Գլխավոր » NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն

Կարելի է տասնյակ հակառակ փաստեր բերել Լևոն-Տեր-Պետրոսյանի պնդմանը, թե միայն ՌԴ-ն է շահագրգռված Արցախի խնդրի լուծմամբ. Արա Պապյան

Մարտ 22, 2017թ. 22:41
արա պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցին, ասաց. «ՀԱԿ-ի ամբողջ ակնկալիքն է, որ Ազգային ժողովում շատ ավելի տեղեր պոկի, մնացածը երկրորդական է: Բացահայտ է, որ այդ ծրագիրը ոչ թե խաղաղության ծրագիր է, այլ պատերազմի ծրագիր է»։ Նա նշեց, որ մարդկանց զգացողության վրա խաղալը նախընտրական ոչ մաքուր պայքար է:

Արա Պապյանը համաձայն չէ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ներկայումս «հրդեհը» մարելու ավելի լավ նախադրյալներ կան, հակառակը՝ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն մտքին, թե եթե Ադրբեջանը պատրաստ չլիներ փոխզիջումների, չէր մասնակցի աշխատանքներին, ապա Արա Պապյանն ասաց, որ համակարծիք չէ, և Ադրբեջանի մասնակցությունը բանակցություններին տարբեր հիմքեր և պատճառներ կարող է ունենալ:

«Բանակցությունների մասնակցությունը դեռ ոչինչ էլ չի նշանակում: Դա, գիտե՞ք ինչի է նման, որ մեկը գնում է շուկա, փորձում է սակարկել, գներ հարցնել, սակայն դա չի նշանակում, որ ինքը պատրաստ է գնել այդ ապրանքը»,-ասաց նա:

Քաղաքագետը նկատեց, որ Հայաստանը բազմիցս է համաձայնել առաջարկվող փոխզիջումներին, և Տեր-Պետրոսյանն առնվազն երկու օրինակ բերեց, երբ հայտարարել է, որ պատրաստ է եղել ստորագրել, սակայն Ադրբեջանը չի համաձայնել:

«Եթե համաձայնվելու լինեին, իր օրոք կհամաձայնվեին, երբ Ադրբեջանը թույլ էր ու պակաս ռազմատենչ, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնվեն: Սերժ Սարգսյանը ևս ասել է, որ տվել է համաձայնություն, նաև Ռոբերտ Քոչարյանը: Ես համաձայն չեմ իրենց համաձայնությանը, բայց ես փաստն եմ ասում: Հայկական կողմը մշտապես տվել է իր համաձայնությունը»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշման դեպքում էլ ոչինչ չի փոխվում:

«Ասենք թե Հայաստանը վճռական հայտարարեց, հողերն էլ տվեց, երկու տարի Ադրբեջանին ճնշեցին, երրորդ տարին Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա: Այսինքն՝ մենք այստեղ ճնշման խաղե՞ր ենք խաղում»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը միշտ էլ ճնշման առիթ տալիս է, սակայն ճնշումներից չի վախենում:

Արա Պապյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ Արևմուտքը նույնիսկ շնորհակալ կլինի Ռուսաստանին Արցախի հարցը լուծելու համար և Ռուսաստանին ձեռք չի տալիս այս պայթյունավտանգ վիճակը:

«Եթե այսօր կա մի գերտերություն, որ մեծապես շահագրգռված է հարցի շուտափույթ կարգավորման մեջ, ՌԴ-ն է՝ ելնելով իր շահերից: ՌԴ-ն թույլ չի տա մի լուծում, որ այս երկրներից մեկին թշնամացնի իր հետ»,-ասել էր առաջին նախագահը:

Ըստ քաղաքագետի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդմանը հակառակ տասնյակ փաստեր կարելի է բերել։ Նրա խոսքով՝ ճիշտ հակառակն է՝ ՌԴ-ն շահագրգռված չէ կայունության հաստատմամբ, քանի որ դա երկու երկրների վրա լծակ ունենալու, զենք վաճառելու և իր դերը մեծացնելու հնարավորություն է տալիս:

Նա նշեց, որ Արևմուտքը բնավ շահագրգռված չէ, որ Ռուսաստանը միայնակ այդ խնդիրը լուծի և որպես օրինակ նշեց, որ երբ Սանկտ Պետերբուրգում զինադադարը վերահաստատվեց՝ ՌԴ նախաձեռնությամբ, ԱՄՆ-ն նույնը արվեց Վիեննայում:

«Անգամ ձևականության մեջ իրենք ցանկացան իրարից հետ չմնալ»,-ասաց նա:

Արա Պապյանը նշեց, որ ինքը ևս վաղուց ասել է, որ հարցի չլուծման պարագայում մեզ շատ «ապրիլներ» են սպասվում, սակայն երբ տարածքները տալիս ես նորից, այդ «ապրիլներից» չես ազատվում և ավելի ծանր «ապրիլներ» կարող են լինել:

Արա Պապյանը համամիտ չէ նաև, որ միջազգային հանրության առաջարկած ծրագիրը, նորմալ, բալանսավորված ծրագիր է:

«88 թվականից շատ բան է փոխվել, 10 հազար զոհ ենք տվել, արյուն ենք թափել, պատերազմ ենք տեսել, իրավիճակ է փոխվել։ 88-ին մենք չէինք վերահսկում այս տարածքները, և բնականաբար դրանից կհրաժարվեինք, իսկ հիմա վերահսկում ենք, տարբերություն կա: Ես ուզում եմ հիշեցնել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է այն մարդկանից, ով «միացում-միացում» գոչելով է եկել իշխանությունը, և ինքը հետ կանգնեց դրանից: Ինքն այսօր առաջարկում է մի բան, որով սահմանում ապրող մարդկանց կյանքը ավելի է վտանգի ենթարկում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի մասնակցությանը, ապա Արա Պապյանը նշեց, որ դրանից ոչինչ չի փոխվի, և միայն սեղանի շուրջ նստողները երկու հոգով ավելանալու են:

«Ադրբեջանի կողմից չկա ստրատեգիական կամք խնդիրը լուծելու, նա ունի այլ նպատակ՝ դա ՀՀ-ն՝ ներառյալ Արցախը մաշեցնել, վերացնելն է: Դրա դեմ պայքարի միակ ձևը համարժեք պատասխանն է Ադրբեջանին»,-ասաց նա:

Նա մեծագույն սխալ համարեց, երբ Տեր-Պետրոսյանը համաձայնեց և ամրագրեց տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը: Ըստ նրա՝ մենք 94 թվականին կարող էինք կնքել խաղաղության պայմանագիր: Ինչ վերաբերում է առաջին նախագահի այն ասածին, թե իր ընդդիմախոսների 99 տոկոսը պատկերացում չունի Արցախյան գործընթացի մասին, Արա Պապյանն ասաց, որ առաջին նախագահն այս պրոցեսից դուրս է եղել 98-ից, ինքը՝ 2006թ.-ից և տեսականորեն ավելի շատ բան գիտի:

«Ակնհայտ կա Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, կա Ադրբեջանի վարքը, որ չի կատարում իր պարտավորությունները, հիմա ի՞նչ երաշխիքով ենք մենք տալիս մեր անվտանգության գոտին, երկարացնում ռազմաճակատային գիծը երեք անգամ ու համարում ենք, որ դա ավելի կայունություն, խաղաղություն և քիչ զոհեր կբերի: Այսինքն` իր ասածը հետևյալն է, տալիս ենք հողերը և ապավինում ենք նրան, որ Ադրբեջանը «մամայի արև» երդումը կպահի: Ես էլ հարց եմ տալիս՝ բա որ չպահի՞ և բերում եմ փաստեր, թե ինչի չի պահի»,-ասաց նա:

tert.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Լրահոս, Ով է թուրքը, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն