Գլխավոր » Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ագրամունտը հեռանում է որպես կաշառակեր

Հուլիս 2, 2017թ. 21:00
Շիրակ Թորոսյան

Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ
ԵԽԽՎ ամառային նստաշրջանը կարելի է պատմական համարել. տասնամյակներ անց միայն եվրոպացիները համոզվեցին, որ կառույցի կանոնադրության մեջ պետք է ամրագրվի կետ, որը հնարավորություն կտա սկսել վստահությունը կորցրած ԵԽ ԽՎ պաշտոնյաների իմպիչմենտի գործընթաց: Նախադեպն Ագրամունտն էր: Կկարողանա՞ մեր պատվիրակությունն օգտվել այս փոփոխությունից ու ադրբեջանական խավիարով կաշառվածներին ԵԽ ԽՎ-ի դուռը ցույց տալ:
-ԵԽ ԽՎ կանոնադրության մեջ, իրոք, կատարվեց կարևոր փոփոխություն, եվրոպացիները նախկինում հաշվի չէին առել, որ կարող է լինել նման իրավիճակ, երբ անհրաժեշտ կլինի իմպիչմենտի գործընթաց սկսել ԵԽ ԽՎ ղեկավարի կամ ղեկավար կազմի որևէ անդամի նկատմամբ: Իսկ Պետրո Ագրամունտն անցավ չափ ու սահմանը, նա այլևս՝ ո՛չ իրավական, ոչ բարոյական, ոչ քաղաքական տեսանկյունից իրավունք չունի պաշտոնավարել: Երբ դեռ կանոնադրությամբ մեխանիզմ չէր նախատեսված նրան պաշտոնից հեռացնելու, այդ մարդը, եթե իր մոտ բարոյականությունն իսպառ չբացակայեր, գոնե ամոթից պետք է հեռանար զբաղեցրած պաշտոնից: Բազմիցս ականատես ենք, երբ եվրոպական որևէ բարձրաստիճան պաշտոնյա ընկնում է ինչ-որ սկանդալի մեջ, նրա առաջին քայլը լինում է ինքնակամ հրաժարական տալը, այլ բան է, որ դրանից հետո նա փորձում է կամ արդարանալ, կամ ստանձնել իր մեղավորությունը: Ագրամունտը ևս պետք է գլխիկոր հեռանար ու իր նման քայլով գոնե չայրեր բոլոր կառույցները, որպեսզի իր գնալուց հետո մտածեինք՝ այնուհանդերձ, նրա մեջ մի փոքր բարոյականություն, պատվախնդրություն, մի քիչ էլ արիություն կա, որ սեփական մեղքը գիտակցելով՝ հեռացավ: Բայց Ագրամունտն ինչպես ցինիկ է իր աշխատանքում, այդպիսի ցինկ պահվածք դրսևորեց ու մինչև վերջ կառչած մնաց աթոռին:
Հիմա կանոնակարգը փոխվեց ու նրա իմպիչմենտի գործընթացը կսկսվի աշնանը և նա այլևս ստիպված կհեռանա: Սա նաև, կարելին է ասել, գեղեցիկ նախադեպ է այն առումով, որ հետագայում կկանխվի կաշառակեր պաշտոնյաների կողմից այս կամ այն երկրի օգտին գործունեություն ծավալելը կամ լոբբինգ անելը: Մեզ համար, հատկապես, դա շատ կարևոր է, որովհետև դժբախտաբար, այսօր միջազգային հարաբերություններում ադրբեջանական խավիարական դիվանագիտությունը դարձել է գործոն: Եվ Պետրո Ագրամունտի հետ կատարվածը լուրջ ազդակ, նախազգուշացում կդառնա բոլոր այն պաշտոնյաների համար, ովքեր այս կամ այն կերպ չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը, օգտվելով ադրբեջանական խավիարից, կամ մեկ այլ երկրի կողմից տրամադրվող շահագրգիռ միջոցներից, կարող են այդ կերպ ազդել միջազգային գործընթացների արդարության վրա: ԵԽ ԽՎ մեր պատվիրակությունն օգտվելով կանոնադրական փոփոխությունից, այո, պետք է աշխատի նմանների դեմքը բացահայտելու ուղղությամբ:
-Սակայն կա մի հանգամանք, որը չպետք է աչքաթող անել. ԵԽ ԽՎ-ն Ագրամունտին չպատժեց կոռումպացված, խավիարասեր լինելու համար: Հակառակը, ԵԽ ԽՎ պատվիրակներն անտարբեր էին հայկական պատվիրակության ելույթների, արևմտյան զլմ-ների հոդվածների հանդեպ, որոնք փաստում էին Ագրամունտի կաշառակեր լինելը: ԵԽ ԽՎ-ն պատժել նրան միայն այն ժամանակ, երբ ռուսական կողմի հետ մեկնեց Սիրիա ու հանդիպեց Բաշար Ասադին: Սա չի՞ հուշում եվրոպական այս կառույցում առկա երկակի, եռակի չափանիշների մասին:
-Դա, իհարկե, ցավալի է. տևական ժամանակ է, այո, մեր պատվիրակությունը ԵԽ ԽՎ-ում անընդհատ բարձրաձայնում է Ագրամունտի շահախնդիր մոտեցումների ու խավիրական դիվանագիտության մեջ նրա ներքաշված լինելու մասին: Այդ հարցը չնայած եվրոպական բարձր կառույցում դարձավ քննարկման թեմա, բայց գործը չհասավ նրա իմպիչմենտի պահանջին: Իհարկե, դա մտահոգիչ է, այդտեղ մենք մտածելու բան ունենք, այն իմաստով, որ մի կողմից էլ ավելի ակտիվ պիտի գործենք, մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի այլևս չլինեն ի վնաս մեզ աշխատող նման դեպքեր: Մյուս կողմից էլ սրանում կա երկու մխիթարանք: Առաջին, ապացուցվեց հայկական պատվիրակների փաստարկների ճշմարտացիությունը, որ Ագրամունտն իսկապես կաշառակեր է, որ նա կոնկերտ շահերի տիրույթում զբաղված է լոբբինգով, ինչն անթույլատրելի, հանցանք պարունակող գործողություն է: Երկրորդ, մեզ համար կարևոր է այն, որ Ագրամունտն, այնուհանդերձ հեռանում է որպես կաշառակեր. նա Սիրիա է մեկնել ոչ որպես զբոսաշրջիկ, ոչ էլ հատկապես Դամասկոսի կամ Հալեպի փլատակներն էին նրա մեջ մարդասիրություն առջացրել՝ գնալ, տեսնել, թե ի՞նչ ողբերգություն է կատարվում այդ երկրում: Ագրամունտը Սիրիա էր գնացել զուտ շահադիտորեն:
– Այս անգամ էլ կաշառվելով ռուսներից:
-Ինչը չներվեց Ագրամունտին: Ստացվում է, որ գլոբալ քաղաքականության հարթության մեջ եվրոպացիները պատժեցին Ագրամունտին, իսկ երբ նա արցախյան հակամարտության մեջ պրոադրբեջանական դիրքորոշում դրսևորած կաշառակեր պաշտոնա էր՝ աչք փակեցին ու ներեցին նրա վարքագիծը: Այ, սա է ցավալի:
Հետևաբար, սրանից հետո մենք պետք է խոսենք ոչ միայն կաշառակեր պաշտոնյաների վարքագծից ու նման երևույթների կանխման մասին, այլև այն մասին, որ եվրոպական արժեքները պետք է հավասարաչափ տարածվեն բոլոր դեպքերի վրա, ու չպետք է լինեն երկիմաստ, կամ երկակի: ԵԽԽՎ-ում և առհասարակ միջազգային բոլոր կառույցներում աշխատող մեր պատվիրակների առաջնահերթ խնդիրը պետք է լինի այն, որ կարողանանք ստեղծել միջավայր, ուր բոլոր երևույթներին կտրվի նույնատիպ գնահատական:
Ադրբեջանական պատվիրակությունը կրկին օգտագործեց ԵԽ ԽՎ հարթակն ու հայտարարեց, թե Հայաստանը ահաբեկչական երկիր է, իսկ ահաբեկչությունը դեպի Եվրոպա տարել են հայերը: Ադրբեջանցիների նմանանտիպ անմիտ ելույթները մեզ չեն զարմացնում, զարմացնողը, սական, հայկական պատվիրակության լռությունն էր, հակահարված չտալը: Եվ դա այն դեպքում, երբ անվերջ խոսում ենք խորհրդարանական կառավարման անցման պայմաններում միջազգային կառույցներում աշխատող մեր պատվիրակների կողմից կազմակերպված, նախահարձակ, նախաձեռնողական քաղաքականություն իրականացնելու մասին:
-Կատարվածի մանրամասներին տեղյակ չեմ, մեր պատվիրակները կվերադառնան, կլսենք նրանց, կհասկանանք, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել: Սակայն պետք է ասեմ հետևյալը: Այո, խորհրդարանական դիվանագիտությունը շատ կարևոր հարթակ է երկրի պետական արտաքին քաղաքականության՝ պաշտոնական, ժողովրդական, ինչ-որ տեղ նաև կուլիսային դիվանագիտության իրացման գործում: 2018-ի ապրիլին մենք վերջնականապես կդառնանք խորհրդարանական երկիր ու խորհրդարանի դերն ահռելի չափով կմեծանա երկրի թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ: Բնականաբար, խորհրդարանական դիվանագիտությունը ևս պետք է համարաժեք իր դրսևորումներն ունենա: Դրա համար հարկավոր է, որ մեր արտաքին քաղաքականությունն ունենա համատեղ մշակված մեկ աղբյուր, մեկ փաստաթուղթ, որը դրված կլինի սեղանին որպես ուղեցույց: Դրանից կսնվի և ԱԳՆ-ն, և խորհրդարանն ու մնացած կառույցները, պաշտոնատար անձինք, որոնք այս կամ այն ձևաչափով առնչվում են դիվանագիտությանն ու արտաքին քաղաքականությանը:
Խորհրդարանական դիվանագիտության հարթության մեջ մենք պետք է լրջագույն աշխատանք ծավալենք՝ նպաստելով մեր երկրի արտաքին քաղաքականության կատարելագործմանը: Պետք է հանդես գանք միասնական մոտեցումներով ու լինենք ակտիվ: Այդ դեպքում կբացառվեն նաև նման իրավիճակները: Ես կարծում եմ, որ մեր պատվիրակությանը կհաջողվի ուժերի ներածին չափով աշխատել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն