Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել երիտասարդներին

Փետրվար 10, 2017թ. 22:49
Սեյրան օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր քաղաքական գործիչ Սեյրան Օհանյանը ուղերձ է հղել երիտասարդներին, մասնավորապես նշելով, որ երիտասարդությունը չպետք է օտարանա հողից և իր թիմի հավակնությունների հաջողության դեպքում խորքային լուծումներ կառաջրակվեն մի շարք ուղղություններով:   

 «Սիրելի՛ երիտասարդներ

Այսօր ուզում եմ խոսել ձեզ հետ ոչ որպես քաղաքական գործիչ, այլ որպես ավագ ընկեր, ով երկար տարիներ ղեկավարել է Հայոց բանակը՝ ձևավորված հայ հզոր երիտասարդներից:

Շնորհավորելով ձեզ Սուրբ Սարգիս զորավարի տոնի՝ Երիտասարդների օրհնության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ, որպեսզի սերը, երջանկությունը, բարեկեցությունը ուղեկցեն ձեզ ամբողջ կյանքում, և մեր ունեցած հաջողություններն ու ձեռքբերումները՝ Արցախյան հերոսամարտից մինչև այսօր, է՛լ ավելի բարձր պահեն անկախության, ազատության ոգին, որի կրողն եք Դուք:

Դո՛ւք եք այս երկրի տերը, դո՛ւք եք այսօր սահմանն անառիկ պահում, նոր շունչ ու նոր միտք բերում Հայաստանին և ունեք բոլոր իրավունքները՝ պահանջելու ավելի արդար, ավելի բարեկեցիկ Հայաստան և իշխանություն, որ, քաջատեղյակ լինելով ձեր խնդիրներին, պատրաստակամ կլինի ձեզ լսելու և աջակցելու։

Իմ ցանկությունն է, որ կյանքի սխալները, բացթողումներն ու անարդարությունները ոչ թե հիասթափեցնեն ձեզ, այլ բազմապատկեն ձեր իմաստությունը, արիությունն ու տոկունությունը, որպեսզի ազնիվ ջանքերով ու նվիրումով հաղթահարեք փորձությունները:

Միակ հորդորը, որ ես կուղղեմ ձեզ՝ մեր այսօրվա իրականության բազմաթիվ բացասական երևույթներին հաստատակամորեն պետք է ասեք՝ հերի՛ք է:

Ծանոթ լինելով երիտասարդության բազմաշերտ խնդիրներին՝ վստահաբար կարող եմ ասել, որ դրանց հիմքում այն համատարած բացթողումներն են ու սխալները, որ գոյություն ունեն մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ …Անարդարության այդ դրսևորումներն էլ հաճախ ստիպում են մեր երիտասարդներին թողնել իրենց Հայրենիքը և իրենց ողջ ներուժը, ոգևորությունը, երազանքներն ու ցանկությունները տեղափոխել այլ երկրներ, որտեղ համակարգերն ավելի արդար են, ավելի կայացած։

Երիտասարդներին կոչեր անել այսօր պետք չէ՛. պետք է պարզապես բարեփոխել մեր երկիրը, որպեսզի նրանք չօտարանան այս հողից, պետք է ցույց տալ նրանց, որ հենց Հայաստանն է լավագույն երկիրը՝ ինքնադրսևորվելու, արմատներ գցելու, կայանալու համար, որ Հայաստանում նույնպես իրենք կարող են բարձրակարգ կրթություն ստանալ և գտնել լավ աշխատանք, որ այստեղ իրենց մասին իրոք մտածում են։

Մեր քաղաքական թիմի հավակնությունների հաջողության դեպքում մենք խորքային լուծումներ ենք առաջարկելու հետևյալ ուղղություններով.

-բարձրացնել մասնագիտական կրթության դերը ՝ խրախուսման նոր ծրագրեր առաջարկելով

-մշակել դրամաշնորհների քաղաքականություն՝ բուհական ուսման վարձերը փոխհատուցելու համար

-կրթական համակարգում սահմանել առավելություններ Ապրիլյան պատերազմին, ինչպես նաև զինծառայության ընթացքում մարտական այլ գործողությունների մասնակցած երիտասարդների համար (ես ցավով եմ նկատում, որ ծառայությունից վերադառնալով՝ նրանք պետության կողմից համարժեք աջակցություն կամ առավելություններ չեն ստանում, և իրենց զգում են անտեսված, իսկ իրենց անձնուրաց ծառայությունը և նվիրումը Հայրենիքին՝ չգնահատված. մենք պարտավոր ենք շարունակել նախկինում մեր կողմից ձեռնարկված միջոցառումները՝ այս ոլորտում բարեփոփոխումներ կատարելու նպատակով)

-ապահովել երիտասարդների ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում՝ քաղծառայության կրտսեր, առաջատար, գլխավոր և բարձրագույն պաշոններից մինչև հայեցողական և քաղաքական պաշտոնների զբաղեցումը՝ հաշվի առնելով ոչ միայն բարձրակարգ կրթության, վերապատրաստումների, գործնական հմտությունների առկայությունը, այլև չափազանց կարևորելով ձեռք բերված փորձը (ես միշտ նշել եմ և այսօր էլ նշում եմ՝ «երիտասարդացում», բայց ոչ ի հաշիվ փորձի)՝ բացառելով ծանոթ-բարեկամական կապերով կամ քաղաքական հայացքները հաշվի առնելով աշխատանքի ընդունման կամ ազատման «չգրված ավանդույթը»

-լրջորեն ուշադրություն դարձնել սահմանամերձ բնակավայրերից երիտասարդների աղետալի արտահոսքին և միասնաբար ծրագրեր մշակել այդ երիտասարդներին սատարելու, նրանց համար իրենց իսկ բնակավայրերում կյանքի արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար

-ներգրավել և օգտագործել սփյուռքահայ երիտասարդների փորձը մեր երկրի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում

-մեր պետության անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ խիստ հետևողական միջոցառումներ ձեռնարկել զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու համար

-զերծ պահել երիտասարդներին քաղաքական մանիպուլյացիաներից

-ներկայացնել ծրագիր՝ երիտասարդ գործարարների գործնական մեկնարկի (այսպես կոչված՝ Start up-ների) խրախուսման համար

-խթանել առողջապահության ոլորտում հատուկ «երիտասարդական» բաղադրիչը՝ հանրապետության ողջ տարածքում առողջ ապրելակերպի մատչելի գոտիներ ստեղծելով

-սոցիալապես ապահովել զինծառայության ընթացքում հաշմանդամ դարձած երիտասարդներին և նրանց ընտանիքները (տարիներ շարունակ ես առնչվել եմ այս ոլորտի ծանր խնդիրներին, սակայն բանակը միայնակ ի զորու չէ լուծելու այդ խնդիրները. նրանցից յուրաքանչյուրին օգնելու, նրանց բեռը թեթևացնելու համար պետական մոտեցում է անհրաժեշտ՝ հստակ սահմանված և գործող ծրագիր)

-հանուն հայրենիքի զոհված հերոսների օրինակով դաստիարակել ապագա սերունդներին. մենք բոլորս պարտավոր ենք ձեռք բերված բոլոր արժեքներն ու հաջողությունները պատշաճ կերպով փոխանցել մեր զավակներին

-մեր հանրապետությունում գոյություն ունեցող ժողովրդագրական խնդիրների մշակման արդյունքում իրականացնել դեմոգրաֆիական արդյունավետ քաղաքականություն՝ գոյություն ունեցող մտահոգիչ խնդիրները լուծելու, մեր քաղաքացիների կենսամակարդակը բարձրացնելու, երիտասարդ ընտանիքներին աջակցելու և ամուսնությունը, մանկածնությունը խթանելու նպատակով:

Մեր ազգի փրկությունն ու հավերժությունը երեխաների, մեր ապագա սերնդի մեջ է: Եվ եթե ուզում ենք այսուհետ նունպես հաղթել՝ ապրել, արարել հայրենի հողում, պետք է բարձրացնել ծնելիության մակարդակը՝ «օրորոցային վրեժ» հայտարարելով…

Ինչպես իմ պաշտոնավարման տարիներին, այնպես էլ այսօր, ես շարունակում եմ իմ հանդիպումներն ու անկեղծ զրույցները մեր երիտասարդների հետ և ամեն անգամ նրանց հետ շփումից հետո նոր, դրական լիցքեր եմ ստանում, հիանում ապագայի նկատմամբ նրանց լավատեսությամբ. նրանք երազում են ունենալ ավելի հզոր, ավելի արագ զարգացող ու երջանիկ Հայաստան, և վստահաբար հասնելու են իրենց երազանքներին:

Երբ այսօր ինձ հարց են տալիս՝ մեր երկիրը կանգնած է բարդ մարտահարավերների առաջ, արդյո՞ք մեր ապագա սերունդը կարողանալու է կատարել իր առջև դրված խնդիրը՝ շարունակելով իրենց հայրերի՝ այսինքն, մեր սերնդակիցների պայքարն ու գործը, ես վստահորեն պատասխանում եմ՝ այո՛, մեր երիտասարդները ավելի գրագետ են, ավելի ստեղծագործ և անհրաժեշտության դեպքում ավելի լավ են պաշտպանելու մեր հայրենիքը թշնամու ոտնձգություններից, ինչի հաստատումն էին ապրիլյան պատերազմի ժամանակ մեր որդիների հերոսությունները:

Մենք իրավունք չունենք նրանց չհավատալու… Եվ մեզանից յուրաքանչյուրը, լինելով իսկապես մտահոգ և ընդունելով պատասխանատվության իր բաժինը, պետք է ոչ թե փորձի «դաստիարակել» նրանց՝ իր սկզբունքները թելադրելով կամ պահանջելով, այլ ինչպես հնագույն իմաստությունն է ասում՝ «մի՛ փորձիր դաստիարակել զավակիդ, միևնույնն է, նա նմանվելու է քեզ… զբաղվի՛ր ինքնադաստիարակությամբ»:

Սիրելի՛ երիտասարդներ

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ գալիք տոնի կապակցությամբ՝ ցանկանում եմ ձեզ միայն ու միայն համարձակ, երջանիկ և ստեղծագործ ապագա: Մեզ այսօր անհրաժեշտ են անկոտրում, համարձակ, բարոյապես ազնիվ երիտասարդներ, որոնց համար գործից առավել ոչ ոք և ոչինչ կարևոր չէ:

Եվ իհարկե, չմոռանա՛ք «օրորոցային վրեժի» մասին»:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն