Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան

Ի՞նչի շուրջ բանակցել ցինիկ հայտարություններ անող Ալիևի հետ

Դեկտեմբեր 14, 2016թ. 00:00

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, <<Ժողովրդավարություն>> կուսակցության անդամ ՎԱՐԴԳԵՍ ԲԱՂՐՅԱՆԻ հետ

Համբուրգում տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, համանախագահները նպատակ ունեն կազմակերպել նաև երկու երկրների նախագահների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում, որքանո՞վ է ճիշտ, որ Հայաստանն ընդառաջ գնա այդ առաջարկին, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հրաժարվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելուց, գուցե պետք է, որ Հայաստանն այս անգամ առավել կոշտ դիրքորոշում որդեգրի:
-Համանախագահները, կարծես թե, փորձում են գործընթացն ակտիվացնել, և երկու երկրների նախագահներին կոչ արեցին հանդիպել: Իհարկե, ցանկացած հանդիպում ավելի լավ է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Բայց իմ կարծիքով հանդիպելու դեպքում էլ պետք է լինի հստակեցում, թե ինչի՞ շուրջ են խոսելու: Եթե Ադրբեջանը շարունակում է իր ոչ կառուցողական քաղաքականությունը, հոխորտում է, սահմանագծին անընդհատ լարվածություն է ստեղծում, ի՞նչ պետք է խոսել այդ երկրի ղեկավարի հետ: Ավելին, Ադրբեջանը սովորություն է դարձրել, որ ցանկացած բանակցություններից առաջ ավելի սրի իրավիճակը սահմանին, ինչի ականատեսն ենք նաև այժմ:
Ադրբեջանը, ինչպես ասացիք, որևէ քայլ չի անում Վիենանայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած իր իսկ պարտավորությունների կատարման ուղղությամբ: Ավելին, վերջին շրջանում Ալիևը հաճախ է լինում, այսպես կոչված` Աղդամի, Ֆիզուլու շրջաններում, ինչի մասին տարփողում են ադրբեջանական լրատվամիջոցները, և սկսում այնտեղից հոխորտալ Արցախի ու Հայաստանի հասցեին: Ցինիկաբար ասում է` լավ, Հայաստանի այսօրվա տարածքը բաշխում ենք հայերին, բայց ՙԱյն ինչը մերն է պետք է նորից մերը լինի՚: Ուրեմն` ինչի՞ մասին խոսել նման հայտարարություն անող մարդու հետ, ճիշտն ասած` ես չեմ պատկերացնում: Նա պատրասատ չէ բանակցել: Յուրաքանչյուր բանակցությունից հետո տպավորությունս այն է, որ Ալիևը համանախագահների, Հայաստանի նախագահի հետ խոսում է մի բան, բայց երբ վերադառնում է Բաքու, ներքին օգտագործման համար, սկսում է միանգամայն այլ հայտարարություններ անել: Բանակցությունը ենթադրում է երկու կողմերի երկխոսություն, եթե կողմերից մեկը բոլորվին պատրաստ չէ դրան, բանակցելը դառնում է անհնարին բան:
Ինչ վերաբերում է կոշտ դիրքորոշմանը, ապա Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը վերջերս ասաց այդ մասին, որ մենք պատրաստ ենք բանացել, բայց ինչի՞ շուրջ: ԼՂ խնդրի կարգավորման ամենատարբեր փուլերում, երբ թվում էր, թե տեսականորեն կողմերը մոտ են հանգուցալուծման, Ադրբեջանը մի այնպիսին խնդիրներ էր մեջտեղ բերում, որ ուղղակի ձախողու էր գործընթացը` բանակցությունները մղելով փակուղի: Հիմա ևս, կարող եմ ասել, որ գտնվում ենք բանակցային փակուղու շեմին ու դարձյալ Ադրբեջանի ձեռքով:
Ադրբեջանի նման պահվածքի ֆոնին ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հնչեցրած հայտարարությունը:
-Տարածված հայտարարության մեջ դարձյալ ընդհանուր ձևակերպումներ են` կոչ ենք անում կողմներին, կոչ ենք անում երկու երկրների նախագահներին, կոչ ենք անում Երևանին ու Բաքվին: Չնայած իրենց համար ակնհայտ է, որ Ադբեջանն է սանձասերծել ապրիլյան պատերազմը, բայց դեպքերից հետո տեսա՞ք Ադրբեջանին մեղադրող գեթ մեկ ձևակերպում, ցավոք` ոչ: Քանի դեռ համանախագահները չեն ասել` Ադրբեջան, դո’ւ ես մեղավորը, դո’ւ ես արել, դու ես սանձազերծել, լարել իրավիճակը սահմանին, ուրեմն դու էլ պետք է պատասխան տաս, քանի դեռ սա պարզ, հստակ չի ասվել ինչո՞ւ պետք է հայկական կողմը գնա հանդիպման ադրեջանական կողմի հետ:
Այս պահին այնպիսի անվստահության մթնոլորտ է տիրում գործընթացում, որ մինչև նախագահների հանդիպում կազմակերպելը հարկ է նախ հստակեցնել` ինչի՞ շուրջ է լինելու խոսակցությունը, որքանո՞վ է մեր ընդդիմախոսը պատրաստ խոսել մեզ հետ: Եթե Ալիևն ասում է` բոլորն իմն է ու պիտի ինձ տաս, ի՞նչ իմաստ ունի նրա հետ հանդիպելը:
-Եվրոպացի քաղաքագետները նկատել են, թե ԼՂ բանակցությունները դադարելու իրավունք չունեն, հետևաբար համանախագահ երկրները պետք է կողմերին թեկուզ ժամանակավոր լուծումներ առաջարկեն։ Արցախի համար ինչը կարող է ընդունելի “ժամանակավոր լուծում” համարվել:
– Սա ինչ-որ հին երգ է: Խոսակցություն կա նաև ինչ-որ միջանկյալ կարգավիճակի մասին: Եթե խոսում են ժամանակավոր լուծման մասին, որևէ մեկն առարկայորեն պատկերացնում է՞, թե դա ի՞նչ է նշանակում: Ես չգիտեմ, թե եվրոպացի քաղաքագետներն ի՞նչ են հասկանում ժամանակավոր լուծում ասելով, բայց Արցախի Հանրապետությունն ու ժողովուրդն իր խնդիրը շատ վաղուց է ձևակերպել. Արցախը անկախություն է հռչակել ու այդ անկախության տերն է: Եվ որևէ մեկը մեզ չի կարող պարտադրել հրաժարվել մեր անկախությունից, մարդկության պատմության մեջ տեսե՞լ եք նման դեպք, որ հաղթանակով անկախությունդ վերականգնես ու հետո գնաս զիջման: Թող բոլորն իմանան` միակողմանի զիջում երբեք չի կարող լինել ու թող մոռանան այդ մասին: Սա մեր ժողովրդի միասնական տեսակետն է, իսկ հարցի ցանկացած կարգավորում առանց ժողովրդի ցանկության չի կարող լինել:
Ադրբեջանի նախագահի ախորժակը շատ մեծ է, հետևաբար, մենք առհասարակ չպետք է խոսենք ո’չ փոխզիջումներից, ոչ էլ առավել ևս զիջումների մասին: Ո՞ւմ ենք զիջում, ի՞նչ ենք զիջում: Ապրիլյան դեպքերը մեզ խրատ չեղա՞ն:

Տարիներ առաջ երբ այցելել էի Հարավային Օսիա, օսերն ու աբխազները բառացիորեն ասում էին հետևյալը` մենք ամաչում ենք, լավ չէ, որ չնայած Արցախը շատ ավելի կայացած պետություն է, բայց Ռուսաստանը ճանաչել է մեր անկախությունը, իսկ ԼՂՀ-ն` ոչ: Այս օրինակը բերեցի այն նպատակով, որ հստակ հասկանանք` երկակի ստանդարտները կան ու կկիրառվեն մեր դեմ, բայց մենք մեր քարավանը պետք է առաջ տանենք: Եթե սպասենք, թե ի՞նչ է ասում Ադրեբեջանը, ի՞նչ են ասում համանախագահները, մենք տեղ չենք հասնի: Իսկ մենք ունենք մեր հստակ նպատակը, թեկուզ դանղաղ, բայց հաստատակամ քայլերով պետք է գնանք ու գնում ենք մեր վերջնական նպատակին, իսկ դա մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորում է:

Ս. Սահակյան

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն