- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

«Գվիդեոն» ամսագրում տեղ են գտել հայ գրողների ստեղծագործությունները

 

Սեպտեմբերի 23-ին «Գրական տապան 2016» փառատոնի շրջանակում  ներկայացվեց հայ գրողների ստեղծագործությունները ներառող «Գվիդեոն» ամսագրի նոր համարը: Ամսագիրը լույս է ընծայվել «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչության նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Ռուսաստանի ժամանակակից գրականության կենտրոնի հրատարակած նոր համարը ներառում է հայ գրողների ստեղծագործություններ, որոնք թարգմանվել են ռուսերեն: «Ռուսսկիյ Գուլիվեր» հրատարակչական նախագծի ղեկավար, բանաստեղծ Վադիմ Մեսյացը շնորհանդեսի ընթացքում տեղեկացրեց, որ իրենց նախագիծը հիմնադրվել է դեռևս 2004 թվականին և ակտիվ գործունեություն է ծավալում: «Մենք որոշեցինք ռուսերեն հրատարակել հայ բանաստեղծների և արձակագիրների գործերը: Վստահ եմ, որ ամսագրի գործերը կհետաքրքրեն մարդկանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ստեղծագործողները լավ են գրում»,-շնորհանդեսի ընթացքում նշեց Վադիմ Մեսյացը:

Տեղեկացնենք, որ թարգմանվել են Համբարձում Համբարձումյանի, Նարա Վարդանյանի, Նշան Աբասյանի, Հրաչյա Սարուխանի, Հրաչյա Թամրազյանի, Հովհաննես Գրիգորյանի, Էդուարդ Հարենցի, Գևորգ Գիլանցի և այլոց գործերը: Բացի այդ, ամսագիրն ընդգրկել է նաև հայ ռուսագիր հեղինակների ստեղծագործություններ: Ամսագրի այս համարում տեղ են գտել Հրանտ Մաթևոսյանի «Բանի աշխարհը» մենախոսությունը և նոր թարգմանություններ Պարույր Սևակի բանաստեղծություններից: Ամսագրում ընդգրկված են նաև հատվածներ Օսիպ Մանդելշտամի՝ Հայաստանին ձոնված գործերից, գրականագիտական հոդվածներ, այլ թարգմանություններ:

Շնորհանդեսին ներկա էին ոչ միայն «Գվիդեոն»-ի նոր համարում տպագրված ստեղծագործությունների հեղինակները, այլև «Գրական տապան 2016» փառատոնի հյուրերը: Հայ գրողներն իրենց ստեղծագործություններն ընթերցեցին միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեցին «Ռուսսկիյ Գուլիվեր»-ին: Գրող Հովհաննես Ազնաուրյանը, ում ստեղծագործությունները ևս ներառվել են «Գվիդեոն»-ի նոր համարում, նշեց, որ կարևորում է նման նախաձեռնությունները: Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին` նա առանձնահատուկ շեշտեց, որ Հրանտ Մաթևոսյանի հետ նույն համարում հրատարակվելը պատիվ է:

Հիշեցնենք, որ գրականության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ աշխարհի տասնյակ երկրներից Հայաստանում սեպտեմբերի 18-28-ը մասնակցում են «Գրական տապան 2016» փառատոնին: Արդեն 8-րդ անգամ իրականացվող գրական տոնը կազմակերպվում է 2001 թվականից Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ՀԿ-ի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և մի շարք գրական կազմակերպությունների, այդ թվում` Բեռլինի Լիտերատուրվերկշտատ, Ջենովայի պոեզիայի փառատոնի գործընկերությամբ: «Գրական տապան»-ի շրջանակում անցկացվում են գրքերի շնորհանդեսներ, քննարկումներ, դասախոսություններ, ընթերցումներ, վարպետության դասեր ու մի շարքայլ միջոցառումներ: Փառատոնն այս տարի անցկացվում է «Արդյոք ազատն անկա ՞խ է, արդյոք անկախն ազա՞տ է» նշանաբանով: