Գլխավոր » TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

Քարոզարշավի ավարտին՝ քարզարշավի մասին

Մարտ 31, 2017թ. 13:01
ընտրապայքարի մասնակիցներ

Խայտաբղետ, երբեմն ծիծաղելի, մի քիչ էլ տխուր, երբեմն անտեսանելի. սրանք 27 օր տևած քարոզարշավին տրվող գնահատականներն են:

Իսկ այդ 27 օրում ինչի ասես, որ ականատես չեղանք՝ թռիչք կտուրների վրայով, ընդ որում՝ «գարաժների», մրցակիցների վարկաբեկում, ընտրողին շռայլված անլուրջ խոստումներ ու ծրարված ընտրակաշառք, սիրուն-սիրուն տեսահոլովակներ, սև PR ու քաղաքական տեխնոլոգիաների հմուտ կիրառում՝ Նիկոլը բլոտ խաղաց, Բագրատյանը կիթառ նվագեց:

Այս ամենով հանդերձ գրեթե բոլորը համակարծիք են մեկ հարցում, որ մեզանում առաջին անգամ, տեղի ունեցավ ամենաժողովրդավարական քարոզարշավը. շնորհիվ լրատվամիջոցների քաղաքական ուժերը կարողացան բոլ-բոլ խոսել ու երևալ հեռուստաեթերից՝ ազգափրկիչ խոսք ուղղելով կապույտ էկրանից անդին ամեն երեկո իրենց «անհամբեր» սպասող ընտրողին:
Ի դեպ, խորհրդարանական համակարգին անցնելուց՝ Սահմանադրություն ու ընտրական օրենսգիրք փոխելուց հետո, սա առաջին քարազարշավն էր, որը մի հետաքրքիր փաստ ևս արձանագրեց: Լինելով 25 տարվա անկախ պետություն, մեր կուսակցական դաշտն իրականում դեռ չի հասցրել կայանալ, եղած կուսակցություններն էլ արմատապես նորացման անհրաժեշտություն ունեն: Արդյոք չկայացվածության հետևանք չէ՞ այն, որ որոշ քաղաքական ուժեր անգամ չկարողացան ռեյտինգային թեկնածուներ առաջադրել բոլոր ընտրատեղամասերում, չունեն մարզային կառույցներ, մի քանիսն անգամ չի կարողանա ապահովել իր ներկայացվածությունը ընտրական բոլոր հանձնաժողովներում, վստահված անձանց լուրջ պակաս կա: Չկայացվածության մասին չի՞ փաստում նաև այն, որ կուսակցությունների առաջին դեպքերն այդպես էլ խուսափեցին մասնակցել դեբատների, քաղաքական, տնտեսական բանավեճ չկայացավ ու նախընտրեցին մենախոսության ժանրը:
Բայց նաև չենք կարող չասել, որ բարեբախտաբար, այս քարոզարշավում չգրանցվեցին ցնցող դեպքեր, չնայած ցնցումներ ստեղծելու ու սեփական մկաններն ի ցույց դնելու ցանկություն ունեցողներ կային: Եղան ուժեր, որոնք փորձեցին հալածյալի կերպարով ներկայանալ ընտրողին, սեփական անձի նկատմամբ հետաքրքրություն ստեղծելու համար ընտրողի աչքը խոթելով, թե տես՝ իշխանությունը միայն իրենով է զբաղված, միայն իրեն է ուզում վնասել, միայն իրենից է վախեցած:

Այս իմաստով անփոխարինելի է ՕՐՕ-ի մշակած քարոզչական սցենարը, որի հիմքում ամենաարմատական ընդդիմադիրը ներկայանալու ձգտումն է. «Մեր վրա կրակեցին, դանակահարեցին, հոսանքից զրկեցին, մեր ճանապարհները փակեցին, մենք սուր քննադատությունների, քրեական հետապնդումների ենք ենթարկվել, ձերբակալվել, բայց ՕՐՕ դաշինքի անդամները չեն ընկճվել, չեն վախեցել ու հիասթափվել»,- այսպես ներկայացրեց իրենց հաղթական ու հերոսական ուղին «հալածյալ» ուժի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիր Ազատ Արշակյանը: ՕՐՕ-ն փորձեց օգտագործել նաև Սամվել Բաբայանի ձերբակալության հանգամանքը ու, եթե մինչ այդ, քարոզարշավի անցած փուլերում առավել զգուշավոր էր խոսում Բաբայանի կողմից դաշինքի ստվերային հովանավորության մասին, ապա նրա ձերբակալությունից հետո սկսեցին շեշտեց այդ հանգամանքը և եզրակացնել, թե ձերբակալությունը դաշինքի դեմ ուղղված քայլ էր: Այս ուժն, ի դեպ, քարոզարշավի մասնակից այն միակն է, որ մտմտում է հետընտրական գործընթացները պայթյունալի դարձնելու մասին, ակնարկում ժողովրդական հզոր ալիքի, զանգվածներին դեպի փողոց տանելու ու մայդանային ինչ-որ իրավիճակ ստեղծելու մասին: Չնայած նախօրեին Ազատ Արշակյանը լրագրողներին հանգստացրեց, ասելով՝ «Մայդա՞ն, չէ մայդան չենք ուզում», բայց չբացառեց հեղափոխության հնարավորությունը:

Բոլոր մայդանչիներին ու երկիրը մայդանի վերածելու ցանկություն ունեցողներին Գառնիկ Իսագուլյանը զգուշացնում է՝ մեր իրավապահներն ու ԱԱԾ-ն շատ ուշադիր հետևում են և շնորհիվ նրանց, ցանկացած ոչ օրինական գործողություն կանխվելու է: «Իսկ եթե հանկարծ նման բան տեղի ունենա մենք հստակ կիմանանք , թե ովքե՞ր են իրական քաղաքական ուժերը և ովքե՞ր են ահաբեկչական խմբերը»:

   ՓՈՂԻ ՊԱՐԿԸ ԴԱՐՁԱՎ ԳՈՐԾՈՂ ԱՆՁ
Այս քարոզարշավում ամենից շատը խոսվեց փողի մասին, ու ակնհայտ դարձավ մտահոգիչ մի հանգամանք՝ ընտրողների մեծ մասը հակված է գումար աշխատել, սպասում է, որ իրեն «ընտրակաշառեն» և մտածում է այսպես՝ ով փող կտա, նրան էլ կընտրի: Ու փողի պարկը դուրս եկավ փողոց՝ հետին պլան մղելով ծրագրեր ներկայացնող գաղափարական ուժերին. հենց այսպես կարելի է բնորոշել «Ծառուկյան դաշինք»-ի քարոզարաշավը: Այս դաշինքն իր ամբողջ խաղադրույքը դրեց Գագիկ Ծառուկյանի վրա: Առհասարակ այս ուժի ու նրա առաջնորդի մասին խոսելիս մի քիչ անհարմար է ստացվում նրա անվան կողքին «քաղաքականություն» բառի օգտագործումը: Ֆինանսական մեծ ռեսուրսներ ունենալն ամենևին չի նշանակում գործ ունենալ լուրջ քաղաքական ուժի ու գործիչի հետ: Իսկ իրականում այս դաշինքը մեծահարուստների ու տարբեր մականունավորների հավաքատեղի է՝ սկսած նրա առաջնորդից: «Ծառուկյան դաշինք»-ի քարոզչական հավաքները վերածվեցին փողի պարկին ուղղված պաշտամունքի, այդ պատկերը տեսնելիս մտքովդ մեկ բան էր անցնում՝ ո՞վ է նրան իրավունք տվել այսչափ նսեմացնել մեր ժողովրդին:

Յուրահատուկ քաղտեխնոլոգիա կիրառվեց ԲՀԿ-ի կողմից. ծարարախեղդ արեցին ժողովրդին: Դաշինքի «դիրիժորը» հրահագնել էր մարդկանց՝ ծրարը ձեռքներիդ, բարձր պահած, թափահարելով կմոտենաք «փրկարարին»: Ի դեպ, ամեն ինչ արվեց, որպեսզի քարազարաշվի ժամանակ լրագրողների համար անհասանելի մնար Ծառուկյան «փրկիչը»:
Հաշվել են, որ Ծառուկյանն ինքն իր անձի մասին խոսել ու սեփական անունը հնչեցրել է 2700 անգամ, միայն մեկ ելույթի ժամանակ նրա թիմակիցները նրա անունը տվել են 30 անգամ, ասելով՝ Ծառուկյանը սա է անում, Ծառուկյանը նա է անում: Անձի պաշտամունք չէ, բա ի՞նչ է:

«Ծառուկյան դաշինք»-ի կարգախոսը, ուր կարևոր բաղադրիչ է «կառուցել» բառը, չի վրիպել Գառնիկ Իսագուլյանի աչքից, և տեղին հարց է տալիս՝ իրականում ի՞նչ է կառուցել դաշինքի «քաշող ուժը»՝ Գագիկ Ծառուկյանը:  «Նրա միակ լուրջ ներդրումային կառույցը «Շանգրիլա» կազինոն է, ուր առնվազն 50 000 մարդիկ իրենց հիմնական գումարները տանուլ են տվել և զրկվել ապրելու հնարավորությունից: Իսկ այդ խաղատան կառուցման համար հարյուրավոր ծառեր են կտրվել: Սարսուռում եմ, երբ դաշինքի դեմքերը խոսում են վերջին 17 տարիներին իշխանությունների թալանի մասին, խոսում է մի մարդ, ով ամենից շատ է օգտվել իշխանության հովանավորությունից, կարողացել է գործարաններ սեփականաշնորհել, ընդ որում՝ ձրի, կառուցածն էլ երկուօբյեկտներ է, որոնք ընդամենը խաղատներ են»- այսպես հասարակության ուշադրությունը Իսագուլյանը հրավիրեց քաղաքականությունից հեռու, բայց քաղաքականության մեջ դեր ունենալու լուրջ հայտ ներկայացրած գործարարի վրա:

Ի դեպ, Ծառուկյանը, որ սիրում է աչքերը սեղմած ասել, թե իշխանություն չի ուզում, թե աթոռ ու պաշտոն չի ուզում, քարզարաշավի ավարտին փոշմանեց ու սկսեց ակնարկել, եթե իր կարիքը լինի մի 4, 5 ամսով վարչապետ կաշխատի: Իսկ երեկ արդեն Նաիրա Զոհրաբյանը հստակ հայտարարեց շեֆի մանկության երազանքի մասին. «Եթե դաշինքը դառնում է խորհրդարանում մեծամասնություն, վարչապետի մեր թեկնածուն կլինի Գագիկ Ծառուկյանը»:

Ինչպես հայտնի անեկդոտում՝ «էս էլ ու պլծ»:
                                                           

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի քարոզարաշավը եղավ ամենաավտանգավորը: Առաջին անգամ ընտրարշավն օգտագործվեց, որպեսզի հայտարարվի Ալիևի սրտի ուզածը՝ տարածքները զիջելու մասին, և դա ցինիկաբար ժողովրդին մատուցվեց որպես հերոսություն: Լևոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց արցախյան հիմնախնդրի շուրջ բանավեճ ստեղծել ու իր սին գաղափարախոսության շուրջ բանավեճի ներքաշել Դաշնակցությանը: Գուցե պետք էր ուղղակի արհամարհե՞լ, չներքաշվե՞լ այդ անլուրջ խոսակցության մեջ:
Բարեբախտաբար, ՀԱԿ-ի թեզերն արժանացան բոլոր քաղաքական ուժերի հակադարձմանը, տերպետրոսյանականներն անզոր եղան նաև ընտրողներին համոզելու հարցում ու ամենուր արժանացան սուր քննադատության: Ցայքնոտի մեջ հայտնված մի վերջին փորձ արեցին երկարացնելու քարոզարշավի ժամկետը, ինչը քաղաքական ուժերի կողմից ոչ մի արձագանքի չարժանացավ: Միակ եզրահանգումը եղավ հետևյալը՝ իրեն սպառած Լևոն Տեր-Պետրոսյանը մի վերջին անգամ ու մի վերջին շնչով վերստին ստանձնեց Ադրբեջանի ներկայացուցչի դերը Հայաստանում ու խայտառակվեց:

ԱՄԵՆԱՆՅԱՐԴԱՅԻՆԸ

«Ելք» դաշինքն իր քարոզարաշավը սկսեց ոչ միայն «Ելք» կա բացականչություններով, այլև բոլոր ուժերին ուղղված քննադատությամբ: «Ելք»-ում նման «փոթորիկների» սիրահարն իրականում մեկ անձ է՝ «գառաշից գառաժ» ցատկող Նիկոլ Փաշինյանը: Ասում են՝ Նիկոլի լեզվի ձեռքը «Ելք»-ի ժողովուրդը կրակն է ընկել: Նախ, հեռահար լեզվակռվի մեջ փորձեց ներքաշել Դաշնակցությանը ու իրեն քաղաքական գուշակի տեղ դրած հայտարարեց, թե ՀՅԴ-ն չի հաղթահարի ընտրական շեմը: Հետո նետն ուղղեց ՀՀԿ-ին ՝ ասելով, թե նրանք էլ վարկանիշ չունեն: ՀՀԿ-ն, որ ամբողջ քարոզաշավի ընթացքում զուսպ էր՝ չդիմացավ: Նիկոլը նյարդային է դարձել՝ եղավ Էդուարդ Շարմազանովի պատասխանը, որը «Ելք»-ի առաջամարտիկ լինելը համարեց ապրիլմեկյան կատակ: Հետո լսվեց մյուս պատասխանը. «Սեփական քաղաքական ուժի կողմից 0 ձայն ստացած, հետևաբար և 0 վարկանիշ ունեցող Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի լռի, որպեսզի ևս մեկ անգամ ի ցույց չդնի իր ծիծաղելի վիճակը»,-սա էլ ՀՀԿ-ի պատգամավորության թեկնածու Գագիկ Մելիքյանն էր:

«Ելք»-ը չնայած իրեն համարեց գաղափարական կառույց, բայց թե ո՞րն էր այդ գաղափարը, այդպես էլ մնաց չհասկացված: Դաշինքի քարոզարշավն հիմնականում անցկացրեց ցուցակի երրորդ տեղը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը, իրականում դուրս մղելով առաջին ու երկրորդ տեղերը զբաղեցրած լիդերներին՝ Մարուքյանին ու Սարգսյանին:
Ինչևէ, այսօր քարոզարշավի վերջին օրն է, իսկ վաղը լռության օրը. կհանգստանան և՛ քարոզիչները, և՛ ժողովրդի ականջը, հույսով, որ ապրիլի 2-ը նորի ու ապագայի հաղթանակի օր է լինելու:
Արմինե Սիմոնյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն