Գլխավոր » TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ցավոք, Լապշինի ճակատագիրը վճռում են երկու մարդ, որոնք աշխարհի կողմից համարվում են բռնապետներ. Տիգրան Քոչարյան

Փետրվար 10, 2017թ. 22:32
Տիգրան Քոչարյան

Բելառուսի կողմից Ադրբեջանին արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարազատները շոկի մեջ են եղել` իմանալով Լապշինի արտահանձնման լուրը: Շոկի մեջ են եղել նաև Ռուսաստանի և Իսրայելի հյուպատոսները, քանի որ նրանց ևս տեղյակ չեն պահել արտահանձնման մասին: Aravot.am-ը բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանից հետաքրքրվեց` զրուցե՞լ է Լապշինի կնոջ հետ, ի՞նչ են պատրաստվում նրա հարազատներն անել: Պարոն Քոչարյանը պատասխանեց. «Եկատերինայի` Լապշինի գործընկերոջ և քաղաքացիական կնոջ հետ կապ եմ պաշտպանում: Հարազատները շոկի մեջ են եղել: Իհարկե, հղվել են նաև բողոքի նոտաներ»: Հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է արտահանձնված բլոգերն իր խնամքի ներքո երեխաներ ունի՞, պարոն Քոչարյանը պատասխանեց, թե իր տեղեկությունների համաձայն երեխաներ չունեն:

Հայ բլոգերը տեղեկացրեց, որ Ռուսաստանի և Իսրայելի դիվանագետները Բաքվում հիմա փորձում են հասկանալ ինչ մեղադրանք է Լապշինին ներկայացվել և ինչպես կարելի է կազմակերպել, որ դատն անցնի արդարացիորեն, ու փորձելու են Լապշինին ինչ-որ ձևով Ադրբեջանից դուրս հանել: Ըստ Տիգրան Քոչարյանի` պետք էր անել այնպես, որ Լապշինը չհայտնվի Ադրբեջանում: Նա հավելեց. «Ցավոք, Լապշինի ճակատագիրը վճռում են երկու մարդ, որոնք աշխարհի կողմից համարվում են  բռնապետներ, և շատ հաճախ իրենց քմահաճույքով են իրենց երկրում տեղի ունենում իրադարձությունները: Խոսքը Ադրբեջանի և Բելառուսի նախագահների մասին է: Այստեղ միջազգային ճնշում պետք է լինի: Լապշինը բախտավոր է նրանով, որ երկու բավականին ուժեղ երկրների` Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի է»:

Այսօր պարզ դարձավ նաև, որ Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Ինտերպոլը երբեւէ հետախուզում չի հայտարարել եւ նրան 2016 թվականի դեկտեմբերի 15-ին վերջինիս պահանջով չեն ձերբակալել, ինչպես վերջերս հայտարարել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հարցին, թե այս հանգամանքն ակնհայտ չի՞ դարձնում Լապշինի արտահանձնման` Լուկաշենկոյի շահագրգռվածությունը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Այն մեղադրանքները, որ առաջադրվել են Լապշինին, քաղաքական են, դրա տակ որևէ քրեական բան չկա: Լուկաշենկոյի` հայտնի մամուլի ասուլիսից պարզ էր, որ որոշ բաներից ինքը կամ տեղեկացված չէ, կամ  փորձում է իրականությունը խեղաթյուրել: Դա ոչ միայն Ինտերպոլի մասով է, այլ ընդհանրապես, մարդիկ միանգամից կռահեցին, որ լուրջ անճշտություններ կան Լուկաշենկոյի խոսքում: Լավ է, որ մեր ոստիկանությունը դիմեց Ինտերպոլին և այսօր տեղադրեց տեղեկատվություն, որ Ինտերպոլով Լապշինին ման չեն եկել»: Տիգրան Քոչարյանը պարզաբանեց, թե Ինտերպոլով հետախուզում հայտարարելը յուրահատուկ գործընթաց է, քանի որ ոչ բոլոր հարցումներն է Ինտերպոլն ընդունում և հայտարարում համապետական որոնում մարդու նկատմամբ: Առավել ևս, եթե զգացվում է, որ այնտեղ կա քաղաքական պահ, և երկիրը դիմել է տվյալ մարդուն հենց քաղաքական նկատառումներով կալանավորելու համար և տեղափոխելու իր մոտ, բնականաբար Ինտերպոլը դիմումը մերժում է:

Ըստ հայ բլոգերի` կասկածելի էր նաև այն, որ ադրբեջանցիներն ասում էին, թե շուրջ 13 երկրի դիմել են Լապշինի համար, բայց մերժում են ստացել. «Այս ամենից պարզ է դառնում, որ Լապշինը զոհ է դարձել Ադրբեջան-Բելառուս նախագահական մակարդակով ընկերական հարաբերությունների:  Դա եղել է միջպետական պայմանավորվածություն:

Լուկաշենկոյի շահագրգռվածության մասին խոսելով` Տիգրան Քոչարյանը նորից հիշեցրեց հայտնի ասուլիսի ժամանակ Լուկաշենկոյի այն զարմանքը, թե ո՞նց` Լապշինը Բելառուսո՞ւմ է, և հենց այդ օրվանից հետո նրան արտահանձնեցին Ադրբեջանին:

Հարցին` Լապշինի շուրջ ծավալված իրադարձություններում արդյոք բավարա՞ր էին ՀՀ ԱԳՆ-ի կողմից կատարված քայլերը, պարոն Քոչարյանը պատասխանեց. «Սովորաբար բավականին քննադատական վերաբերմունք ունեմ մեր ԱԳՆ-ի նկատմամբ, բայց այս պարագայում կարող եմ ասել, որ Լապշինի գործի հետ կապված լավ աշխատանք է տարվել: Ցավոք, ոչ ամբողջ կառույցն է լավ աշխատել: Օրինակ` Բելառուսում մեր դեսպանի աշխատանքից եմ դժգոհ: Այն ժամանակ, երբ տեսանք, որ Բելառուսը սկսում է պրոադրբեջանական դառնալ որոշ հարցերում, որևէ արձագանք չկար, ու երևում էր, որ վատ աշխատանք է տարվում Բելառուսի ուղղությամբ»:

Դառնալով այն հարցին, թե ինչ պետք է արվի ստեղծված իրավիճակում` Տիգրան Քոչարյանն ասաց, թե նախ պետք է փորձել այնպես անել, որ ապագայում նման դեպքերը կանխարգելվեն, և որևէ երկրի նախագահի մտքով չանցնի, որ կարելի է հենց այնպես մարդուն վերցնել ու հանձնել այլ երկիր: Պիտի Բելառուսի նախագահը հասկանա, որ եթե շարունակի միակողմանի քայլեր անել, ոչ դաշնակցային հարաբերություններ ունենա Հայաստանի հետ և փորձի վատություն անել Հայաստանին, Հայաստանը դրա պատասխանը կտա: Ըստ պարոն Քոչարյանի` վերջապես  պետք է Լուկաշենկոյին պարտադրել հասկանալ, որ պետք է չեզոքություն պահպանել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

aravot.am 

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն