Գլխավոր » Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ

Նարեկ Դուրյանի սիրված ներկայացումները՝ նոր բեմում

Սեպտեմբեր 14, 2016թ. 13:16
narek-duryan

Հայ թատերասերներն այսուհետև հնարավորություն կունենան սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի ներկայացումները դիտել նոր բեմում: Բաղրամյան 3, Հայաստանի գրողների միության շենք. Դուրյանի հիմնադրած նոր թատրոնի հասցեն է: Թատրոն, որտեղ պարբերաբար կցուցադրվեն դերասանի սիրված ներկայացումները, ինչպես նաև կլինեն պրեմիերաներ, կանցկացվեն վարպետության դասեր և այլ միջոցառումներ: Ներկայացումների մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին ժամը 19:00, «Իմ կնոջ անունն է Մորիս» (հեղինակ` Ռաֆֆի Շարտ) կատակերգությամբ, որը ցուցադրվել է Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում: Հաջորդիվ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտելու Նարեկ Դուրյանի խաղացանկի մյուս`«Մորաքույրը Փարիզից», «Սե լա վի», «Շեղշե լա ֆամ», «Օպերացիա Նեմեսիս», «Կոմա Նոստրա» ներկայացումները:
Գրողների միության շենքի դահլիճը, որը 10 տարի ժամկետով վարձակալել է սիրված դերասանը, վերանորոգվել է և վերազինվել ժամանակակից տեխնիկայով: Հանդիսատեսի համար ստեղծվել են հնարավորինս հարմարավետ պայմաններ` վայելելու ներկայացումները գեղեցիկ դահլիճում:
Բոլոր դերասանները, ովքեր մինչ այդ ներգրավված են եղել Նարեկ Դուրյանի ներկայացումներում, շարունակելու են իրենց աշխատանքը նոր թատրոնում: Ներկայացումներում հանդես են գալու Նարեկ Դուրյանը, Ռաֆայել Երանոսյանը, Զավեն Աբրահամյանը, Արայիկ Դեղտրիկյանը, Վահագն Գալստյանը, Զարուհի Հովհաննիսյանը, Թամարա Պետրոսյանը և այլ դերասաններ: Թատրոնում ներգրավված են նաև Դուրյանի ուսանողները:
Այս տարվա նոյեմբերին թատրոնը հանդես կգա պրեմիերայով: Կցուցադրվեն նաև հատուկ մանուկների համար նախատեսված ներկայացումներ:
Նարեկ Դուրյանը և նորաստեղծ թատրոնի անձնակազմը շնորհակալություն են հայտնում Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին՝ ի դեմս մշակութային օջախի տնօրեն Ռուբեն Բաբայանի և ողջ անձնակազմի ՝ տարիներ շարունակ թատրոնում իրենց ներկայացումները ցուցադրելու հնարավորության և աջակցության համար:

Տպելու տարբերակ Տպելու տարբերակ

Դիտել Culture-Hogevor, Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն