն է: Մենք ներկայացրել ենք փաստաթղթեր Հայաստանի վիճակագրական ծառայությունից, մենք ցույց ենք տվել հարաբերակցությունը ԵԱՏՄ-ից դուրս այլ պետությունների հետ: Դուք հաստատում եք, եթե Հայաստանը փորձի ինքնիշխանություն, անկախություն ցուցաբերել մեր նկատամամբ իրականցվելու է տեռոր, այնպես, ինչպես իրականացվել է Մոլդովայի, Ուկրաինիայի նկատմամբ: Մենք էլ ասում ենք հետևյալը, եթե ԵԱՏՄ-ն մեզ հարկադրված է, եթե սա գաղութացում է, ասեք այդ մասին, որ իմանանք, ոչ թե փաթեթավորենք ռազմավարական գործընկերոջ փաթեթի մեջ:
Ասում եք՝ չեք ուզում լինել մի միության կազմում, որտեղ կան Բելառուսի, Ղազախստանի նման ադրբեջանամետ երկրներ: Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, գուցե վաղն էլ ԵԽ ԽՎ-ի՞ց դուրս գալու նախագիծ ներկայացնեք, չէ՞ որ այնտեղ էլ կան Ադրբեջանից կաշառված բազմաթիվ եվրոպացի խավիրասեր պատգամավորներ, որոնց ձեռքով կազմված կեղծ ու ադրբեջանահաճ բանաձևերը լրջագույն վտանգ են ստեղծել Հայաստանի ու Արցախի համար:
-Ես համաձայն չեմ այդ տրամաբանության հետ, դուք ինձ մի փաթաթեք այդ տրամաբանությունը:
-Իսկ ո՞րն է ձեր տրամաբանությունը՝ այսօր ԵԱՏՄ-ն լավը չէ, եկեք դուրս գանք, վաղն էլ կասեք մյուսն է վատը ու կրկին կառաջարկեք՝ եկեք դուրս գանք…
-Մեր տրամաբանությունն այդպիսին է, ու մենք այդպես ենք գտնում, որ էս ակումբից պետք է դուրս գանք: Այն ավանդույթները, որ 21 դարում կան այդ ակումբում՝ մեզ ձեռք չեն տալիս, մեզ ձեռք են տալիս այն ավանդույթները, որոնք կան Եվրոպայում, զարգացման ճանապարհ անցած Եվրոպայում, մենք կարիք չունենք նորից այդ ճանապարհն անցնելու և ուզում ենք սկսել այն կետից որտեղ Եվրոպան հասել է:
Հարցազրույցը վարեց ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն