Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Հայկական տոներ, Հարցազրույցներ, Մշակույթ

Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն Ամանորի ներկայացում կնվիրի փոքրիկներին

Դեկտեմբեր 5, 2016թ. 13:58
narek-2

Սիրված դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը Նոր տարվան ընդառաջ հետաքրքիր բեմականացում կներկայացնի: Բաղրամյան 3 հասցեում գտնվող թատրոնում վերջին ամիսներին ցուցադրվում են սիրված «Իմ կնոջ անունն է Մորիս», «Մորաքույրը Փարիզից», «Շեղշե լա ֆամ», «Սե լա վի» և «Կոմա Նոստրա» ներկայացումները: Դեկտեմբերի 25-ից էլ թատրոնի խաղացանկը կհամալրի նոր մանկական ներկայացումը: Թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում պատմում է կառույցի և մանուկների համար նախատեսված ներկայացման մասին:

– Մոտ երկու ամիս է, ինչ Բաղրամյան 3 հասցեում գործունեություն ենք ծավալում: Հետաքրքրությունը բավական մեծ է, հանդիսատեսը սովորել է թատրոնի տեղը, հարմարվել: Մարդիկ հաճախում են, դիտում ներկայացումներ: Հնարավոր բոլոր պայմանները փորձել ենք ստեղծել, որ հանդիսատեսն իրեն տաք, հարմար և հանգիստ զգա:

-Ամանորին ընդառաջ ի՞նչ ներկայացում է պատրաստում թատրոնը:

-Նարեկ Դուրյանը չի անտեսել մանուկներին, ինչպես և խոստացել էր, բեմադրություն է պատրաստել: Ներկայացումը կոչվում է «Ամանորը Նազարի մոտ», հիմքում հայկական հեքիաթներն են: Մեկ ժամ տևողությամբ երաժշտական կատակերգություն է: Ներկայացման երգերի բառերի և երաժշտության հեղինակը Նարեկ Դուրյանն է: Գիտեմ, որ երեխաները շատ են սիրում նրան, նա կարողանում է գրավել փոքրիկներին: Ներառված են ինտերակտիվ հատվածներ: Ներկայացման հերոսները հայկական հեքիաթների կերպարներն են, ունենք նաև Ձմեռ պապ, Ձյունանուշ: Ներկայացումը մի պահ կդադարի. չար կախարդը կգա և կկախարդի հեքիաթի հերոսներին և…

-Ե՞րբ է այն ներկայացվելու:

– Դեկտեմբերի 25-30-ը օրական մի քանի անգամ կսկսենք ներկայացնել այն: Այնուհետև տոներից հետո՝ հունվարի 4-ից կշարունակենք:

-Ովքե՞ր են ներգրավված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացման մեջ:

-Ներգրավված են երիտասարդներ: Նրանք արդեն զբաղված են մեր թատրոնի ներկայացումներում: Այդպիսով մենք նաև երիտասարդներին հնարավորություն ենք ընձեռում հանդես գալ թատրոնում, ինչը շատ լավ սկիզբ է նրանց համար: Շատ լավ երիտասարդներ են, ոչ միայն դերասանությամբ են զբաղվում, գրում են, ջնջում են, աշխատում, հսկում, վերանորոգում են և այլն: Ունիվերսալ վարպետ-դերասաններ ենք պատրաստել: Չէ՞ որ թատրոնը միայն դերասանություն անելը չէ:

-Բացի այս ներկայացումից 2017-ին նախատեսվա՞ծ են նոր բեմադրություններ:

– Նոր ներկայացումներ անպայման կլինեն: 2017-ին անակնկալներ կլինեն, մի քանի պրեմիերաներ կունենանք: Շարունակելու ենք նաև խաղացանկային ներկայացումներ ցուցադրել, ինչպես նաև հյուրախաղեր կունենանք տարբեր երկրներում:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Հայկական տոներ, Հարցազրույցներ, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն