Գլխավոր » Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

ՊԵԿ-ի ագրեսիվ քաղաքականությունը կարող լինել նաև երկսայր սուր

Ապրիլ 7, 2017թ. 17:15
Ատոմ Մարգարյան

Հարցազրույց տնտեսագետ, փորձագետ, ՀՊՏՀ դոցենտ ԱՏՈՄ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ

-Խորհրդարանական ընտրություններից հետո երեկ կայացավ կառավարության առաջին նիստը, ու շատերի ուշադրությունը գրավեց  վարչապետ Կարապետյանի  այն հայտարարությունը, թե այսուհետ աշխատելու են արտակարգ ռեժիմով: Դա թելադրված է երկրում առակա իրավիճակո՞վ:

-Սովորաբար տնտեսության մեջ արտակարգ ռեժիմները ճգնաժամերի դեպքում են հայտարարվում: Իսկ ճգնաժամային ռիսկերը կարող էին կապված լինել խորհրդարանական ընտրությունների  հետ՝ պայմանավորված հետընտրական ցնցումներով: Սակայն այսօր մեզանում նման բան չենք տեսնում, չկա ֆորսմաժորային իրավիճակ: Հետևաբար, կառավարության ղեկավարի խոսքի պատասխանը պետք է մեկ այլ տեղ փնտրել: Որքան հասկանում եմ, վարչապետ Կարապետյանը դրանով պարզապես դրական լիցք հաղորդեց ու արդյունավետ աշխատանքի մղելու առաջարկ արեց իր թիմին: Այլ բան պետք չէ փնտրել ասվածում:

-Ֆինանսների նախարարը որպես լավ լուր հայտարարեց, թե  առաջին եռամսյակում հարկային եկամուտների աճ է արձանագրվել, այսինքն՝  1 տրիլիոն 135 միլիարդ դրամի ծրագիրը  գերակատարվել է 11,5 մլրդ ՀՀ դրամով, և դա արվել է շնորհիվ <ՊԵԿի գործընկերների բավականին ագրեսիվ> քաղաքականության:  Սա չունի՞ իր վտանգները, այսինքն՝ ՊԵԿ-ի ագրեսիան չի՞ կարող նաև երկսարյր սուր դառնալ:

 -Նախ ասեմ, որ 11,5 մլրդ դրամով  գերակատարումը սպասելի ցուցանիշ է, արդեն վեց ամիս է, որ կառավարությունը գործի է դրել այդ ծրագրերը  ու արդյունքներն ակնհայտ են, հատկապես, ստվերի դեմ պայքարի համատեքստում: Այն, որ մեր տնտեսությունը լուրջ խնդիր ունի ու ստվերն աքիլլեսյան գարշապար է դարձել մեզ համար, որ հսկայական եկամուտներ թաքցվում են՝ ակնհայտ է: Իսկ 10, 5 տոկոս աճն  այնքան էլ շատ չէ անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ համեմատությամբ , կարծում եմ, էլ ավելի ռեզերվներ կան: Բայց պետք է շատ, ինչպես ասում են, ոտնակին չսեխմել  բիզնեսը  հարկային դաշտ բերելու համար: Պետք է դրան զուգահեռ նաև իրականացնել որոշակի միջոցառումներ՝ հարկային բեռը թեթևացնելու, բարեխիղճ հրակատուներին չնեղացնելու համար, որովհետև պետությունը երբ սեխմում է, հարկային ճնշումը մեծացնում է ու հնարավոր է, որ տուժեն նաև օրինական դաշտում գործող բարեխիղճ հարկատուները: Այո, ՊԵԿ-ի ագրեսիվ քաղաքականությունը կարող լինել նաև երկսայր սուր և ես այստեղ ունեմ որոշ  մտահոգություն:  Ընդհանրապես, ագրեսիվություն պետք է լինել անբարեխիղճ  հարակատուների նկատմամբ, բայց մյուս կողմից պետք է վերին աստիճանի բարյացակամ լինել բոլոր այն գործարարների նկատմամբ, ովքեր առանց ՊԵԿ-ի ստուգումների էլ կատարում են իրենց պարտավորությունները: Այնպես որ, սրանք երկու տարբեր իրավիճակներ են:

Մեր տնտեսության  գերխնդիրը մի կողմից չվճարումներն են, անբարեխիղճ հարկատուների օպորտունիստական վարքագիծն է՝ խուսանավելու, լեզու  գտնելու , գրել՝ կիսվելու ու նման  հազար ու մի մեթոդները, բայց մյուս կողմից կա հարկային բեռի խնդիր: Ուրեմն, այստեղ հստակեցման անհրաժեշտություն կա, հատկապես,  աճի մեծ ներուժ ունեցող սկսնակ բիզնեսի հարցում, որը կապված է start up-երի, ներդրումների հետ, ու պետք է որոշակի վերանայում լինի հարակային  քաղաքականության մեջ: Այստեղ, կարծում եմ, ագրեսիվության մասին խոսք չի կարող լինել, հակառակը, պետք են փոխզիջումներ, որոշակի արտոնություններ, որպեսզի կառավարության կողմից ներդրումների մասին տրված խոստումները հնարավոր լինի իրականացնել: Ուրեմն, հարկային լծակը չափազանց զգուշությամբ և նպատակային պետք է օգտագործել: Միայն գանձումներով բյուջե լցնելը, ուրագի սկզբունքով առաջնորդվելը չի կարող երկարաժամկետ հաջողությու բերել: Իսկ այս կառավարությունը, հատկապես, վարչապետ Կարապետյանը երկարաժամկետ ծրագրեր ունի և քաղաքականությունն էլ պետք է լինի հավասարակշռված:

Քարոզարշավի ընթացքում վարչապետը հաճախ էր խոսում օպտիմալացման մասին, ոմանք նկատեցին, թե ի տարբերություն մյուս ուժերի, ՀՀԿ վարչապետը պոպուլիզմով չի զբաղված, հակառակ դեպքում նման ոչ ժողովրդահաճո հայտարարություն չէր անի: Կարծում եք պե՞տք է, այսուհետ ևս օպտիմալացման գործընթացը շարունակվի:

-Օպտիմալացման դրույթն ամրագրված է կառավարության ծրագրերում, այն  երկարաժամկետ ռազմավարություն է և ես կարծում եմ, որ բխում է օբյեկտիվ  իրողություններից: Այս կառավարությունն այլընտրանք չունի իր ուռճացած ծախսերը և, հատկապես, պետական կառավարման ոլորտին վերաբերողները օպտիմանացնելու, համահունչ դարձնելու այն իրավիճակին, որում գտնվում է մեր երկիրը:  Այդ տեսանկյունից հետընտրական շրջանը խիստ բարենպաստ է: Ես հույս  ունեմ, որ անցած տարվա  դեկտեմբերին որոշակիորեն կասեցված գործընթացները,   մասնավորաբար, ՊՕԱԿ-ների, ԾԻԳ-երի, նաև գործադիր իշխանության կենտրոնական ապարատների մասով  կվեսկսվի: Իհարկե, այդ ամենը պետք է արտացոլվի նոր ձևավորվելիք կառավարության ծրագրերում ու ընթանա հավասարակշռված, ողջամիտ մոտեցումների շրջանակում:

-Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, թե այս տարվա բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը  <<մեր թիմի ամբիցիան չէ, մեր թիմի ամբիցիան շատ ավելի բարձր տնտեսական աճն է: Մենք միջնաժամկետում հավակնում ենք ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ>>: Նշմարվո՞ւմ են այն  քայլերը, որոնք հուշում են, որ կառավարությունը կարող է հասնել ավելիին:

Իհարկե, մեծ հաշվով այդ 3,2 տոկոս աճը իրավիճակից բխող արձանագրում է, որովհետև կան ռիսկեր, հատկապես, պայմանավորված արտաքին գործոններով ու մասնավորաբար՝ ռուսական շուկայից եկող ռիսկեր կան: Այնպես որ, դրանք հաշվի առնվելով է, որ կառավարությունը կանխատեսեք 3,2 տոկոս տնտեսական աճ: Բայց մյուս կողմից, եթե ներքին ռեսուրսների վերախմբավորումլինի, բարձրացվի հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետությունը,  ապա, բյուջեի եկամուտները կավելանան ու պետությունը կկարողանա խթանել տնտեության զարգացումը, աճը:  Սա մակրոտնտեսական օրինաչափություն է: Եվ իհարկե, այսպես կոչված՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը ոչ այս տարվա վերջին, բայց եկող տարում կարող  է դրսևորվեր, և մենք կարող ենք ունենալ 4,5 տոկոս,  5,5-ից մինչև 7 տոկոս տնտեսական աճի ակնկալիք: Այսինքն, եթե պետության ծախսերն աճում են, ապա  աշխատում է այդ մուլտիպլիկատիվ էֆեկտը: Երկրորդ, եթե հաջողվի ակտիվացնել մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերը, դա ևս կլինի տնտեսական աճի հավելյալ խթան: Դատելով այս ամենից, անհիմն չեն այդ  ակնկալիքները, անհիմն չէ Վարդան Արամյանի ամբիցիան: Մանավանդ որ, քաղաքական գործոնները բարենպաստ են, և առաջիկայում կնպաստեն կառավարության ծրագրերի իրականացմանը:

-Այս ամենն հաշվի առնելով կարող ե՞նք ասել, որ այն հայտարարությունները, թե գործադիրի ծրագրերը իրատեսական չեն, մասնավորաբար՝ ներդրումների հետ կապված, զուտ  քաղաքական ենթատեքստ ունեն:

– Նախընտրական ու հետընտրական շրջաններում շատ բնական է այդ կարգի հայտարություններ լսելը: Իհարկե, դրանք քաղաքական են և որոշակի պոպուլիստական բաղադրիչ ունեն իրենց մեջ: Սակայն թվերը՝ վիճակագրությունն ու  իրողությունները չեն սիրում քաղաքական երանգներ: Թվերի հետ պետք է հաշվի նստել, ու առաջանորդվել  վիճակագրությամբ: Խորհուրդ կտամ՝  քաղաքականությունը թողնել քաղաքական գործիչներին, իսկ  տնտեսությունը գործարարներին և  տնտեսական որոշումներ կայացնող անձանց:

-Վերջերս հայտարարվեց,  թե Հայաստանի արտաքին պարտքը նվազել է, ինչի՞ հետևանք է այն:

-Արտաքին պարտքի հարցում մեզանում երբեմն կա թյուր ընկալում  և մեկնաբանություն: Անվերջ խոսում են այն մասին, թե պարտքն ահռելի չափերի է հասել, այդպես չէ, քանի որ մասնագիտական գնահատականները բոլորովին այլ բան են հուշում:  Սակայն ըստ ցուցանիշների, մեր տնտեսությունը արտաքին պարտքի մասով գտնվում է միջին ծանրություն ունեցող երկրների շարքում: Տեսեք, պարտքը բնութագրող կարևոր ցուցանիշ է այդ պարտքի ներկա արժեք-ՀՆԱ հարաբերակցությունը, նվազ պարտքի բեռ ունեցող երկրների առավելագույն շեմը 48 տոկոս է, իսկ մեր հանրապետության ցուցանիշը՝ 2016-ի տվյալներով կազմում է 38 տոկոս: Հետևաբար, Հայաստանը  հանդիսանում է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:   Կան էլի մի շարք նման ցուցանիշներ, որոնց  համաձայն ևս Հայաստանը գտնվում է նվազ պարտք ունեցող  երկրների ցանկում:

Այս  խնդիրը հստակ ձևակերպված է այս տարվա բյուջեյով: Կառավարությունը դիտարկում է պարտքի կառավարելի ու  կայունություն ապահովող սցենար և չի որդեգրել պարտք վերցնելու կամ այն ավելացնելու քաղաքականություն, ինչպես դա անում էին նախորդները, հատկապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Եթե այն բնորոշ էր ճգնաժամի ու հետճգնաժամային փուլին, ապա այսօր այդ սցենարը չկա, ներկայումս իրավիճակն այլ է, ոչ թե պետք է պետությունը պարտք վերցնի ու դրանով լուծի տնտեսական խնդիրներ, այլ պետք է գնա մասնավոր հատվածի ներդրումների ավելացման ճանապարհով: Սա է տնտեսական զարգացման ու աճի ուղին, ինչն էլ անում է ներկայիս կառավարությունը: Այնպես որ, պարտք վերցնելու հարցում մեր կառավարությունն այսօր բավականաչափ զուսպ է:

Հաջորդը,  բյուջեյի մուտքերի ավելացումը փաստում է այն մասին, որ կառավարության վճարունակությունը բարձրացել է:

Եվ վերջապես, կա մի ցուցանիշ, որը կոչվում է արտաքին պարտքի զուտ ներկա արժեք, դա նշանակում է, որ պարտքը կարող է նաև էժանանալ: Այսպես, եթե մենք այսօր ունենք 1000 դրամ , ինչը պետք է վճարենք 30 տարի հետո, այդ 1000 դրամը շարունակում է աշխատել մեզ համար, և մենք զգալիորեն ավելի քիչ գումար ենք վճարելու 30 տարի անց, քանի որ զուտ ներկա արժեքը որոշակիորեն կարող է նվազել, ինչի հետ մենք հիմա գործ ունենք: Մեր արտաքին պարտքի 80 տոկոսից ավելին երկարաժամկետ ցածր տոկոսներով՝ մինչև 2 տոկոս տարեկան տոկոսադրույթով վարկեր են, հենց սրա հաշվին էլ կարող է արտաքին պարտքի զուտ  ներկա արժեքը նվազել:

-Կառավարության հետաքրքիր նորամուծություններից  մեկը անցած տարվա ավարտին ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն էր, իսկ մյուսը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը»: Առաջինի գործունեության արդյունավետությունը  կարող ե՞նք արդեն գնահատել, և ի՞նչ հույսեր ունեք երկրորդի հետ կապված:

– Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը պոտենցիալ ներադրողների հետ բանակցային գործընթաց նախաձեռնելու, նաև նոր ներդրողներին հնարավորություններ տրամադրելու, երկրի հնարավորությունները ներկայացնելու հարթակ է: Այո, կարելի է այդ կենտրոնի արածը գնահատել՝ դատելով մշակված ու սեղանին դրված ծրագրերից, որոնք իրականացվելու են տարվա ընթացքում: Ասվում է, որ արդեն կան մինչև տարեվերջ իրականացվելիք 850 մլն դոլարի նախագծեր, որոնց կեսը՝ 40-ը, իրատեսական ծրագեր են:

Իսկ երկրորդը՝ «Հայաստանի ներդրողների ակումբը» կաշխատի ռուսական կամ սփյուռքյան ներդրումների ներգրավման ուղղությամբ: Եվ  դա մեծ հաշվով պայմանավորված կլինի նրանով, թե ինչպիսի՞ քաղաքականություն կվարի  ընտրությունների արդյունքում ձևավորվելիք նոր կառավարությունը՝ կոալիցիո՞ն, թե՞ ոչ կոալիցիոն: Արդյոք կպահպանի՞ այն խոստումները, որոնք առաջարկվել են պոտենցիալ ներդրողներին՝ կոնկրետ ոլորտներում, կոնկրետ գումարներ ներդնելու համար: Իսկ ներդրողները հիմնականում մեր հայրենակիցներն են, որոնք շատ լավ  ճանաչում են մեր երկիրը: Այստեղ կա նաև հայրենասիրականբաղադրիչը և ես կարծում եմ, որ սա իր հերթին կխթանի շատ ծրագրերի իրականացմանը:

 ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՅԱՆ

 

 

 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, TOP, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն