- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Միտումնավոր տարածված տեղեկատվությո՞ւն, թե՞ լրագրողական շփոթմունք

Հարցազրույց Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
Ամիսներ առաջ, երբ ստեղծվում էր ՀՀ-ՌԴ միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը արևմտամետների թևն աղմուկ բարձրացրեց` հայտարարելով, թե ՌԴ-ն դարձավ մեր օդային տարածքը մեզ հետ հավասար կիսող պետություն: Քննադատության ալիքը չշրջանցեց նաև հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը` այն ևս համարվեց ոչ նպատակահարմար: Սրանք աշխարհաքաղաքական շահերով են պայմանավորված, սովորական դարձած քննադատություններ ե՞ն, թե՞ կան մտահոգիչ հանգամանքներ:
-Նման քննադատությունները, այդ թվում և հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի դեմ ուղղված բոլոր հայտարություններն ու մեկնաբանությունները, կարծում եմ, լիովին քաղաքականացված են: Դրանք իրենց մեջ ներառում են զուտ քաղաքական ենթատեքստեր, որոնք բոլորիս համար այլևս հասկանալի են: Եվ նրանք, ովքեր դեմ են Ռուսաստանի ռազմական ներկայությանը Հայաստանում, կամ դեմ են հայ-ռուսական համագործակցությանը, բնականաբար, կարող են գտնել տարբեր պատճառներ` փորձելով արդարացնել իրենց դիրքորոշումները:
ՀՀ ՊՆ նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե այդ համաձայնագիրը նոր բան չէ, միշտ եղել է` դեռ 2000-ից, հետևաբար, նոր բան չէ հայ-ռուսական միացյալ զորախմբի գոյությունը: Այդ դեպքում, ինչի՞ հետ գործ ունենք, ի՞նչն է նորը:
-Իրոք, և 2000-ին Սոչիում Հայաստանի ու Ռուսաստանի միջև կնքվել է զորքերի համատեղ կիրառման մասին համաձայնագիր, որի հիման վրա էլ ստեղծվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը: Նոր համաձայնագիրն էլ նոր բան չի ենթադրում: Միգուցե ռուսական կողմն այս անգամ ուզում էր նոր պայմանագրի տեսքով նոր ՙդետալներ՚ մտցնել, ինչ-որ բաներ ավելի առանձնահատուկ դարձնել, միգուցե նպատակ ուներ որոշակի հստակեցում մտցնել իրավական առումով, կամ ավելի լայն պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի զինված ուժերի հետ, բայց այդ բոլոր մտադրությունները որակապես ոչինչ չեն փոխել, առավել ևս որևէ կերպ չեն փոփոխել այն իրականությունը, ինչը կար մինչ այդ: Նոր համաձայնագրի ու արդեն եղածի միջև թերևս տեխնիկական առումով որոշակի առանձնահատկություններ կան, բայց ես մեծ տարբերություն չեմ տեսնում:
Իսկ եթե խոսելու լինենք նշանակության մասին, ապա հայ-ռուսական միացյալ զորախումբը ՀՀ-ի համար ունի այնպիսի նշանակությունը, ինչպիսին ունեն հայ ռուսական ռազմական հարաբերությունները, այն է` աջակցել Հաաստանին արտաքին հնարավոր ռազմական ագրեսիայի դեպքում:
Խոսվեց այն մասին, թե հայ-ռուսական միացյալ զորախումբը տեղակայվելու է Հայաստան-Նախիջեւան սահմանին, դրան էլ հաջորդեց հարցը` կարող է՞ Ռուսաստանն ու Հայաստանը Նախիջեւանի սահմանին ռազմական գործողության են նախապատրաստվում: Թե՞ անհասկանալի շփոթ կա այստեղ:
-Տեղյակ եմ նման խոսակցություններից: Խնդիրն այն է, որ կա շփոթ: Եկեք նախ հստակեցում մտցնենք. հայկական 4-րդ բանակային կորպուսը տեղակայված է Վայոց Ձորի մարզում ու հսկում է Նախիջևանի հետ սահմանը, հայկական 5-րդ բանակային կորպուսը հսկում է թուրքական սահմանի ուղղությամբ: Հիմա, նոր համաձայնագրի հանաձայն հայ-ռուսական միացյալ զորախմբի մեջ մտնում են հայկական 5-րդ բանակային կորպուսը և ռուսական 102-րդ ռազմաբազան: Շփոթը սկսվեց այստեղից. որոշ <<պրոֆեսիոնալ>> լրագրողներ, տարածեցին թե հայ-ռուսական միացյալ զորախմբի կազմում մտնում է հայկական 4-րդ բանակային կորպուսը: Ես չգիտեմ ինչո՞ւ դա արվեց, միտումնավո՞ր է, թե՞ պատահաբար: Եթե հայ-ռուսական միասնական զորախմբում ներգրավված լիներ հայկական 4-րդ բանակային կորպուսը, ապա դա քաղաքական ու աշխարհաքաղաքական այլ իմաստ կունենար:
Գուցե գործ ունենք ոչ թե միտումնավոր տարածված լրատվության, այլ լրագրողական շփոթմունքի հետ, ինչի համար պատճառ է դարձել հետևյալ հանգամանքը. անցած ամիս նախագահ Սարգսյանի հրամանագրով հայ-ռուսական միացյալ ռազմախմբի հրամանատարի պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով մինչ այդ եղել է հայկական 4-րդ կորպուսի հրամանատարը: Թերևս շփոթն այստեղ է, այլ տրամաբանություն չեմ տեսնում:
Բայց նաև պետք է ասեմ, որ հայ-ռուսական միացյալ զինախումբ 2010թ. համատեղ պայմանագրի հանաձայն վերահսկում է ոչ թե միայն թուրքական ուղղվածությունը, այլև ողջ Հայաստանի սահմանները, ռուսական ռազմակայանը պատասխանատու է աջակցել Հայաստանին ոչ թե նախկին ԽՍՀՄ-ի սահմանների` այսինքն, միայն Իրանի ու Թուրքիայի ուղղությամբ, այլև անկախ Հայաստանի ամբողջ տարածքը:
-Վերջերս անցկացվեցին ՀԱՊԿ ուժերի լայնամասշտաբ զորավարժություններ, պայմանական հակառակորդի դերում ՆԱՏՕ-ի զորքերն էին, որոնց ՀԱՊԿ ուժերը <<հանձնվելու>> կոչ արեցին: Հետաքրքիր է, որ սա դարձավ քննարկման առարկա, անգամ դիտարկեցին ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների հարթության մեջ ու եզրահանգեցին` պետք չէ կուլ տալ ռուսական կողմի խայծն ու մասնակցել ռուսական նման խաղերին: Սա լո՞ւրջ է:
-Նման քննակումնների քաղաքական ուղղվածությունը պարզ է ու հասկանալի: Բայց սրա հետ մեկտեղ ասել նաև հետևյալը: Այո, Հայաստանի համար Հարավատլանտյան դաշինքը վտանգ չի հանդիսանում, բայց ՀՀ անվտանությանը սպառնացող առաջին, կամ երկրորդ պետություն Թուրքիան է, որը հանդիսանում է ՆԱՏՕ անդամ երկիր:
Հասկանալի է, որ Հայաստանը անվտանգության կամ ռազմական առումով որևէ խնդիր չունի իրեն աջակցող Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Հունաստանի հետ, բայց թուրքական գործոնը չի կարելի անտեսել: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի բավական ակտիվ անդամ երկրներից է: Ի՞նչ է, ոմանք այս մասին չգիտե՞ն:
Իհարկե, Ռուսաստանն ունի իր շահերը, Հայաստանն էլ ունի իր շահերը, այո, ՌԴ-ն ՆԱՏՕ-ի հետ ունի խնդիրներ, բայց նաև որոշ ՆԱՏՕ անդամ երկրների հետ էլ համագործակցում է, այդ թվում Թուրքիայի հետ: Այնպես որ, սա ևս հարկ է հաշվի առնել:
Նոր թափ է առնում ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին, վերջերս էլ Պուտինը անընդունելի միտք հնչեցրեց, թե Ադրբեջանն իրենցից զենք չառնի, ուրիշից կառնի: Մինչդեռ իրականությունն այլ է. ՏՈՍ-1Ա-ն Ս-400-ը արտադրում են միայն ՌԴ-ն, ԱՄՆ-ը ու Անգլիան, բայց եթե վերջիններս չեն վաճառում, ապա ՌԴ-ն վաճառում է: Այս հանգամանքը հաշվի առնելով որոշ հայ մասնագետներ պնդում են, թե Հայաստանը պետք է ամեն կերպ պայքարի ու և թույլ չտա ՌԴ-ին անել դա: Բայց ինչպե՞ս:
-Ես դժվարանում եմ ասել, թե ինչպե՞ս ու ինձ համար շատ հետաքրքիր է իմանալ այդ մասնագետների մեկնաբանությունը: Բայց մինչ այդ թող բացատրեն, թե Հայաստանն ինչպե՞ս կարող դիվերսիֆիկացնել Ռուսաստանի հետ իր ռազմական համագործակցությունը ու ոչ թե միայն ՌԴ-ից փորձի զենք, զինամթերք ձեռք բերել, այլև ուրիշ երկրնեից ևս: Ինչպե՞ս կարող է այնքան զենք զինամթերք ձեռք բերել, որքան գազ ու նավթ արտահանող Ադրբեջանը: Ինչպե՞ս կարող է սպառազինությունների մրցավազքում ինքնուրույնաբար դիմակայել Ադրբեջանին: Այ, եթե այդ մասնագետները տան այս հարցերի համոզիչ պատասխանները, դրանից հետո միայն կարող ենք խոսել ռուսական զենքի վաճառքի դեմն առնելու մասին:
Թուրքիայից հնչում են հայտարարություններ, թե իրենք ցանկանում են միանալ Եվրասիական տնտեսական միությանը: Սրանք իրատեսական խոսակցություններ ե՞ն, թե՞ թուրքական խաղ` մի կողմից շոյում է ՌԴ-ին, մյուս կողմից շանտաժում Արևմուտքին:
-Ե’վ մեկը կա, և’ մյուսը: Այն, որ Թուրքիայի պաշտոնյաները կարող են նման բազմաթիվ հայտարարություններ անել, դա դեռ հիմք չի տալիս ինչ-որ ենթադրություններ անելու: Թուրքիան վաղն էլ այլ բնույթի հայտարարություն կարող է անել: Դրանք քաղաքական ենթատեքստ ունեցող խոսքեր են:
Բացի այդ, Թուրքիան ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ունի Եվրամիության հետ: Հետևաբար ո’չ ԵՄ-ի, ո’չ ԵԱՏՄի-ի կանոններով Թուրքիան չի կարող լինել և’ այստեղ, և’ այնտեղ: Պատկերացնել, թե այդ երկիրը կհրաժարվի ԵՄ հետ ազատ գոտու համաձայնագրից ու կմտնի նորաստեղծ մեկ այլ տնտեսական միության մեջ ուղղակի անհավանական, անիրատեսական է:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ