- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հայաստանը թույլ չի տա Ադրբեջանին տարածաշրջանում սանձազերծել մի նոր պատերազմ

Վերջին տարիներին հաճախ էին շրջանառվում խոսակցություններ Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի մատակարարման մասին։

Եվ ահա, Հայաստանի Անկախության 25-ամյա տարեդարձի նախաշեմին այն այլևս  իրականություն է: Երևանի հրապարկում կազմակերպվող ռազմական շքերթի փորձի ժամանակ «Իսկանդեր» համալիրի ցուցադրությունը մեծ հնչեղություն է ստացել: Հայաստանում այն, բնականաբար, մեր հասարակական ոգևորությունն է առաջացրել: Ոչ պակաս ոգևորիչ են նաև ռուսաստանյան մամուլի հրապարակումները, դրանք արձանագրում են, որ Ռուսաստանից հետո Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որը ձեռք է բերել «Իսկանդեր»:Ինչպես և սպասվում էր այս լուրը Ադրբեջանում վայնասուն է բարձրացրել, մանավանդ, որ ռուսական լրատվամիջոցներն իրենց հոդվածները սկսում են «Ադրբեջանը պետք է ընդմիշտ մոռանա Ղարաբաղը» վերտառությամբ: Հարևանի շփոթմունքն այնքան մեծ է, որ փորձ արեց գործի դնել քարոզչական հնարքներ ու ֆեյսբուք կոչվող սոցցանցով՝ սեփական սպասարկուների ձեռքով, կասկածի տակ դնել այդ փաստը: Ադրբեջանական հրահագն ի կատար ածելուն պատրաստ խզմալյանները, որ ՖԲ տիրույթում արդարացիորեն վաստակել են «ադրբեջանական ագենտ» անվանումը, սկսեցին ստահոդ լուրեր տարածել, թե «Հայաստանի հրապարկում երևացածը իսկական «Իսկանդեր» չէ, դատարկ մեքենա է», կամ էլ, թե` «ռուսները պռակատ են տվել` պառադի համար»:
ՀՀ ՊՆ-ն դեռ չի շտապում պաշտոնապես հաստատել «Իսկանդեր»-ի` Հայաստան հասնելու մասին լուրերը, այն թողնելով, որպես Անկախության օրվա մեծ անակնկալ: Փոխարենը երեկ ի պատասխան ֆեյսբուքյան կեղծ լուրերի, չուշացավ Հայաստանի ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մենեջերների խոսքը, որով նրանք հաստատեցին հայկական բանակին մեկ դիվիզիոնի քանակով «Իսկանդեր» համակարգ տրամադրելու փաստը: Ի դեպ, պահեստի գնդապետ Վիկտոր Մուրախովսկին նաև ասել է, որ զինատեսակը ձեռք է բերվել ՀԱՊԿ շրջանակում զենքի առաքումների մասին համաձայնագրի հիման վրա: Ասվածը փաստում է այն մասին, որ «Իսկանդեր»-ը դուրս է 200 մլն դոլար ռուսական զենքի մատակարարման վարկի շրջանակներից: Դա է վկայում նաև այն, որ հիշյալ վարկով տրվող սպառազինության ցուցակում ՙԻսկանդեր՚-ը հիշատակված չէ: Տեղեկացնենք, որ բացի «Իսկանդեր»-ից, Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է նաև այլ կարևոր զինատեսակներ, որոնք ևս ռազմաշքերթի փորձի ժամանակ հասցրել են նկատել երևանցիները: Դրանք են` «Սմերչ» Համազարկային կրակի, «Ինֆաունա» և «Р-325У» ռադիոէլեկտրոնային պայքարի, «Բուկ» զենիթահրթիռային համակարգերը: Եվ ամենայն հավանականությամբ սրանք այն ռազմատեսակներն են, որոնք էլ հենց մտնում են 200 մլն ռուսական վարկի շրջանակի մեջ:

Ի դեպ, անկախության տոնի ռազմահանդեսի ժամանակ Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է այլ անականկալ ևս մատուցել մեր ժողովրդին` թերևս ցուցադրելով հայկական արտադրության սարքավորումներ:

«Իսկանդեր»-ը մեկ հարվածով կոչնչացնի ադրբեջանական «Սմերչ»-ի մարտկոցը

Ռազմական քարոզչական ոլորտի հետազոտող ԿԱՐԵՆ ՎՐԹԱՆԵՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, թե. «Իսկանդեր»-ը հնարավորություն է տալիս ոչնչացնել հակառակորդի զորքի կուտակումները, ճշգրիտ հարվածներ հասցնել վերջինիս հրամանատարական կետերին, ոչնչացնել նրա հրթիռահրետանային մարտկոցները: Փորաձագետը հիշեցրեց, որ Ադրբեջանը Նախիջևանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ ունի տեղադրած, և եթե հանկարծ մեր հակառակորդի մտքով անցնի այդ համակարգերից հարված հասցնել Երևանին կամ հայկական այլ բնակավայրերի, ապա ՙԻսկանդեր՚-ը գործի կդրվի ու «Սմերչ»-ի մարտկոցը մեկ հարվածով կոչնչացնի:
Ռուսական զլմ-ը շեշտում են, թե Հայաստանին տրամադրված «Իսկանդեր»-ի հեռահարությունը կրճատվել է 500 կմ-ից մինչև 280-300 կմ, պատճառն այն է, որ միջազգային պայմանագրերի համաձայն արգելված է 300 կմ-ից ավելի թռչող հրթիռների արտահանումը: Վրթանեսյանը ևս ընդգծելով այս հանգամանքը տեղեկացրեց, թե ՌԴ-ն ունի «Իսկանդեր-Մ» և «Իսկանդեր-Է» հրթիռներ, որոնց տարբերությունը պայմանավորված է հրթիռի թռիչքի առավելագույն հեռավորությամբ. «Իսկանդեր-Մ»-ի հրթիռը կարող է խոցել թիրախները մինչև 400 կմ հեռավորության վրա, իսկ «Իսկանդեր-Է»-ն` մինչև 280 կմ։ Առաջինը նախատեսված չէ արտահանման համար, երկրոդը` նախատեսված է: Չնայած պաշտոնական հայտարարություն դեռ չկա, բայց ենթադրվում է, որ Հայաստան է ուղարկվել «Իսկանդեր-Է»-ն:
Մեր հարցին, թե «Իսկանդեր-Է»-ն լիովին բավարա՞ր էր ոչնչացնելու մեր պոտենցիալ թշնամու թիրախները, Վրթանասյանը պատասխանեց` հանգիստ կարող է ոչնչացնել:

Զորահանդեսը ուղերձ է ուղղված Ադրբեջանին և միջազգային հանրությանը

Ռուսական լրատվամիջոցները գրեցին, թե Սաուդիան Արաբիան բազմիցս է ցանկացել  գնել ռուսական «Իսկանդեր» հրթիռային համալիրը, սակայն ռուսական կողմը հրաժարվել է, ասելով` համալիրը չի արտահանվելու: Ինչո՞ւ ՌԴ-ն որոշեց նման հզոր զենք տրամադրել միայն Հայաստանին. գործեց ռազմավարական դաշնակցի կարևոր հանգամա՞նքը, թե՞ Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հայկական կողմի դժգոհությունները, այնուհանդերձ, տեղ հասան, ու մեր դաշնակիցը առաջնորդվեց ռազմական բալանսի պահպանման անհրաժեշտությամբ: Ի պատասխան մեր հարցադրման, ԱԺ պատգամավոր ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆՆ ասաց, թե «ինչու»-ների շարքը շատ է,  առաջինը, բնականաբար, ռազմավարական գործընկեր լինելու հանգամանքն է. «Հայ-ռուսական գործընկերությունը մեկ օրվա պատմություն չունի, այն հեռանկարային և երկուստեք փոխշահավետ համագործակցություն է` միտված ապագային ու ամրապնդված անցյալով, մերօրյա իրողություններով»:

Թորոսյանը չի բացառում նաև հակակշռի ստեղծման անհրաժեշտությունը: Ադրբեջանին զենք վաճառելը ռուսական կողմը բնութագրում է որպես բիզնես գործարք, ինչը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, և այս հանգամանքը խորը վերլուծելով. «Ռուսաստանը փորձության չենթարկեց հայ-ռուսական բարեկամական, ռազմավարական խորքային հարաբերությունները: Չվնասելու նպատակով կոնկրետ քայլ իրականացրեց` նման զինատեսակ տրամադրելով»:
Հայկական շրջանակներում դժգոհության մյուս առիթն էլ այն էր, թե ՌԴ-ն չի կատարում իր պայմանագրային պարտավորությունները. «Այսօր այն այլևս անցյալում է»,- համոզված է ԱԺ պատգամավորը, -«ՌԴ-ն ոչ միայն կատարում է իր պարտականությունները, այլև մեզ տրամադրել է գերհզոր զինատեսակ, որը լուրջ ուժ կհանդիսանա զսպելու ադրբեջանական ռազմատենչ հռետորաբանությունը: Եվ մենք պետք է երախտապարտ լինենք մեր դաշնակցին»:

Ապրիլյան քառօրյա պատրազմից հետո որոշ քաղաքագետներ չէին դադարում կանխատեսումներ անել, թե պատերազմը կվերսկսվի կա՛մ օգոստոսին, կա՛մ սեպտեմբերին, կա՛մ ձմռան սկզբին. կարո՞ղ ենք ասել, որ «Իսկանդեր»-ի Հայաստան գալով հօդս ցնդեց նաև Ադրբեջանի` լայնածավալ պատերազմ վերսկսելու  նպատակները: «Այդ զինատեսակը, իրոք, կարող է լինել զսպող գործոն». ըստ Թորոսյանի, այն կստիպի Ադրբեջանին գիտակցել, որ իր քայլերը կլինեն կործանարար հենց ի’ր համար: Պատգամավոր Թորոսյանը համոզված է` ապրիլյան պատերազմը իրավիճակ է փոխել. նախ` մենք հասկացանք, որ մեր ռազմական զինանոցը պետք է գերժամանակակից լինի, որովհետև մեր հարևանը խաղաղության ու հաշտության լեզուն չի հասկանում ու առաջանորդվում է պատերազմական հռետորաբանությամբ: Երկրորդ, համանախագահներն էլ հասկացավ, որ Ադրբեջանը մոռացության է մատնել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ու ձգտելու է պատերազմի:

Պատգամավորը եզրահանգում է` այժմ արդեն բոլորն են գիտակցում, որ Հայաստանին այլ բան չի մնում անել, քան դիմագրավել ուժի և ուժի սպառնալիքին:
Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք. նման գերհզոր զինատեսակով մեր բանակի վերազինումն անշուշտ ամրապնդում է հայկական դիրքերը նաև քաղաքական հարթության մեջ` բանակցային սեղանին, այն հայկական կողմին հնարավորություն կտան կարծրացնել իր դիրքորոշումները և թույլ չտալ Ադրբեջանին ապակողմնորոշել միջազգային հանրությանը` պնդելով սեփական թեզերը: Սրան համահունչ է ռուսական «Ռեգնում»-ի հրապարակումը, ուր հեղինակը շեշտում է` Հայաստանին «Իսկանդեր» տալուց հետո Ադրբեջանը պետք է մոռանա Ղարաբաղի մասին:
Ի պատասխան հնչած դիտարկումներին, Շիրակ Թորոսյանն ասաց. «Ադրբեջանը վաղուց պետք է մոռանար Ղարաբաղի մասին, որովհետև ԼՂՀ-ն երբեք չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում: Այդ մասին բազմիցս հայտարարել է ՀՀ նախագահը ամենից բարձր ամբիոներից, այդպիսին է մեր հանության տեսակետը, այդպիսին են մեր բանակի ձգտումները: Եթե նման հզոր զենքի բացակայության պարագայում հայկական բանակը կարողացավ դիմակայել սպառազինությամբ մի քանի անգամ ուժեղ ադրբեջանական բանակին, նշանակում է մեր բանակի համալրումը նման զինատեսակով մեզ մեծ վստահություն է ներշնչում»:

Այսպիսով, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի խորհուրդն այս անգամ այլ է. հայկական զենքի ուժն ու հզորությունն ի ցույց դնելով Հայաստանը հստակ ուղերձ է հղում Ադրբեջանին, որ ձախողված են ալիևյան հաշվարկները` պատերազմի սպառնալիքով ծնկի բերել հայկական երկու պետություններին, այն ուղերձ է նաև միջազգային հանրությանը, որ ռազմական հավասարությունը վերականգնված է, ու Հայաստանն իր իսկ ուժերով թույլ չի տալ ռազմատենչ հարևանին տարածաշրջանում սանձազերծել մի նոր ավերիչ պատերազմ:

Արմինե Սիմոնյան