- ԱրմԱր Լուրեր | Armenia News | Հայաստան և Արցախ - https://armarlur.com -

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին այսօր խոսելն արկածախնդրություն է

Հարցազրույց  քաղաքագիտության դոկտոր ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման լոկոմոտիվի դերում 2009-ին ԱՄՆ էր, հիմա կարծես ակտիվ խաղի մեջ է փորձում մտնել Գերմանիա. վերջինիս այդ մտադրության մասին չի՞ փաստում նաև Բունդեսթագի ընդունած բանաձևը:

-Ամենևին՝ ոչ. Բունդեսթագի բանաձևում արտահայտված մտքերը հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման մասին, դիտարկում եմ բոլորովին այլ համատեքստում: Ըստ իս, դրանով ընդգծվում է բանաձևի խաղաղասեր ու Թուրքիայի հանդեպ Գերմանիայի ոչ թշնամական վերաբերմունքը: Դրանով հանդերձ այդ բանաձևով Գերմանիան իր կոնկրետ վերաբերմոնքն արտահատեց Ցեղասպանության հարցում, թեև բոլորս էլ հասկանում ենք, որ այն իրականում Գերմանիայի կողմից Թուրքիային ուղղված մի փոքր կսմթոց էր:

Վստահ եմ, որ աշխարհի բոլոր խելամիտ պետություններն ու նրանց ղեկավարները հասկանում են, որ այսօր խոսել  հայ-թուրքական հարաբերությոնների մասին առնվազն արկածախնդրության ոլորտից է: Նման բան չի կարող լինել: Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքական վերնախավերի միջև այսօր կան խիստ լարված հարաբերություններ: Նման իրավիճակում Գերմանիան չի կարող հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման հարցում ստանձնել առաջնահերթություն:

Այդ դեպքում ինչպե՞ս հասկանալ բանաձևում տեղ գտած ու այդ մասին վկայող  շեշտադրումները. ասվում է՝ Գերմանիան պետք է օժանդակի հայերին եւ թուրքերին մերձեցման գործընթացում, ապա կոչ է անում կողմերին քայլեր կատարել միջպետական հարաբերությունների կարգավորման հարցում, անգամ հիշատակվում են չարաբաստիկ ցյուրիխյան արձանագրությունները, և շեշտվում դրանց վավերացման ուղղությամբ ջանքերի գործադրման մասին: 

-Դա բացատրվում է երկու հանգամանքով. կամ այդ կերպ գերմանացիները ցույց են տալիս, որ իրենք խաղաղության և հաշտեցման կողմնակիցներ են, ինչը  բացարձակ ձևական բնույթ ունի, այն ընդամենը եվրոպական հայտնի՝ խաղաղություն, եղբայրություն, համերաշխություն ավանդական քարոզի արտահայտություն է: Կամ սա Բունդեսթագի պատգամավորների բացարձակ անտեղյակության, գուցեև չիմացության հետևանք է: Այսինքն, նրանք ներկա իրավիճակից անտեղյակ են: Ու նաև ամենևին չարժե նման խորը մտքեր փնտրել այդ թույլ ու բազում սխալներ պարունակող բանաձևում:

 –Իսկ գուցե հայկական կողմը պետք է մտածի այդ արձանագրությունները չեղարկելու մասի՞ն, մանավանդ որ դրանց <<ողջամիտ ժամկետ>> ասվածի արդիականությունը վաղուց ավարտվել է:

<<Ողջամիտ ժամկետ>> ասվածը, այո, վաղուց է անցել, և դրանք վաղուց պետք է չեղարկված լինեին: Ցյուրրիխյան արձանագրությունները վաղուց մեռած են և ես չեմ կարծում, որ որևէ խոհեմ երկիր կամ երկրի ղեկավար կարող է մտածել, որ դրանք կարող են ինչ-որ պահի կենսունակ լինել: Այդ հարցի քննարկումն անգամ խիստ մերժելի է:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ժամանակը դեռ չի եկել: Այն կգա միայն այն ժամամակ, երբ հասկանանք, որ մենք էլ պետք է նախապայմաններ առաջադրենք: Իսկ այսօր հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի համար հղի է սարսափելի վտանգներով: Տնտեսական՝ մի քանի միլիոն դոլարի հասնող օգուտը չի կարող երբևէ գերակշռել այն ազգային սպառնալիքներին, որոնք կլինեն սահմանը բացելուց հետո:

Բացի այդ, նման մենթալիտետ ու Հայաստանի հանդեպ ընդգծված խիստ բացասական վերաբերմունք ունեցող երկրի հետ, ինպիսին է Թուրքիան,   հարաբերություններ կարգավորելն անհեթեթության գագաթնակետ կլինի:

Դուք բացառո՞ւմ եք նաև այն, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը Գերմանիայի կողմից կարող է օգտագործվել իր դերակատարումը տարածաշրջանում մեծացնելու համար: 

-Այո, բացառում եմ, այդ երկիրը նման մտադրություն չունի, իսկ  հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ընդհանրապես Գերմանիայի մտահոգությունների շրջանակում չէ: Գերմանիան խնդիր ուներ Սիրիայում որոշակի ներկայություն հաստատելու, դա իր համար ավելի մեծ առաջնահերթություն էր, բայց  նույնիսկ սրանից կարծես թե կանգնեց:

Այնպես որ, պետք չէ ընկնել մեծ ներշնչանքների մեջ և թերի, թույլ ու անատամ այս բանաձևից նման լուրջ եզրահանգումներ անել: Զարմանալի է, որ հաճախ, պրիմիտիվ հանգամանքներում խորը իմաստներ ենք փնտրում: Դա, իհարկե, գավառական մոտեցումների արդյունք է, երբ դրսի հզորի, առաջատարի և դոմինանտի ամեն քայլ՝ սեփական գիտակցությունում պարուրվում է խորիմաստությամբ և հեռահար ակնարկներով: Մինչդեռ իրականությունը հաճախ շատ ավելի տրիվիալ և ձանձրալի է: Այդպես էլ՝ Բունդեսթագի բանաձևում պետք չէ երրորդ և չորրորդ շերտեր փնտրել: Երկրորդ՝ թերևս այո, բայց ավելին՝ անիմաստ է: Այն ուղղակի չկա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ