Գլխավոր » Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն

Ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով` չենք արել գլխավորը` չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը

Ապրիլ 2, 2017թ. 20:24
Արծրուն Պեպանյան

22 տարի առաջ էր: 1995թ. ամռանը:
Առաջին անգամ ԱԺ ընտրություններ էին անցկացվել: Ես իշխող կուսակցության պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրն է: Ընտրությունների նախնական արդյունքների սպասումով թերթն ուշ էինք տպարան իջեցրել, ու երբ տուն էի դառնում, արդեն առավոտյան 6-ի կողմերն էր:
Ծառայողական ավտոմեքենան Բաղրամյանից թեքվեց դեպի Օրբելի: Երբ հասանք դպրոցին, փողոցում լիքը մարդ տեսա: Այդ ժամին դա տարօրինակ էր, ու մեքենան կանգնեցրի, իջա:
Ձախ մայթին տեսա Վազգեն Մանուկյանին, վերնաշապիկը քաշքշված էր, զայրույթից դողդողացող ձեռքերով ակնոցն էր դնում աչքերին: Ակնոցի մի ապակին չկար:
Չհասցրի զարմանալ. մի ծանոթ ԱԺՄ-ական մոտեցավ ինձ ու թե`
– Արծրուն, այս ինչ եք անում:

Ես բանից անտեղյակ էի ու խնդրեցի ներկայացնել եղելությունը:
Հետևյալը պատմեց: Դպրոցում ընտրատեղամաս է, առավոտյան կողմ երիտասարդների մի խումբ ներխուժել է ընտրատեղամաս ու գողացել քվեատուփը: Իրենք դիմադրել են, ծեծկռտուք է եղել:
Ու ԱԺՄ-ականը ցույց տվեց մյուս մայթին խմբված տղամարդկանց:
Ես նայեցի նրանց կողմն ու ճանաչեցի նրանց: Այդ տղամարդկանց վերջին օրերին հաճախ տեսել էի ՀՀՇ կենտրոնական գրասենյակի բակում: Նրանց տեսքը սովորական չէր` կոկիկ հանգնված էին, փողկապով, ու ես մտածել էի, թե նախագահ Տեր-Պետրոսյանի թիկնապահներն են: Ասեմ, որ նախագահն այդ օրերին հաճախ էր գալիս ՀՀՇ շենք:

Ես նայեցի այդ տղաներին, նայեցի զայրույթից այլայլված ՀՀ առաջին վարչապետին ու սիրտս ճմլվեց: Ինչպես կարելի է այսպես վարվել երկրիդ խորհրդանիշներից մեկի` առաջին վարչապետի հետ,- հարցրի ինքս ինձ: – Մի՞թե այդքան էական էր` Տիգրան Սարգսյանը կհաղթեր այդ տեղամասում, թե Բագրատ Ասատրյանը: Մի՞թե այդ մանր հարցի համար արժեր այդպես վարվել առաջին վարչապետի հետ, ով նաև այդ կուսակցության հիմնադիրներից էր:

Այս ծանր մտքերին էի տրված, երբ Կիևյան փողոցի կողմից 2-3 ավտոմեքենաներ եկան, կանգ առան մեր մոտ, դուրս եկան փողկապավոր 10-12 տղամարդ: Այս նոր եկածները զայրացած գնացին դեպի քվեատուփ խլածները, գոռգոռացին նրանց վրա, ապա եկածներից մեկը ատրճանակ հանեց, պահեց հներից մեկի դեմքին, նրան ետ-ռտ հրեց, մինչև որ սա մեջքի վրա պառկեց առաջին պատահած մեքենայի կապոտի վրա:
Հարձակվողն ատրճանակը մտցրեց մյուսի բերանը, ինչ-ոչ բան գոռգոռաց: Մյուսներն անշարժ նայում էին:
Բայց կրակոց չեղավ: Հետո փողկապավորների երկու խմբերը հավաքվեցին մյուս մայթին ու ինչ-որ բան էին խոսում:
Աղմուկից շենքերի բնակիչներն արթնացել ու կախվել էին պատշգամբներից:

Այս դեպքից հետո ամբողջ մեկ շաբաթ տեղս չէի գտնում: Մի միտք էր գլխիս մեջ` դիմում գրել ու ազատվել:
Բայց հետզհետե ինձ այլ հարց սկսեց զբաղեցնել. ես կրթությամբ ֆիզիկոս եմ, որ ասել է` փորփրող, բարդ երևույթներ ուսումնասիրող: Եվ ջանացի պարզել ինքս իմ համար, թե ինչու իշխանություններն իրենց այդպես պահեցին, ինչու օրենքները չաշխատեցին:
Ու սկսեցի զննել իշխանական բուրգի գագաթը:
1996-ի նախագահական ընտրություններին ևս իշխանություններին ներսից տեսնելու հնարավորություն ունեցա: Եվ ապա հեռանալով, սկսեցի խորհել իրականության
այսպիսին լինելու պատճառների մասին:

Ես չէի կարող այլոց նման բավարարվել այն պատասխանով, թե ամենի մեղավորը վատ իշխանություններն են: Ես ինձ տալիս էի նաև երկրորդ հարցը` իսկ ինչու մեր իշխանություններն այլ որակի չեն, ինչու մեր ժողովուրդը հանդուրժեց օրենքների խախտումը և համակերպվեց:

Որոնումներս տևեցին տասնյակ տարիներ: Թե’ մեր անցյալը տնտղեցի, հասկանալու համար վատ սովորույթների արմատները: Թե’ կապիտալիզմի կայացումը տնտղեցի, պարզելու համար դրա բերած ավերի չափը:
Բայց մի գիրք վերջնականապես բացեց իմ աչքերը և հասկացա ամենը: Դա ֆրանսիացի գիտնական Լը Բոնի` ժողովուրդների հոգեբանության մասին գիրքն էր, հրատարակված 120 տարի առաջ: Այն կարդալով, հասկացա, թե որտեղ ենք մենք վրիպում թույլ տվել, որ հայտնվել ենք ինքնակործան այս թակարդի մեջ: Հասկացա, որ իշխանություններն այլ կերպ իրենց դրսևորել չէին կարող: Հասկացա, որ ընտրությունների մասին օրենքներ ներմուծելով` չենք արել գլխավորը` չենք փոխել մեր քաղաքացու գիտակցությունը: Իսկ նման դեպքում , ինչպես հիմնավորել է Լը Բոնը, ընտրությունների անցկացումը ավեր է բերում իր հետ երկրին ու ժողովրդին:

Այս ամենը պարզելով, հնարավորությանս սահմաններում ջանացել եմ մեր քաղաքական դաշտին տեղեկացնել այս մասին ու հորդորել չվնասել երկրին: Նաև այլընտրանք եմ առաջարկել: Բայց բավարար արդյունքների, ցավոք, չհասա:

Հուսանք առաջիկա չորս տարում կիմաստանանք ու երկրին վնասելու փոխարեն կգտնենք ելքի ուղին:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հասարակություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն