Գլխավոր » Politics, Լրահոս

Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները չեն ընկալվում

Հունիս 27, 2017թ. 19:36
Րաֆֆի Հովհաննիսյան

Հարցազրույց քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐԱՅԱՆԻ հետ
-ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը կուսակցության համագումարում մատնանշեց իրենց գործողությունների երկու ուղղություն. առաջինը թավշյա հեղափոխությունն է, որը նա անվանեց սահմանադրական հեղափոխություն: Սա համարենք զուտ Հովհաննիսյան գործիչին բնորոշ օդի մեջ հնչող հայտարարություն, թե՞ Հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտերում կան թավշյա հեղափոխության տրամադրություններ:
-Անշուշտ, նման տրամադրություններ մեր հասարակության մոտ չկան: Իսկ թե ինչո՞ւ է Հովհաննիսյանը նման հայտարարություն հնչեցնում՝ պատճառը շատ պարզ է: ՕՐՕ դաշինքը Ազգային ժողովի ընտրություններում ստացած քվեների արդյունքում հայտնվեց քաղաքական լուսանցքում ու, կարելի է ասել, հեռացավ քաղաքական ասպարեզից: Ստեղծված իրավիճակում որպեսզի չկորցնի վերջին 10 տարիներին քաղաքական դաշտում ՙԺառանգության՚ ունեցած ձեռքբերումները, նաև այն, որ երկու ընտրությունների արդյունքում կուսակցությանը հաջողվել է խորհրդարանում ունենալ խմբակցություն, չնայած իր ոչմիասնականությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է նման հայտարարություններով ինչ-որ ակտիվություն մտցնել թե՜ ՙԺառանգության՚ կյանքում, թե՜ առհասարակ քաղաքական դաշտում: Այսինքն, նրա հաշվարկները՝ հեղափոխության առումով՝ ճիշտ չեն: Մի կողմից ՝ ՏԻՄ և համապետական ընտրություններից հետո այսօր երկրում քաղաքական առումով պասսիվ շրջան է: Մյուս կողմից, անկախ Հայաստանի պատմության 25 տարիները ցույց են տվել, որ ամառային ամիսները մեզ մոտ հանգիստ են անցնում, իհարկե, չհաշված մեզանում 2016-ին ամռանը տեղի ունեցած բացառիկ ծայրահեղական դրսևորումանը: Այնպես որ, քաղաքական դաշտում լուրջ տեղաշարժեր, վերադասավերումներ, նոր գործընթացներ տեղի չեն ունենալու: Հովհաննիսյանի հաշվարկն այն է, որ այս հանգիստ սեզոնին կփորձի իր ձայնը լսելի դարձնել, իսկ աշնանը իհայտ կգա այլ բառապաշարով:
-Նա այս անգամ արդեն իսկ շրջանառեց այդ նորը՝ ՙսահմանադրական հեղափոխություն՚ եզրույթը, միաժամանակ նկատելով, որ այն Հայաստանում երբևէ տեղի չունեցած երևույթ է: Իսկ ի՞նչ ասել է սահմանադրական հեղափոխություն:
-Այդ եզրույթը օգտագործել են քաղաքական տեսաբանները, սակայն աշխարհը դեռ նման բան չի տեսել, որևէ երկրում նման հեղափոխություն տեղի չի ունեցել, այդ թվում և Հայաստանում: Թերևս աշնանը Հովհաննիսյանը փորձի մեկ այլ նոր եզրույթով հանդես գալ: Իսկ այսօր հայ իրականության մեջ ոչ սահմանադրական, ոչ էլ մեկ այլ հեղափոխության տրամադրություններ չկան:
Մեր երկրում մեկը մյուսի հետևից տեղի ունեցան մի քանի ընտրություններ՝ ՏԻՄ, Ազգային ժողովի, Երևանի քաղաքապետ, ու մեր հասարակությունը, քաղաքական ուժերը նախ սրա արդյունքները պետք է մարսեն: Բայց կա մեկ այլ հանգամանք, եթե այս ամիսներին որոշակի դրական տեղաշարժեր չգրանցվեն կառավարության ծրագրերի իրականացման ուղղությամբ, եթե հասարակությունն իր կաշվի վրա չզգա դրականը, միգուցե, եթե ոչ հեղափոխական, ապա այլ լուրջ գործընթացների ականատեսը կլինենք: Բայց դա արդեն ամենևին չի կապվի ո՜չ ՕՐՕ դաշինքի, ո՜չ էլ մեկ այլ ընդդիմադիր ուժի, ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ի գործունեության հետ: Դա կլինի զուտ ժողովրդի դժգոհությունը, որի կողքին թերևս կփորձեն կանգնել խորհրդարանական ընդդիմադիրները, չնայած դա էլ առանձնապես սպասելի չէ:
-Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ իշխանազավթման կամ փողոցային պայքարի հարմար առիթ կդառնա 2018-ի ապրիլն ու Սերժ Սարգսյանի կողմից կայացվելիք որոշումը՝ մնալ իշխանության մե՞ջ, թե տեղափոխվել կառավարություն: Այսինքն, ՙԺառանգության՚ լիդերը փորձում է այս հարցի շուրջ սրել քաղաքական ինտրիգը ու իր հին, մաշված օրակարգով վերստին առաջարկում լայն կոնսոլիդացիա՝ ընդդիմադիր մեծ ճակատի ձևավորում: Դա հնարավոր համարում ե՞ք:
-Նախ, կարծում եմ, որ 2018-ի ապրիլի հետ կապված նման տրամադրություններ տարածելը, սրելը արհեստականորեն է արվում, փորձում են այդտեղ բաց տեղ գտնել ու ժողովրդի տրամադրությունը չափել: Բայց մինչև 2018-ի գարունը դեռ աշուն կա, և կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնց մի ահռելի հատվածը տեղ են գտել կառավարության ծրագում: Հիմա ժողովուրդը սպասում է կառավարության ծրագրի կատարմանը: Կրկնում եմ, եթե մարդիկ տեսնեն որոշակի դրական քայլեր, գործնական ընթացք, բնականաբար, 2018-ին Հովհաննիսյանի ցանակալի ՙիշխանազվթումը՚ կամ ՙսահմանադրական հեղափոխությունը՚ տեղի չի ունենա, հասարակությունը դրան այլևս լուրջ չի վերաբերվի, քանի որ նրան այսօր հարկավոր է երկրում արդարության հաստատում ու ավելի բարեկեցիկ կյանք:
Ինչ վերաբերվում է ընդդիմադիր ճակատի ձևավորմանը, ապա նման միավորում ես դեռևս չեմ տեսնում և դա պայմանավորված է մի շարք օբյեկտիվ պատճառներով: Նախ, արտախորհրդանական ուժերին մեր հասարակությունն ուղնուծուծով ճանաչում է, շատ լավ գիտի նրանց անցած ուղին, նրանց արած ու չարած գործերը: Էլ չեմ ասում, որ նրանց մեջ կան ուժեր, որոնք ժամանակին իշխանություն են եղել: Այս ամենը ծանրութեթև անելով հասարակությունն իր վստահության քվեն տվեց այն ուժերին, որոնք այսօր տեղ են գտել խորհրդարանում: Իսկ մյուսների՝ արտախորհրդարանականների պարագայում կասեմ հետևյալը, չկա այն անձը կամ քաղաքական ուժը, որը նպատակասլաց է, ունի հստակ տեսակետներ, գաղափարախոսություն, համախմբված է ոչ թե ինչ-որ անհատների, այլ գաղափարների շուրջ՝ հանուն Հայաստանի ու հայության: Նրանցից ոչ մեկի ծրագրում չենք տեսնի նման ձևակերպում: Օդի մեջ խոսքեր են հնչեցնում, որոնք անգամ վարորդները ձեզ կարող են ասել: Արտախորհրդարանականներն ի՞նչ նոր բան են ասում, որ չի ասում իշխանությունը, ի՞նչ գործնական ուղի են առաջարկում, որ չի անում իշխանությունը, ի՞նչ հարցեր են հնչեցնում, որ չեն բարձրացվում ԱԺ խմբակցություններում կամ օրենքներ ընդունելիս հաշվի չեն առնվում. սա է ողջ խնդիրը:
Սրանով հանդերձ, արտախորհրդարանական ուժերի մեջ չկա նաև այն սրտացավ ուժը, որը մի կողմ կթողնի իր ամբիցիաներն ու կլծվի հանունին և հանդես կգա կառուցողական ընդդիմության տեսանկյունից: Սա է, որ մեր ժողովուրդն այսօր չի տեսնում, սա է, որ իրականում բացակայում է:

Ի դեպ, ՕՐՕ-ի մյուս երկու լիդերները՝ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանն արտահայտեցին իրենց անհամանաձայնությունը Հովհաննիսյանի առաջարկներին: Օսկանյանն անկեղծորեն նկատեց, որ իր համար պարզ չէ կոնսոլիդացիայի սցենարը, իսկ Օհանյանը 2018-ի ապրիլը թավշյա հեղափոխության վերածելու գաղափարին այսպես հակադարձեց.<< Ես չգիտեմ, թե ո՞վ է լինելու կառավարությունում, ո՞վ է լինելու իշխանությունում, ինձ համար դա մեկ է, կարևորն այն է, որ իշխանությունը համապատասխան գործունեություն ծավալի ու մեր երկիրն առաջ ընթանա>>: 

-Այո, իրոք, այդ հակադրումն ակնհայտ է և դա նորություն չէ: ՕՐՕ դաշինքում չկա միավորող գաղափար: Այդ երեք անձինք անցյալում ունենալով լուրջ դերակատարում, երկուսը եղել են նախկին ԱԳ նախարարներ, մեկը՝ ՊՆ նախարար, երբևէ միասնական դիրքորոշում չեն ունեցել, նրանց անցած ուղում չեք գտնի գեթ մեկ դեպք, որ այս երեքը միակարծիք լինեն պետական կամ աշխարահաքաղաքական հարցերի շուրջ: Այնպես որ, նրանք չունեն միասնական գաղափարներ, նրանց մոտ բացակայում է նաև միասնական պայքարի գաղափարը: Կան շատ նուրբ թելեր, որոնք աննշան քամուց պետք է պոկվեին ու արդեն երևում է, որ դա իրականություն է դառնում: Արհեստականորեն, զոռբայությամբ, ձևականորեն չեն կարող երկար ճանապարհ գնալ, որքան էլ ուզում են արտաքուստ ցույց տալ, թե ներսում կա համախմբում, բայց իրականում այդպես չէ, նրանց մեջ ոչ կուռ համակարգ կա, ոչ միասնություն, փոխարենը կա տարբեր մտածելակերպ: Այս ամենին գումարվում է նաև այն, որ Րաֆֆի Հովհաննիսյան քաղաքական գործիչը այսօր կարող է մի բան ասել, իսկ վաղը զարթնել ու բոլորովին այլ բան անել: Եվ սա բոլորին է հայտնի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն