Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան

Հայաստանի տարածքը պաշտպանված է հայ-ռուսական ամուր հարաբերություններով.Վաղարշակ Հարությունյան

Սեպտեմբեր 25, 2016թ. 22:05
Վաղարշակ հարությունյան-

Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված զորահանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին հայկական բանակի նորագույն սպառազինությունները, լուրջ արձագանքներ է ստացել թե’ մեր երկրի ներսում, թե’ երկրից դուրս: Եթե ներսում այն արտահայտվում է մեր հասարակական մեծ ոգևորությամբ, ապա դրսում, մասնավորաբար, Ադրբեջանում առաջացրել է մեծ շփոթ ու իրարանցում: ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նկատում է` պատճառն այն է, որ սա Հայաստանի նորագույն պատմության մեջ անցկացված ամենաներկայանալի զորահանդեսն է` ցուցադրված զինատեսակների հզորությամբ: Սակայն հայկական բանակի ողջ զինանոցը չէր ներկայացվել. <<Մեր բանակն էլի հզոր զենքեր ունի, բայց կա պետական, ռազմական գաղտիք հասկացողությունը ու ամեն ինչ ցուցադրվել չէր կարող>>,- ասում է գեներալ-լեյտենանտը:
Մինչ շքերթի կազմակերպումը ՀՀ պաշտպանության նախարարությունն ակնարկում էր, որ լինելու է նորագույն սպառազինության ցուցադրություն, խոսքն առաջին հերթին ՙԻսկանդեր՚ կոչվող օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի մասին էր: Որպեսզի հասկանալի լինի, թե <<Իսկանդեր>>-ն ի՞նչ հզորության զինատեսակ է և ի՞նչ նշանակություն ունի այն Հայաստանի համար, Վաղարշակ Հարությունյանը հիշեցրեց ռուս ռազմական հայտնի գործիչներից մեկի խոսքը` ասված 1996-ին, երբ Հայաստան բերվեց ՙՍկադ՚ հրթիռային համակարգը.
<<Սկադ>>-ի հեռահարությունը 300 կմ է, եթե այդ հրթիռներով հարված ուղղվի Մինգեչաուրի ջրամբարին, ապա այն կջնջի Ադրբեջանին 2/3-րդը, Բաքուն կավերվի ամբողջությամբ>>: Եզրահանգումը հստակ է` եթե ՙՍկադ՚-ի օգտագործումը Ադրբեջանի համար կարող է նման հետևանքներ ունենալ, ապա ինչեր կարող է լինել դրանից մի քանի անգամ հզոր ու անխոցելի <<Իսկադներ>>-ի պարագայում:
<<Այս համակարգը բավարար է ոչնչացնելու մեր պոտենցիալ թշնամու բոլոր թիրախները>>, -հայտարարում է Հարությունյանը, հավելելով` սա լավ է հասկանում Ադրբեջանը: Դա է պատճառը, որ վերջինս սկսեց զոռ տալ կեղծ քարոզչությանը, շրջանառելով, թե Երեւանի հրապարակում ցուցադրված <<Իսկանդեր>>-ները իրական չեն, կամ Հայաստանինը չեն, այլ պատկանում են ռուսական 102-րդ ռազմաբազային: Ցավով նկատենք, որ մեզանում էլ եղան ադրբեջանական խայծը կուլ տվողներ: ՊՆ նախկին նախարար Հարությունյանը սրանք անլուրջ, մանկամիտ խոսակցություններ է համարում, ու հավելում` սա թաքցնել հնարավոր չէ, գուցեև մի օր Հայաստանի ՊՆ-ն որոշի հրավիրել լրագրողներին և ցուցադրել, թե հայաստանյան ո՞ր զորամասերում են տեղակայված հայկական <<Իսկանդեր>>-ները` նման անհիմն խոսակցությունները ցրելու համար:

Ի նշան հայ- ռուսական դաշնակցային հարբերությունների 

Ինչո՞ւ Ռուսաստանը որոշեց <<Իսկանդեր>> տրամադրել Հայաստանին: Հայտնի է, որ այլ երկրներ, այդ թվում Սաուդիան Արաբիան բազմիցս են ցանկացել գնել հիշյալ հրթիռային համալիրը, սակայն ռուսական կողմը մերժել է: Հայաստանին վաճառելը համարենք ռազմավարական դաշնակցի քա՞յլ, թե՞ Ադրբեջանի հետ խախտված բալանսի հավասարակշռում:
Ի պատասխան <<Հայոց Աշխարհ>>-ի հարցին, Հարությունյանը նախ ռուսական կողմի քայլը համարեց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացվող ճշգրիտ քաղաքականության հետևանքն: Ապա նկատեց, թե զինամթերքի առումով իրականում բալանսի խախտում չի եղել, հակառակը` հայկական զինուժը հակառակորդի հանդեպ ունեցել է ռազմական առավելություն, իսկ նոր բերված զենքերով ընդամենը եղածը հզորացվել է: Հարությունյանը համոզված է` Ռուսաստանի քայլը պետք է դիտել հայ-ռուսական ռազմական համագործակցության հարթության մեջ: <<Իսկանեդեր>>-ի ու <<Սկադ>>-ի վրա կարող են տեղադրվել միջուկային մարտագլխիկներ, իսկ նման զենք ոչ մի երկիր մեկ այլ երկրի չի վաճառում, իսկ եթե վաճառում է, ապա հաշվարկում է իր քայլը: Բնականաբար, ՌԴ-ն այն չէր կարող վաճառվել մի երկրի, որը վաղը կարող է դառնալ իր հակառակորդը: Միայն վստահելի դաշնակցին կարող էր դա տալ, ինչն էլ արեց: Եվ այն, որ <<Իսկանդեր>> ունի Ռուսաստանն ու Հայաստանը, փաստում է հայ-ռուսական դաշնակցային խորը հարբերությունների մասին>>:
Բացի <<Իսկանդեր>>-ից, Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև այլ կարևոր զինատեսակներ, խոսքը զենիթահրթիռային արդիականացված համալիրի` ԲՈՒՔ-Մ2-ի ու օդային տարածքը լավագույնս վերահսկող <<Ինֆաունա>> համակարգերի մասին է: Սրանց առկայությունը իրավիճակ է փոխում. <<Ապահովում են մեր զորքերի անվտանգությունը և թույլ տալիս խափանել ադրբեջանական բանակի ղեկավարման հակամարգը, նրանց հրամանատարական կետերը կորցնում են իրենց մարտունակությունը>>: Բացի այդ, այս համակարգերն արդյունավետ միջոց են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում:

Հիշենք, որն ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործեց 50-ից ավելի անօդաչու թռչող սարք, նպատակ ունենալով օդային հետախուզության միջոցով վնասել հայկական զինված ուժերի ռեզերվը, փլուզել ղեկավարման համակարգը: Սա նրան, իհարկե, չհաջողվեց, ավելին հակառակորդը կորցրեց երկու ուղղաթիռ ու հրաժարվեց իր նպատակից: Բայց մեզանում չեն դադարում խոսել այն մասին, թե հայկական կողմը չունի թշնամու անօդաչու սարքերը վնասազերծող տեխնիկա: Վաղարշակ Հարությունյանն ի պատասխան նման անպատասխանատու հայտարարությունների շեշտեց` Հայաստանի բանակն ունի այնպիսի համակարգ, որն ամբողջությամբ հնարավորություն է տալիս պայքարելու թշնամու հակաօդային սարքերի դեմ:
Ի՞նչ մեսիջ ուղղվեց այս զորաշքերթով հակառակորդին, հզոր ռազմական տեխնիկայի ցուցադրումը մեզ տալիս է քաղաքական ազդեցության լծակնե՞ր, թե՞ ռազմական: ՙԱյն, ինչ ուզում էինք հասկացնել` Ադրբեջանն արդեն հասկացել է, կարդացեք իրենց մամուլը և կհամոզվեք: Իսկ Ադրբեջանը հասկացավ, եթե դիմի պատերազմական գործողությունների կստանա համարժեք ու հզոր պատասխան, ինչը կհանգեցնի իր տնտեսական, ռազմական ոչնչացմանը՚,- հայտարարեց ՊՆ նախկին նախարարը` մեջբերելով Մադլեն Օլբրայթի հետևյալ խոսքը, թե մեր դիվանագիտության հաջողությունները հիմնվում են մեր բանակի հզորության վրա: Հետևաբար, մեսիջն ունի ռազմական հիմք, ինչն էլ կծառայի քաղաքական նպատակների իրականացմանը` մի կողմից կզսպի Ադրբեջանի անխոհեմ քայլերը, մյուս կողմից Հայաստանի ռազմական հզորացումը կնպաստի Ղարաբաղյան հարցի հայանպաստ կարգավորմանը:
Շահարկուները գուցե դադարեն

200 մլն ԱՄՆ դոլար վարկի շրջանակներում ռուսական զենքի մատակարարումների շուրջ չդադարող շահարկումներին ի պատասխան, Վաղարշակ Հարությունյանը տվեց այսպիսի պարզաբանում. <<200 մլն դոլար վարկով նախատեսված ցանկից ՌԴ-ն Հայաստանին արդեն տվել է այն զինատեսակները, որոնք եղել են ռուսական բանակի պահուստներում: Իսկ այն զենքը, որը պատվիրվել է, դրա պատրաստումը ժամանակ է պահանջում: Որպեսզի պատկերացնենք վիճակը , ասեմ հետևյալը` ՌԴ-ն ունի ծրագիր մինչև 2020թ. վերաթարմացնել, փոխել սեփական սպառազինության 70 տոկոսը: Բայց տեմպերի առումով կարծես չի հասցնում: Եվ ահա, նման իրավիճակում Հայաստանն առաջ է քաշում վարկով զենք վերցնելու հարցը: Բնական է, որ դրանց արտադության կազմակերպումն ու վաճառքը ժամանակ են պահանջելու: Այլ խնդիր չկա: Իսկ այն, ինչ ունի իր պահուստներում, ինչպես ասացի, ՌԴ ՊՆ-ն արդեն տվել է Հայաստանին՚:

<<Իսկանդեր>>-ը ՌԴ-ն երբեք չի վաճառի Ադրբեջանին

Հավասարակշռության պահպանման պատճառաբանությամբ, հնարավոր է՞, որ Ռուսաստանը որոշի <<Իսկանդեր>> վաճառել նաև Ադրբեջանին. պատասխանն հստակ էր` <<Վստահ եղեք, դա չի լինի: Իսկ դա գիտակցելու համար հարկավոր է հասկանալ, որ ՌԴ տարածաշրջանային շահերից չի բխում պատերազմի վերսկսումը: Կնշանակի` ՌԴ-ն Ադրբեջանին նման հզոր զենք չի կարող վաճառել>>:
Ի՞նչ այլ միջոց կարող է գտնել Ադրբեջանը <<Իսկանդեր>>-ին հակակշռելու համար: Հարությունյանը տեղակացրեց, որ նման միջոց համարվում է ռուսական Ս-400-ը, որը ՌԴ-ն երբեք չի կարող տալ մեկ այլ երկրի: Մյուսը` ամերիկյան <<Patriot>>  համակարգն է, սա էլ ԱՄՆ-ը ոչ մի երկրի չի կարող վաճառել, քանի որ և’ ռուսականը, և ամերիկյանը ռազմավարական նշանակության զենքեր են, ու որևէ այլ պետության չեն կարող վաճառվել:
Ամփոփելով` Վաղարշակ Հարությունյանն արձանագեց հետևյալը. մեր պաշտապանության առավելությունները ոչ միայն հզոր, ռազմավարական նշանակություն ունեցեղ զինատեսակներն են, որպիսիք չունի Ադրբեջանը, ոչ միայն մեր բանակի մարտունակությունն է, այլև այն, որ Հայաստանի տարածքը պաշտպանված է հայ-ռուսական ամուր հարաբերություններով, պայմանագրերով, հայ-ռուսական համատեղ զորքերով: Ադրբեջանը սա գիտակցելով չի կարող գնալ լայնածավալ գործողությունների, քանի որ դրանից խիստ տուժելու է:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն