Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Գագիկ Ծառույանը կարող է համախմբել միայն օլիգարխներին, գործարարներին, առևտրով զբաղվող ու փողոտ մարդկանց. Արշակ Սադոյան

Մարտ 3, 2017թ. 22:10
Արշակ Սադոյան

Հարցազրույց Հանրային խորհրդի անդամ, ՙԱզգային ժողովրդավարների դաշինք՚ կուսակցության նախագահ ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ հետ
Որպես քաղաքական դաշտի հնաբնակ, ինչպե՞ս եք գնահատում ներկայիս նախընտրական գործընթացները: Նախկին տարիների համեմատությամբ՝ սովորակա՞ն, թե՞ անսովոր իրավիճակ է, նկատի ունեմ այն, որ որոշ մարդիկ գաղափարների փոխարեն սկսել են սեփական մկաններն ի ցույց դնել, և կան նախանշաններ, որ այս ընտրապայքարը բավական թեժ է լինելու:
-Նախկինում ավելի մեծ լարվածություն է եղել, ավելի բարդ ժամանակներ ենք ունեցել, մասնավորբար, նկատի ունեմ 1999, 2003թվականները: Բայց քանի որ այսօր ևս իշխանական սեղանից խորտիկներ վայելելու ցանկությունը շատ մեծ է ու բոլորն ուզում են ավելի հարմար տեղեր գրավել խորտիկների այդ սեղանի շուրջ, բնականաբար, լարվածությունը մեծանալու է հավակնոդ ուժերի մեջ: Քաղաքական դաշտը ամլացած է, գործող ֆիգուրներ են դարձել իշխանության նախկին ներկայացուցիչները: Բայց, քանի որ ՙմեկի պոչը միշտ մեկելի տակին է՚, այդ մարդիկ չեն կարող լուրջ ընդդիմադիր բևեռ լինել: Եվ այս ընտրությունները կընթանան սովորական, բնականոն հունով:
Հիմնականում ականատես կլինենք անհատական պայքարի, այն ՙխարոշիները՚ կամ կիսագողականները, որոնք հավակնում են խորհրդարանում տեղեր գրավել, նրանց միջև կլինի անձնավորված մրցակցությունը, անգամ գործը կհասնի դանակահարության, ինչի ականատեսն արդեն եղանք: Այսինքն՝ ռեյտինգային թեկնածուների մեջ լուրջ պայքար է լինելու: Ռեյտինգային ցուցակներում կան մարդիկ, որոնք նախկինում շատ ավելի մեծ հնարավորություններ են ունեցել և այսօր չեն պատկերացնում՝ ո՞նց կարող է, որ իրենց դիմաց մեկ ուրիշը կանգնի ու ինչ-որ խաղեր խաղա: Այդ առումով, լարվածությունը շատ ավելի մեծ կլինի անհատական մրցակցության դաշտում: Մինչդեռ պայքարը ավելի հանդարտ կծավալվի համամասնական կամ միջկուսակցական հարթության մեջ:
-Ռեյտինգայինների միջանձնային բախումները կարող ե՞ն անդրադառանալ մեր երկրի վարկի, հեղինակության վրա:
-Չէ, չէ, չէ, մի անհանգստացեք, օլիգարխ կոչվածները կամ կիսագողականները իշխանությունից շատ ավելի են վախենում, քան գաղափարի մարդիկ, այնպես որ նրանք որքան էլ մեկմեկու վրա բռունցք բանեցնեն, մեծ բախումների չեն կարող գնալ: Ինձ այս ամենում մի բան է մտահոգում. մեզանում շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում դանակահարողներն, քան երկրի ապագային վերաբերող հարցերին: Այն ուժերը որոնք հավակնում են գալ իշխանության, հավակնում են տեղ ունենալ խորհրդարանում, որը Սահմանադրության փոփոխությունից հետո կդառնա թիվ մեկ իշխանական մարմինը երկրում, չեն խոսում իրենց գաղափարնեից ու չեն ասում, թե ի՞նչ է մեզ սպասվում: Ուշադրություն դարձրեք ստեղծված դաշինքների անուններին՝ Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան, կամ Ծառուկյան դաշինք, սա ի՞նչ է, փաստորեն դաշինք են ստեղծել ոչ թե գաղափարի, այլ անհատների շուրջ: Անձերի խումբը 21-րդ դարում հավակնում է պետություն ղեկավարե՞լ, երբ աշխարհն առաջ է գնում արագացված տեմպերով, երբ մեր երկրում կան կուտակված բազմաթիվ խնդիրներ: Նրանք ոչ մի խոսք չեն ասում, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայ ժողովրդի ապագան, ի՞նչ անել, որ Հայաստանը իրոք լինի աշխարհի հայերի հայրենիքը, ի՞նչ պայմաններ ստեղծել, որ դրսում գտնվող մեր 8, 9 միլիոն հայրենակիցները չուծացվեն, չկորչեն ու մնան հայ: Այս գաղափարներին ոչ մի ուժ չի անդրադառնում: Ոչ մի դաշինք լուրջ մտքեր, գաղափարներ առաջ չի քաշում, բոլորը խոսում են միայն ավանդները վերադարձնելու ու նման պոպուլիստական բաների մասին: Այս կարգի ողբալի գաղափարական ամլություն, դատարկություն մեր քաղաքական դաշտում, չի եղել: Սա շատ ցավալի է:
ՙՙ Ծառուկյան դաշինք՚՚-ի մասի՞ն ինչ կասեք: Ասվում է, թե ծալած գիրքը բացած ու քաղաքականություն վերադարձած Ծառուկյանը նախապես նպատակ է ունեցել իր շուրջը համախմբել գիտության, արվեստի մարդկանց: Բայց, ինչպես տեսնում ենք, կատարվեց ճիշտ հակառակը:
-Ի՞նչ եք ասում, ո՞նց կարող է Ծառուկյան Գագիկը գիտնականների համախմբել իր շուրջը: Գուցե կարող է նման ցուցադրական ելույթ ունենալ, թե պատրաստ է համախմբել մտավորականներին, բայց բոլորը հասկանում են, չէ՞, թե ի՞նչ հակումներ ունի Ծառուկյանը, ինչպե՞ս կարող է նրա ու մտավորականների միջև գաղափարական ընդհանրություն լինել: Գագիկ Ծառույանը կարող է համախմբել միայն օլիգարխներին, գործարարներին, առևտրով զբաղվող ու փողոտ մարդկանց: Եթե Ծառուկյանն իր կողքին կանգնեցնի արվեստագետի, ապա նման մարդու հրավերը հիմնված կլինի միայն փողի վրա ՝ առանց գաղափարի: Ցավոք, դա պատիվ չի բերի հենց տվյալ մտավորականին:
ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի լիդեր ուժի՝ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ընտրապայքարին ընդառաջ շրջանառեց՝ ՙխաղաղություն՝ ամեն գնով՚ իր հին թեզը, հիմա էլ բոլոր հարթակնեից ՀԱԿ-ականները խոսում են զիջումների մասին: Սրանով չվտանգվե՞ց ՀԱԿ-ի վարականիշը:
-Լևոն Տեր-Պետրոսյանը շարունակում է իր գերվտանգավոր՝ ՙՙՊատերազմ և խաղաղություն՚՚-ը և ՙՙխաղաղություն՝ ամեն գնով՚՚ թեզի քաղաքականությունը: Ասում է՝ եկեք հողերը հանձնենք թշնամուն, հետո կմտածենք կարգավիճակի մասին: Սա հայ ժողովրդի կործանման ամենակարճ ճանապարհներից մեկն է: Մարդիկ այս պատերազմական իրավիճակում, մանավանդ, ապրիլյան պատերազմից հետո գուցեև մտածեն՝ հանուն խաղաղության կարելի է ինչ-որ քայլի գնալ: Բայց դա կլինի մակերեսային մտածողություն, քանի որ ազատագրված հողերը հանձնելու հաջորդ քայլը կլինի ամբողջ Արցախը հանձնելը, հետո էլ կհասնեն Հայաստանին: ՀԱԿ-ի կողմից շրջանառվող գաղափարը ամենից հիմար, ամենից սխալ ու ամենից վտանգավորն է: Որքան էլ մեր ժողովուրդը մտահոգ է շարունակվող պատերազմով ու ծանր է տանում իր ամեն զինվորի մահը, սակայն մեր ժողովուրդը ձայն չի տա խաղաղություն ամեն գնով թեզի կողմնակից քաղաքական ուժին: Կարող է մի քանի տեղ ՀԱԿ-ի օգտին քվեաթերթիկներ գցեն, ասեն՝ լավ նախկին նախագահ է, թող մի քանի ձայն ունենա, բայց դա չի կարող համարվել ՀԱԿ-ի հաղթանակ:
Այս թոհուբոհում ի՞նչ է կախված լինելու մեր ընտրողից:
-Ընտրողից շատ բան է կախված: Նախ, մեր ընտրողը պետք է իմանա, որ ընտակաշառք տվողը չի կարող պարզել, թե ինքն ո՞ւմ է տվել իր ձայնը: Ու թող քվեախցիկում հանգիս կատարի իր քվեարկությունը: Եթե անգամ ընտրակաշառք կվեցնի, թող քվեարկի իր խղճի մտոք, որպեսզի հետո առաջիկա 5 տարիներին խաղաղ լինի և չբողոքի իր կատարած ընտրությունից: Թքած ունեցեք էդ 5000-ի վրա, ու որպեսզի ձեր խիղճը ձեզ չտանջի, ընտրություն կատարեք սեփական համոզմունքներով: Իսկ քվեախցիկում մինչ որևէ ուժի, անձի ձայն տալը մտածեք՝ այս կամ այն թեկնածուն ի՞նչ կարող են անել Հայաստանի համար: Քանի որ քաղաքական դաշտը գաղափարազուրկ է գոնե ընտրեք այն մարդկանց, որոնք խորհրդարան մտնելով օգտակար գործ կանեն երկրի ու ժողովորդի համար:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն