Գլխավոր » TOP, Լրահոս, Քաղաքականություն

«Ընտրական շտաբները ընկալվում են որպես նյութական բարիքների բաշխման կետեր»

Մարտ 14, 2017թ. 18:05
Կարեն Քոչարյան, Նորիկ Նորիկյան հայք

«Հանրապետական կուսակցությունը քարոզարշավի ընթացքում հետաքրքիր տեխնոլոգիա է օգտագործում՝ ֆասադային մասում դնելով նոր մարդկանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն՝ անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ժամական քաղաքական ուժերի կողմից կիրառվող տեխնոլոգիաներին:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն հիմնական բեռը դրել է բոլորովին նոր մարդու վրա, որը տանում է փաստացի ողջ ընթացքը. «Կարեն Կարապետյանի հետ միասին այդ բեռը տանում է նաև Վիգեն Սարգսյանը»:

Կարեն Քոչարյանի կարծիքով՝ ՀՀԿ ներկայացրած վարչապետը, ի տարբերություն մյուսների ներկայացրած-չներկայացրածների, բավականին շահող դիրք ունի:

«Շատ հետաքրքիր է «Ելք»-ի տեխնոլոգիան, որը գրավում է շատ երիտասարդների: «Ելք կա՞, ելք կա» սա աշխատող տեխնոլոգիա է: «Ազատ դեմոկրատների»՝ ոչ թե տեխնոլոգիան, այլև բռնած դիրքը ևս աշխատում է: Տեխնոլոգիաների առումով պետք է փոփոխել, պետք է թարմություն մտցնել, եթե օրինակ Արթուր Բաղդասարյանի պոպուլիզմն աշխատում էր 2003 թվականին, հիմա չի աշխատում, հոգնեցնում է: ՕՐՕ-ի մոտ եթե կար ռադիկալիզմ, հիմա ագրեսիա է նկատվում: Եթե այդ ագրեսիան կիրառեր Նիկոլ Փաշինյանը կընդունվեր, կընկալվեր, սակայն երբ դա անում են մարդիկ, ովքեր երեկ իշխանության մեջ են եղել, իրար նվերներ են տվել, հիմա այսպես են իրենց պահում, չի ընկալվում: Գագիկ Ծառուկյանն էլ շարունակում է ունենալ նույն էլեկտորատը և ընկալվում է որպես բարերար, ումից կարելի է փողի սպասումներ ունենալ»,-մանրամասնեց քաղտեխնոլոգը:

Հանդիպմանը ներկա իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց, որ սա առաջին ընտրություններն են, որտեղ գաղափարները պարտություն են կրում և իրենց տեղը զիջել են այնպիսի իրավահարաբերությունների ու հասարակական հարաբերությունների, որոնց այժմ ականատես ենք լինում:

«Այս ընտրությունների ելքը որոշելու են տարածքային ընտրացուցակներում ընդգրկված անձինք, որոնցից ոմանք ունեն կասկածելի հեղինակություն և նյութական ահռելի ռեսուրսներ, որոնց գործադրման միջոցով էլ փորձելու են ազդել ընտրությունների վերջնական ելքի վրա: Իմ խորին համոզմամբ, քանի որ չկա Հայաստանի քաղաքական ապագայի վերաբերյալ բանավեճ, չկա քաղաքական օրակարգ կամ հնարավորություն չի ընձեռնվում դա ձևավորել, առաջին պլան է մղվել ընտրակաշառք երևույթը»,-ասաց նա:

Իրավաբանի խոսքով՝ ընտրակաշառք երևույթը թե հին, թե նոր Ընտրական օրենսգրքով սահմանվել են իրավակարգավորումներ, որոնք հստակորեն արձանագրում են, թե ովքեր կարող են պատասխանատվություն ենթարկվել ընտրակաշառք տալու, խոստանալու համար. «Նոր ԸՕ 19-րդ հոդվածով ամրագրվել է հետևյալ իրավակարգավորումը՝ թեկնածուի, կուսակցությունների և դաշինքների կողմից ընտրությունների ողջ քարոզարշավում և ընտրությունների օրը որևէ ձևով սննդամթերք, գույք, արժեթուղթ խոստանալը ևս համարվում է ընտրակաշառք: Այդպիսի խոստումները արգելված է նոր ԸՕ 19-րդ հոդվածի 6-րդ կետով, իսկ 7-րդ կետը ընտրական հանձնաժողովներին իրավասություն է տալիս իրականացնելու վարչարարություն, այսինքն ԿԸՀ կարող է զգուշացում տալ համապատասխան թեկնածուին, կուսակցությանը կամ դաշինքին՝ ներկայացնելով իր կողմից իրականացվող հակաօրինական գործընթացի վերաբերյալ: Եթե դրանից հետո կշարունակեն իրականացնել արգելվող այդ միջոցառումները, ԿԸՀ-ն իրավասու է դիմել դատարան՝ թեկնածուին, կուսակցության կամ դաշինքին ընտրացուցակում ուժը կորցրած ճանաչելու մասին»:

Նորայր Նորիկյանը ներկայացրեց, որ բացի այդ Քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն կաշառք վերցնողի համար:

«Այսօր բացված ընտրական շտաբները հասարակության որոշակի շերտի կողմից տառացիորեն ընկալվում են որպես նյութական բարիքների բաշխման կետեր: Վրդովեցնող է, որ տարբեր ուժերի կողմից այսպիսի քարոզ է տարվում, վերցրեք, բայց ընտրեք ձեր խղճով: Ովքեր այսպես են հանդես գալիս, նրանք ապականում են Հայաստանի սահմանադրությունն ու օրենսդրությունը»,-հավելեց նա:

panorama.am

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն