Գլխավոր » TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Կոալիցիա չենք կազմի, բայց կաջակցենք երկրի շահերից բխող առաջարկներին

Ապրիլ 5, 2017թ. 22:14
մանե թանդիլյան

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն ՙԵլք՚ դաշինքը ստացավ 122 հազար 49 ձայն, այսինքն ընտրությանը մասնակցած ընտրողների 7.78 տոկոսը: Այսպիսով, 6-րդ գումարման Ազգային Ժողովում ՙԵլք՚-ը կլինի երրորդ քաղաքական ուժը և կունենա 9 պատգամավոր խորհրդարանում:

Զրուցեցինք ՙՙԵլք՚՚-ի անդամ, նորընտիր խորհրդարանի պատգամավոր ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ
-Այս ընտրություններում ավանդական որոշ ընդդիմադիր ուժեր պարտվեցին, փոխարենը, խորհրդարան մտավ մի ուժ, նոր ընդդիմություն ՙԵԼՔ՚-ը: Շնորհիվ ինչի՞ ձեռք բերվեց ձեր հաղթանակը:
-Հաղթեցինք շնորհիվ այն կարևոր հայեցակարգային հարցերի, որոնց մասին խոսել ենք թե՜ քարոզարշավի ընթացքում, թե՜ մինչ այդ: Խոսքս, նախ քաղաքական որակյալ սերնդափոխության մասին է, և երկրորդ, փոքր ռեսուրսներով, խելացի քարոզարշավի իրականացման մասին, ինչը մենք իրականացրինք: Իհարկե, ակնկալում էինք փոքր-ինչ այլ արդյունք, բայց այն ֆինանսական ու վարչական ռեսուրսը, որն օգտագործվեց խորհրդարան անցած ուժերի կողմից դա թույլ չտվեց: Այնպես որ, նման պայմաններում մենք ուղղակի փառահեղ արդյունք գրանցեցինք: Հիմա մենք ավելի մեծ գործ ունենք անելու, որպեսզի նմանատիպ ռեսուրսների դեմ պայքարենք գաղափարով, մարդկային արժեքներով: Համոզված ենք՝ միայն դա կարող է նպաստել Հայաստան պետության կայացմանը:
Պարտություն կրած ՙՙԱզատ դեմոկրատներ՚՚-ի թեկնածու Ստյոպա Սաֆարյանն ասում է, թե 4 քաղաքական ուժերն էլ քվեն գնել են, ամեն մեկը մատուցել է իր ծառայությունները՝ փող է բաժանել, վարչական ռեսուրսներ է օգտագործել ու այլ լծակներ: Հետաքրքիր է, ՙՙԵլք՚՚-ի լծակը ո՞րն էր, դո՞ւք ինչով եք քվեներ ՙՙգնել՚՚:
-Ճիշտ կլինի, որ Ստյոպա Սաֆարյանը պատասխանի իր իսկ ասած խոսքին: Իսկ իմ պատասխանն այս է՝ մենք մեր քվեն գնել ենք մեր աշխատանքով, մեր ձայնալարերի, մեր լարված աշխատանքի հաշվին ու շնորհիվ մեր համբերատարության: Այլ մեկնաբանություն չունեմ, քանի որ չգիտեմ ինչի՞ մասին է նրա խոսքը:
-Կարո՞ղ ենք ասել, որ ՙՙԵլք՚՚-ի մեսիջը ընդունվեց ընտրողի կողմից, այն է՝ մեր երկրին քաղաքական սերնդափոխություն է հարկավոր:
-Այո, դա մեր առաջին մեսիջն է: Երկրորդը՝ վստահությունն է, մարդիկ վստահեցին այն ուժի անդամներին, որոնք ասում էին՝ վստահեք մեզ, գալիս ենք ծառայելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ասում էին՝ մենք ձեր ձայնը ներկայացնելու ենք Ազգային ժողովում: Ու մարդիկ հավատացին մեզ և հույսեր կապեցին մեզ հետ:
-Մասնակից 9 քաղաքական ուժերն էլ նույնաբովանդակ խոստումներ էին տալիս, խնդրում, հորդորում ընտրողին հավատալ ու վստահել իրենց:
-Բայց մեր ժողովուդը վստահեց ՙՙԵլք՚՚ դաշինքի քաղաքական նոր սերնդին: Հիշեք, որ այդ մարդիկ, մինչ ընտրապայքարին մասնակցելն արդեն իսկ ունեին որոշակի հասարակական վստահություն՝ լինելով տարբեր քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակիցներ: ՙՙԵլք՚՚-ում կա նաև քաղաքական ճանապարհ անցած սերունդ, առողջ սկզբունքային ու հետևողական մարդիկ են, որոնք կարողացան մեր քաղաքացիների համար լինել հասանելի՝ վարելով գրագետ քարոզարաշավ: Երբ ես բարձրախոսով խոսում էի բակերում, մարդիկ շրջվում ու ասում էին՝ բարձրախոսով կնոջ ձայն լսելն իրենց համար նորություն է ու ողջունում էին մեզ: Մարդիկ մեզ հավատացին, քանի որ նկատեցին՝ մենք ինքներս համոզված ենք մեր ճշմարիտ լինելու մեջ ու պատրաստվում ենք մեր խոսքը գործի վերածել:
Ռեյտինգային համակարգով ՙՙԵլք՚՚-ում ամենից շատ ձայներ հավաքած թեկնածուներն են Նիկոլ Փաշինյանը՝ 11 հազար 513 ձայն, ու Մանե Թանդիլյանը՝ 5 հազար 110 ձայն: Սա չի՞ ենթադրում տեղաշարժ ՙՙԵլք՚՚ դաշինքի ղեկավար կազմում, նաև չի՞ ենթադրում ՙՙԵլք՚՚ խմբակցության ղեկավարի, քարտուղարի ընտրություն՝ ժողովրդի քվեի համաձայն:
-Դուք ներկայացրիք Երևան քաղաքի պատկերը, իսկ ամբողջ Հայաստանը միայն Երևանով չի սահմանափակվում: Ի դեպ, Երևանի վրա չսևեռվելը մեր կարևոր սկզբունքներից մեկն է, մենք պետք լսելի լինենք ամբողջ պետության, մեր բոլոր մարզերի՝ հեռավոր, թե մոտիկ, բնակիչների համար: Դառնալով հարցին ասեմ, մարդիկ, որոնք վստահել են ձեր նշած անձանց, ուրեմն վստահում են նաև նրանց կայացրած որոշումներին, ուրեմն պետք է վստահի ՙԵլք՚-ի թիմին, թե ո՞ւմ կնշանակի այս կամ այն պաշտոնին, կամ ի՞նչ պարտականություններ կդնի իր անդամներից յուրաքանչյուրի վրա: Այնպես որ, ՙՙԵլք՚՚-ի ղեկավար կազմում կլինի փոփոխություն, թե ոչ՝ մենք դա կքննարկենք: ՙԵլք՚-ն այլևս խորհրդարանական խմբակցություն է, հետևաբար, մենք կորոշենք, թե ո՞վ կլինի խմբակցության ղեկավարը, քարտուղարը: Կարծում եմ, ՙԵլք՚ դաշինքի անդամները կունենա այդքան խելամտություն, որ կկայացվի համարժեք որոշում՝ մեր խղճի ու պատկերացումներին համապատասխան: Այս հարցերը ծանր ու թեթև կարվեն և ցանկացած որոշման հիմքում ընկած կլինի արդյունավետությունն ու նպատակահարմարաությունը:
-Քարոզարշավի ողջ ընթացքում ակնհայտ էր, որ առաջին պլանում Նիկոլ Փաշինյանն էր, չստվերվե՞ց մյուս երկուսի՝ Արամ Սարգսյանի ու Էդմոն Մարուքյանի դերակատարությունը, մանավանդ որ, ի տարբերություն Փաշինյանի նրանք շատ քիչ ձայներ կարողացան հավաքել:
-Նախ հավասարաչափ ակտիվություն ցուցաբերեցին բոլորը: ՙՙԵլք՚՚-ի ռազմավարության համաձայն Հայաստանը բաժանվեց երեք հատվածների, ամեն մեկս ստանձնել իր հատվածների քարոզչության պատասխանատվությունը: Մարզերը բաժին հասան Էդմոն Մարուքյանին ու Արամ Սարգսյանին: Իսկ Նիկոլ Փաշինյանի հետ մենք Երևանում իրականացրինք այլ ստրատեգիա: Սակայն լուսաբանվեց հիմնականում Երևանը, ցավոք, մարզերային հանդիպումները շատ քիչ լուսաբանվեցին: Դրա համար շատերին անտեսանելի մնաց Մարուքյանի ու Սարգսյանի կատարած աշխատանքը: Ինչ վերաբերում է հավաքած ձայներին, դա պայմանավորված է մարզերում առկա իրավիճակով, տարբեր է նաև մարզի ու Երևանի ընտրողը: Մարզերում ծանր սոցիալական վիճակ է, Լոռին ամենից շատ արտագաղթած մարզերից է, Շիրակը՝ ամենաաղքատը, մարդկանց մտածողությունն էլ արտացոլվում է նրանց ընտրության մեջ: ՙԾառուկյան դաշինք՚-ը, նաև ՙՀայկական վերածնունդ՚-ը հսկայական ռեսուրսներ ծախսեցին, սակայն Երևանում, բարեբախտաբար եղան ստամոքսից բարձր ընտրություն կատարողներ: Վանաձորի քաղաքապետի ընտրություններից հետո չխնայվեց ոչ մի լումա կոտրելու այն միջավայրը, որ ստեղծվել էր քաղաքում: Դրան ավելացավ այն սև PR-ը, որն ուղղվեց Էդմոն Մարուքյանի դեմ, լուրեր էին տարածում, թե նա իշխանության հովանավորչությունն է վայելում: Նման լուրերը ազդեցին մարդկանց վրա:
Դաշինքի տարածած հայտարարության մեջ գրված է.ՙՙ Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձեւավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում եւ ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրելիր օգտին տրված յուրաքանչյուր քվե՚՚: Այսինքն, համարում եք, որ կայացավ ազատ, արդար ընտրություննե՞ր:
-Ես համարում եմ, որ ընտրատեղամասերում տեղի չեն ունեցել կեղծիքներ, որոնք կազդեին արդյունքների վրա, ու նաև ՙԵլք՚-ին տրված յուրաքանչյուր քվե եղել է պաշտպանված: Մենք վստահված անձեր ենք ունեցել բոլոր տեղամասերում և համագործակցել ենք անկաշառ դիտորդական առաքելությունների հետ: Մենք կարողացել ենք պաշտպանել մեր ձայները, մեր յուրաքանչյուր քվեն, սա է նաև մեր հաջողության գրավականը: Ինչ վերաբերում է ընտրությունների ազատ, արդար լինելուն, ազատ է այնքանով, որքանով մարդն ինքն է որոշել, թե ո՞ր կուսակցության օգտին պետք է քվեարկի: Իսկ թե ինչո՞ւ է կայացրել նման որոշում՝ այլ հարց է: Եթե որոշ ուժեր գումարների չբաժանեին, արդյոք կլինե՞ր այն պատկերը որը կա, իհարկե՝ ոչ: Բայց նաև իրողություն է, որ մարդն ինքն իր կոմքով, ազատ գնացել ու իր ձեռքով դրել այդ թռչնակը նախընտրելի քաղաքական ուժի անվան դիմաց: ՙԵլք՚-ը ոչ մի գումար, ոչ մի լումա, ոչ մի խոստում չի տրվել մարդկանց, ինչի համար ես հպարտ եմ: Նաև դրանով մենք համեմատելի չենք այլ ուժերի հետ:
-Որքան էլ ընտրակաշառքն իր գործն արեց, այնուհանդերձ, ՙՙԵլք՚՚-ին հաջողվեց ճեղքել փողի պարկերը: Կնշանակի՝ պարտված քաղաքական ուժերը ոչ թե պետք է դժգոհեն ու փնթփնթան, այլ ձեր օրինակով հետևության հանգեն, գիտակցեն՝ քվե վաստակելու համար նախ աշխատել է պետք:
-Եթե ՙԵլք՚-ում այդպես չմտածեին, ես չէի լինի այնտեղ: Մեզ հաջողվեց ճեղքել փողի պարկերը կամքի, վճռականության ու մի շարք այլ հատկանիշների հաշվին: Մենք աշխատեցինք մեր գաղափարին նվիրված: Բայց ես հասկանում եմ նաև այն ուժերին, որոնք դժգոհում ու բողոքում են, որովհետև այդչափ ֆինանսներ, լծակներ հաղթահարելու համար պետք էր ունենալ կամային այլ հատկանիշներ ևս: Ազնիվ, արդար քաղաքական գործիչը պաշտադիր չէ, որ կարողանա գլխով արգելքներ ջարդել, դրա համար նաև չեմ կարող մեղադրել պարտվածներին: Սակայն նաև համաձայն եմ՝ միայն դժգոհելով ոչինչ չի լինում, որովհետև ելք կա:
-Ի՞նչ կասեք խայտառակ պարտություն կրած Լևոն Տեր-Պետրոսյանի հեգնախառն արտահայտության մասին, թե մեզ մնում է հիմա նստել ու սպասել, թե ինչպես խորհրդարան անցած 4 ուժերը ՙվագրի թռիչքներ կգործեն՚: Սրանով կասկածի տակ չի՞ առնում բոլորի, այդ թվում ՙԵլք՚-ի ծրագիրը:
-Լևոն Տեր-Պետրոսյանն իմ հուշերում կմնա որպես առաջին նախագահ և ոչ ավելին: Հուսով եմ, որ նա անցյալ է: Հետևաբար, նրա արածների, հայտարարությունների, վարքագծի հետ կապված ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ: Իսկ մեր ծրագիրն իրատեսական է, եթե այդպիսին չլիներ, ապա ՙԵլք՚-ի շուրջ չէր հավաքվի այսքան նվիրյալ, այսքան լուրջ մասնագետ ու չէին աշխատի մեր ծրագրի իրականացման ուղղությամբ:
-ՙԵլք՚-ն իրեն համարում է իր օգտին քվեարկած 122 հազար 49 քաղաքացիների պատվիրակը և հայտարարում, որ խոսելու է միայն նրանց անունից: Չեք տարանջատո՞ւմ հասարակությունը մերոնց ու ձերոնց:
-Ոչ, դա այդպես չէ: Մենք ուղակի արձանագրում ենք փաստը, որ կան կոնկրետ անձինք, որոնց համար լիովին հասկանալի եղավ այն, ինչ մատուցեցինք, ու այդ մարդկանց մենք խոստացել ենք, որ իրենց ձայնը հասցնելու ենք խորհրդարան և կատարելու ենք մեր խոստումը: Բայց մենք նաև գիտենք, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք մեզ էին տալու իրենց ձայնը, մինչդեռ ինչ-ինչ պատճառներով դա չեն արել, սակայն նրանք մեր 5 տարվա խորհրդարանական աշխատանքի արդյունքում կլինեն մեր կողքին: Ես համոզված եմ, որ բազմապատկվելու է այդ մարդկանց թիվը:
-Խորհրդարանում ինչպե՞ս կդիրքավորվի ՙԵլք՚-ը. կկազմե՞ք կոալիցիա, կհամագործակցե՞ք իշխանության հետ հարկ եղած դեպում, թե՞ նախորդ որոշ ուժերի պես գիծ կքաշեք՝ սև ու սպիտակի վերածելով օրենդիր մարմինը, մերժելով իշխանության նույնիսկ ամենաընդունելի առաջարկը միայն նրա համար, որ առաջարկ անողը իշխանությունն է:
-ՙԵլք՚-ը նոր որակի քաղաքական ուժ է, այն նոր ընդդիմություն է: Ու այդ իմաստով նախորդներին նման չի լինելու: Մենք աշխատելու ենք բացառապես Հայաստանի քաղաքացու և պետականության շահերից ելնելով: Դա քննարկման ենթական չէ: Եթե կլինեն երկրի շահերից բխող առաջարկներ, ապա այն կարժանանա նաև մեր աջակցությանը: Հակառակ դեպքում, մենք կօգտագործենք մեր մանդատը կասեցնելու ՀՀ քաղաքացու շահերից չբխող ցանկացած օրենսդրական նախաձեռնություն ու գործընթաց: Մենք դեմ ենք այս համակարգին, հետևաբար ամեն ինչ անելու ենք այն փոփոխելու և նրա վրա մեր ազդեցությունն ունենալու համար: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն դա ես բացառում եմ: Ու վստահ եմ, որպես ընդդիմություն ավելին կանենք, քան իշխանության հետ կոալիցիա կազմած ուժերը: Մենք առաջնորդվելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահերի, ու դա է արդարը:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն