Գլխավոր » NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիան անելիք չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում

Հոկտեմբեր 18, 2016թ. 20:40
Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ

Ինչպիսի՞ արդյունքներ գրանցեց ՀԱՊԿ երևանյան գագաթաժողովը:
-ՀԱՊԿ գագաթաժողովում ամփոփվեց Հայաստանի նախագահության մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, ընդունվեց ռազմավարություն, որը ամրագրում է կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թվականը: Ստորագրվեցին նաև այլ համաձայնագրեր, մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք միտված են կազմակերպության ներուժի ամրապնդմանը:
Ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հայաստանյան նստաշրջանի աշխատանքները պետք է գնահատել բավարար: Հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները, կարծում եմ, ՀԱՊԿ-ի դերակատարության բարձրացումը, դրա վերարժևորումը դառնում են ապագայի խնդիրներ, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնեն ՀԱՊԿ անդամ պետությունները: Հայաստանը կշարունակի լինել ՀԱՊԿ համակարգի արդյունավետ գործունեության շահագրգիռ պետություն և իր կարողությունների չափով կունենա անհրաժետ ներդրում ՀԱՊԿ ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև, կարևոր քայլեր կիրականացնի միտված մեր երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացմանը:
-Գագաթաժողովը, կարծես թե, առավել ընդգծվեց անդամ երկրների միջև առկա ներքին հակասությունները, տպավորությունն այնպիսին է, որ արտաքին մարտահրավերների սրմամբ կառույցի ներսում ոչ թե կա ընդհանուր հայտարարի գալու տրամադրվածություն, այլ շահերի լուրջ հակադրում:
– ՀԱՊԿ անդան պեություններից յուրաքանչյուրը, այդ թվում և Հայաստանը, ՀԱՊԿ-ից դուրս ունեն նաև երկողմ կամ բազմակողմ համագործակցություն այլ միջազգային կառուցների հետ: Բայց կա մի կարևոր սկզբունք. ոչ թե պետք է հակասության վրա կառուցել քաղաքականությունը, այլ փորձել գտնել համադրումներ ու շոշափելի եզրեր: Կարծում եմ, այսօր ՀԱՊԿ-ը, ինչպես մյուս միջազգային կառույցները հենց այդ փուլում են գտնվում: Երբ ուշադիր հետևում ենք տարբեր կառույցների գործունեությանը, համոզվում ենք, որ ներքին հակասություններն ամենուր ակնհայտ են: Բայց դիվանագիտության դերը պետք է կայանա նրանում, որ գտնի հակասությունները մեղմելու ու դրանց սուր կողմերը հարթելու ճանապարհներ: Հայաստանի նախագահության ընթացքում, այնուամենայնիվ, բոլոր ջանքերը ներդրվել են տարբեր երկրների ու կառույցների շահերը համադրելու և ոչ թե հակասությունները խորացնելու համար:
Մենք շարունակում ենք կարևորել ՀԱՊԿ դերակատարությունը և մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, բնականաբար նաև նկատի ունենալով յուրաքանչյուր անդամ պետության առանձին շահերը զգայուն խնդիրների շուրջ:
-ՀԱՊԿ-ը Հայաստանի համար իրականում ընկալվում է որպես հայ-ռուսական համագործակցությունը մեկ օղակով ևս ամրապնդող կառույց, քանի որ դժվար է պատկեացնել, որ օրինակ, Ղազախստանը կարող է գործընկերային քայլեր անել ի շահ ՀՀ անվտանգության պաշտպանության: Սրանից էլ բխում է հաճախ հնչող հարցը` ինչո՞ւ մնալ այդ կառույցում:
-Նույն ձևաչափի մեջ մնալը նշանակում է մեղմել գործընկեր պետությունների դիրքորոշումն ու բերել նրանց ավելի հավասարակշիռ դաշտ: Բացի այդ, նաև օբյեկտիվ գործոնները, օրինակ մեր աշխարքաղաքական դիրքը, նաև մեր արտաքին քաղաքական օրակարգային հիմնախնդիրները` փակ սահմաններ, չլուծված ԼՂ հակամարտություն, Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթաց, ներդրումների ու տնտեսության զարգացման, շուկաների ինտեգրման հնարավորություն և այլն, մեզ թելադրում են իրականացնել բազմակողմ արտաքին քաղաքականությունը: Դա մեզ հնարավորություն է տալիս մեկտեղել մեր շահերը և փորձել դրանք առաջ մղել` հիմնվելով ոչ թե հակասությունների, այլև համադրումների վրա:
-Այսինքն, ՀԱՊԿ-ում մեզ չի խանգարո՞ւմ Ղազախստանի, երբեմն Բելոռուսի ադրբեջանահաճ դիրքորոշումները, օրինակ, Ղարաբաղյան հարցում:
-Չպետք է խանգարի, ավելին դրանք չպետք է պատճառ հանդիսանան, որ մենք ՀԱՊԿ-ի նկատմամբ ունենանք որոշակի վերաբերմունք: Մենք պետք է կարողանանք առաջնորդվել մեր սեփական շահերի տեսանկյունից, իսկ մեր շահն այսօր պահանջում է անհրաժեշտ ջանքերի գործադրում, որպեսզի Հարավային Կովկասում ամբողջությամբ ապահովվի խաղաղ և կայուն զարգացում: Այս ուղղությամբ նաև ՀԱՊԿ-ն ունի իր կարևոր դերակատարությունը, բնականաբար, առաջնային դերը Ռուսաստանինն է: Սա հատկապես կարևորովում է այն առումով, որ ՌԴ-ն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միակ պատասխանատու ձևաչափի, այն է` Մինսկի խմբի համանախագահող երկիր է: Իսկ մենք երբևէ չենք պատկերացնում, որ այդ խնդիրը պետք է լուծվի ՀԱՊԿ կամ մեկ այլ ձևաչափում: Հետևաբար, թե ՀԱՊԿ-ում ԼՂ հիմնախնդրի հետ կապված ո՞ր պետությունը ինչպիսի՞ նախասիրություն ունի, մենք այդ խնդիրը չպետք է քննարկենք ՀԱՊԿ համակարգում: Մեզ համար կարևորն այն է, որ ՀԱՊԿ-ն ունի հավասարակշռված դիրքորոշում, կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ պետություններն իրենց հրապարակային, պաշտոնական դիրքորոշումներում ամբողջությամբ աջակցում են ՄԽ ձևաչափը: Այլ ակնկալիքներ պետք չէ ունենալ. որևէ կառույց մեր փոխարեն չի ապահովելու մեր անվտանգությունը:
ՀԱՊԿ գագաթաժողովի ընդունած փաստաթուղթում խոսք կա նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին. որքանո՞վ է այն կարևոր մեզ համար, ի՞նչ կասեք հարցը փոխզիջումներով լուծելու ՌԴ նախագահ Պուտինի հայտարարության մասին:
-Առաջին անգամ չէ, որ ՀԱՊԿ-ը հայտարարություն է հնչեցնում Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Իսկ այս հայտարարության համաձայն կազմակերպության անդամներն աջակցություն են հայտնում Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործմանը: Սա ամբողջությամբ տեղավորվում է խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ, ու դա լավ է: Վիեննայում, այնուհետ նաև Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները լուծում պահանաջող խնդիրներ են, որի պարագայում հնարավոր կլինի առաջ շարժվել բանակցային գործընթացում:
Ինչ վերաբերում է փոխզիջումին, ապա մեր դիրքորոշումը առավել քան հստակ է ու հասկանալի. մենք ունենք փոխզիջման մեր պատկերացումը, և դա ամենևին էլ այն պատկերացումը չէ, որպիսին ունի Ադրբեջանը:
Իսկ ի՞նչ պատկերացում ունի Ռուսաստանը:
-Ռուսաստանի,Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար փոխզիջում ասվածը, իմ համոզմամբ, այն ընկալումն է, ըստ որի լուծում կարող է հանդիսանալ միայն կողմերի միջև ձեռքբերված համաձայնությունը, այսինքն` որևէ պետություն չի կարող կողմերին պարտադրել իր պատկերացրած կամ իր համար ցանկալի փոխզիջումը: Հակառակ դեպքում նրանք կկորցնեն իրենց միջնորդական դերակատարությունն ու դրական մասնակցությունը գործընթացին:
Ռուս-թուրքական հարաբերությունների ակտիվացմամբ ռուսական կողմը շատ հաճախ չի՞ խոսում ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության նպատակահամարության կամ արդյունավետության մասին: Ի դեպ, այդ մասին օրերս իր խոսքում շեշտեց նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
– Հայտնի է, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական սահմանի բացումը կապել Ղարաբաղյան խնդրի հետ: Բայց դա մեզ համար սկզբունքորեն անընդունելի է: Այդպես եղել է ու կշարունակի լինել, առավել ևս ապրիլյան պատերազմից հետո Թուրքիայի բացահայտ աջակցությունը ադրբեջանական ռազմական ագրեսիային, էլ ավելի հիմնավորում է մեր այն դիրքորոշումը, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում և դա իր իրավասությունների տիրույթում երբեք ու որևէ կերպվ չպետք է հայտնվի:
Հայաստանը որևէ կերպ չի կարող թույլ տալ Թուրքիայի մասնակցությունը այս խնդրին, որովետև հասկանալի է, թե Թուրքիայի համար ի?նչ է նշանակում ԼՂ հիմնախնդրի լուծում:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Սերգեյ Լավրովի հայտարարության մեջ կար այսպիսի մի կարևոր ընդգծումը, որ ռուսական կողմը կողջունի, եթե հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն առանց ԼՂ խնդրի լուծման հետ այն պայմանավորելու: Պետք է նաև նշեմ, որ միաժամանակ ռուսական կողմում ի գիտություն է ընդունվում այն, որ Թուրքիան շարունակում է այդ խնդիրը պայմանավորել ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ:
-Ռուսաստանը տուրք տալով Թուրքիայի հետ ջերմացող հարաբերություններին կարող է՞ ԼՂ հարցում Հայաստանին պարտադրել հայկական երկու պետությունների շահերից չբխող քայլեր: Նման մտավախությունների համար հիմք կա՞:
-Մեր պատմությունը մեզ հուշում է, որ մենք միշտ էլ նման մտահոգությունը մեր աչքի առաջ պետք է ունենանք: Նաև պետք է գործի այն գիտակցումը, որ որպես անկախ պետություն ինքներս ենք մեր մտահոգությունները փարատողը, և դրա տերն ու լուծողը: Այսօր այդպիսիք մտահոգություն, իհարկե, չկան, բայց այսօրվա աշխարհում ոչինչ չբացառելով, մենք պետք է ամեն ինչ անենք, որ չկանգնենք նման իրավիճակների առաջ: Որպեսզի զարգացումները չհանգեցնեն նրան, որ Հայաստանը ստիպված լինի ինչ-որ քայլեր անել` կլինի ռուսական, ամերիկյան, թե եվրոպական կողմերի առաջարկներով, մենք պետք է մշտապես ունենանք ընտրության, և սեփական խնդիրներն ինքներս լուծելու հնարավորություն:
-Ինչո՞ւ հետաձգվեց ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, պատճառը ՀԱՊԿ անդամ երկրների ներքին հակասություննե՞րն են:
-Առանց խորանալու մանրամասների մեջ, մանավանդ որ, այդ գործընթացը չի եղել հրապարակային ու կա սահմանափակ տեղեկատվություն, ընդամենը արձանագրենք, որ խնդիրը մեկ այլ օրակարգից տեղափոխվել է մեկ այլ օրակարգ` պահպանելով այն սկզբունքը, որ այբբենական կարգով Հայսատանին է բաժին ընկնում ներկայացնել հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունը:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել NKR, Ադրբեջան, Զինված ուժեր, Թուրքիա, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն