- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Այդ զարհուրելի ծրագրերի կյանքի կոչման շատ հստակ միտում կա. Հասմիկ Պապյանը «Ամենակարող երգիչ» նախագծի մասին

Օրերս Հանրային հեռուստաընկերությունը մեկնարկեց «Ամենակարող երգիչ» նախագիծը, որն, ի զարմանս մշակութային հասարակության, կարծես, պրոպագանդում է մեր օրերի «աենակարող» ռաբիսը: Երաժշտություն, որն, անշուշտ, իրավունք ունի հնչելու մասնավոր միջոցառումների ժամանակ՝ նեղ լսարանի համար, բայց ոչ ի լուր աշխարհի քարոզվելու երկրի թիվ մեկ, պետական հեռուստաընկերությամբ՝ ներկայանալով որպես ազգային մշակույթ:

Ի վերջո, հեռուստատեսությունը նաև դաստիարակչական միջոց է ու խրախուսելի է, որ վերջին շրջանում գոնե Հանրայինը նվազեցրել է սերիալային քաղաքականությունը: Բայց մեկտեղ, մատաղ սերնդի մոտ առավել ամրացնել առանց այն էլ տարածված ռաբիսը, մեղմ ասած, դասական և ազգային երաժշտության ապագայի ոչնչացում է:

Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյանն առաջիններից էր, ով ահազանգեց երևույթի մասին՝ բավական խիստ արտահայտվելով նախագծի վերաբերյալ: Երգչուհին շեշտեց՝ սա միտումնավոր արված հատուկ քաղաքականություն է:

«Ես բավականին խիստ եմ արտահայտվել նաև այն պարզ պատճառով, որ չեմ կարող չտեսնել այսօրինակ զարհուրելի ծրագրերի կյանքի կոչման շատ հստակ միտումը՝ հանրությանը վերջնականապես զրկել որևէ կարծիք ունենալուց, հասցնել նրան մտավոր և կրթական սանդղակի հնարավորինս ամենացածր աստիճանին և արդեն դրանով իսկ զրկել մարդկային բանականությունից, հետևապես՝ նաև որևէ լծակ ունենալուց»,- ասաց նա:

Թևավոր խոսք է դարձել, որ հեռուստաընկերությունները մատուցում են այն, ինչի պահանջարկն ունի հասարակությունը:

«Դա թյուր կարծիք է, թույլ տվեք չհամաձայնել: Հասարակությանը կարելի է նաև ուղղորդել, հետո նրան տալ ազատ ընտրության հնարավորություն», – շեշտեց Հ.Պապյանը:

Ժողովրդական արտիստուհին վստահ է, նման երևույթներից ձերբազատվելու համար առաջին հերթին պետք է սկսել հանրակրթական դպրոցներում երգ-երաժշտության դասերի վերականգնումը, ինչպես նաև՝ թանգարաններ, համերգներ և այլ մշակութային օջախներ մշտական այցելությունները: Մտահոգ ու շահագրգիռ պետք է լինի մշակութային ողջ հանրությունը:

Նշենք, որ կոնկրետ այս հաղորդման համար Facebook-յան շատ օգտատերեր արդեն իսկ առաջարկում են ստորագրահավաք անցկացնել: Իսկ խնդրի ի՞նչ լուծում է պատկերացնում մտավորականությունը:

«Նախ, այս հաղորդումը հարկավոր է անհապաղ զմռսել: Մեր երգարվեստի գործիչներին՝ Արթուր Գրիգորյանին, Նադեժդա Սարգսյանին, ինչպես նաև Աշոտ Ղազարյանին մի քանի կարևոր հարց ուղղել: Կարծում եմ՝ այսօրինակ երևույթներին անպայման պետք է արձագանքեն և կարծիք հայտնեն՝ Կոմպոզիտորների միությունը, Օպերային թատրոնը, Կոնսերվատորիան, Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Կամերային երաժշտության տունը, ազգային նվագարանների տարբեր համույթներ, անհատ կատարողներ, և, առհասարակ, մեր մշակույթի ապագայով մտահոգ քաղաքացիները: Անհրաժեշտ է հրավիրել բաց քննարկումներ, հավաքներ, որտեղ կառաջարկվեն տարբերակներ և լուծումներ այսպիսի վտանգավոր և կործանարար երևույթների դեմ: Ցավում եմ, որ ինքս Հայաստանում չեմ, անկարող եմ անձնապես մասնակից լինել գործընթացին: Ինչ վերաբերում է ստորագրահավաքին, ապա դրանից զատ հարկավոր է նաև հանդիպել հեռուստատեսության ղեկավարների հետ և խոսել խնդիրների մասին», – ընդգծեց Հ.Պապյանը:

Ի դեպ, երեկ, անդրադառնալով վերոնշյալ թեմային, «Ամենակարող երգիչ» նախագծի ժյուրիի անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նադեժդա Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ այս նախագիծը հենց նրա համար է, որ մարդկանց կարողանան ասել՝ բավական է, այդպիսի երգեր չի կարելի երգել: Մեջբերում ենք վաստակավոր արտիստուհու խոսքերը. «Նախկինում ռեստորաններում երգում էին լավագույն երգիչները՝ ներկայացնելով հայեցի երգեր: Այսօր ռեստորաններում և հեռուստատեսությամբ հնչում են թուրքա-արաբական ոճի մեջ հայերեն երգեր: Այդ հեռուստածրագրերը պատրաստողներն ասում են, թե պահանջարկն է այդպիսին: Պահանջարկը ստեղծում են հենց այն երգիչները, որոնք մատուցում են այդ երգերը: «Ամենակարող երգիչը» ստեղծվել է, որպեսզի քննադատվի ոչ հայեցի երգեցողությունն ու երաժշտությունը: Հենց առաջին ծրագրում ասվում է՝ այդպիսի երգեր չի կարելի երգել: Ես և Արթուր Գրիգորյանը կարողանում ենք դա ասել, անգամ, եթե նախագծի մասնակիցը մեր աշակերտն է»:

Անդրադառնալով այս խոսքերին՝ Հասմիկ Պապյանը նկատեց. «Սա «մեղա գալու» փորձ է հարգելի Նադեժդա Սարգսյանի կողմից… Այդ հարցազրույցից ես զգացի, որ ինքը նույնիսկ չի գիտակցում իր ասածների հակասությունը: Եթե այսպես պետք է փրկեն, ուրեմն շատ շնորհակալ ենք: Ցավոք, այսպիսով մեծ հարցականի տակ է դրվում իր, ինչպես նաև Արթուր Գրիգորյանի ողջ ստեղծագործական գործունեությունը»:

Միգուցե սա այն «տարածքն» է, որտեղ անելիք ունի նաև ՀՀ Հանրային Խորհուրդը, որը իր հիմնական նպատակ է հռչակել հնարավորություն տալ հասարակությանը ազդել իշխանության կողմից վարվող քաղաքականության վրա, իսկ իշխանությանը` իր գործողություններն ուղղորդել հասարակության պահանջներին համընթաց:

Հարցին՝  հաշվի առնելով այն իրականությունը, որ Հանրայինը պետական հեռուստաընկերություն է և ֆինանսավորվում է հարկատուների վճարած միջոցներից, հնարավո՞ր է հասնել նրան, որ Հ1-ի ղեկավարությունը այսուհետ նախագիծն իրականացնելուց առաջ խորհրդակցի մասնագետների հետ, ՀՀ ժողովրդական արտիստուհին պատասխանեց.

«Ինչ վերաբերում է Հանրային խորհրդին, ես կասեմ ավելին՝ այստեղ պետք է իր վճռորոշ դերակատարումն ունենա մշակույթի հարցերով նախագահի խորհրդականը: Հանրայինն իր ղեկավարության սեփականությունը չպետք է լինի, այն պարտավոր է մնալ հասարակության հետ մշտական կապի և երկխոսության մեջ: Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ այս հեռուստաընկերությունը հեռարձակվում է ամբողջ աշխարհում և արդյոք մեր սփյուռքահայ հայրենակիցները ցանկություն ունեն (շատ հաճախ նաև իրենց օտարազգի բարեկամների կամ հարս ու փեսաների անմիջական ներկայությամբ) լսելու մեր երգարվեստի «կարկառուն դեմքերին»: Հավատացեք, նրանք արժեքային բոլորովին այլ համակարգի կրողներ են: Ասում են թուրքական երաժշտություն… թող բաց անեն ինտերնետը և տեսնեն, թե քանի՞ դասական երաժշտության փառատոններ կան Թուրքիայում, ի՞նչ գումարներ են ծախսվում այդ ուղղությամբ, քանի՞ երիտասարդ երգիչ-երգչուհիներ և երաժիշտներ են բուսնում եվրոպաներում…իրենց ապագայի տեսլականը և մերը… Անդրադառնալով Ձեր հարցի վերջին հատվածին՝ ասեմ. իհարկե, այսպիսի մշակութային «գլուխգործոց» ստեղծելուց առաջ կարելի էր խորհրդակցել, բայց, իհարկե, այս կարգի ինքնագնահատման առկայության դեպքում դրա մասին խոսելն անգամ ավելորդ է: Շատ կուզենայի իմանալ, թե ո՞վ է այդ «grandios» նախագծի հեղինակը»:

Նյութի աղբյուրն՝ Aysor.am