Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Նկատելի է հայրենադարձության կտրուկ աճ, ինչը գովելի է թե՛ հայրենասիրության, թե՛ երկրի տնտեսությանը զարկ տալու տեսանկյունից

Հունվար 19, 2017թ. 18:06
Հայք կենտրոն սփյուռքահայերի քննակում

Վերջին ժամանակներում նկատվում է սփյուռքահայերի հայրենադարձության կտրուկ աճ, ինչը շատ գովելի է թե՛ հայրենասիրության առումով, թե՛ տնտեսապես երկրին զարկ տալու: Սփյուռքից՝ մասնավորապես ԱՄՆ-ից, Կանադայից, Սիրայից, Լիբանանից հայրենադարձած հայերը, տեսնելով իրենց հայրենիքը ոչ այնպիսին  ինչպես, որ նրանք էին  պատկերացնում, ոչ թե թողնում և նորից հեռանում են, այլ հակառակը՝ մնալու համարձակ որոշում են կայացնում և փորձում իրենց միջոցներով և այլ ծրագրերի միջոցով ստեղծել իրենց սեփական բիզնեսը՝ միևնույն ժամանակ ստեղծելով աշխատատեղեր մյուսների համար: Իսկ թե ինչպիսի՞ խոչընդոտների են հանդիպել իրենց բիզնեսի ստեղծման ճանապարհին. այս հարցն այսօր քննարկվեց «Հայք» վերլուծական, տեղեկատվական ակումբում, հենց իրենց՝ հայրենադարձների մասնակցությամբ:

Հայրենադարձությանը մեծապես նպաստել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, որի տնօրեն Վարդան Մարաշյանը մանրամասնորեն ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը և, թե որքանո՞վ է այն արդյունավետ գործում: Ի դեպ, Վ. Մարաշյանը ևս հայրենադարձել է Հայաստան, նա ապրել և սովորել է Ռուսաստանի Դաշնությունում, սակայն վերադարձել է Հայաստան և որոշակի գործունեության սկիզբ դրել:

Ըստ Վ. Մարաշյանի՝  յուրաքանչյուր տարի հիմնադրամ է դիմում 500 սփյուռքահայ, ովքեր մեծ ցանկություն են հայտնում Հայաստանում մասնակցել կամավորական, կրթական ծրագրերի:

Ներկաներից՝ Շանթ Չակմակը (Կանադա),  ով Հայաստան էր եկել «Դեպի Հայք» կրթական և կամավորական ծրագրով, որի տևողությունը եղել է ընդամենը մեկ ամիս, բայց նա որոշում է կայացրեց մնալ Հայաստանում և իր ներդրումն ունենալ այստեղ: Շ. Չակմակը ստեղծել է «Հայրենիքի Զարգացման Նախաձեռնության հիմնադրամը», այն 200 կանանց հնարավորություն է տվել աշխատանք ունենալ: Կազմակերպությունը, որտեղ աշխատում են միայն կանայք, արտադրվում են  գործվածքե խաղալիքներ, գլխարկներ, այս արտադրանքը հիմնականում արտահանվում է, որն արդեն ունի մեծ պահանջարկ մասնավորաբար այն երկրներում, որտեղ կան հայկական համայնքներ:  Շ. Չակմակը նշում է, որ հայաստանյան արտադրանքը  գնահատվում է և մեծ հետաքրքություն է առաջացնում դրսում:

«A+ Limbibe Skills» անգլերենի ուսուցման կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը Լիբանանից գալով Հայաստան և լինելով անգլերեն լեզվի մասնագետ՝ որոշում է ստեղծել իր ուսուցման կենտրոնը և կրթել հայ երիտասարդներին՝ տալով մասնագիտական բարձր որակավորում՝ միջազգային  մասշտաբով:

Կարծես թե, ներկաներից բոլորը հասել են հաջողության իրենց գործում, սակայն հաջողության հասնելու ոչ մի ճանապարհ սահուն չէ, և այդ ճանապարհին կարևոր է չհուսահատվել և շարունակել այն գործը, որի սկիզբն արդեն դրվել է, հաստատում է Ա. Փանոսյանը:

Իր  հաջողության մասին խոսեց նաև  «Samfruit» կազմակերպության ղեկավար Արտյոմ  Թադևոսյանը: Կազմակերպությունը զբաղվում է չրագործությամբ, որը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, սակայն  Ա. Թադևոսյանը  նշում է, որ շուտով ծրագրում են չրի արտահանման այլ ուղղություններ ևս, մասնավորապես, ԱՄՆ և Եվրոպա:

Խոսեցին նաև առկա խնդիրների մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ բիզնես-ծրագրերի ստեղծման գործում. այն հիմնականում մասնագետների բացակայությունն է, Հայսատանում չկան նեղ մասնագիտական որակավորումներ: Խնդիրն այն է, որ չկան բիզնես ոլորտի գիտակներ, ովքեր կկարողանան ճիշտ մոտեցումով մշակել բիզնես-ծրագրեր, և գրանցել հաջողություններ:
Արփինե Հախվերդյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն