- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

«Արվեստների պատկերասրահ» փառատոնը դասական երաժշտության առաջատար նախաձեռնություններից է

 

 

 

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր գործընկերությամբ 2016թ.-ի հունիսի 18-ից հուլիսի 7-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը:

2005-ից Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող խոշորածավալ երաժշտական փառատոնը սպասված տոն է ցանկացած արվեստասերի համար, իսկ փառատոնի յուրաքանչյուր համերգ բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն է դասական երաժշտության իրական երկրպագուների համար: Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ- ն է, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:

Հունիսի 17-ին, ժ. 12.00-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա Փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվեն փառատոնի համերգային ծրագրերը: Մամուլի ասուլիսին կմասնակցեն` «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ` Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը, ինչպես նաև փառատոնի մեկնարկի համերգի մասնակիցներ` դիրիժոր Հարություն Արզումանյանը, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

Հունիսի 18-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը, որը նվիրվում է աշխարհահռչակ տենոր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ , Լիտվայի վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին: Ելույթ կունենան` Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի մեներգիչներ Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Ալինա Փահլևանյանը (սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյան: Կհնչեն Բախի , Հենդելի , Մոցարտի, Ռոսինիի, Շուբերտի, Ռախմանինովի և այլ ստեղծագործություններ:

Այս տարի փառատոնի հյուրերն են՝ ֆրանսիացի ջութակահար  Ամորի Կոյտոն, ֆրանսիահայ դաշնակահար Սոֆիա Մելիքյանը,  Շվեյցարիայից ժամանած ջութակահար Ջեմմա Աբրահամյանը և կլառնետահար Գուրգեն Կակոյանը, կիթառահար Անդերս Միոլին և ուրիշներ: Փառատոնին ելույթ կունենա նաև «Հովեր-Սեպտետ» երգչախումբը: