Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Նորանկախ Հայաստանը պետք է հրաժարվեր Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ու իր քայլը պայմանավորեր Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

Սեպտեմբեր 21, 2017թ. 18:06
Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
ՄԱԿ-ի նստաշրջանում ելույթ ունենալով ՀՀ նախագահն անդրադարձավ հայ-թուրքական արձանագրություններին և հնչեցրեց շատերի համար սպասված հայտարարությունը, որ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանն այդ սին արձանագրությունները կհայտարարի առ ոչինչ ու 2018 թվական կմտնի առանց դրանց: Փաստորեն, Սերժ Սարգսյանը լինելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը միջազգային հանրությանը մեսիջ ուղղեց էջը փակելու մասին:
-Այո, այդպես էլ պետք է լիներ, ու այդ մեսիջը վաղուց է ուղարկված, որովհետև Թուրքիան չհարգեց սեփական ստորագրությունը: 2009 թվականի նախաստորագրելով Ցյուրիխյան երկու արձանագրությունները Թուրքիան միանգամից Հայաստանի նկատմամբ փոխեց իր վարվելակերպը՝ ճնշումներ բանեցնելով ու նախապայմաններ առաջարկելով:
Ակնհայտ է, որ ներկայումս Թուրքիան բացարձակապես ոչ մի ցանկություն չունի Հայաստանի հետ որևէ դիվանագիտական հարաբերություն հաստատելու, այսինքն՝ այդ արձանագրություններից հրաժարման գործընթացն արդեն ընթանում է: Եվ նախագահի ՄԱԿ-ում հնչեցրած հայտարարությունը ցույց է տալիս, որ այն հասնելու է իր տրամաբանական ավարտին:
Արձանագրությունների նախաստորագրումից հետո այս տարիների ընթացքում Թուրքիան անցավ մի մեծ ճանապարհ դեպի ավտորիտարիզմ, դեպի մարդու իրավունքների զանգվածային բացահայտ ոտնահարում, դեպի ժողովրդավարական իրավունքների սահմանափակում, դեպի Էրդողանի միանձնյա իշխանության հաստատում: Ըստ էության Թուրքիան այս տարիներին գնաց այնպիսի ճանապարհով, որ նման ընթացք որդեգրած պետության հետ որևէ հարաբերության հաստատում կարող է ոչ պատվաբեր համարվել հենց այդ երկրի համար, այդ թվում Հայաստանի: Տեսեք, թե ինչ է կատարվում Եվրոպայում, մի շարք եվրոպական երկրներ այսօր արդեն ուղղակիորեն երես են թեքում ավտորիտար Թուրքիայից:
-Անհեթեթ նախապայմաններ առաջ քաշելը  Սերժ Սարգսյանը համարեց Թուրքիայի ղեկավարության սխալը,   որոնք իրականում հակասում են արձանագրությունների տրամաբանությանը: Եվ դրան զուգահեռ, միջազգային հանրությանը կրկին իրազեկեց, որ Հայաստանը Ցեղասպանության ճանաչումը երբեք նախապայման չդարձրեց երկկող հարաբերությունները կարգավորելու համար:
-Թուրքիան Ցյուրիխյան արձանագրությունների տակ իր ստորագրությունը դնելն ուղղակիորեն կապեց Ադրբեջանի դիրքորոշման հետ՝ արցախյան հարցում: Թուրքիայի իշխանության այդ քայլը, իրոք, անհեթեթություն է: Թուրքիայի նման պետությունը, եթե մի բան ցանկանա անել, հասկանալի է, որ Ադրբեջանի հետ չի հաշվի նստելու: Դա ուղղակի Թուրքիայի համար պատրվակ է արձանագրությունները մի կողմ գցելու համար:
Այստեղ կա մի կարևոր հանգամք ևս: Երբ 1991-ին Հայաստանը հռչակեց իր անկախությունը, Թուրքիան ճանաչեց Հայաստանին ու հրաժարվեց նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ես կարծում եմ, որ Հայաստանը ևս պետք է հրաժարվել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց՝ իր քայլը պայմանավորելով Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Այսինքն, նախապայման դնող կողմը պետք է լիներ հենց մեր երկիրը: Սակայն Հայաստանը գնաց Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման ճանապարհով, մինչդեռ փորձը ցույց տվեց, որ այս տասնամյակներում Թուրքիան մեկ թիզ անգամ չհրաժարվեց իր նախապայմաններից, ասել է, թե Թուրքիան չի հրաժարվել Հայաստանին ճնշելու իր մտադրությունից: Այնպես որ, այս առումով շատ տրամաբանական է նախագահի հայտարարությունը:
Պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի ներկայիս վիճակը բնույթագրեց այսպես՝ ՙՙմութ շրջանի մեջ է՚՚, նաև նկատեց, որ ներկայիս Թուրքիայից որևէ ակնկալիք պետք չէ ունենալ, քանի դեռ այն չի դարձել ժողովրդավարական երկիր: Ասել է, թե հարկավոր չէ համագործակցության ինչ- որ հույսեր ակնկալել էրդողանյան Թուրքիայից:
-Այո, Կարո Փայլանի հայտարարությանը ես կավելացնեմ, մեզանում չկա ոչ մի հույսի նշույլ, որ Թուրքիայում կարող են ժողովրդավարական բարեփոխումներ տեղի ունենալ, հակառակը, Թուրքիան գնում է հակաժողովրդավարության ուղղությամբ: Մի պետություն, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Հայաստանի նկատմամբ շարունակում է կիրառել շրջափակում, երկկողմ հարաբերությունների հաստատման համար Հայաստանի առաջ դնում է նախապայմաններ, վերջապես նախաստորագրում է արձանագրություններ ու հետո դրժում իր իսկ ստորագրությունը, պարզ չէ՞, որ հարաբերությունների կարգավորման առումով ոչ մի հիմք չունենք այսօրվա Թուրքիայից: Նաև որպես պատմաբան ծանոթ լինելով Թուրքիայի քաղաքականությանը, նրա վավելակերպին, վստահաբար ասում եմ՝ այսպիսի Թուքիայից մենք սպասումներ չենք կարող ունենալ:
Եկող տարի ՄԱԿ-ը կնշի ՙՙՑեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին՚՚ կոնվենցիայի 70-ամյակը ու Հայաստանն այդ առիթով հանդես կգա նախաձեռնությամբ: Այս մասին նշվեց ինչպես Հայաստան- Սփյուռք համաժողովում, այնպես է ՄԱԿ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը: Ի՞նչ նախաձեռնության մասին է խոսքը:
-Նախաձեռնության բնույթն ինձ հայտնի չէ, սակայն որպես մասնագետ պետք է ասեմ հետևյալը, որ ՄԱԿ-ի այդ Կոնվեցիան, որի 70 ամյակը նշվելու է, ըստ էության քննադատվում է շատերի կողմից, որովհետև նրանում կան մի քանի կարևոր բացթողումներ: Կոնվենցիայում շրջանցվում է պետության պատասխանատվության հարցը ու այն դրվում է անհատների վրա: Սա շատ լուրջ բացթողում է: Երբ 70 տարի առաջ ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովում նախապատրաստվում էր հիշյալ Կոնվենցիան, հաձնաժողովն առաջարկում է դրանում ներառել պետության պատասխանատվության դերը, մինչդեռ ԱՄՆ-ը ու ԽՍՀՄ-ը դեմ են լինում առաջարկին՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է օգտագործվել իրենց դեմ: Այսինքն՝ զուտ քաղաքական պատճառներով պետության պատասխանատվության հարցը չի ներառվում Կոնվենցիայում:
Երկրորդ բացթողումը. կա Ցեղասպանության մի ձև, որն ամենցինիկն է, դա ժողովրդի ոչնչացումն է իր իսկ բնօրրանում, սա հայրենազրկող ցեղասպանություն է: Սակայն հայրենազրկումը որպես հատուկ Ցեղասպանության տեսակ ներառված չէ Կոնվենցիայում: Սա էլ հասկանալի է, որովհետև ՄԱԿ-ի հանձնաժողովն աշխատել է Լեմկինի Ցեղասպանության հայեցակարգի հիման վրա ու հետևել նրա խորհուրդներին, իսկ վերջինս որպես օրինակ ունեցան է հրեաների ցեղասպանությունը, ուր չկա հայրենազրկման գաղափարը: Մինդեռ հայերիս դեպքում այն գոյություն ունի և Հայրենազրկման արձանագրումը ՄԱԿ-ի Կոնվենցիայում մեզ համար շատ կարևոր հանգամանք է: Կարծում եմ, նոր տեքստում այդ հանգամանքը պետք է նշվի: Գուցեև Հայաստանի նախաձեռնությունը հենց այս առաջարկներին է վերաբերում:
Բավական ծավալուն անդրադառնալով արցախյան խնդրին, նախագահը, փաստորեն, շեշտադրեց կարգավորման երկու նախապայման՝ առաջին ՝ Ադրբեջանը պետք է ճանաչի, հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, երկրորդ՝ պետք է երաշխավորված լինի արցախահայության անվտանգությունը բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով:
-Դրանք ես կանվանեմ ոչ թե նախապայման, այլ արցախյան հիմնահարցի արդարացի լուծման ամենակարևոր հիմնադարույթներ: Եթե դրանք իրականացվեն, կարծում եմ, հնարավոր կլինի գտնել լուծման խաղաղ ճանապարհը:
Առաջարկված հիմնադրույթները միանգամայն ընկալելի են միջազգային հանրության կողմից : Կարծում եմ, շատ ճիշտ դիվանագիտական լեզու է օգտագործվում: Մեր ժամանակներում խիստ կարևորվում է անվտանգության ապահովումը: Ու շատ լավ է, որ մենք կարողանում ենք մեր հիմնախնդիրը ներկայացնել միջազգային հանրությանը նրա համար հասկանալի լեզվով: Այսինքն, սա ոչ թե տարածքային պահանջ է, ոչ թե պատմական իրավունքի վերականգնում է, իհարկե, որը ևս այստեղ առկա է, սակայն մենք դա ներկայացնում ենք ավելի ժամանակակից լեզվով, որպեսզի հասկանալի լինի միջազգային դիվանագիտական ու քաղաքական շրջանակների համար, ու սա ես համարում եմ ճիշտ մոտեցում:
Վերջերս իսլամական կոնֆերանսում Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը կոչ արեց սահմանափակել բոլոր տեսակի համագործակցությունները Հայաստանի հետ և թույլ չտալ իրենց տարածքով զենքի և ռազմական տեխնիկայի տարանցումը Հայաստան: Խեղաթյուրելով փաստերը Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել , թե այդ տարածքներով զենք է տեղափոխվում Հայաստան, մինչդեռ ճիշտ հակառակ գործընթացն է՝ զենք տեղափոխողը հենց Ադրբեջանն է, օրինակ՝ Պակիստանով:
-Իրոք, գործ ունենք Բաքվի հերթական կեղծարարության հետ: Մամեդյարովի հայտարարությունը կրկին փաստում է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված է կեղծիքի վրա: Նրանք մի բան գիտեն, որ ամեն ինչ պետք է կեղծեն ու լծված են այդ գործին: Դա նրանց ոճն է, որն այս տասնամյակներում դարձել է նրանց հաստատուն գործելոճը: Մյուս կողմից Ադրբեջանը հերթական անգամ Արցախի խնդրին փորձում է կրոնական երանգ հաղորդել: Դրանք ցինիկ ու կեղծարար բնույթ ունեն, որովհետև ամենևին իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Արցախի հիմահարցը քրիստոնեության ու իսլամի հակադրման հարց չէ, այն Արցախի ժողովրդի անվտանգության, նրա ինքնորոշման իրավունքի խնդիրն է, իր հողի վրա ազատ ապրելու արցախցու իրավունքն է:
Իսկ պատմական փաստերն ու ներկայիս իրողությունները հակառակն են ապացուցում, որ իսլամական ժողովուրդների միջավայրում ապրող քրիստոնյա հայ ժողովուրդը միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել իսլամական աշխարհի հետ ու մեծ հեղինակություն վայելել: 1917 թվականին մահմեդականների ղեկավարը հրաման է արձակում, որով նա բոլոր մահմեդականներին կոչ է անում օգնություն ցույց տալ եղբայրական հայ ժողովրդին: Այսօր ևս տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում ապրող մեր հայ համայնքները մեծ հարգանք ու հեղինակություն են վայելու թե սունիների, թե շիաների շրջանում: Այնպես որ, ադրբեջանական բարբաջանքները ոչ մի արժեք ունենալ չեն կարող:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն